Հինգշաբթի, 29 Հոկտեմբերի 2009
«Nouvelles d’Armenie Magazine»
Ս.թ. հոկտեմբերի 29-ին «Nouvelles d’Armenie Magazine» պարբերականը հարցազրույց է վարել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հետ։ Հարցազրույցին ներկա է եղել France 3 Mediterranee–ի թղթակիցը։ ՀՀ վարչապետն անդրադարձել է Ցյուրիխում ստորագրված հայ-թուրքական համաձայնագրին՝ փորձելով ուրվագծել Հայաստանի աշխարհաքաղաքական ապագան։
«Nouvelles d’Armenie Magazine»- Ո՞րն է Ձեր քաղաքական և դիվանագիտական տեսակետը ցյուրիխյան համաձայնագրերի վերաբերյալ, որոնցով վերսկսվում են երկու երկրների միջև ավելի քան 15 տարի սառեցված դիվանագիտական շփումները։
Տիգրան Սարգսյան- Հայաստանի և Թուրքիայի արտաքին գործերի նախարարների միջև ստորագրված արձանագրությունները փոխզիջում են ենթադրում երկու երկրների մոտեցումներում։ Բանակցությունները դյուրին չէին։ Ակնհայտ է,որ Հայաստանն ու Թուրքիան սեփական տեսանկյուններից են մոտեցել երկկողմ հարաբերությունների կարգավորմանը։ Այդուհանդերձ, երկուստեք ցուցաբերվեց քաղաքական կամք, ինչի արդյունքում ի վերջո ծնվեց այդ փաստաթուղթը՝ նշանավորելով երկխոսության սկիզբը։ Անշուշտ, կան բազմաթիվ չլուծված խնդիրներ, և դեռևս ճանապարհ ունենք անցնելու մինչև լիարժեք և վերջնական համաձայնագրի ստորագրումը։ Մենք գիտենք, որ այդ ճանապարհը հեշտ չի լինելու, սակայն ինչպես հայտարարել է ՀՀ նախագահը. «Եկել է խնդիրները լուծելու ժամանակը, և Հայաստանն այլևս պատրաստ է դրան»։
«Nouvelles d’Armenie Magazine»- Պատմությունն անկարելի է մոռանալ, և համաձայնագրում ցեղասպանության հարցը չարծարծելը հարուցել է բազմաթիվ սփյուռքահայերի զայրույթը։ Ոմանք նույնիսկ խոսում են պատմական հիշողության վրա դրված էմբարգոյի մասին։ Ի՞նչ կասեք Սփյուռքի օրինական հարցադրումների կապակցությամբ։
Տիգրան Սարգսյան- Բնականաբար, դա լուրջ խնդիրներ է դնում մեր առաջ, քանի որ հարյուր հազարավոր հայեր Սփյուռքում պայքարում են թե' միջազգային հանրության, թե' Թուրքիայի կողմից ցեղասպանության ճանաչման համար։ Տվյալ պարագայում հարց է ծագում. ինչպե՞ս կարելի է հասնել այդ նպատակին։ Վերջին հաշվով, մենք այսօր կանգնած ենք երկընտրանքի առջև. առաջինը Թուրքիայի` որպես հայ ժողովրդի թշնամի պետության ընկալումն է։ Այսպես են մտածում բազմաթիվ հայեր Սփյուռքում, Հայաստանում և ԼՂՀ-ում, ովքեր ցանկանում են հարկադրել Թուրքիային՝ ճանաչելու ցեղասպանության իրողությունը։ Կա նաև երկրորդ ճանապարհը, այն է՝ ներկայիս Թուրքիային դիտել որպես վերափոխվող երկրի, որը բարեփոխումներ է իրականացնում՝ ԵՄ-ին անդամագրվելու նպատակով։
Սա նշանակում է, որ Թուրքիան ձգտում է դառնալ եվրոպական արժեքային համակարգի յուրացմանը և իր պետական հաստատություններում դրանց ներդրմանը միտված ժամանակակից պետություն։ Սա անխուսափելիորեն վաղ, թե ուշ կհանգեցնի հայոց ցեղասպանության ճանաչմանն իր իսկ կողմից։ Մեր կարծիքով, այս երկրորդ ուղին ավելի ընդունելի է։ Քաղաքական երկխոսությունը թույլ կտա հասնել սահմանների բացմանը, ինչպես նաև կողմերը ներկայացնող պատմաբանների, գրողների և երկու հանրությունների այլ հատվածների միջև տնտեսական ու մշակութային շփումների աճին։ Այս ամենը մոտ ապագայում կարող է հանգեցնել հայոց ցեղասպանության ճանաչման հարցում Թուրքիայի դիրքորոշման փոփոխությանը»։
«Nouvelles d’Armenie Magazine»- Թուրքական «Taraf» թերթի լրագրողներից մեկն ասել է, թե խնդիրը բարոյական է, և թուրքական կառավարությունը պետք է ճանաչի հայերի հանդեպ գործված ոճիրը, ինչպես նաև հարգանքի տուրք մատուցի այն թուրքերին, որոնք հրաժարվել են մասնակցել զանգվածային սպանություններին։ Ո՞րն է Արարատի այս կողմից Ձեր ունեցած տեսակետը։
Տիգրան Սարգսյան- Անշուշտ, մենք մոտիկից հետևում ենք Թուրքիայի ժողովրդավարական զարգացմանը և կարող ենք փաստել, որ արդեն այսօր որոշ թուրք մտավորականներ ընդունում են պատմական ճշմարտությունը, և նրանց թիվը տարեցտարի ավելանում է։ Բնական է, որ Թուրքիայի հասարակական կարծիքի մեջ ժողովրդավարական արժեքների արմատավորումն էլ ավելի կամրապնդի այդ անկասելի միտումը։ Զարգացած և առաջադեմ հասարակությունը չի կարող շարունակ անտեսել պատմական ճշմարտությունը։ Այս իմաստով, Թուրքիայում ընթացող ժողովրդավարական գործընթացը միմիայն կուժեղացնի այդ մոտեցումը։ Հենց այս հանգամանքով է պայմանավորված Հայաստանի Հանրապետության շահագրգռությունը Թուրքիայում բարեփոխումների խորացմամբ։ Դա նաև համապատասխանում է Եվրամիությանն անդամակցելու՝ այդ երկրի ցանկությանը։
«Nouvelles d’Armenie Magazine»- Կարո՞ղ է հայ-թուրքական այս համաձայնագիրը հզոր ազդակ լինել Եվրոպայի համար՝ Թուրքիային իր շարքերն ընդունելու առումով։
Արդյո՞ք սա դիվանագիտական ազդանշան է, «ուղերձ»՝ ուղղված միջազգային հանրությանն ի դեմս Ֆրանսիայի, որի նախագահ Նիկոլա Սարկոզին, ինչպես նաև Ֆրանսիայի հայկական համայնքն ընդդիմանում են Թուրքիայի անդամակցությանը Եվրամիությանը։
Տիգրան Սարգսյան- Նախ և առաջ, պետք է հաշվի առնել այն փաստը, որ Թուրքիան
իրականացրել է ԵՄ-ի նկատմամբ իր պարտավորությունների մոտավորապես 30 տոկոսը, և ինքնըստինքյան հասկանալի է, որ դեռ երկար ճանապարհ պետք է անցնի այդ ուղղությամբ։ Գործընթացին հետևող Ֆրանսիան և Գերմանիան կարծում են, որ Թուրքիան դեռևս պատրաստ չէ ԵՄ անդամությանը։ Այդ երկու երկրները մտադիր են Թուրքիո հետ մշակել միջոցառումների ծրագիր՝ ներառելով փոքրամասնություների իրավունքների պաշտպանությունը, մայրենի լեզվի դասավանդման հնարավորությունը և այլն։ Դրանք շատ կարևոր քայլեր են, որոնք երկրի իշխանություններից պահանջում են հնարավոր ներքին ընդդիմության ճիշտ ընկալում։ Անհնար է մեկ օրում բարեփոխել հասարակական ինստիտուտները։ Սա վերաբերում է նաև Հայաստանին։ Մենք հասկանում ենք, որ գործընթացը ցավագին է լինելու Թուրքիայի համար։ Հաջողության դեպքում այդ երկիրը կմերձենա Եվրոպայի հետ, և ճանաչելով ցեղասպանությունն՝ էլ ավելի կամրապնդի իր դերն ու հեղինակությունը Միության կազմում։ Բարեփոխումները ձախողելու դեպքում Թուրքիայի պետական կառույցները կհամարվեն ոչ ժողովրդավարական, ինչը նրա առջև կգոցի Եվրոպայի դռները։ Այդպես կլինի նաև ցեղասպանության ուրացման պարագայում, և դա կնշանակի դարձ ի շրջանս յուր։ Մենք ունենք պատմական հնարավորություն. Թուրքիայի քաղաքական իշխանությունները հայտարարում են, որ ԵՄ անդամակցությանն ի խնդիր ցանկանում են բարեփոխել իրենց պետական-հասարակական կառույցները, ինչը բացառիկ քաղաքական պատեհություն է Հայաստանի և Եվրամիության համար։
«Nouvelles d’Armenie Magazine»- Երկու երկրների միջև սահմանի բացումը կարո՞ղ է տագնապի տեղիք տալ և Հայաստանին կանգնեցնել թրքացման վտանգի առաջ։
Տիգրան Սարգսյան- Սահմանների բացումը հղի է ռիսկերով, որոնք սակայն նույնքան իրական են փակ սահմանների պարագայում։ 21-րդ դարում սահմանները փակ պահելն անմտություն է։ Միջազգային հանրությունը ցանկանում է դրանք տեսնել բաց, ուստի մենք պետք է չերկնչենք և պատրաստվենք նոր դարաշրջանի։ Հայաստանի քաղաքական վերնախավը կողմ է սահմանի բացմանն ազատ շուկայական տնտեսության իր տեսլականից ելնելով, և ՀՀ կառավարությունը պատրաստ է համագործակցել մեր բոլոր հարևանների հետ այդ շրջանակներում։ Այդ ռազմավարությունը զերծ չէ որոշակի ռիսկերից, որոնք սակայն տեսանելի են և անցողիկ։ Մենք պետք է կարողանանք կառավարել դրանք։ Սա մարտահրավեր է Հայաստանի համար, և մենք պարտավոր ենք այն ընդունել։
«Nouvelles d’Armenie Magazine»- Կա՞ն արդյոք քաղաքական ռիսկեր։
Տիգրան Սարգսյան - Ներքին անվտանգության հետ կապված մարտահրավերների կառավարման համար Հայաստանի Հանրապետությունն ունի համապատասխան օրենսդրություն։ Եթե այդ ռիսկերը վտանգեն մեր անկախությունն ու ինքնիշխանությունը, ապա սահմանները կարող են կրկին վերափակվել։
«Nouvelles d’Armenie Magazine»- Ադրբեջանն իրեն համարում է դավաճանության զոհ։ Արդյո՞ք ԼՂ խնդիրը որևէ ազդեցություն է ունեցել Ցյուրիխի արձանագրությունների և բանակցությունների վրա։
Տիգրան Սարգսյան- «Այդ խնդրի առնչությամբ Հայաստանի դիրքորոշումը հստակ է և անփոփոխ։ Մենք պատրաստ ենք դիվանագիտական հարաբերություններ հաստատել Թուրքիայի հետ առանց նախապայմանների. ինչը նշանակում է՝ որևէ երրորդ երկիր չի կարող միջամտել մեր երկկողմ հարաբերություններին։ Մենք շարունակելու ենք պնդել մեր այս մոտեցումը։ Ընդսմին ճիշտ է նաև, որ Ադրբեջանն ու Թուրքիան քաղաքական հայտարարություններով փորձում են վերադառնալ ԼՂ խնդրին` այն կապելով կնքված արձանագրությունների հետ։ Սակայն Ֆրանսիայի, Ռուսաստանի և Եվրոպայի արտաքին գործերի նախարարների հետ մենք արդեն հայտարարել ենք, որ համաձայնագրերը չպետք են աղերսվեն ԼՂ հակամարտության կարգավորման հետ, ուստի այդ կարևոր մոտեցումը պետք է պահպանվի։ Ճիշտ է, հայ-թուրքական հարաբերությունների բարելավումն ընդհանուր առմամբ չի կարող ազդեցություն չունենալ տարածաշրջանում առկա մեծաթիվ հակամարտությունների կարգավորման վրա ։ Այդ իսկ պատճառով Ադրբեջանը չի խրախուսում համաձայնագիրը՝ համարելով, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը հակասում է իր ազգային շահերին։
Ինչ վերաբերում է մեզ, ապա մենք կարծում ենք, որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը կնպաստի ամբողջ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, և որ դա բխում է տարածաշրջանի բոլոր երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի շահերից։ Բաքուն շատ լավ հասկանում է, որ ԼՂ հակամարտությունը կարող է լուծվել միմիայն խաղաղ ճանապարհով։ Արդարև, հայ-թուրքական հարաբերություների բարելավումը կնպաստի նաև հայ-ադրբեջանական հարաբերությունների բարելավմանը`որպես ԼՂ խնդրի խաղաղ կարգավորման առհավատչյա։
Հարցազրույցը` Գրիգոր Ամիրզայանի





