Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 24 հունիսի 2010

Գեղարքունիքի մարզում նկատելի տեղաշարժ կա




Այսօր Գեղարքունիքի մարզկենտրոն Գավառ քաղաքում տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մարզի 2009թ. և 2010թ. առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական իրավիճակի հաշվետվությամբ հանդես է եկել Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը։ Նշելով, որ հաշվետու ժամանակաշրջանում նկատելի տեղաշարժ է արձանագրվել մարզի տնտեսության կայունացման ու զարգացման, համախառն ներքին արդյունքի աճի, բնակչության եկամուտների ավելացման, դպրոցաշինության, ճանապարհաշինության, գյուղատնտեսության, առողջապահության, համայնքային զարգացման և կենսագործունեության մյուս ոլորտներում, նա ներկայացրել է նաև առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրները, պատասխանել կառավարության անդամների հարցերին։ ՀՀ կառավարությունն ի գիտություն է ընդունել մարզպետի հաշվետվությունը։


Կբարելավվեն Սևանա լճի ջրահավաք ավազանի էկոհամակարգերը


ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի 2009թ. աշխատանքային ծրագրին համապատասխան մշակված և հանձնաժողովի նախագահի գրություններով ներկայացված միջոցառումների ժամանակացույցը։ Այն նպատակ ունի ապահովելու Սևանա լճի և դրա ջրահավաք ավազանի էկոհամակարգերի պահպանության, լճի էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և հարակից այլ հարցերի լուծմանն ուղղված կարճաժամկետ, միջնաժամկետ և երկարաժամկետ միջոցառումների պարտադիր կատարումը։
Փոփոխություն և լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը անհրաժեշտ ճշտումներ է արել «Սևան» ազգային պարկի սահմաններին հարող համայնքների թվարկում։ Որոշումը լրացվել է նաև ՀՀ նախագահին առընթեր Սևանա լճի հիմնահարցերի հանձնաժողովի մշակած` լճի ջրի մակարդակի բարձրացման կանխատեսվող հաշվարկային ցուցանիշներով։
Գործադիրը հավանություն է տվել Գեղարքունիքի մարզի մշակութային հիմնախնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների ցանկին։ Որոշման մեջ ամրագրված են միայն հրատապ լուծում պահանջող հարցերը, որոնց կհաջորդեն զարգացման ծրագրերը։
Կառավարությունն ի գիտություն է ընդունել Գեղարքունիքի մարզից իշխանության կենտրոնական մարմիններ ուղղված քաղաքացիների դիմումների, բողոքների և առաջարկությունների վերլուծության արդյունքների վերաբերյալ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի հաղորդումը։
Ամփոփելով մարզի հիմնախնդիրներին նվիրված հարցերի քննարկումը, վարչապետ Տիգրան Սարգսյանը ներկաների ուշադրությանն է ներկայացրել արտագնա նիստի նախօրյակին մարզում անցկացված սոցիոլոգիական հարցման արդյունքները (վարչապետի ելույթը կայքէջում տեղադրված է առանձին)։


Մեծացնել դրամական միջոցների և գույքի տնօրինման արդյունավետությունը


ՀՀ կառավարությունը համաձայնել է Տավուշի մարզի Դիլիջանի քաղաքային համայնքի վարչական տարածքում գտնվող, պետական սեփականություն համարվող անշարժ գույքի մասնավորեցումից քաղաքային ֆոնդային բյուջե մուտքագրված 15000.0 հազար դրամն ուղղել քաղաքի Անդրանիկի թաղամաս տանող ճանապարհի հիմնանորոգմանը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը Լոռու մարզպետարանի հաշվեկշռում գտնվող Վանաձորի Ուսանողական փողոցի N 14 հասցեի հանրակացարանի շենքի տարածքը իր նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու պայմանով նվիրաբերել է Վանաձորի քաղաքապետարանին։ Կառավարությունը Արմավիրի մարզի Մյասնիկյանի գյուղապետարանին է նվիրաբերել ազատ մնացած նախկին պոլիկլինիկայի շենքը, որտեղ, բացի տեղական իշխանության մարմնից, կտեղավորվեն նաև երաժշտական դպրոցը և «Քարակերտ» ջրօգտագործողների ընկերությունը։ Նույն մարզի Լեռնագոգի գյուղական համայնքին են նվիրաբերվել Մհեր Մկրտչյանի NN 2, 3, 4, 5 հասցեում գտնվող շինությունները և կից կաթսայատունը` համապատասխան հողատարածքով։ Դրա շնորհիվ բնակարանային պայմանները կբարելավի համայնքի ընտանիքների մի մասը։ Գյուղապետարանն իր հերթին պատրաստվում է իրականացնել ամբողջ շենքի միասնական ջեռուցումը։
Իր երկու որոշմամբ կառավարությունը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմին է ամրացրել «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով ամրացված Երևանի Դավթաշեն թաղամասում գտնվող գույքը, փոփոխել իր նախկին որոշումներից մեկը։ Դրանով իսկ նախարարության ստորաբաժանումները կտեղակայվեն մեկ վայրում, արդյունավետ կօգտագործվեն պետական սեփականություն հանդիսացող տարածքները, կնվազեն ստորաբաժանումների կոմունալ ծախսերը։
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2010թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և նախորդ տարիներին հիմնադրված անտառի խնամքն իրականացնելու նպատակով «Հայանտառ» ՊՈԱԿ-ին որպես դրամաշնորհ տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել 69,930.0 հազար դրամ։ Գումարի մի մասն ուղղվելու է նախարարության և ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության միջև գործող «Անտառապատում և անտառվերականգնում» ծրագրի համաֆինանսավորմանը։
Իր որոշմամբ գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է դասական աճուրդով օտարել ՀՀ գլխավոր դատախազության հաշվեկշռում գտնվող 60 միավոր գույքը, «ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի աշխատակազմ» և «ՀՀ կրթության և գիտության նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ների հաշվեկշիռներում գտնվող մեկական ավտոտրանսպորտային միջոցները։
Կառավարությունը Երևանի որոշ տարածքներում գերակա հանրային շահ ճանաչված պետական սեփականություն հանդիսացող անշարժ գույքի օտարման գործառույթների իրականացման և պայմանագրերի կնքման լիազորությունները ՀՀ անունից վերապահել է Երևանի քաղաքապետին։ Սահմանվել է, որ նշված շենք-շինությունների վաճառքի գումարի 70 տոկոսն ուղղվում է պետբյուջե, իսկ 30 տոկոսը` Երևանի քաղաքապետարանի` այդ նպատակով բացված հատուկ հաշվին։


Կառավարությունը հաստատել է


- տարհանված բնակչության տեղաբաշխման տեղամասերում կենսապահովման կարգը, որը վերաբերում է ՀՀ տարածքում արտակարգ իրավիճակների հետևանքով և ռազմական դրության ժամանակ ծագած հիշյալ գործընթացների կազմակերպմանը,
- իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկություններից օգտվելու, ինչպես նաև կանոնադրության պատճենի տրամադրման կարգը։ Գրանցամատյանը տեղեկություններ է պարունակում ՀՀ-ում գրանցված բոլոր իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ինչպես նաև իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների և հիմնարկների մասին։ Նշված տեղեկությունները բաց են համընդհանուր ծանոթացման համար,
- հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու ենթակա հարկ վճարողների 2010թ. ցանկը, ուր ներառված են դեղերի և դեղագործական ապրանքների, սննդամթերքի հիմնական տեսակների, ալկոհոլային և ոչ ալկոհոլային խմիչքների, ծխախոտի և այլ ապրանքների խոշոր ներմուծողներ, ծխախոտ արտադրողներ և իրացնողներ, ընդհանուր առմամբ 24 հարկ վճարող,
- ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2008թ. մայիսի 16-ի N Մ-331-Ա որոշմամբ ՀՀ քաղաքացի Լյովա Ազատի Սարգսյանի միջոցով կառավարության աշխատակազմին որպես բարեգործություն տրամադրված գույքի` անհատույց սեփականության իրավունքով բաշխման համապատասխան շահառուների ցանկը, որի համաձայն Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի 285 դպրոցներ, այլ հիմնարկներ և կազմակերպություններ ստացել են լաբորատոր պարագաներ և նյութեր, խաղահրապարակի սարքեր, համակարգիչներ և տպիչներ։
ՀՀ կառավարությունն իր որոշմամբ սահմանել է, որ «Ավելացված հարկի մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի կիրառման իմաստով մինչև 2010թ. հուլիսի 1-ը այդ օրենքով սահմանված վավերապայմաններով դուրս գրված հարկային հաշիվների ձևերը 2010թ. հուլիսի 1-ից մինչև 2010թ. դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածի համար համարվում են օրենքի 20-րդ հոդվածով ներկայացվող պահանջներին համապատասխանող` հարկային մարմնից ձեռք բերված հարկային հաշիվների ձևեր։


Օրենսդրական նախաձեռնություններ


ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» ՀՀ օրենքի նախագծին, որով սահմանվում են ՀՀ զինված ուժերի զինվորական կարգապահության հասկացությունը, սկզբունքները, զինծառայողների պարտականությունները` կապված զինվորական կարգապահության պահպանման հետ, զինծառայողներին տրվող խրախուսանքի և կարգապահական տույժերի տեսակները, դրանք կիրառելու կարգն ու պայմանները, հրամանատարների իրավունքները դրանց կիրառման գործում, ինչպես նաև զինվորական կարգապահության ամրապնդման հետ կապված այլ հարաբերություններ։ Կառավարության հավանությունն է ստացել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքի և «ՀՀ ոստիկանության կարգապահական կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծերի փաթեթը։ Ակնկալվում է, որ նախագծի ընդունման դեպքում ոստիկանությունում կամրապնդվի օրինականությունը, կարգապահական-իրավական քաղաքականությունը կդառնա կանխատեսելի, ոստիկանության ծառայողների նկատմամբ կարգապահական կալանք այլևս չի կիրառվի։
Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի պատգամավորներ Արևիկ Պետրոսյանի և Գոհար Ենոքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Քաղաքացիական կացության ակտերի մասին» և մի շարք այլ ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը։ Կառավարությանը նույնպես մտահոգում է երեխաների չգրանցված ծնունդների առկայությունը։ Խնդիրն ուսումնասիրելու և առաջարկություններ ներկայացնելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, ուստի փաթեթի հեղինակներին առաջարկվել է համագործակցել աշխատանքային այդ խմբի հետ` փոխադարձաբար ընդունելի և համապարփակ լուծում գտնելու համար։
Կառավարությունը քննարկել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Սամվել Նիկոյանի «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությունը, որով առաջարկվում է հոկտեմբերի 5-ը սահմանել Ուսուցչի օր։ Քանի որ նման առաջարկները քննարկելու նպատակով դեռևս 2009թ.-ից գործում է աշխատանքային խումբ և կարևորվել է մասնագիտական բնույթ ունեցող տոները պետական տոնացույց չներառելու սկզբունքը, կառավարությունը նպատակահարմար է համարում այն ընդգրկել կառավարության 2001թ. հոկտեմբերի 1-ի N 919 որոշման մեջ։
Կառավարությունը դեմ է արտահայտվել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու նախագծին, որով առաջարկվում է «հայ», «Հայաստան», «հայկական», «հանրապետություն», «հանրապետական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման մեջ օգտագործելու թույլտվության պետտուրքը սահմանել ոչ թե ամեն տարի, այլ միայն մեկ անգամ։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգերով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Այլ որոշումներ


Իր նիստում կառավարությունը որոշել է փոփոխություն կատարել Աշտարակի քաղաքային համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում և քաղաքացու սեփականություն հանդիսացող բազմամյա տնկարկը փոխադրել բնակավայրերի հողերի կատեգորիա` ավտոգազալցակայանի կառուցման համար։
ՀՀ օրենսդրությանը համապատասխան ՀՀ կառավարությունը երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման արտոնագիր է տվել «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին, Երևանի «Սրտաբանության գիտահետազոտական ինստիտուտ», «Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն», «Էրեբունի բժշկական կենտրոն», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն», «Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոն», «Նաիրիի բժշկական կենտրոն», «Ջերմուկի առողջության կենտրոն», «Արմավիրի բժշկական կենտրոն», «Տաշիրի բժշկական կենտրոն», «Ճամբարակի առողջության կենտրոն», «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ներին, Վանաձորի «Ցենավետ» ՍՊԸ-ին և Ախուրյանի «Մոր և մանկան առողջության կենտրոն» հիմնադրամին։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ