Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Հարցազրույցներ, ճեպազրույցներ

Շաբաթ, 12 Ապրիլի 2008

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ

«Մեր հիմնական ներուժը մեր ժողովրդի ինտելեկտն է»
Հայտարարեց վարչապետ Տիգրան Սարգսյանը՝ այցելելով աշխատանքի տոնավաճառ
ԵՊՀ շրջանավարտների ու կարիերայի կենտրոնը և «ԵՊՀ շրջանավարտների միավորում» հասարակական կազմակերպությունը երեկ «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում հայտարարեցին Հայաստանում բանկային և ֆինանսական ոլորտի առաջին աշխատանքային տոնավաճառի մասին։
Բացման արարողությանը ներկա էր նաև ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ «Ես ձեզ կխնդրեի ևս մեկ անգամ ծանոթանալ ՀՀ նախագահի նախընտրական ծրագրին ու կառավարության ծրագրին, և դուք կտեսնեք, որ գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը թիվ մեկ առաջնահերթությունն է, այն պարզ պատճառով, որ մենք այլընտրանք չունենք։ Մեր հիմնական ներուժը մեր ժողովրդի ինտելեկտն է»,-ողջույնի խոսքում նշեց վարչապետը՝ միաժամանակ հավելելով, որ այսպիսի ձեռնարկները (իմա՝ տոնավաճառը) նպատակ ունեն կարևորելու այս հանգամանքը։ «Հեղափոխական փոփոխություն այս ոլորտում կարող ենք անել, եթե հասարակության վերաբերմունքը փոխվի։ Եթե մենք հասկանանք, որ ՀՀ-ում հարստանալու միակ ճանապարհը գիտելիք ձեռք բերելն է՝ ոչ թե զոռբայություն, ոչ թե լկտիություն, այլ՝ գիտելիք։ Եվ մենք մեզանից պետք է սկսենք. պետք է կարևորենք գիտելիք կրողներին։ Իսկ դուք պետք է խստապահանջ լինեք մեր նկատմամբ։ Պետք է թույլ չտաք, որ հասարակությունում իշխեն մարդիկ, ովքեր տգետ են և անդաստիարակ»,- ՀՀ վարչապետը սա համարեց երաշխիքը այն բանի, որ հնարավոր կլինի կրթական համակարգում փոփոխություն կատարել։
Ցավոք, ըստ Տիգրան Սարգսյանի, հաճախ ենք ականատես լինում, որ ուսանողության շրջանում գիտելիք ձեռք բերելու ձգտում չկա. «Որովհետև մարդիկ տեսնում են, թե հասարակությունում ինչ տրամադրություններ են տիրում և հասկանում են, որ կարիերա անելու, հարստանալու համար անհրաժեշտ չէ գիտելիք ունենալ, ինչը վտանգավոր ճանապարհ է։ Ամենակարևոր քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում պետք է լինի տաղանդավոր երիտասարդը, տաղանդավոր աշակերտը, տաղանդավոր երեխան, և մենք ձեզ հետ միասին պետք է դա կարևորենք։ Այդ հոգեբանական մթնոլորտը պետք է ձեզ հետ միասին ձևավորենք»։
Վարչապետ Տիգրան Սարգսյանը խոսեց երկրում կրթական ոլորտում ընդունելիք մոդելի ձևից։ Նրա խոսքերով, երկու մոտեցում կա։ Առաջին մոդելն այն է, որ մեր բուհերը և, ընդհանրապես, կրթական օջախները պատրաստում են մասնագետներին շուկայի համար։ Շրջանավարտները ստանում են դիպլոմ և աշխատանքային շուկայում աշխատանք են որոնում։ Այդ շուկայում էլ «հանդիպում» են առաջարկն ու պահանջարկը, և այստեղ է, որ տարբեր չափանիշներ են գործում։ Առաջինը բուհի հեղինակությունն է։ «ԿԲ-ն, օրինակ, իր համար մի քանի բուհեր է ընտրել՝ որպես ռազմավարական գործընկեր, որովհետև տարիների ընթացքում փորձը ցույց է տվել, որ մենք ունենք տասնյակ բուհեր, բայց դրանց արտադրանքը որակյալ չէ,-նկատեց վարչապետը,-ու այդ երիտասարդները, որ գալիս էին ԿԲ, քննություն չէին բռնում։ Այս տարիների փորձը մեզ հուշեց, որ հիմնականում պետք է աշխատենք տնտեսագիտական համալսարանի և ԵՊՀ տնտեսագիտական ֆակուլտետի հետ, որովհետև մեր երիտասարդ մասնագետների գերակշիռ մասը հենց այս երկու բուհերն են պատրաստում։ Եվ պարզվեց, որ այս բուհերը քննություն բռնեցին շուկայական մրցակցության մեջ։ Բնականաբար, շուկայական տնտեսության կարևորագույն տարրերից է այն, որ նաև բուհերի միջև պետք է մրցակցություն լինի կադրերի պատրաստման առումով»։
Կրթական ոլորտի մասով երկրորդ մոդելն այն է, որ աշխատատեղերի պահանջարկ ներկայացնող սուբյեկտները ամենասկզբից մասնակցում են տաղանդավոր երիտասարդների ընտրությանը։ Ըստ վարչապետի, հետևում են նրանց ուսուցման ամբողջ գործընթացին, մասամբ վճարում են, կազմակերպում նրանց պրակտիկան իրենց մոտ։ Այսինքն, երբ շրջանավարտը դիպլոմ է ստանում, նա ի սկզբանե գիտի, թե որտեղ է աշխատելու. «Սա երկրորդ մոդելն է, որ նույնպես ՀՀ-ում փորձարկվում է. մասնավորապես, հայ-գերմանական համագործակցության շրջանակներում մենք ունենք պրոֆտեխուսումնարանների մի փորձնական ծրագիր, որի նպատակն էր հենց գերմանական մոդելի ներդրումը մեր ֆինանսական ոլորտում։
Դա մեր բանկային քոլեջն է, և արդեն շուրջ 7 տարի մենք բանկային հաստատությունների հետ փորձում ենք այդ երկրորդ ձևը ներդնել։ Այսինքն, այդ երկու այլընտրանքներն էլ մեզ տրված են։ Կյանքը ցույց կտա, թե ՀՀ-ում որ մոդելն է ավելի կենսունակ», - հայտնեց վարչապետը։
Հաշվի առնելով այս ամենը՝ Տիգրան Սարգսյանը կարևորեց երեկվա հավաքը. «Ուզում եմ, որպեսզի այս հավաքի միջոցով մենք համապատասխան ազդակներ հաղորդենք հասարակությանը, որ կարևորելու ենք պրոֆեսիոնալիզմը։ Բանկային համակարգում այս խնդիրը լուծված է։ Անգրագետ մասնագետներն այսօր բանկային համակարգից դուրս են մղվում, և բանկային ոլորտում կա մրցակցություն բանիմաց մասնագետների առումով։ Եվ աշխատավարձերը բավականին բարձր են։ Ընդ որում՝ առևտրային բանկերում բարձր ղեկավարությունը ստանում է այնպիսի աշխատավարձ, որը համադրելի է եվրոպական բանկերի աշխատավարձերի հետ։ Այսինքն, մենք միջազգային ֆինանսական հատվածում այդ առումով արդեն իսկ մրցունակ ենք։ Եվ այսօր առևտրային բանկերը ունեն պահանջարկ բարձր, որակյալ մասնագետների։ Եվ եթե դուք ուզում եք կարիերա անել, պետք է հասկանաք, որ գիտելիքը ամենակարևոր արժեքն է։ Դուք կունենաք հեռանկար և կապահովեք բարեկեցություն ձեզ համար և ձեր ընտանիքի համար», - ամփոփեց վարչապետը։
ՀՀ առևտրի և տնտեսական զարգացման նախարարի պաշտոնակատար Ներսես Երիցյանը նկատեց, որ աշխատանքի այս շուկան շարունակական է լինելու. «Բիզնեսը հետաքրքրված է, մնում է ուսանողները նախաձեռնող լինեն։ Երկխոսությունը միակ ճանապարհն է՝ իրականացնելու հավակնոտ այս նոր ծրագրերը»։ Կրթության և գիտության փոխնախարար Արա Ավետիսյանն էլ հավելեց, որ կրթության և գիտության զարգացումն է, որ երաշխավորն է տնտեսության կայուն զարգացման։
Հավելենք, որ աշխատանքային այս տոնավաճառը, որ բանկային ու ֆինանսական ոլորտի մասով էր (ներկայացված էին ՀՀ-ում գործող բանկերը), նպատակ ուներ աջակցել ՀՀ բանկային և ֆինանսական կազմակերպությունների և բուհերի շրջանավարտների միջև գործատու-աշխատանք փնտրող անմիջական կապերի ամրապնդմանն ու զարգացմանը, զարգացնել շրջանավարտների և ուսանողների՝ աշխատաշուկայում ճիշտ կողմնորոշվելու և մրցունակ լինելու ունակությունները, աջակցել ՀՀ բանկային և ֆինանսական ոլորտի արդի հիմնախնդիրների լուծմանը և այդ գործընթացում ապահովել երիտասարդ կադրերի մասնակցությունը։


Արմենուհի Մելքոնյան