Հինգշաբթի, 11 Փետրվարի 2010
-Պարոն Վարչապետ, մի քանի լրատվամիջոցներ տարաբնույթ մեկնաբանություններ գրեցին այն մասին, որ դուք, խոսելով հայ-թուրքական հարաբերությունների մասին, հայտարարել եք, որ հանդիսանում եք երեք միլիոն մարդու վարչապետ` ի նկատի ունենալով ՀՀ քաղաքացիներին։ Արդյո՞ք այդ հայտարարությունը կոնտեքստից դուրս էր, թե դուք հենց այդ եք նկատի ունեցել։
-Շնորհակալություն հարցի համար։ Այս խնդրին ես մի քանի անգամ անդրադառնալու առիթ եմ ունեցել։ Այդ մասին գրել եմ նաև իմ անձնական բլոգում։ Ցավոք, որոշ մարդիկ իմ հայտարարությունը փորձել են շահարկել կոնտեքստից դուրս։
Ես ևս մեկ անգամ հայտարարում եմ, որ պատասխանատու եմ հայկական աշխարհի բոլոր մասնիկների ու անհատների համար առանձին առանձին և միասին վերցրած։ Ինչպե՞ս մենք կարող ենք առաջ քաշել “Հայկական աշխարհի” գաղափարն ու չստանձնել պատասխանատվություն բոլոր հայերի նկատմամբ, բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր իրենց համարում են այդ աշխարհի մի մասը։
-Թուրքիայի վարչապետ Էրդողանն էլ պարբերաբար քաղաքական հայտարարություններով է հանդես գալիս , շատ խոսում հայ-թուրքական հարաբերությունների մասին։ Չեք կարծում, որ քաղաքական, բայց նախ և առաջ հայ-թուրքական արձանագրությունների մասին մեր հասարակությունն ակնկալում Ձեզնից ավելի հաճախ մեկնաբանություններ լսել` որպես երկրի Վարչապետ։
-Հայաստանը անկախության առաջին իսկ օրվանից հայտարարել է Թուրքիայի հետ հարաբերություններ հաստատելու վերաբերյալ իր դիրքորոշումը։ Այդ դիրքորոշումը մնում է անփոփոխ և այն հայտնի է բոլորին, թե մեր հասարակությանը, թե միջազգային հանրությանը, թե մեր թուրք գործընկերներին։
Հայ-թուրքական հարաբերությունների գնահատման փիլիսոփայությունը շատերի կողմից ընդունվում է մեծ դժգոհությամբ, և դա հասկանալի է։ Ցեղասպանության պատճառով է, որ մենք այսօր ունենք բազմաթիվ պրոբլեմներ, բայց եթե ուզում ենք փոփոխություններ, պարտավոր ենք նայել դեպի ապագան։ Մենք պետք է այնպիսի ռազմավարություն մշակենք, որ ապագայում հաղթանակներ է ապահովելու։ Այդ ռազմավարությունը հռչակել է հանրապետության նախագահը։ Ռազմավարության գաղափարն այն է, որ մենք մեր հարևանների` Թուրքիայի և Ադրբեջանի հետ պետք է կարողանանք ստեղծել ժամանակակից քաղաքակիրթ հարաբերություններ։ Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ դիմելով իր թուրք գործընկերոջը նշել է. « Կարծում եմ կհամաձայնեք, որ հայ և թուրք ժողովուրդների` միմյանց հանդեպ ունեցած կարծրատիպը կոտրելու, փոխվստահության մթնոլորտ ձևավորելու խնդրում հիմնական դերը վերապահված է իշխանություններին։ Միայն մեր գործի հանդեպ ունեցած հավատի, վճռականության և սկզբունքայնության շնորհիվ մենք կարող ենք հասնել արդյունքի»։
Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների հաստատումը բխում է մեր ժողովրդի, հայկական աշխարհի շահերից։ Հայկական աշխարհի շարժիչ ուժը Հայաստանի Հանրապետությունն է, և մենք որպես ազգ, որպես տեսակ, կարող ենք գոյատևել միայն մի պայմանով` եթե լինի ուժեղ, հզոր Հայաստանի Հանրապետություն։ Մենք որպես ազգ ունենք մի քանի կարևոր խնդիր, բայց պարտավոր ենք այդ խնդիրների մեջ առաջնահերթություններ սահմանել։ Ցեղասպանության ճանաչումը մեր ազգի կարևորագույն խնդիրներից է, որովհետև հայ ժողովրդի առանցքային առանձնահատկություններից մեկը արդարության ձգտումն է։ Հայ ժողովուրդը չի հանդուրժում անարդարություն, իսկ մեզ հետ անարդար են վարվել ոչ միայն Թուրքիան ու թուրքերը, այլև ամբողջ աշխարհը, որը չի նկատել ցեղասպանությունը։ Մեծ ջանքեր են պահանջվում մեզնից, որպեսզի ստիպենք, որ տարբեր պետություններ ճանաչեն այդ իրողությունը։ Արդար չէ, որ ցեղասպանությունը այսօր ճանաչված չէ, բայց ես համոզված եմ, որ ցեղասպանությունը ճանաչվելու է և ճանաչվելու է նաև Թուրքիայի կողմից։ Դա անխուսափելի է։
-Ինչպես եք վերաբերում Ձեր թուրք գործընկերոջ պարբերաբար արած հայտարարություններին:
-Հանգիստ։
-Պարոն Վարչապետ, եթե կրկին վերադառնանք տնտեսական թեմաներին, պետք է նկատել, որ մի քանի միջազգային կառույցների հայտարությունները` ՀՀ տնտեսության վերաբերյալ այդքան էլ հուսադրող չեն։ Ավելին, մոտ տասնչորս տոկոսի անկում է նկատվել։ Ինչ եք կարծում, երբ հնարավոր կլինի վերականգնել մեր տնտեսության վիճակը և հասցնել այն նախաճգնաժամյան վիճակին։
-Ընդհանուր առմամբ մեր գնահատականը հետևյալն է, որ սեպտեմբերից սկսած` մենք տեսնում ենք տնտեսական աշխուժացում, և այս մակրոտնտեսական ցուցանիշները, ըստ ճյուղերի վերլուծությունը ցույց են տալիս, որ մենք մտել ենք տնտեսության վերականգնման փուլ։ Դրանով է նաև պայմանավորված այն հանգամանքը, որ 18.4 տոկոս տնտեսական անկումից մենք հասել ենք և տարին կավարտենք 14.4 տոկոսանոց տնտեսական անկումով։ Իսկ դա ավելի լավ ցուցանիշ է, քան կանխատեսում էինք թե մենք, թե համաշխարհային կազմակերպությունները։
Տնտեսական աշխուժացման միտումներ կան, դա վկայում են ե՛ւ արտահանման, ե՛ւ ներմուծման, ապրանքաշրջանառության ցուցանիշները։ Կարող ենք նաև արձանագրել, որ մեր ընդլայնողական քաղաքականության արդյունքներից մեկն այն է, որ 2009 թվականիի ընթացքում չնայած մենք ունենք այսպիսի մեծ տնտեսական անկում, ապրանքաշրջանառության ծավալները աճել են։ Մանրածախ ապրանքաշրջանառության ծավալներն աճ են արձանագրել։ Սա տարօրինակ է այն առումով, որ մեր քաղաքացիները որդեգրել են զգուշավոր ծախսային վարքագիծ, այսինքն` թանկարժեք ապրանքների գնումները հետաձգվում են, բայց մեր քաղաքացիներն իրենց չեն զսպել ընթացիկ ծախսերի մեջ։ Ավելին` նախորդ տարվա հետ համեմատած ունենք մի փոքր աճ մանրածախ ապրանքաշրջանառության մեջ, որը նույնպես վկայում է այն մասին, որ 2009 թվականի երկրորդ կիսամյակում արդեն մտել ենք տնտեսության վերականգնման փուլ։ Այսօր մենք կանխատեսում ենք, որ 2010 թվականին կունենանք 1.2 տոկոս տնտեսական աճ։
-Դուք պարբերաբար հանդես եք գալիս օլիգոպոլիաների դեմ պայքարի կոչերով։ Ձեր ընդդիմախոսները, սակայն, նշում են, որ օլիգարխներն ու օլիգոպոլիաները ոչ միայն չեն վերանում, այլ նաև էլ ավելի ամրապնդվում են։ Ձեր մեկնաբանությունը։
Շնորհակալություն։ Մի քանի հասկացություն ուզում եմ իրարից տարանջատենք։ Օլիգոպոլիա և օլիգարխ` սրանք տարբեր հասկացություններ են, որովհետև մենք ունենք ոլորտներ, որտեղ չկան օլիգարխներ, բայց կան օլիգոպոլիաներ, այսինքն` շուկայում կան շուկայի մասնակիցներ, բայց գնագոյացման արդար մեխանիզմները չեն գործում ։ Դրա համար էլ գների կոշտ վարքագիծ է արձանագրվում։ Սա որակապես այլ խնդիր է, և մենք օլիգոպոլիաների դեմ ենք պայքարում, ոչ թե օլիգարխների։
Երկրորդը` օլիգոպոլիաների դեմ պայքարը Տիգրան Սարգսյանի պայքարը չէ. դա մեր քաղաքական թիմի դիրքորոշումն է։
-Եվ վերջին հարց. Պարոն Վարչապետ, Ձեզ մեղադրում են ՍԴՀԿ-ն պառակտելու մեջ։ Ինչպես եք վերաբերվում նման հայտարարություններին։
Ինձ մեղադրում են ոչ միայն Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան այլ նաև ՌԱԿ-ի պառակտման մեջ։ Անկեղծ ասած` «մեղադրանքների» պակաս չկա։ Ես կարծում եմ իմ քննադատները գերագնահատում են իմ կարողությունները։ Պատմությունը ցույց է` տալիս, որ մեր ավանդական կուսակցությունները դիմացել են ժամանակի փորձությանը ու այսօր էլ ունեն ամրության պաշար։
Ես ի պաշտոնե հանդիպել եմ ՍԴՀԿ ատենապետի հետ։ Որպես վարչապետ պարտավոր եմ հանդիպել մեր ավանդական կուսակցության ղեկավարների հետ, երբ նրանք ինձ դիմում են այդպիսի առաջարկով և պարտադիր չէ, որ մենք կիսենք միմյանց տեսակետները։





