Երկուշաբթի, 30 Մարտի 2009
Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանի բացառիկ հարցազրույցը ARKA լրատվական գործակալության հետ
ARKA- Պարոն վարչապետ, Ձեր կանխատեսմամբ 2009 թվականին ինչպիսի՞ն կլինեն Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները։
Տ. Սարգսյան- Տնտեսական իրադրությունը փաստորեն ամեն օր արմատապես փոխվում է, զարգացումներն արագացել են, ուստի որևիցե կանխատեսում անելն անշնորհակալ գործ եմ համարում։
Հայաստանի կառավարությունն արդեն մի քանի ամիս առաջ անցել է այսպես կոչված «ձեռքով կառավարման», և որոշումներն ընդունվում են ոչ թե կանխատեսումների, այլ օպերատիվ տվյալների հիման վրա։
Առավել օպտիմալ գործիքն այսօր սցենարային մոտեցումն է։ Կառավարության կողմից մշակվել են իրադարձությունների զարգացման մի քանի հնարավոր սցենարներ, և միջոցներ կձեռնարկվեն դրանց հաշվառմամբ։ Մենք նաև անցել ենք բյուջեի եռամսյակային պլանավորման ռեժիմի, որի շրջանակում ծախսերը խստիվ վերահսկվելու են։
ARKA- Առաջնահերթ ի՞նչ միջոցներ և գործողություններ պետք է ձեռնարկվեն ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքով հնարավոր կորուստները նվազագույնի հասցնելու համար։
Տ. Սարգսյան- Եթե հակիրճ ասեմ, ապա կառավարության հակաճգնաժամային ծրագիրն ունի հետևյալ երեք հիմնական բաղադրիչները` ենթակառուցվածքային խոշոր նախագծերի իրացում, հասցեական օժանդակություն Հայաստանի արտահանող, ներմուծմանը փոխարինող, տեղական հումք օգտագործող ձեռնարկություններին, որտեղ առավելագույն թվով աշխատատեղեր ունենք, աջակցություն փոքր ու միջին գործարարությանը։
ARKA- Ծրագրվո՞ւմ է արդյոք միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրված միջոցների մի մասն ուղղել սոցիալական հարցերի լուծմանը։
Տ. Սարգսյան- Հակաճգնաժամային ծրագրի շրջանակում իրացվող բոլոր նախագծերն էլ ուղղակիորեն կամ անուղղակիորեն կնպաստեն սոցիալական հարցերի լուծմանը։ Կստեղծվեն նոր աշխատատեղեր, օգնություն ցույց կտրվի գլոբալ տնտեսական ճգնաժամից տուժած ձեռնարկություններին և այլն։ Ավելին, կառավարությունը քանիցս հայտարարել է, որ սոցիալական ոլորտում պետական պարտավորությունների կատարումը մեր գլխավոր գերակայությունն է։
ARKA- Ինչպե՞ս կարելի է ավելի արդյունավետ դարձնել սփյուռքի գործոնի և հայության միասնական ներուժի օգտագործումը Հայաստանի տնտեսության զարգացման համար։
Տ. Սարգսյան- Մենք արդեն աշխատում ենք Հայկական աշխարհի նոր տարածությունում, որն անդրտարածքային է։ Յուրաքանչյուր հայ, անկախ այն բանից, թե որ երկրում է նա ապրում, պետք է իրեն անկաշկանդ զգա Հայկական աշխարհում։ Այդ տարածությունում մենք արդեն ստեղծել ենք ինստիտուտներ, որոնք կոչված են ի հայտ բերելու համահայկական ռեսուրսը։
Խոսքը Մրցունակության ազգային խորհրդի, Մրցունակության ազգային հիմնադրամի, Համահայկական բանկի մասին է։ Այս համատեքստում Ռուսաստանի հայ ձեռնարկատերերի հետ հանդիպումն այն քայլերից էր, որոնք նպատակ ունեն համախմբելու ջանքերը Հայ աշխարհի միասնական տարածություն ստեղծելու գործում։ Մենք բոլորս պետք է հասկանանք, որ սիներգետիկական վիթխարի արդյունքի կարելի է հասնել միայն համատեղ աշխատանքի շնորհիվ։ Սփյուռքում հսկայական մտավոր ներուժ է կուտակված, որի գործադրումը Հայաստանում կարող է տնտեսական լուրջ բեկում ապահովել։
Հայ գործարարների հետ հանդիպմանը իմ խնդիրն էր ներկայացնել Հայաստանի ապագայի մեր տեսլականը, ծանոթացնել կառավարության հակաճգնաժամային ծրագրին, պարզաբանել կառավարության դիրքորոշումը ամենատարբեր հարցերում և բացահայտել համագործակցության հնարավորությունները։
ARKA- Կենտրոնական բանկի վերադարձը «լողացող» փոխարժեքի քաղաքականությանը և ազգային արժույթի արժեզրկումը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում ի՞նչ ազդեցություն կունենան գնագոյացման վրա։ Արդյո՞ք ժամանակին էր այդ անցումը։
Տ. Սարգսյան- Հայաստանը 1993 թվականից լողացող փոխարժեքի քաղաքականություն է վարում։ Դա օբյեկտիվ, հիմնարար տնտեսական հանգամանքներով պայմանավորված մոտեցում է։ Այդ քաղաքականությունից Հայաստանի Կենտրոնական բանկի ժամանակավոր նահանջը թելադրված էր գլոբալ ֆինանսական ճգնաժամի պայմաններում ֆինանսական համակարգի կայունությունն ապահովելու անհրաժեշտությամբ, և դա ճիշտ որոշում էր։
Ազգային արժույթի ամրապնդման փուլից թուլացման փուլ անցումը մեղմելու համար անհրաժեշտ էր հարթել շոկերը ինչպես շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցների, այնպես էլ սովորական քաղաքացների համար։ Մյուս երկրների փորձը ցույց է տալիս, որ ֆինանսական անկայունության ժամանակաշրջանը բերում է այնպիսի անցանկալի հետևանքների, ինչպիսին են կապիտալի, դեպոզիտների արտահոսքը, վարկերի որակի վատացումը, ինչն, ի վերջո, ավելի թանկ է նստում թե պետության, թե մասնավոր հատվածի վրա։ Այդ բարդ հարցը քննարկվել է պրոֆեսիոնալ շատ բարձր մակարդակով, այդ թվում և Արժույթի միջազգային հիմնադրամի մասնագետների հետ։ Արդյունքում մեր ռազմավարությունը պրոֆեսիոնալ բարձր գնահատական Է ստացել միջազգային հանրակցության կողմից։
Արժույթի փոխարժեքն էական ազդեցություն է գործում ներմուծվող ապրանքների գների վրա, բայց այն բազմաթիվ գործոններից մեկն է միայն, որոնք ազդում են Հայաստանում գնագոյացման վրա։ Գնագոյացումը միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարում անհրաժեշտ է դիտարկել համակողմանիորեն։ Այսօր գնագոյացման գլխավոր գործոններն են տնտեսության մեջ ակտիվության մակարդակը, ապրանքների ու ծառայությունների պահանջարկը, որոնք գլոբալ ճգնաժամի հետևանքով աստիճանաբար նվազում են և ճնշում գործադրում գների վրա։ Մեր հակաճգնաժամային ծրագիրը նպատակամղված է հենց ճգնաժամի բացասական հետևանքների հաղթահարմանը։
ARKA- Հայաստանի կառավարությունը քննարկո՞ւմ է արդյոք փոքր ու միջին գործարարության ոլորտում զբաղված ձեռնարկությունների համար «հարկային արձակուրդ» սահմանելու հնարավորությունը։
Տ. Սարգսյան- Ես արդեն նշել եմ, որ անցել ենք տնտեսության «ձեռքով կառավարմանը», ինչը համալիր միջոցառումներ է ենթադրում գործարար միջավայրի բարելավման ուղղությամբ, հատկապես փոքր ու միջին ձեռնարկությունների համար։ Գործնականում դա նշանակում է Համաշխարհային բանկի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Զարգացման ասիական բանկի աջակցությամբ ավելացնել վարկավորման ծավալները, ինչպես նաև վարկավորման պետական միջոցներ հատկացնել 15 մլրդ դրամի չափով,
սարքավորում ներկրելիս ավելացված արժեքի հարկը հետաձգել մինչև երեք տարի,
ավելացված արժեքի հարկը հաշվելիս չհարկվող բազան 3 մլն դրամի չափով գործող նորմայի փոխարեն ավելացնել մինչև 58,3 մլն դրամ,
դրամարկղային մեքենաների վճարագրերով կամ հաշիվ-ապրանքագրերով հաստատված ծախսերը 1 մլն դրամի չափով գործող նորմայի փոխարեն ճանաչել 36 մլն դրամի չափով,
ոչ մեծ հյուրանոցային-ռեստորանային համալիրների համար անցնել հաստատագրված հարկային վճարների,
վերացնել փոքր ու միջին գործարարության այն ձեռնարկությունների համար հաշվապահական հաշվառում սահմանելու պարտադիր պահանջը, որոնց տարեկան ապրանքաշրջանառությունը չի գերազանցում 100 մլն դրամը,
փոքր ու միջին գործարարության ձեռնարկությունների համար ներդնել հաշվետվության պարզեցված ձևեր,
վերացնել ձեռնարկությունների ֆիսկալ հաշվետվություններն ընդունող հանձնաժողովները,
վերացնել այն ձեռնարկությունների համար ավելացված արժեքի հարկի վերաբերյալ ամսական հաշվետվությունները, որոնց տարեկան ապրանքնաշրջանառությունը չի գերազանցում 100 մլն դրամը գործող 60 մլն դրամի փոխարեն։
Ներկա պայմաններում, երբ պետական ծախսերի առյուծի բաժինը կազմում է սոցիալական ոլորտը, մենք իրավունք և հնարավորություն չունենք հրաժարվելու հարկերի հավաքումից։
ARKA- Տնտեսական ի՞նչ մոդելի պետք է հետևի Հայաստանը փոփոխվող աշխարհի պայմաններում։
Տ. Սարգսյան- Այսօր գլոբալ տնտեսական ճգնաժամի պայմաններում շատ դժվար է խոսել որևիցե հայտնի տնտեսական մոդելի հետևելու մասին։ Ակներև է, որ առաջիկա տասնամյակում երևան կգան տնտեսական նոր մոդելներ, աշխարհն այլևս երբեք առաջվանը չի լինի, իսկ հին մոդելների շրջանակում դատողություններ անելը նաև շատ վտանգավոր է։
Գլոբալ ճգնաժամի դեմ պայքարում ջանքերը համախմբելու վերաբերյալ զարգացած երկրներից մի քանիսի ներկայացուցիչների կոչերը առայժմ, կարծես թե, հաջողությամբ չեն պսակվել, և մենք արդեն այն գործընթացների ականատեսն ենք, երբ յուրաքանչյուր առանձին սուբյեկտ փորձում է ինքնուրույն լուծել իր հիմնախնդիրները քենսիանյան մոդելի շրջանակում։
Վերջերս տեղի ունեցած մի քանի իրադարձություններ, այդ թվում` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի կողմից պատճենաբուծման (կլոնավորման) ոլորտի հետազոտությունների նկատմամբ Բուշի արգելքի վերացումը, օրգանների փոխպատվաստման եզակի վիրահատությունները, աննկատ անցան, բայց հենց դրանք են նոր աշխարհի «առաջին ծիծեռնակները»։ Հենց գիտատեխնիկական առաջընթացն է բազային տնտեսական գործընթացի հերթափոխման հիմնարար գործոնը, և մենք իրավունք չունենք անտեսելու այդ փաստը։ Իսկ դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք նախ և առաջ զարգացնել մեր տնտեսության ինովացիոն բաղադրիչը։





