Ուրբաթ, 25 Սեպտեմբերի 2009
«Ռոսիյսկայա գազետա»
Ուրբաթ օրը Յարոսլավլում կկայանա Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 11-րդ նիստը։ Հայկական պատվիրակությունը գլխավորում է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Հանդիպումից առաջ նա պատասխանեց «Ռոսիյսկայա գազետա»-ի հարցերին։
ՌԳ. Ի՞նչ օրակարգ ունի միջկառավարական հանձնաժողովի առաջիկա նիստը։
Սարգսյան. Նախատեսվում է քննարկել ութ հարց։ Հատկապես կնշեի, որ քննարկելու ենք, մասնավորապես, առևտրատնտեսական կապերի ներկա իրավիճակն ու հեռանկարները, ինչպես նաև պետական պարտքի մարման նպատակով Հայաստանի կողմից Ռուսաստանի Դաշնությանը որպես սեփականություն հանձնված ձեռնարկությունների աշխատանքին առնչվող խնդիրները։ Անդրադարձ կլինի առկա պայմանագրային-իրավական բազայի կատարելագործմանը, նաև` բազմակողմանի փոխգործակցության մյուս ուղղություններին։ Բնականաբար, կքննարկվեն նաև համաշխարհային տնտեսության մեջ առկա ճգնաժամային երևույթներին համատեղ դիմակայելու հնարավորությունները։
ՌԳ. Ճգնաժամն ինչպե՞ս է ազդել Հայաստանի վրա։
Սարգսյան. Երկնիշ ցուցանիշներով արտահայտվող տնտեսական աճի մի քանի տարիներից հետո այս տարվա առաջին ութ ամիսներին ՀՆԱ-ի անկումը 2008 թ. նույն ժամանակահատվածի համեմատությամբ 18,4 տոկոս է։ Դա շատ է, բայց հարկ է նկատել, որ սպասվածից էլ փոքր-ինչ քիչ է։ Բացի այդ, անկման տեմպերը շոշափելիորեն կրճատվել են։ Հատկապես խիստ էր տուժել շինարարության ոլորտը։ Զգալիորեն` ավելի քան մեկ երրորդով, նվազել են նաև մասնավոր տրանսֆերտները, այդ թվում` Ռուսաստանից փոխանցվողները։ Ի դեպ շինարարության մեջ առկա էր նաև ռուսական կապիտալը. ՌԴ մի շարք ներդրողներ մեզ մոտ իրացնում էին սեփական նախագծերը։ Այն, որ ճգնաժամը ազդեց նաև Հայաստանի տնտեսության վրա, վկայում է միջազգային տնտեսությանը նրա ինտեգրվածությունը։ Բացի այդ, կառավարությունը ծրագիր է մշակել, որը ես կանվանեի «հակափուլային միջոցառումների» հավաքածու։ Իսկ դա նշանակում է, որ անում ենք այս պահի համար հնարավոր բոլոր այն միջոցառումները, որոնք նպատակաուղղված են տնտեսության մեջ ճգնաժամային փուլի այս կամ այն կոնկրետ դրսևորման հաղթահարմանը։ Դրանց թվում են պետական ծախսերի մեծացումը, համակարգաստեղծ ձեռնարկություններին աջակցելը, օժանդակությունը փոքր և միջին բիզնեսին։ Եվ այսօր հիմքեր ունենք կարծելու, որ ազգային տնտեսության անկումը գրեթե հասել է նվազագույն սանդղակին։ Արդեն կարելի է խոսել ռեցեսիայի ավարտի և կայունացման փուլի սկզբի մասին։
ՌԳ. Սակայն փորձը ցույց է տալիս, որ համաշխարհային տնտեսության մեջ ճգնաժամային երևույթները կրկնվելու սովորություն ունեն։
Սարգսյան. Դուք ճիշտ եք, և դա կառավարության առջև դնում է ոչ միայն մարտավարական, այլև ռազմավարական բնույթի խնդիրներ։ Սակավաթիվ բնակչություն և բնական աղքատիկ ռեսուրսներ ունեցող փոքր պետության համար չափազանց կարևոր է մշակել մի համակարգ, որը նրան թույլ կտա իր հաստատուն տեղը գրավել համաշխարհային տնտեսության մեջ։ Կարծում եմ` Հայաստանի ապագան այնպիսի ոլորտների զարգացումն է, ինչպիսիք են բարձր տեխնոլոգիաները, կրթությունը, առողջապահությունը, արտադրության գիտատար և քիչ էներգատար ճյուղերը։ Սկզբունքորեն սա ծավալուն խոսակցության առանձին նյութ է։ Հետևաբար միայն կասեմ, որ հենց նշված ոլորտներում է կառավարությունը «աշխատում»։
ՌԳ. Ինչպե՞ս եք պատկերացնում Անկախ պետությունների համագործակցության ապագան։ Հնարավո՞ր է արդյոք, որ ԱՊՀ-ում ստեղծվի միասնական տնտեսական տարածություն։ Հայաստանն ինչպե՞ս է վերաբերվում նման հեռանկարին։
Սարգսյան. ԱՊՀ շրջանակներում նման գործընթացներ տեղի ունենում են։ Մասնավորապես, Ռուսաստանը, Բելառուսն ու Ղազախստանը ստեղծել են Մաքսային միություն։ Հայաստանը այնտեղ ներկա է որպես դիտորդ։ Ինչպես արդեն նշեցի, մեր երկիրը չի կարող պարծենալ բնական հարուստ պաշարներով, մենք գազ ու նավթ չունենք, մի բան, որը ազդում է գնագոյացման վրա։ Բացի այդ, մենք ընդհանուր սահման չունենք ինչպես Ռուսաստանի, այնպես էլ Մաքսային միության անդամ մյուս պետությունների հետ։ Միաժամանակ, Հայաստանը ԱՀԿ անդամ է, իսկ նշված երկրներն այդ կազմակերպությանն առայժմ անդամագրված չեն։ Այս ամենը մեզ ստիպում է, նախևառաջ, ակտիվացնել և զարգացնել ոչ այնքան բազմակողմ, որքան երկկողմ տնտեսական հարաբերություններն ու շփումները ԱՊՀ շրջանակներում։ Այսպես, Ռուսաստանը մնում է մեր առաջատար գործընկերը. չնայած օբյեկտիվ դժվարություններին` երկկողմ ապրանքաշրջանառությունն անընդհատ աճում է։ Սխալ կլիներ կարծել, թե հասնելով որոշակի, թեկուզև շատ բարձր մակարդակի, կարող ենք կանգ առնել. հայ-ռուսական երկկողմ համագործակցության ներուժն անսպառ է։ Ի դեպ, դա հատկապես տեսանելի է վերջին շրջանում, երբ սկսել ենք ընդլայնել տարածաշրջանային մակարդակի կապերն ու շփումները։ Եվ այսօր ամեն ինչ անում ենք, որպեսզի փոխհարաբերությունների այդ հատվածում խթանենք դրական գործընթացները։
ՌԳ. Հայաստանում բավականին տարածում ունի այն կարծիքը, որ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը նկատելիորեն կփոխի տնտեսական ողջ պատկերը Հարավային Կովկասում և դրական ազդեցություն կգործի Ռուսաստանի հետ ունեցած տնտեսական հարաբերությունների վրա։
Սարգսյան. 21-րդ դարում հարևան երկրների` Հայաստանի և Թուրքիայի միջև փակ սահմանների գոյությունն անհեթեթություն է։ Սահմանի բացումը վստահության վերականգնման համար նախևառաջ կստեղծի որակական այլ մթնոլորտ։ Իսկ Երևանի ու Անկարայի միջև վստահության վերականգնումը բարդ հարց է։ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանն ստանձնել է այդ խնդիրը լուծելու համարձակությունը։ Թուրքիայի հետ բարիդրացիական հարաբերությունների հաստատումը հարմարավետ պլատֆորմ կստեղծի մեր ռազմավարական գործընկերների, նաև Ռուսաստանի համար, որի դիրքն էական ու նշանակալի է այս տարածաշրջանում։
Բայց Հայաստան-Ռուսաստան կապերը միայն տնտեսականով չեն սահմանափակվում։ Բնականաբար, հումանիտար ուղղությունները ևս կարևոր են այնքան, որքան և ռազմաստրատեգիական հարաբերությունները։ Ռուսաստանը մեր ռազմավարական գործընկերն է, ում հետ արդյունավետորեն և սերտորեն համագործակցում ենք, այդ թվում` ՀԱՊԿ շրջանակում։ Մենք Հայաստանում միշտ հիշում ենք, որ Ռուսաստանի հետ ունենք ընդհանուր անցյալ։ Եվ մեր ժողովուրդները պետք է որոշեն, թե ինչպիսին է լինելու նաև ապագան։ Մենք այդ ապագան լուսավոր ենք տեսնում։
Արմեն Խանբաբյան, Երևան





