Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 մարտի 2013

Մշակվում է սոցիալական քաղաքականության նոր մեթոդաբանություն





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Բացելով նիստը` վարչապետը դիմել է ներկաներին. «Դուք տեղյակ եք, որ մենք մեր ուշադրության կենտրոնում ենք պահում բոլոր միջազգային վարկանիշները, որոնք վերաբերում են Հայաստանի Հանրապետությանը։ Երեկ հրապարակվել է մի նոր զեկույց, որն ամփոփում է տարին զբոսաշրջության մրցունակության վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետությունն իր դիրքը բարելավել է 11 կետով։ Այդ համեմատությունը կատարվում է 140 երկրների մեջ։ Մենք զբաղեցնում ենք 79-րդ տեղը։ Իհարկե, կարևոր է, որ մենք 11 կետով բարելավել ենք մեր դիրքը, բայց դեռևս մեծ անելիքներ ունենք, և անհրաժեշտ է, որպեսզի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, վերլուծելով այդ զեկույցը, մեզ ներկայացնի մեր ուժեղ և թույլ կողմերը և այն, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկենք, որպեսզի այս տարի էլ էապես բարելավենք մեր դիրքերը»։
ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքով հաշվարկված` ՀՀ պետբյուջե վճարման ենթակա շահութաբաժնի վճարումից հետո ընկերությունների տրամադրության տակ մնացած և չբաշխված շահույթի հաշվին ապահովել ավելի քան 142 մլն դրամի վճարումը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին` որպես ՀՀ-ի անապահով ընտանիքների կողմից 2012 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպառված բնական գազի համապատասխան քանակության համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում։ Վերահաստատելով, որ փոխհատուցումն ստանում են սոցիալապես առավել խոցելի ընտանիքները, և ցուցակներն էլ ներկայացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ 2013-2014 թվականներին կառավարությունը պետք է էապես ավելացնի նպատակային օժանդակությունը սոցիալապես խոցելի ընտանիքներին։ Ընդ որում, անհրաժեշտ է, որպեսզի այդ օժանդակությունը հաշվառվի աղքատության ցուցանիշի մեջ։ ՀՀ ֆինանսների նախարարը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը հանձնարարություն են ստացել Համաշխարհային բանկի հետ աշխատել մեթոդաբանության հետ կապված հարցերը պարզաբանելու համար։ «Մեր սոցիալական քաղաքականությունն այս տարիներին էապես փոխվում է, - հավելել է Տիգրան Սարգսյանը։- Այսինքն` մենք ոչ թե ավելացնում ենք սոցիալական նպաստները, այլ գումար ենք հատկացնում, որպեսզի հնարավորություն ընձեռենք այդ մարդկանց կրթություն ստանալ, աշխատանք ստանալ, ինչպես նաև թիրախային օգնություն ենք ցույց տալիս, ասենք, սպառված գազի վճարը հատկացնելու։ Հիմա նոր ծրագիր ենք հաստատելու, որպեսզի կոմունալ վճարները սոցիալապես խոցելի ընտանիքներին բյուջեից հատուցենք։ Անհրաժեշտ է, որ մեթոդաբանության մեջ սա հաշվառվի, և սա էլ նպաստի մեր ճշգրիտ սոցիալական քաղաքականության իրականացմանը։ Պետք է հաշվի առնել նաև մեր սուբսիդավորման գումարները։ Գյուղատնտեսությունում մենք ունենք շուրջ 250 հազար ընտանիք, որոնք աղքատության շեմից ցածր են ապրում և նրանց էլ նպատակային օժանդակություն ենք ցույց տալիս։ Այս ամենն ուղղված է աղքատության հարցի լուծմանը»։


Նպատակը գործարար միջավայրի բարելավումն է

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների 2013 թ. ծրագրին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ գործարար միջավայրի բարելավման միջին ցուցանիշով Հայաստանը 32-րդ տեղում է, բայց բազմաթիվ ցուցանիշներ կան, որ 100-րդ տեղից հետ է։ «Խոսքը վերաբերում է միջազգային առևտրի ռեժիմներին,- շեշտել է վարչապետը, - ինչպես նաև իրավական գործառույթներին, թե բիզնես բանավեճերը դատարաններում ինչպես են ընթանում. այդտեղ մենք պետք է լուրջ առաջընթաց ապահովենք, որ դատական գործընթացներում բիզնեսի վրա ընկնող բեռը էապես նվազեցնենք, կարճ տևեն նաև միջազգային ռեժիմները»։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը հավաստիացրել է, որ այս տարի շեշտը դրվելու է հենց այդ ուղղությունների վրա, քանի որ նպատակը ոչ թե ցուցանիշներն են, այլ իրավիճակի բարելավումը։
ՀՀ կառավարությունը հաստատել է գործարար ծրագրով ստեղծված նոր աշխատատեղերի համար հաշվարկված լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների նվազեցման նպատակով գործարար ծրագրերի հավանության արժանացման, ինչպես նաև այդ ծրագրերով ստեղծված նոր աշխատատեղերի մասով լրացուցիչ աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հաշվարկման կարգը, որը պայմանավորված է 2012 թ. դեկտեմբերի 19-ին «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի ընդունմամբ։ Այդ օրենքում լրացվել է 39.3-րդ հոդվածը, որով արտոնություն է նախատեսվում ՀՀ կառավարության հավանությանն արժանացած գործարար ծրագրերն իրականացնող ռեզիդենտների համար։ ՀՀ էկոնոմիկայի նախարարը վարչապետից հանձնարարություն է ստացել զանգվածային լրատվամիջոցներին ներկայացնել այս ծրագիրը, որպեսզի տնտեսվարող սուբյեկտները տեղյակ լինեն նոր ռեժիմին և համապատասխան հայտերով դիմեն կառավարություն։
ՀՀ կառավարությունը հաստատել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» ՀՀ օրենքի հայեցակարգը։ ՀՀ վարչապետը կարևորել է այս փաստաթուղթը, որը ներառում է խնդրո առարկայի վերաբերյալ բոլոր սկզբունքային դրույթները։ Շեշտելով հայեցակարգը զանգվածային լրատվամիջոցներով հանրությանը ներկայացնելու անհրաժեշտությունը, Տիգրան Սարգսյանը հավելել է. «Սա մեր նախընտրական խոստումներից է, կարևորագույն հարց է, որը մշտապես գտնվում է երևանցիների ուշադրության կենտրոնում»։
Գործադիրը հաստատել է քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների տարածքներում քաղաքաշինական գործունեության իրականացման կարգի փոփոխություններն ու լրացումները, որոնցով հստակեցվում ու պարզեցվում են նշված տարածքներում կառուցապատման գործառույթները, հավանություն տվել ՀՀ տարածքում (բացառությամբ աղետի գոտու վերականգնման ծրագրում ընդգրկված բնակավայրերի) քանդման ենթակա վթարային` 4-րդ աստիճանի վնասվածություն ունեցող, ինչպես նաև քանդված բնակարանային ֆոնդի բնակիչներին անվտանգ բնակելի տարածքով ապահովելու հայեցակարգին և դրա կիրարկումն ապահովող միջոցառումների ժամանակացույցին։


Պարզեցվում է որդեգրման ընթացակարգը

ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց շնորհիվ հնարավորինս պարզեցվում է որդեգրման ընթացակարգը, ՀՀ օրենսդրության դրույթները համապատասխանեցվում են միջազգային որդեգրման գործընթացին և «Երեխաների պաշտպանության և օտարերկրյա որդեգրման բնագավառում համագործակցության մասին» կոնվենցիային, հստակեցվում են կենտրոնական մարմնի լիազորությունները, ամրագրվում օտարերկրյա քաղաքացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, ՀՀ սահմաններից դուրս բնակվող ՀՀ քաղաքացիների կողմից որդեգրված երեխայի կյանքի պայմանների վերաբերյալ տեղեկատվության ստացման դրույթներ։ «Մենք պայմանավորվել ենք, որ այս տարի լրացուցիչ ուսումնասիրություն կկատարենք, որպեսզի իսպառ վերացնենք բոլոր կոռուպցիոն ռիսկերը, որոնք այդ բնագավառում առկա են, - ասել է Տիգրան Սարգսյանը։ - Ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ կենտրոնական մարմնում կոռուպցիոն ռիսկ չկա, հիմնական կոռուպցիոն ռիսկերը ներքին օղակներում են»։ Վարչապետն ստացել է ՀՀ արդարադատության նախարարի հավաստիացումը, որ վերջին որոշումները նպաստելու են, որպեսզի կոռուպցիոն ռիսկերը վերանան։ Բացի այդ, արտասահմանյան երկրներում ՀՀ դեսպանությունները հաշվառում են իրականացնում, թե այդ երկրներում կան արդյոք Հայաստանից որդեգրված երեխաներ։ Հարցի շահագրգիռ քննարկմանը մասնակցել են նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, ՀՀ սփյուռքի նախարարները։
Իր նախկին որոշումներից երկուսում կատարելով լրացումներ` գործադիրը սահմանել է, որ պետական կառավարման մարմիններում և նրանց ենթակայությամբ գործող ԾԻԳ-երում և ՊՈԱԿ-ներում թափուր պաշտոնները (բացառությամբ քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների) համալրելու համար հայտարարված մրցույթներում երկուսից քիչ դիմող լինելու դեպքում այդ մրցույթը համարվում է չկայացած և ընդհանուր հիմունքով հայտարարվում է նոր մրցույթ։ Այսպիսով, աշխատակազմերը կհամալրվեն մրցակցության հիման վրա, մրցույթները կանցկացվեն միայն երկու և ավելի դիմորդի դեպքում։
Կառավարությունն իր նիստում փոփոխություններ է կատարել ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում և հարկային պարտավորությունից անհարկի խուսափելու դեպքերը բացառելու, հարկային հաշիվը վավերացնելու միատեսակ հնարավորություն տրամադրելու նպատակով սահմանել է, որ դուրս գրված էլեկտրոնային հաշիվը չեղյալ համարելու և էլեկտրոնային ստորագրությունը հետ կանչելու համար հարկ վճարողին տրվում է մեկ ժամ։ «Խոսքը վերաբերում է, ցավոք սրտի, այսօր Հայաստանում մեծ տարածում գտած պրակտիկային, երբ ապրանքը մատակարարվում է, փաստաթուղթը տրվում է, և եթե ընթացքում ոչ մի խնդիր չի առաջանում, ապրանքը հասնում է պատվիրատուին, փաստաթուղթը ոչնչացվում է, որի արդյունքում էլ ստվերային շրջանառության մեծ ծավալ են ձևավորվում։ Այս որոշումն էապես նվազեցնում է այդ ռիսկը», - որոշման վերաբերյալ ասել է վարչապետը։


Կապահովվի շինաշխատանքների հսկողությունը

ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2013 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում և քանի որ պետբյուջեով պետական նշանակության ավտոճանապարհների և տրանսպորտային օբյեկտների շինարարության համար անհրաժեշտ նախագծային և հեղինակային հսկողության աշխատանքները, ինչպես նաև տեխնիկական հսկողության ծառայությունները նախատեսված են ընդհանուր գումարով, յուրաքանչյուր օբյեկտի մասով այդ աշխատանքների գնումն իրականացնելու համար ընդհանուր գումարը բաշխել է ըստ օբյեկտների։
Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության` Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի արտադրական գոտում գտնվող 250 քառ. մետր մակերեսով թթվածնային արտադրամասն օտարել մրցույթով։ Մեկ այլ որոշմամբ պետգույքի կառավարման վարչությանն ի տնօրինություն է հանձնվել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի Շիրակի մարզի Ամասիա համայնքում գտնվող վարչական շենքը, Գեղարքունիքի մարզի ճամբարակ քաղաքում գտնվող տարածքը, որոնց շահագործումը կոմիտեի համակարգում իրականացվող բարեփոխման արդյունքում դարձել է ոչ նպատակահարմար։
Կառավարությունն իր նիստում որոշել է Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Լոռու և Շիրակի մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի ծրագրին որպես դրամաշնորհ հատկացված գումարները որպես պետական բաժնեմաս ներդնել «Լոռի-ջրմուղկոյուղի» և «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ կանոնադրական կապիտալներում` լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման միջոցով ավելացնելով ընկերությունների կանոնադրական կապիտալները։


Իրավական ակտերը մոտարկվում են Եվրամիության դիրեկտիվներին

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- տեխնիկական կանոնակարգերի մշակման 2013 թ. ծրագիրը, որը կոչված է նպաստելու ՀՀ տնտեսությանն ու սպառողի շահերի պաշտպանությանը,
- միջազգային ճանաչում ունեցող օտարերկրյա հավատարմագրման մարմինների կողմից տրված հավատարմագրման վկայագրերի միակողմանի ճանաչման կարգը, որի համաձայն արտասահմանյան երկրներում փորձարկված և սերտիֆիկացված արտադրանքը շուկայում կարող է առանց խոչընդոտի իրացվել,
- վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաների կիրառման մեթոդների տարատեսակները` միջազգայնորեն ընդունված նորմերին համապատասխան,
- ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման 2013-2016 թթ. ազգային ծրագիրը, դրա բյուջեն, առաջնահերթ միջոցառումների ցանկը, մոնիտորինգի և գնահատման պլանը,
- ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության գործադիր իշխանության, պետական կառավարման հանրապետական և տարածքային կառավարման մարմինների պահպանման ծրագրի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2013 թ. նախահաշիվը,
- ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակազմի բնապահպանական պետական տեսչության կողմից իրականացվող ստուգման ստուգաթերթը։
ՀՀ կառավարությունը սահմանել է ընդերքօգտագործման իրավունքով տրամադրված հանքավայրում նոր հայտնաբերված օգտակար հանածոների արդյունահանում չիրականացնելու դեպքում դրանց պահեստավորման կարգը։


Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը քննարկել է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Էլինար Վարդանյանը և Վահան Բաբայանը։ Նրանք նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորում են այն հանգամանքով, որ ՀՀ փաստաբանական պալատի փաստաբանները զրկված են իրենց վստահորդների շահերի պաշտպանությունն ապահովելու նպատակով ստանալու տեղեկություններ գույքային իրավունքների ձեռքբերման կամ գրանցման հիմքերի վերաբերյալ, ինչը փաստաբանական գործունեություն իրականացնելիս անհարկի խոչընդոտներ և բարդություններ է առաջացնում։ Օրինագծի վերաբերյալ կառավարության եզրակացությունը դրական է։
ՀՀ կառավարությունը քննարկել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ցմահ ազատազրկման հոդվածը կիրառել ոչ թե տասնութ, այլ քսանմեկ տարեկանից։ Կառավարությունը նպատակահարմար չի համարել օրինագծի ընդունումը, քանի որ առաջիկայում նախատեսվում է քրեական պատժի համակարգի արդյունավետության բարձրացում, այդ թվում` ՀՀ քրեական նոր օրենսգրքի մշակում։ Նիստում քննության է առնվել «Արտոնագրային վճարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Օրինագիծը ենթադրում է ատամնաբուժական և ատամնատեխնիկական գործունեության հարկային բեռի էական նվազեցում, ինչը կառավարությունն ընդունելի չի համարում, ուստի բացասական եզրակացություն է տվել։


Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Սուրբ Աթոռում (Վատիկան) ՀՀ դեսպանություն ստեղծելու` ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թ.։ 1988 թ. երկրաշարժից հետո Սուրբ Աթոռը Հայաստանին է նվիրել Աշոցքի շրջանում կառուցված «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցը։ Սուրբ Աթոռը 2000 թ. ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։ Դեսպանության հիմնումն առավել համակարգված և ուղղորդված կդարձնի կողմերի աշխատանքը։ Նիստում հավանություն է ստացել նաև Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում ՀՀ դեսպանություն ստեղծելու` ՀՀ նախագահի հրամանագրի նախագիծը։ Այս երկիրը տարածաշրջանի կարևոր դերակատարություն ունեցող երկրներից է, որը եռանդուն մասնակցություն է ցուցաբերում ԱՍԵԱՆ-ին և Չմիացած երկրների շարժմանը։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ալբանիայի Հանրապետության Նախարարների խորհրդի միջև դիվանագիտական և ծառայողական անձնագիր կրողների համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Գործադիրն ընդունել է Գեղարքունիքի մարզի Դարանակի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։
Կառավարության որոշմամբ Ֆելիքս Ցոլակյանը նշանակվել է ՀՀ Շիրակի մարզպետ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհավորել է նորանշանակ մարզպետին և նրան մաղթել արգասավոր աշխատանք։
Նիստի ավարտին վարչապետը շնորհավորանքի խոսք է ուղղել երկրի կանանց. «Մինչև կառավարության նիստի ավարտը ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կանանց տոնի կապակցությամբ շնորհավորել մեր մայրերին, մեր սիրելի կանանց, մեր քույրերին, ցանկանալ նրանց անսահման սեր, ընտանեկան երջանկություն և կխնդրեմ, որպեսզի նաև լրատվական միջոցները մեր այս ջերմ շնորհավորական խոսքը հասցնեն մեր սիրելի կանանց»։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ