Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հարցազրույցներ, ճեպազրույցներ

Ուրբաթ, 10 Ապրիլի 2009

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի հարցազրույցը «Երևան» ամսագրին

Շրջափոխելով Ժողովողի խոսքը

Այդքան սարսափելի՞ է արդյոք ճգնաժամը, թե՞ սարսափելի է մեր ահը նրանից։ Պե՞տք է փորձել ընտելանալ դրան կամ էլ թե չէ օգտագործել այն նոր աշխարհը ձևավորելիս։ Կա՞ արդյոք Հայաստանի մոդել, որն ընդունակ լինի գործել այդ նոր տարածքում։ Ի՞նչ է զարգացման հայկական վեկտորը։ Էլ ո՞ւմ, եթե ոչ վարչապետին է պատշաճ պատասխանել այս հարցերին։ Ի դեպ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը համարում է, որ մեր ժամանակի համընդհանուր հարցերը բնավ էլ տնտեսագետների իրավասությանը չեն պատկանում։

«Չկա մի գործ, որը գլուխ բերելն ավելի դժվար լիներ, վարելը՝ ավելի վտանգավոր, իսկ հաջողությունը ավելի կասկածելի, քան հին կարգերի փոխարինումը նորերով»։
Նիկոլո Մաքիավելի

Փողերը շռայլելու ժամանակը, մտքերը հավաքելու ժամանակը

- Պարոն վարչապետ, Ձեր կարծիքով ի՞նչ դրական բաներ կարելի է քաղել ճգնաժամից։
- Բավականաչափ շատ բաներ, որովհետև հայերը հատկապես լավ են զգում հենց ճգնաժամային իրավիճակներում։ Դա մեր բնական վիճակն է, որը ձևավորվել է պատմականորեն։ Որքան շատ լինեն սպառնալիքն ու մարտահրավերները, այնքան եռանդով և հնարամտորեն ենք պայքարում գոյատևման համար։ Իսկ կայունության և նորմալ զարգացման ժամանակ մեր հանգիստը կորցնում ենք։ Այդ ընթացքի բոլոր հարցումները ցույց են տալիս, որ մենք մեզ աշխարհի ամենադժբախտ ազգն ենք համարում։ Ճգնաժամն այս իմաստով կարելի է դիտարկել իբրև հնարավորություն։ Եվ եթե մենք այն ճիշտ օգտագործենք, ապա մեզ կօգնի փոխել մեր աշխարհայացքը, այսինքն զգալ կայունության և առաջընթաց զարգացման ներդաշնակությունը։ Չէ՞ որ սեպը սեպով են հանում։ Եթե ընդունենք հասարակության պարուրաձև զարգացման վարկածը, ապա ճգնաժամը դրական իմաստով նախկինում գործած սխալներն ուղղելու հնարավորություն է։ Իննսունական թվականներին, երբ մենք նոր էինք սկսում անկախ պետություն կառուցել, ունեինք շուկայական տնտեսության և ժողովրդավարության հույժ իդեալիստական պատկերացումներ։ Մենք փորձում էինք արմատավորել մեր հասարակությանը խորթ ինստիտուտներ, որոնք ապրիորի չէին գործում, և դրանով իսկ մենք մեզ նմանակեղծության թակարդն էինք մղում։ Այժմ մենք հնարավորություն ունենք շատ բան ավելի արագ ուղղել, քան ծրագրում էինք իշխանության եկած ժամանակ։


- Դուք ասում եք նմանակեղծության թակարդ և մեզ համար խորթ ինստիտուտներ, սակայն ոմանք պնդում են, որ բիզնեսը և տնտեսությունը չունեն ազգային և հոգեկերտվածքային առանձնահատկություններ...

- Քանի որ ուղղակի հարց չհնչեց, ապա ես ինքս Ձեզ կհարցնեմ՝ հնարավո՞ր է Հայաստանում մի ակնթարթում ժողովրդավարական հասարակություն կառուցել։

- Դժվար թե...
- Ճիշտ է, որովհետև հասարակական ամեն մի մոդելի կառուցումը նշանակում է, որ մենք առաջին հերթին փոխելու ենք մարդկանց վարքագիծը։ Նրանք պետք է վարվեն այլ կերպ, քան սոցիալիստական, կոմունիստական կամ մեկ այլ հասարակության մեջ։

- Հրամայական ձևո՞վ։
- Իրավացի եք, դժվարությունն էլ հենց այն է, թե ի՞նչ կերպ է փոխվելու մարդկանց վարքագիծը՝ ձևերի պարզ արմատավորմա՞մբ։ Մենք գիտենք, որ ժողովրդավարական հասարակությունը այնպես է կառուցված, որ գործադիրը պետք է տարանջատված լինի օրենսդիր և դատական իշանություններից։ Լավ, մենք ստեղծեցինք խորհրդարան, կառավարություն, անկախ դատարաններ։ Բայց չէ՞ որ սրանք հենց ներմուծվող ձևեր են և մեխանիկորեն արմատավորվելու դեպքում չեն գործում, քանի որ մենք չենք կարողանում դրանց բովանդակություն հաղորդել։

- Իսկ ի՞նչն է դրան խանգարում։
- Մարդիկ, ավելի ճիշտ նրանք, ովքեր պաշտոններ են գրավում իշխանության կառույցներում՝ չհասկանալով այդ կառույցների էությունը։ Բայց չէ՞ որ այդ էությունը պետք է արտացոլված լինի նրանց աշխարհայացքում, աշխատանքում, վարվելակերպում։ Խնդիրն այն է, որ նման մարդիկ մեզանում չկան, չէին կարող երկնքից ընկնել։

- Այդպես էլ ամեն ինչ անհուսալի՞ է։
- Դժվար է, բայց անհուսալի չէ։ Պարզապես այդ ամենը պետք է ինքներս անենք՝ փոխվենք ամեն մեկս և փոխենք աշխարհայացքը։ Եթե մենք ուզում ենք նոր հասարակություն ունենալ, ուրեմն պետք է այս բոլորն անենք։

- Դիցուք մեզ կհաջողվի բարոն Մյունհաուզենի նման ինքներս մեր մազերից քաշելով դուրս հանել ճահճից։ Հետո ո՞ւր գնանք, ինչ-որ մեկի փորձարկա՞ծ, թե՞ սեփական ճանապարհով։
- Այսինքն՝ ամեն երկիր զարգացման իր ուղի՞ն ունի, թե՞ դա ընտրյալների բախտն է։ Դատեցեք ինքներդ. այսօր գոյություն ունեցող ավելի քան 240 պետությունից հաջողության է հասել շուրջ 40-ը։ Մնացածները փորձում են վերարտադրել զարգացած երկրների փորձը։ Սակայն ինչպես ցույց է տալիս իրականությունը, ավելի լավ կլիներ չփորձեին։ Ամենուր ծագում է նույն՝ ձևի և բովանդակության համարժեքության խնդիրը։ Եթե դա չկա, ապա ինչ-որ մեկի հաջող մոդելի արհեստական վերարտադրությունը ամենայն հավանականությամբ կդառնա եղածի ծաղրանկարը։ Այս դեպքում ավելի լավ չէ՞ սեփական ուղին փնտրել։ Բայց Հայաստանը կարո՞ղ է իրեն թույլ տալ սեփական ճանապարհով գնալու շքեղությունը։
Իհարկե, «փորձը դժվարին սխալների որդին է»։ Իհարկե, պետք է հաշվի առնել ուրիշների փորձը։ Եվ իհարկե, խիզախություն է հարկավոր ճեղքում ապահովելու համար։ Այստեղ կա մեկ անհրաժեշտ պայման՝ անհրաժեշտ ժամանակ անհրաժեշտ տեղում պետք է գտնվի գաղափարական թիմը։ Սա ոչ բավարար, բայց և անհրաժեշտ պայման է՝ պետք է լինեն առաջնորդներ, ովքեր ունեն իրենց դերի տեսլականը։ Ժողովուրդը հետևում է այդպիսիներին։ Իսկ սա արդեն հնարավորություն է։ Ի դեպ, «դժվարին սխալների որդին» հաճախ առաջարկում է հակադիր տարբերակը՝ ազգը փակուղի մղող առաջնորդների։

- Իսկ մենք միանշանակ փակուղային ժողովո՞ւրդ ենք, թե՞ Հայաստանի պատմության մեջ պատահել է, որ հարկ եղած ժամանակ հարկ եղած տեղում անհրաժեշտ առաջնորդներ հայտնվեն։
- Դժվար է ասել։ Ռուսաստանում վերջերս մի նախագիծ էր իրագործվում՝ «Հանուն Ռուսաստանի», որը բուռն բանավեճ հարուցեց, մինչդեռ ժողովուրդը բռնեց ու քվեարկեց, որքան էլ տարօրինակ լինի, Ստալինի օգտին։

- Բայց դե ինչ-որ իմաստով տրամաբանություն կա՝ «խելքով Ռուսաստանը չես ըմբռնի»։ Իսկ ինչո՞վ են մեզ հասկանում կամ չեն հասկանում։ Մենք գիտե՞նք, թե որն է մեր գերակայությունը։ Կա՞ արդյոք զարգացման հայկական վեկտոր։
- Այժմ հարկավոր է կենտրոնանալ տեղաբնույթ այն խնդիրների վրա, որոնց լուծումն անհրաժեշտ է իրադարձությունների զարգացման ամեն մի սցենարի դեպքում՝ միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում։ Խոսքը նախ և առաջ վերաբերում է տնտեսության «երեք կետերին»՝ անվտանգություն, ենթակառուցվածք (այդ թվում՝ հաղորդակցություն) և պարենային ապահովում։
Իսկ ընդհանուր առմամբ եթե մենք ընդունում ենք մեր ինքնատիպությունը, եթե հասկանում ենք, որ ձևը և բովանդակությունը պետք է ներդաշնակ լինեն, ապա մենք պետք է գտնենք մեր մոդելը։ Սա նշանակում է, որ համապատասխանեցնելով ձևը և բովանդակությունը, միաժամանակ հարկավոր է ամրագրել ճիշտ նպատակներ։ Չէ՞ որ նպատակների փոփոխման դեպքում փոխվում է նաև ներդաշնակությունը։ Այսինքն, կամ մենք պետք է խիզախություն ունենանք հայտարարելու, որ առանձնահատուկ, զարգացման ուրույն մոդելն ունեցող քաղաքակրթության կրող ենք, կամ ինքներս մեզ համարելու եվրոպական քաղաքակրթության մաս։ Վերջինիս դեպքում, իբրև նպատակ մատնանշելով եվրոպական քաղաքակրթությունը, պետք է մեր ջանքերը ուղղենք այն բանին, որպեսի ընդօրինակենք դրա ձևն ու բովանդակությունը՝ դրան գումարած կառուցենք այն հետագիծը, որը և մեզ կհասցնի ընտրած նպատակակետ։

- Այսինքն, մեր վեկտորը ուղղված է Եվրոպայի՞ն։
- Կարծում եմ, որ մենք եվրոպական քաղաքակրթության կրող չենք։ Մեծ մոլորություն է ենթադրելը, թե մենք կարող ենք Հայաստանում կառուցել եվրոպական հասարակություն։ Ի դեպ, ես սխալ եմ համարում նաև մեզ ասիական քաղաքակրթությանը վերագրելը։ Ինձ ընդհանրապես թվում է, որ գլխավոր խնդիրն այլ է, այն, որ մեր զարգացման և այլազան փոփոխությունների ամեն մի փուլում հասարակությունը պահպանի ներդաշնակությունը։ Ցավոք, այն այսօր խորապես աններդաշնակ է։ Սա է մեր համընդհանուր խնդիրը։ Մենք ամենքս դժգոհ ենք ինքներս մեզնից, մեր շրջապատից, մեր հայկական աշխարհից, մեր երկրից։

- Դե իհարկե, պարզ է՝ «մուննաթով» ենք։ Բայց այդ հարցը դժվար թե հնարավոր լինի լուծել, դա մեր հոգեկերտվածքի յուրահատկությունն է։
- Մինչդեռ խնդիրը, այն էլ լուծելի խնդիրը, բոլորովին այլ է՝ մեզանում քիչ են իրապես կրթված մարդիկ։ Երկրորդ խնդիրն այն է, որ մտածող, մտավորական մարդը մեր երկրում արժեք չի հանդիսանում։ Եթե մենք չփոխենք այդ վերաբերմունքը, ապա ապագա չենք ունենա։ Այս իմաստով ես շատ եմ հավանում հետևյալ բանաձևը՝ ճգնաժամն այնքանով է լավը, որ այսօր ոչ թե փողն է որոշում հաջողությունը, այլ մի ինչ-որ այլ բան։ Ի դեպ, Հայաստանում երևի երբեք էլ հաջողությունը փողով չի որոշվել, որովհետև խորհրդային համակարգում դժվար էր իմանալ, թե իրականում ով որքան ունի։ Սակայն միջավայրը կամ ինչպես հիմա են ասում «լավ շրջապատը» իր նշանակությունն ունեցել է և ցավոք, ունի և այժմ։ Իսկ դա կորստաբեր է։ Եվ վերադառնալով ճգնաժամին, դրա դրական կողմերին գումարենք ևս մեկը՝ այն փոխեց հաջողության ձևակերպումը։ Ի դեպ, այժմ շատ են խոսում լուրջ գիտելիք ունենալու և լավ տեղեկացված լինելու անհրաժեշտության մասին։ Սակայն դա արդեն անցած դար է, չէ՞ որ տեղեկությունն ու գիտելիքը արագ են հնանում։ Շատ ավելի կարևոր է մարդկանց մտածել սովորեցնել։ Եթե մարդը մտածելու ունակություն չունի, ապա նաև ապագա չունի։ Իսկ եթե կան մտածող մարդիկ, որոնք ունակ են տեղեկությունը մշակելու և գործադրելու, ապա և երկիրն ունի զարգացման հեռանկար։ Հենց այս՝ գիտելիքի մեխանիկական կուտակումից մտածելու ակտիվ ունակություն տանող թռիչքը մենք պետք է իրականացնենք։

- Ըստ երևույթին պետք է ընտրել երրորդ ուղին, չնայած դրա ինչ լինելն այդպես էլ անհասկանալի մնաց։
- Դա հայկական աշխարհն է։

Մեկնելու ժամանակը, վերադառնալու ժամանակը

- Դրան սպասելիս «Հայաստան» փոքրիկ ինքնաթիռը» հնարավորություն ունի՞ սրընթաց հաղթահարել ֆինանսական «մրրկայնության» գոտին։
- «Հայաստան» փոքրիկ ինքնաթիռը»՝ ոչ, բայց «Հայկական աշխարհ» մեծ օդանավը, կարծում եմ, ունի։ Ընդ որում, շատ բան է կախված ոչ միայն մեր երկրի կառավարությունից և բնակիչներից, այլև աշխարհով մեկ սփռված հայերից։ Պարզաբանեմ։ Մենք փորձում ենք վստահության հարաբերություն հաստատել, հայրենիքից դուրս գտնվող մեր հայրենակիցներին համոզել, որ այժմ ճիշտ ժամանակն է Հայաստանի շուրջ համախմբել մեր ջանքերը։ Եվ դա ոչ թե բարեգործության, այլ առողջ գործընկերության հիմունքով։ Կարծում եմ, որ նրանցից շատերի համար այժմ ճիշտ ժամանակն է բիզնես ստեղծել Հայաստանում, այստեղ էլ պահել իրենց խնայողությունը։ Շրջափոխելով Ժողովողի խոսքը, կարելի է ասել՝ մեկնելու ժամանակը, վերադառնալու ժամանակը։ Արժե ուղևորվել պատմական Հայրենիք և գտնել Տան սեփական կեսը։
Հայերը փոխկապակցված և փոխադարձաբար կախյալ վիճակում են։ Հայությունը միասնական օրգանիզմ է՝ անկախ այն բանից մարդը Հայաստանում է ապրում, թե Մոսկվայում կամ Լոս Անջելեսում։ Մեր երկրի տնտեսությունն անհնար է դիտարկել Ռուսաստանից կամ ԱՄՆ-ից առանձին։ Ես միշտ բերում եմ 1998թ. ռուսաստանյան դեֆոլտի օրինակը, երբ ֆինանսական հոսքը փոխեց իր ուղղությունն ու Հայաստանից գնաց դեպի Ռուսաստան։ Այսինքն՝ ի տարբերություն նախկինի օգնությունը գալիս էր ոչ թե ՌԴ-ից այստեղ, այլ հակառակը։ Սա համահայկական օրգանիզմի՝ մեր «Հայկական աշխարհ» օդանավի լավագույն օրինակն է։ Այն շատ ավելի մեծ հնարավորություն ունի կտրել-անցնելու «մրրկայնության» գոտին, քան դրա մի մասը։ Ընդհանրապես այն կարծիքին եմ, որ 21-րդ դարը հայերի դարն է, որովհետև 21-րդ դարում լինելու են մեծ փոփոխություններ, իսկ մենք դրանցից չենք վախենում, մենք գիտենք հարմարվել։ Աշխարհը հասել է զարգացման այնպիսի փուլի, երբ տեխնիկական հեղափոխություն է իրագործվում հինգ տարին մեկ անգամ։ Այդ նույն հեղափոխությունն ստիպում է փոխել մարդկանց կյանքն ու մտածողությունը։

- Այսինքն, տնտեսական ճգնաժամը կարելի՞ է համարել կատալիզատորը ապագա փոփոխությունների, որոնք նույնիսկ նպաստում են հոգևոր ճգնաժամի հաղթահարմանը։
- Հոգևոր ճգնաժամն ավելի վաղ է սկսվել։ Մեր ժամանակի բոլոր ականավոր, ընդ որում՝ նախ և առաջ եվրոպացի փիլիսոփաները հարց են տալիս, թե ի՞նչ եղան քրիստոնեական արժեքները և ո՞ւր է գնում եվրոպական քաղաքակրթությունը։ Նրանց աշխատանքները կասկած չեն թողնում, որ աշխարհը վաղուց է հայտնվել հոգևոր երկպառակության պայմաններում։ Կրիտիկական վիճակում գտնվող մարդիկ փորձում են գործնականում ելնելով եղած օրինաչափություններից, կանխատեսել ապագան։ Երբ դա չի ստացվում, նրանք վերադառնում են դեպի առավել հիմնարար՝ հոգևոր արժեքները և սկսում վերաիմաստավորել դրանք։ Եթե ճգնաժամի օրինաչափությունները երևան չհանվեն, ապա կարելի է գլորվել հատակը և հետո դառնալ ելման դիրք։ Հավանաբար գիտնականներն առայժմ չեն կարողանում հաշվարկել ժամանակակից ճգնաժամի օրինաչափությունները և համապատասխանաբար, այդ պատճառով չեն կարողանում առաջարկել համակարգի վերականգնման մոդելը։
Ուստի շատերն ասում են, որ սա ոչ թե ճգնաժամ է, այլ փլուզում, քաոս։ Եթե այդպես է, ապա մենք ներկա ենք նոր աշխարհի ծննդին։ Սա բավականին ցավոտ գործընթաց է, քանի որ այդ ձևափոխման շատ հանգամանքներ մենք չենք էլ հասկանում։ Իսկ ֆինանսական ճգնաժամը ընդամենը ծննդյան ցավոտ գործընթացի արտահայտությունն է, ինչպես բարձր ջերմությունը։ Մեր սխալն այն է, որ մենք ցանկանում ենք ուղղել հետևանքները մի իրավիճակի, որը պահանջում է պատճառի վերաիմաստավորում։ Ոչ թե ճգնաժամի խնդիրն է պետք պարզել, այլ փորձել հասկանալ, թե ինչպիսին կլինի նոր աշխարհը։ Ահա թե ինչ պետք է մտածել։ Եվ այդ հարցերի պատասխանը պետք է տան ոչ թե ֆինանսիստներն ու տնտեսագետները, այլ իմաստուն, մտածող մարդիկ։

- Հնարավո՞ր է, որ նոր աշխարհի ծննդյան գործընթացում իրավիճակը անվերահսկելի դառնա։
- Քաոսը հենց նշանակում է, որ ոչ ոք ոչ մի բան չի կարող վերահսկել։ Տեղի են ունենում ինչ-որ տարերային գործընթացներ, որոնց տրամաբանությունը անհասկանալի է։ Եվ եթե դա այդպես է, ապա դժվար է ասել, թե ում վիճակը կվատանա և ումը կլավանա։ Իսկ ընդհանրապես ես կարծում եմ, որ նոր աշխարհից օգուտ կքաղեն ամենքը։ Երբ ծնվում է մի ինչ-որ նոր բան և երբ հաստատվում է նոր ներդաշնակություն, ապա շահում են բոլորը։

- ԿԲ-ում աշխատելու փորձը Ձեզ օգնո՞ւմ է ավելի լավ հասկանալ իրականությունը և համաշխարհային փոփոխությունների միտումները։
- Այդ փորձը դժվար է գերագնահատել։ Կենտրոնական բանկում աշխատել նշանակում է ձեռքն անընդհատ պահել զարկերակին։ Իսկ բոլոր փոփոխությունների օպերատիվ արձագանքը ճգնաժամային իրավիճակի բնական կերպն է։ Այնպես որ ԿԲ-ում անցկացրած տարիները ինձ շատ բան են տվել։ Ես գործնականում համոզվել եմ, որ մոնետար քաղաքականությունը արվեստ է, իսկ հիմա հասկանում եմ, որ պետություն կառավարելը նույնպես արվեստ է։

- Դուք համաձա՞յն եք ՌԴ ԿԲ նախագահի այն կարծիքին, թե ճգնաժամը կոչնչացնի բանկերի կեսը։
- Կարծում եմ, որ իմ նախկին գործընկերոջ կարծիքը ճիշտ է Ռուսաստանի համար։ Հայաստանի բանկային հատվածում որակապես այլ իրավիճակ է։ Մենք չունենք խնդրահարույց բանկեր, չկան կապիտալացման և վերադարձելիության խնդիրներ։ Չէ՞ որ բանկային հատվածի բարեփոխման 10 տարվա ընթացքում մենք շատ կոշտ քաղաքականություն ենք վարել, հատվածը մաքրել ենք քրեական երևույթներից և գրպանային բանկերից։ Այդ ընթացքում ԿԲ-ն և անձամբ ինձ քննադատում էին կոշտ վերահսկողական քաղաքականության համար, բայց պարզվեց, որ ճիշտ էր արվում։ Նախկին Խորհրդային Միության շատ երկրներ նույն բանը չէին արել, ուստի բանկային ճգնաժամ ապրեցին։

- Որո՞նք էին Ձեր կոշտ քաղաքականության հիմնական սկզբունքները, ինչո՞վ էիք առաջնորդվում այն սկսելիս։
- Խնդրահարույց բանկերը փակելու համար խիզախություն է պետք ունենալ։ Դա հեշտ բան չէ, ընդ որում՝ ցանկացած երկրում, որովհետև կան շատ ավանդատուներ և ազդեցիկ սեփականատերեր։ Հասկանալի է, որ նրանք լուրջ հակազդեցություն են ցույց տալիս, գումարած քաղաքական ճնշումը։ Այդ իրավիճակում ԿԲ ղեկավարը միշտ էլ կարող է ենթարկվել այդ ճնշմանը զիջելու գայթակղությանը։ Բայց եթե այդպես լինի, ապա սկսում է կուտակվել կրիտիկական պրոբլեմային զանգվածը, որը հետո պայթում է, ինչը և հանգեցնում է ճգնաժամի։ Դրան դիմակայելու և «կոշտ ճանապարհով» գնալու համար կամք է հարկավոր, որը կամ լինում է, կամ չի լինում։ Պարզ բան է։ Դրա փոխարեն համակարգի «մաքրումից» հետո առողջ բանկերը հնարավորությոյւն են ստանում բացահայտվելու և լցնելու ֆինանսական տարածքը, ինչի շնորհիվ առողջանում է օրգանիզմը։

- Ինչպե՞ս եք վերաբերվում արտասահմանյան գործընկերների մուտքին բանկային համակարգ։
- Շատ դրական։ Մենք հավասար մրցակցային պայմաններ ունենք։ Երբ հայտնվեց HSBC Bank Armenia-ն, ամենքը սարսափած էին, իբր, գալիս է վերազգային մի կորպորացիա, որը կխժռի մեր բոլոր փոքր բանկերը։ Իրականում այդ առողջ մրցակցությունը տեղական բանկերին օգնեց հասկանալ, որ «իմպերիալիզմի շնաձկների» հետ կարելի է ազնվորեն մաքառել և ողջ մնալ։

- Իսկ ի՞նչ գործառույթներ ունի Համահայկական բանկը, ճգնաժամի հետևանքով փոխվե՞լ է արդյոք դրա մոդելը։
- Ես առաջին անգամ եմ պատասխանում այդ հարցին։ Սա պարզապես նոր առևտրային բանկ չէ, այլ մի կառույց, որն ստեղծվել է «Հայկական աշխարհ» օնթոլոգիական նոր կոնցեպցիայի շրջանակում։ Այդպիսի դրամատուն աշխարհում դեռևս չի եղել և հազիվ թե լինի, քանի որ մենք որակապես նոր ինստիտուտ ենք ստեղծում։ Այն նոր տարածքում պետք է գործի ոչ միայն հայոց պետության, այլև հայկական աշխարհի համար։ Այն լինելու է ամբողջ հայության կապակցող օղակը։ Այն պետք է հորինի հավաքածուն մի ամբողջ շարք գործիքների, որոնք չկային նախկինում և որոնցից կկարողանան օգտվել հայերը՝ անկախ բնակության վայրից։ Եվ Համահայկական բանկի մոդելը ոչ մի փոփոխություն չի կրել, քանի որ այդ մոդելը ոչ թե անցյալից է վերցրած, այլ ապագայից։

- Հայաստանի ապագա մոդելում հատուկ տեղ ունի՞ արդյոք տարածաշրջանային ֆինանսական կենտրոնի՝ «Դիլիջանի» նախագիծը։
- Հայաստանը փոքր երկիր է, և մեր բոլոր նախագծերն էլ հատուկ են՝ «Գյումրի» նախագիծն իր տեխնոպարկով և երկրաշարժի գոտու վերականգնումով, «Սպիտակ» նախագիծը վարպետների քաղաքով, «Դիլիջան» նախագիծը։ Չնայած հենց այս վերջինն է ամենախոցելի վիճակում, քանի որ ֆինանսական համընդհանուր ճգնաժամի լույսի ներքո դրա ճարտարապետությունը պետք է էապես փոխվի։ Այսօր Հայաստանի բանկային համակարգը, թերևս, կայուններից է աշխարհում։ Կանխելով իմ ընդդիմախոսների վրդովմունքը ուզում եմ ասել, որ դա պայմանավորված է ոչ միայն դրա չափերով, բայց և ֆինանսական կարգավորման ոլորտի պետական քաղաքականությամբ, որն ուղղված է ռիսկերի վաղ հայտնաբերմանը և կանխարգելմանը։ Հենց դա էլ կհանդիսանա Հայաստանում տարածաշրջանային ֆինանսական կենտրոն ստեղծելու լավ նախապայման։

- Իսկ արտերկրում իրենց աշխատանքից զրկված վերադարձողների սպասվող ալիքը Դուք դասում եք ճգնաժամի դրակա՞ն թե՞ բացասական դրսևորումների շարքը։
- Ինչ-որ մեկն ասել է, որ տուն դառնալ նշանակում է բռնել Ակունքի ճանապարհը։ Հիանալի բան է, երբ վերադառնալու տեղ ունես։ Բնական է, որ վերադարձողների համար դա հարկադրված կանգառ է, սակայն երկար տարիներ միմյանցից անջատ ապրած շատ ընտանիքների համար դա հնարավորություն է նորովի վերաիմաստավորելու, թե ինչպես է տնօրինվելու համատեղ ճակատագիրը։ Ինչ վերաբերում է ճգնաժամի հետևանքով աշխատանքից զրկվածների սոցիալ-տնտեսական դրությանը, ապա այն կառավարության ուշադրության կենտրոնում է։ Մենք ունենք մի քանի ակներև որոշում։ Մենք բազմիցս հայտարարել ենք, որ սկսում ենք իրագործել էներգետիկայի, ճանապարհային և բնակելի շինարարության և այլ ոլորտների ենթակառուցվածքային խոշոր նախագծեր։ Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ արտերկրում աշխատանքից զրկված մեր հայրենակիցների մեծ մասը զբաղված էր շինարարության բնագավառում։ Իսկ իմ ասածը իրական աշխատատեղեր են նրանց համար, ովքեր որոշել են տանը մնալ։ Իսկ նրանք, ովքեր կուզենան բիզնեսով զբաղվել, խելամիտ, իրագործելի նախագիծ մշակելու դեպքում իրական հնարավորություն ունեն ստանալու պետական աջակցություն։

«Ամեն մի փոփոխություն այլ փոփոխությունների ուղի է հարթում»
Նիկոլո Մաքիավելի


Ժամանակը խտացնելու ժամանակը, և այն երկարաձգելու ժամանակը

- Կառավարման նախագահական մոդելի դեպքում վարչապետն հաճախ ընկալվում է իբրև «ծեծելու ենթակա տղեկ»։ Ճգնաժամը մեծացնո՞ւմ է այդ հավանականությունը։

- Ինձ ավելի շատ վշտացնում է ոչ թե այդ կարծիքը, այլ այն, որ մարդիկ սկսում են կաղապարներով խոսել և պիտակներ կպցնել։ Ես դա համարում եմ ազդանշանն այն բանի, որ նրանք դադարել են մտածել։ Նախագահն ինձ իր նոր թիմ հրավիրեց, որովհետև մենք գտանք ընդհանուր ըմբռնումն այն բանի, թե ինչ և գլխավորը՝ ինչպես պետք է անել։ Իսկ ճգնաժամը ստիպում է մեր ջանքերն ավելի կենտրոնացնել և համատեղ աշխատել օպերատիվ ռեժիմով։ Տնտեսական ճգնաժամի փուլում, երբ ծագում են տնտեսական օբյեկտիվ խնդիրներ, որոնք ազդում են հասարակ մարդկանց կյանքի վրա, ամբոխահաճ քննադատության համար մեծ խելք հարկավոր չէ։ Սակայն պետք է իմաստություն և քաղաքական խիզախություն ունենալ, որպեսզի գոնե պաշտպանես կառավարության ճիշտ որոշումները։

- Դուք աջակցություն զգո՞ւմ եք։
- Եթե այստեղ նստած եմ և զրուցում եմ ձեզ հետ, ուրեմն, այնուամենայնիվ՝ այո։

- Իսկ անձնականի համար ժամանակ մնո՞ւմ է։
- Ես հասկացա, որ ժամանակը առաձգական հասկացություն է։ Ցանկության դեպքում ամեն ինչի ժամանակ կարելի է գտնել՝ և՛ ընտանիքի, և՛ երեխաների, և՛ գրքերի, և՛ սպորտի, և՛ աշխատանքի։ Գլխավորը ժամանակը ճիշտ կազմակերպելն է, ճշգրիտ «ձգունակության» հասնելը։ Թե ինչ է ժամանակը՝ ոչ ոք չգիտե, և ամեն ոք կարողացածին չափ «ձգում» է այն։

- Երեք զավակ ունենալու փաստը Ձեր ընտանիքի՞, թե՞ երկրի վաղվա օրվա վստահության ցուցանիշ է։
- Դա ամենից առաջ եռակի երջանկություն է։ Երեխայի ծնունդը մի պարգև է, որն ստիպում է վերադառնալ կյանքի հիմնարար արժեքներին։ Ապագայում վախն ու անվստահությունը չպետք է ընտանիքի ստեղծման և զավակների ծննդյան խոչընդոտ հանդիսանան։ Երբ դու միայնակ չես, երբ ունես ընտանիք, սիրող կողակից, որի զգացմունքները փոխադարձում ես, ապա ունենալ-չունենալու հարց չի ծագում։ Եվ ճիշտ այդպես էլ ես վստահ եմ երկրի վաղվա օրվա, նրա ապագայի հանդեպ։

- Ձեր կարծիքով ի՞նչը կարող է լինել բրենդը Հայաստանի, որի ապագային Դուք այդքան հավատում եք։
- Արարատը։ Եվ պետք չէ պարզունակ առարկություններ բերել։ Արդի աշխարհում բացարձակապես նշանակություն չունի երկրի աշխարհագրական դիրքը և այն, թե կոնկրետ ինչի տեր է այդ երկիրը։ Ի դեպ, Սիոնն այսօր հայապատկան է։ Մենք Սիոնի տերն ենք Իսրայելում, և կարծես թե դե յուրե նույնիսկ կարող ենք այն վաճառել։ Իսկ ո՞վ է Սիոնի փաստացի տերը։ Հրեաները, քանզի դա նրանց հոգևոր սեփականությունն է։ Ճիշտ այդպես էլ Արարատի տերը ոչ թե նա է, ում տարածքում այն գտնվում է, այլ նրանք, ում սրտում է այդ լեռը, այսինքն՝ մենք։ Արարատը մեր մեջ է՝ անկախ նրանից, թե որտեղ ենք մենք ապրում։

- Լոուրենս Արաբացին ասել է, որ հայերը գիշերով բազմանում են, իսկ ցերեկը առևտուր անում...
- Կարծում եմ՝ տարօրինակ կլիներ, եթե բազմանայինք ցերեկը, իսկ առևտուր անեինք գիշերը։