Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Ուշադրության կենտրոնում

ուրբաթ, 13 մայիսի 2011

Որակյալ ծառայություններ` առանց դրամաշորթության

ԹԵՄԱՅԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵԼ Է ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄՈՆԻՏՈՐԻՆԳԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ

 

Կառավարության ուշադրության կենտրոնում է պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը: Այս համատեքստում կառավարության վերահսկող օղակը մի շարք ուսումնասիրություններ է իրականացրել բոլոր այն ոլորտներում, որոնց ծառայություններից մեծ թվով քաղաքացիներ են օգտվում:
Բացահայտվել են ակնհայտ դրամաշորթության դեպքեր, որոնց օրական հարյուրավոր քաղաքացիներ են առնչվում` հաճախ չտարբերակելով տարիներ շարունակ միմյանց սերտաճած պետական ու ապօրինի սակագները: Երևույթը բացառելու համար գործադիրը միայն վերջին ամիսների ընթացքում մի շարք բնագավառների հետ կապված կարևոր որոշումներ ընդունեց: Դրանք ու նաև օրենսդրական փոփոխություններն ուղղված են առաջին հերթին պետական ծառայությունների որակի բարձրացմանը, նաև՝ դրամաշորթությունը բացառելուն:

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ապրիլի 21-ի կառավարության նիստում հիշեցրել է ՀՀ Նախագահի հանձնարարականը, որ անհրաժեշտ է կարճ ժամկետում բարձրացնել պետության կողմից մատուցվող ծառայությունների որակը.
«Ընդունվել են արմատական որոշումներ, որոնք նպատակ ունեն մի կողմից կարգավորել ծառայությունների մատուցման գործառույթները, մյուս կողմից բացառել այդ բնագավառներում առկա կոռուպցիոն ռիսկերը: Խոսքը վերաբերում է ոչ միայն անձնագրերի տրամադրման կարգին, որտեղ հաջողություն կա, այլ նաև վարորդական իրավունքի, մեքենաների գրանցման, հաշվառման, տեխնիկական զննման ոլորտներին: Հասկանալի է, որ եթե այս բնագավառում մեր կողմից մատուցվող ծառայություններն անորակ լինեն և կոռուպցիոն ռիսկեր պարունակեն, մեր նկատմամբ վստահություն չի լինի: Ցանկացած կոռուպցիոն դրսևորում պետք է խստագույնս պատժվի, հակառակ դեպքում այս որոշումներն իրենց բուն նպատակին չեն ծառայի»,-ասել է ՀՀ վարչապետը:
Հիշատակված արմատական փոփոխությունները վերաբերում են հետևյալ ոլորտներին` անձնագրերի և վիզաների տրամադրման ծառայություն, վարորդական վկայականի ստացման և ավտոմեքենաների տեխզննման, բիզնեսի գրանցման և արտոնագրման համակարգեր, կադաստր, նոտարական ծառայություն:

Տեխզննում՝ առանց կամայականությունների

Ավտոմեքենաների տեխզննման դիմաց քաղաքացին վճարելու է ոչ թե տեխզննման կայաններում, այլ բանկերում: Վարորդները կկարողանան «մեկ պատուհանի» մոտենալով կատարել բոլոր վճարումները, հատուկ համարակալված կտրոն ստանալ ու փակցնել մեքենայի դիմապակուն:
Սա մի ծառայություն է, որից տարեկան օգտվում է ավելի քան 300 հազար քաղաքացի, ծառայություն, որի հետ կապված գործընթացը վաղուց և ինչ-որ տեղ օրինաչափորեն ձևական բնույթ է կրել: Ավտոմեքենա ունեցող քաղաքացին պարտադիր տեխնիկական զննության կտրոն ունենալու համար բավական ժամանակ ու գումար էր ծախսում տարատեսակ վճարումների համար, և բացի այդ լրացուցիչ վճար կատարում տեխզննման կայանում ևս: Իսկ մեքենան սարքին է, թե ոչ, վճարումից հետո, մեծ հաշվով, տեխզննման կայանի աշխատակցին այնքան էլ հետաքրքիր չէր, մանավանդ, եթե դրանում շահագրգիռ չէր հենց վարորդն ինքը: Հարկ է նշել, որ տեխզննման կայանն էլ օրենքով որևէ պատասխանատվություն չի կրում մեքենայի վթարի պարագայում:
Ստացվում է, որ քաղաքացին ամեն տարի անցնում էր մի պարտադիր գործընթացով, որը որակապես որևէ կերպ չէր անդրադառնում իր մեքենայի վրա, այլ միայն 5-7 հազար դրամ պարտադիր վճար էր ենթադրում այս կամ այն տեխզննման կայանում:
Այս իրավիճակում գործադիրը որոշում ընդունեց գործընթացը դարձնել ինքնակարգավորվող: Նոր կարգով վարորդը թաղապետարանից ճշտելու է իր գույքահարկի չափը, հետո գնալու է բանկ ու նախատեսված բոլոր վճարումները` բնապահպանական, տեխզննության և պետտուրքի, կատարելու է այնտեղ: Հենց բանկն է նրան տալիու դիմապակուն փակցնելիք կտրոնը:
Քաղաքացուն բանկում տրամադրում են երկրորդ կտրոն ևս, որով ավտոսեփականատերն իր նախընտրած տեխզննման կայանում արդեն կարող է ստանալ ավտոմեքենայի զննման հնարավորություն (ի դեպ, տեխզննման կայանների ֆինանսական հոսքերը կախված են լինելու հենց այդ կտրոնների քանակից): Սեփական մեքենայի զննության հարցն այսպիսով ամբողջությամբ մնում է տիրոջ պատասխանատվության վրա, ենթադրվում է, որ կայաններն էլ ավելի շատ վարորդ-հաճախորդ ունենալու համար շահագրգիռ կլինեն առավել որակյալ ծառայություններ մատուցել:
Տեխզննման նոր կարգը կգործի 2011 թ. հունիսից:
Որպեսզի կամավոր տեխզննումը բացասական հետևանքների չհանգեցնի, և որ բոլոր ավտոմեքենաներն անցնեն այդ շղթայով, սահմանվելու է խիստ վերահսկողություն, ապահովագրական ընկերությունները ևս վերահսկող մի օղակ են դառնալու:

Վարելու իրավունքը՝ պարզեցված գործընթացով

Վարորդական իրավունքի վկայական ստանալու գործընթացը պարզեցվում է. վերացվում է բժշկական տեղեկանքի, վարորդական դասընթացների մասնակցության անհրաժեշտությունը:
Դրամաշորթության պարարտ հող էր ստեղծված վարորդական իրավունքի տրամադրման գործընթացում: Տարեկան միջին հաշվով շուրջ 53 հազար վարորդական վկայական է տրվում համապատասխան մարմնի կողմից: Միջին հաշվարկով յուրաքանչյուր վկայականի դիմաց, եթե անգամ ապօրինի գումարը կազմի 60-70 հազար դրամ, ապա այս ոլորտի ստվերը տարեկան միլիարդավոր դրամների է հասնում:
Ավտոմեքենայի տերը վճարում է նախ բժշկական տեղեկանքի, ավելի պարզ ասած, «պսիխո» ստանալու համար. տարբեր հաշվարկներով մինչև 20 հազար դրամի անօրինական ծախսեր`ամեն տեղեկանք առանձին վերցրած գումար արժե, որի համար, սակայն, բուժհիմնարկները որևէ իրավական հիմնավորում երբևէ չեն ունեցել:
Կառավարության սահմանած փոփոխություններն արմատական են, կարգերը` առավելագույնս պարզեցված: Գործադիրի որոշման համաձայն, բոլոր տեղեկությունները բժշկական հաստատությունները տրամադրելու են անմիջապես ոստիկանությանը: Հիմա արդեն ոստիկանությունն է պարտավորվում ամիսը մեկ անգամ թարմացվող ցուցակների միջոցով ճշտել, թե վարորդական իրավունքի համար դիմած քաղաքացին ընդգրկված չէ՞ արդյոք մեքենա վարելու համար վտանգավոր հիվանդությունների ցուցակում:
Հստակեցվել է վարորդական վկայական ստանալու ընթացակարգը. նախ հնարավոր է փոխարինել նորերով, առանց որակավորման քննություն հանձնելու, մինչև 1992թ. փետրվար ԽՍՀՄ երկրներից ստացած վկայականները: Չի լինելու ավտոմեքենայի վարման քննական թերթիկ. սահմանվում են հստակ, իրագործելի պահանջներ: Վարորդական վկայական տալու հիմք հանդիսացող փաստաթղթերը կպահպանվեն ավելի երկար՝ 5 տարի ժամկետով:
Վերացվում է պարտադիր ավտոդպրոց հաճախելու կարգը: Քաղաքացին ինքն է որոշում` օգտվե՞լ դրանց ծառայություններից, թե՞ ոչ: Իսկ քննությունը ոստիկանին կարող են հանձնել որևէ վկայի ներկայությամբ: Թափանցիկություն ապահովելու համար «շաբլոնի» քննությունն ամբողջությամբ տեսագրվելու և ցուցադրվելու է:
Սա փորձ է վերացնելու այն արատավոր երևույթը, երբ քաղաքացին, վճարելով որոշակի գումար, առանց դասընթացներ հաճախելու, առանց երթևեկության տարրական կանոններին տիրապետելու, «գնում էր» վարորդական իրավունքը. հաշվարկներ կան, որ դրա համար նա միջինը ծախսում էր շուրջ 150 հազար դրամ, մինչդեռ օրինական վճարումներն այդ գումարի 20-25 տոկոսն են կազմում:

Անձնագիր և վիզա՝  առանց քաշքշուկի

Տեխնիկապես վերազինվել են անձնագրային բաժանմունքները. քաղաքացուն արդեն հասանելի է վճարումների մասին հստակ տեղեկատվությունը, դրանք կատարվում են հատուկ էլեկտրոնային եղանակով:
Ընդամենը 2 տարի առաջ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության սպասարկման որակից դժգոհ էին գրեթե բոլոր այն քաղաքացիները, ովքեր գոնե մեկ անգամ առիթ էին ունեցել առնչվել այդ ծառայության հետ: Կոռուպցիա, անորակ սպասարկում, քաշքշուկ ու հերթեր: Դեռ անցած տարի կառավարությունը խնդիր դրեց քաղաքացիների համար ստեղծել քաղաքակիրթ սպասարկման կենտրոններ` ժամանակակից տեխնոլոգիաներով, որոնց գործարկումը թույլ կտար խուսափել կոռուպցիայից: Քաղաքացիների համար պարզ չէր` ինչքան և ինչի համար են վճարում, նրանք, մեղմ ասած, զրկված էին տեղեկատվություն ստանալու որևէ աղբյուրից:
Նոր Նորքի տարածքային բաժինն այս ոլորտի առաջին ծիծեռնակն է: Վերանորոգված, տեխնիկապես վերազինված նոր մասնաշենքում աշխատանքը թափանցիկ է բոլոր առումներով` սկսած ապակիներով առանձնացված աշխատասենյակներից, մինչև վճարման ժամանակակից համակարգը: Նախկինի պես քաղաքացիներն այլևս ստիպված չեն վճարում կատարելու համար բանկի մասնաճյուղ փնտրել: Հատուկ անձնագրային վարչության համար նախատեսված վճարային տերմինալների միջոցով մուծումները կատարվում են տեղում, այսինքն` առձեռն գումար չի շրջանառվում: Իսկ թե ինչի համար ինչքան պետք է վճարել, կարելի է տեղեկանալ պատերին փակցված տեղեկատվական վահանակներից, ինչպես նաև օգտվել հեռախոսային եռալեզու ձայնային պորտալի ծառայություններից:
Սահմանվել են նաև հստակ սակագներ 1- ից 15 օր ժամկետում անձնագիր ստանալու համար: Հերթերի կարգավորման համար էլ էլեկտրոնային համակարգ է ներդրվել: Արդյունքում սպասարկման որակը բարձրացել է, գործընթացը կազմակերպվում է մի քանի անգամ ավելի արագ:
Մինչ այս` դիմելով անձնագիր ստանալու, վավերացման, վիզային կամ այլ ծառայությունների հարցով, քաղաքացին չգիտեր, թե քանի օրվա ընթացքում կկատարվի գործարքը: Անտեղյակ լինելն էլ ծնում էր կոռուպցիայի հնարավորություն: Ներկայումս գործարքի շուտ կամ ուշ կատարվելը հիմնականում կախված է դիմողի վճարունակության աստիճանից: Այսօր արդեն գրեթե յուրաքանչյուր քաղաքացի կարող է վահանակների, ձայնային պորտալի կամ կայք-էջի միջոցով տեղեկանալ վարչության բոլոր ծառայությունների սակագներին, պահանջվող փաստաթղթերին և ժամկետներին: Ի դեպ, անձնագրի հետ կապված վճարովի ծառայությունների համար գանձվող գումարների հաշվին վարչության աշխատակիցները ստանում են հավելավճարներ, ինչը դրամաշորթությունը հաղթահարելու գործոններից մեկն է:
Անձնագրային և վիզաների վարչության բոլոր ստորաբաժանումները հերթով անցնելու են այս նոր աշխատաոճին:


Լիզենզավորում՝ էլեկտրոնային տարբերակով

Քաղաքացի-պետական մարմին շփումների նվազեցում, քաղաքացիների և իրավաբանական անձանց համար լիցենզավորման փաստաթղթերը ներկայացնելու և լիցենզիաներ ստանալու ընթացակարգերի հեշտացում. սրանք էլեկտրոնային ճանապարհով լիցենզիաների հայտերի գրանցման կառավարության ներդրած գործիքի առավելություններն են :
Հասարակության տնտեսապես ակտիվ խմբին կառավարությունն արդեն տևական ժամանակ առաջարկում է էլեկտրոնային ծառայություններ. ժամանակակից, արագ, հեշտ, առանց բյուրոկրատական քաշքշուկների: Դրանք առաջին հերթին միտված են զգալիորեն կրճատելու կոռուպցիոն ռիսկերը: Նախ օրենսդրական փոփոխությամբ գործադիրը կրճատել և համախմբել է լիցենզիաների տեսակները` 169-ից թողնելով 96-ը, ապա կառավարության էլեկտրոնային կառավարման e-gov.am կայքում ստեղծվել են մի շարք գործիքներ: Ենթադրենք` որոշել եք դեղատուն բացել և ձեզ անհրաժեշտ է գործունեության համապատասխան արտոնագիր, ապա պետք չէ դեսուդեն ընկնել և բախել տարբեր օղակների դռները, անհրաժեշտ է միայն լուծել ինտերնետին միանալու հարցը:
2010 թ. հունիսին ներդրված համակարգն այսօր 45 տեսակի արտոնագրի հայտ կարող է ընդունել: Արտոնագրերի էլեկտրոնային հայտ կարելի է լրացնել տանը նստած` համապատասխան փաստաթղթերի թվային տարբերակի առկայության դեպքում, ինչը բավական հեշտացնում է մարզերի ձեռներեցների գործը: Բացի այդ, բացառվում է որևէ փաստաթղթի կորուստը: Կառավարության e-gov.am կայքում շատ պարզ բնութագրված են բոլոր այն պատուհանները, որտեղ պետք է մուտքագրվեն փաստաթղթերը: Հայտը բավարարելու մասին քաղաքացին ստանում է էլեկտրոնային ծանուցում, և լիցենզավորված է համարվում ամենաուշը 30 օրվա ընթացքում: Եթե հայտատուն ունենում է նաև էլեկտրոնային ստորագրություն, ապա արտոնագիրն էլ հնարավոր է ստանալ կրկին էլեկտրոնային տարբերակով:

Բիզնեսի գրանցումը` 15 րոպեում

Քաղաքացին այլևս ստիպված չի լինի ռեգիստրում գրանցվելու համար մի քանի դուռ թակել ու անհրաժեշտ տեղեկանքներ, փաստաթղթեր հավաքել. իրավաբանական անձի գրանցումը կատարվում է «մեկ պատուհանի» սկզբունքով, նաև էլեկտրոնային տարբերակով:
Սկսնակ գործարարն իր բիզնեսը` այսինքն ձեռնարկությունը, պետռեգիստրում գրանցելու համար արդեն այցելելու է միայն մեկ կառույց: «Մեկ պատուհանից» օգտվելու հանգամանքը գործարարին ազատում է տարատեսակ քաշքշուկներից, փոխարենը նրան նվիրում լրացուցիչ ժամանակ բիզնեսի այլ գործերով զբաղվելու համար: Գրանցման ողջ գործընթացը կատարում է պետռեգիստրի աշխատակազմը: Միասնական տուրք վճարելով` ձեռներեցը տեղում ստանում է նաև իր հարկային կոդը, լուծում ֆիրմային անունը գրանցելու հարցը:
Փաստորեն, ձեռնարկության գրանցման նախկինում 10-15 օր տևող գործընթացն այլևս իրականացվում է 15-20 րոպեում և պարտադիր չէ հաճախել պետռեգիստր. գրանցման հայտ կարելի է լրացնել նաև տնից, կամ այլ տարածքից, որտեղ գործում է ինտերնետ կապ` բոլորվին վերջերս գործարկված գրանցման էլեկտրոնային կայքի` www.e-register.am –ի միջոցով:

Չափագրումը` պարզ գործառույթ

Կադաստրում պարզեցվում են իրավունքի գրանցման և տեղեկատվության տրամադրման կարգերը, ավտոմատացվում են համակարգի գործառույթները. այս միջոցառումների շնորհիվ կկրճատվեն գործարքների իրականացման ժամկետները, կբացառվեն բյուրոկրատական քաշքշուկների ու դրամաշորթության հնարավորությունները:
Մինչև հիմա քաղաքացիները հստակ գիտեին. եթե ստիպված են գործ ունենալ կադաստրի մարմինների հետ, ապա պետք է զինվեն ոչ միայն համբերությամբ, այլև կլորիկ գումարով: Անշարժ գույքի կադաստրային գործընթացները պարզեցնելու ճանապարհով էլ կառավարությունը մտադիր է վերափոխել այս կառույցի գործելաոճը: Այսպես, պետք է պարզապես պարզեցնել իրավունքի գրանցման և տեղեկատվության տրամադրման ընթացակարգերը, առավելագույնս ավտոմատացնել համակարգի կողմից իրականացվող գործառույթները, կրճատել դրանց իրականացման ժամկետները, վերացնել բյուրոկրատական քաշքշուկները, նվազեցնել կոռուպցիոն ռիսկները:
Սկզբի համար արդեն իսկ հեշտացվել է ինքնակամ զավթված հողերի և դրանց վրա գտնվող տարատեսակ գույքի գրանցումը. նման հնարավորությունից մինչ այժմ օգտվում էին միայն գյուղական վայրերի բնակիչները, սահմանափակումը վերացվել է. արդյունքում չկա քաշքշուկ, չկան և կոռուպցիոն ռիսկեր:
Անշարժ գույքի վերաբերյալ միասնական տեղեկանքի տրամադրման կամ գործարքներից հետո իրավունքների պետական գրանցման ժամանակ նոր կարգով կվերանա տեղազննություն և չափագրումներ կատարելու անհրաժեշտությունը: Հենց «միասնական տեղեկանք» կոչվող հասկացության հետ էլ հաճախ առնչվում են այս ոլորտի ստվերային գործարքները: Այն կարճ ժամկետում տրամադրելու համար քաղաքացուց պահանջում են գումար. որքան մեծ է շինության գործառնական նշանակությունը, նույնքան էլ՝ գումարի չափը: Մյուս կողմից էլ քաղաքացին փաստաթուղթը վավերացնելու համար վճարում է նաև նոտարական գրասենյակում, որից հետո կրկին ծախսատար գործընթաց` չափագրում և այսպես շարունակ:
Նոր կարգով չափագրումները կիրականացվեն միայն գույքի առաջին գրանցման ժամանակ, հետո չափագրում կարող է անցկացվել որակական կամ քանակական փոփոխությունների դեպքում, այն էլ` միայն սեփականատիրոջ դիմումի հիման վրա:
Երևանում և մարզերում նախատեսվում է ստեղծել սպասարկման կենտրոնացված գրասենյակներ. քաղաքացին դիմում և ստանում է իրեն անհրաժեշտ փաստաթուղթն առանց որևէ հանգամանք հաշվի առնելու:
Նախատեսվում է մասնավորեցնել անշարժ գույքի չափագրման աշխատանքները` սկզբի համար մասնակի: Քաղաքացիներն իրենք կորոշեն` օգտվե՞լ պետական, թե՞ մասնավոր ծառայություններից, հետագայում այդ գործառույթներն ամբողջությամբ կանցնեն մասնավոր դաշտ:
Առաջիկայում ստեղծվելու է կադաստրային տվյալների էլեկտրոնային բազա, իսկ համակարգն ամբողջովին ավտոմատացվելու է:

Նոտարների թիվն ավելանալու է՝ ոչ որակի հաշվին

Գործադիրը վճռական է տրամադրված նոտարական համակարգում որակական փոփոխություններ կատարելու հարցում: Կառավարության հավանությանն է առժանացելլ «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծը, որով նախատեսվում է կրճատել իրավաբանների ստաժավորման ժամկետները և հնարավորություն տալ նոտարի քննություններին մասնակցել նրանց, ովքեր ունեն հինգ տարվա մասնագիտական ստաժ` աշխատող նոտարի մոտ այլևս մեկ տարի լրացուցիչ ստաժավորում չանցնելով: Անդրադառնալով այս ոլորտին վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ առկա է համատարած դժգոհություն, և վերահսկողական ծառայությունը նոտարական համակարգում արձանագրել է դրամշորթության բազմաթիվ դեպքեր: «Քաղաքացիներին տեղյակ չեն պահում, թե իրականում ինչ վճարներ պետք է նա իրականացնի, միանգամից գումարը վերցնում են: Պարզվում է, որ այդ գումարը 2-3 անգամ գերազանցում է սահմանված սակագները: Սահմանվել է որոշակի միջանցք՝ 3000-5000 դրամ, համատարած 5000 դրամ են վերցնում: Հետևաբար պետք է անդրադառնալ սակագներին և վերանայել դրանք, ուղղակի վերացնել այդ սանդղակը»,- ասել վարչապետը:

****


Այս ամենի մասին առավել մանրամասն կարող եք դիտել նաև տեսաշարով համացանցում «Հրապարակում» հեռուստածրագրով.
www.gov.am, www.youtube.com/hraparakum հասցեներով,
կիսեք ձեր տպավորությունները բլոգում՝ hraparakum.livejournal.com

Հասմիկ Առաքելյան
Տնտեսական բարեփոխումների վերլուծական-տեղեկատվական կենտրոն

 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ