Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 ապրիլի 2011

Բարելավվում է գործարար միջավայրը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետը ներկայացրել է կադաստրի մատուցած ծառայությունների մոնիտորինգի արդյունքները, այնուհետև խոսքը փոխանցել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին և նախանշել ծառայությունների որակը բարելավելու առաջնահերթ քայլերը (Տիգրան Սարգսյանի ելույթը և թեմայի առնչությամբ մտքերի փոխանակությունը կայքում տեղադրվել են առանձին)։
Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրը բարելավելու, ինչպես նաև իրավաբանական և ֆիզիկական անձանց համար օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարումն առավել դյուրին դարձնելու նպատակով կառավարությունը որոշել է, որ պետական մարմիններին կանոնադրություն, պետական գրանցման վկայական (դրա ներդիրներով) և/կամ դրանց պատճենները ներկայացնելու պարտավորությունները համարվում են կատարված, եթե պետական մարմին դիմելիս ներկայացվող դիմումում կամ հայտում հայտատուին կամ դիմումատուին վերաբերող տեղեկությունների շարքում նշվում է իր պետական գրանցման համարը։ Այսպիսով, պետական մարմինների կողմից ծառայություն ստանալու նպատակով իրավաբանական անձի կանոնադրության գրանցման վկայականի կամ դրա պատճենների ներկայացման պարտադիր պահանջը վերանում է։ Որոշմամբ պահանջվում է եղած թղթային բազաները թվայնացնել և ներբեռնել էլեկտրոնային համակարգ։ «Սա մեր լրջագույն որոշումներից է, - նշել է ՀՀ վարչապետը, - որով տնտեսավարող սուբյեկտների վրա ընկնող բեռը պետությունը վերցնում է իր վրա։ Սուբյեկտը պետության կողմից իրեն տրամադրված փաստաթղթերում նշելու է միայն արտոնագրերի և գրանցման վկայականների համարները, մնացած ծառայությունները պետությունն է մատուցելու բիզնեսին»։
Կառավարությունը փոփոխություններ և լրացում է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որով «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ի գործառույթները կկենտրոնացվեն առավել առաջնային ուղղությունների վրա։ Մասնավորապես, կազմակերպությունը կիրականացնի մտավոր սեփականության առևտրայնացման աջակցությանը, օտարերկրյա և միջազգային ինովացիոն ենթակառուցվածքների հետ համագործակցության միջոցով նորարարական գործունեության տեղեկատվական ենթակառուցվածքների կատարելագործմանն ուղղված մի շարք ծրագրեր։


Արտոնություններ ներդրումային ծրագիր իրականացնող ձեռնարկություններին

Իր նիստում կառավարությունը մինչև 2014թ. մարտի 5-ը հետաձգել է «Ամսթեր ֆլաուերս» հայ-հոլանդական համատեղ ձեռնարկություն» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը։ Ընկերությունը նախատեսում է Արմավիրի մարզում կառուցել լոլիկի, վարունգի և պղպեղի աճեցման ժամանակակից սարքավորումներով հագեցած ջերմոցային համալիր, կատարել մոտ 1.46 մլն եվրոյի ներդրում։ Աշխատանքի մեկնարկը կտրվի մինչև 2011թ. ավարտը, կստեղծվի առնվազն 56 աշխատատեղ։ Մինչև 2014թ. ապրիլի 20-ը երկարաձգվել է «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով ներմուծվող և 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքներից հաշվարկվող ԱԱՀ վճարման ժամկետը։ Նախատեսվում է ԽՍՀՄ տարիներին գործող նախկին ֆաբրիկայի տարածքում կազմակերպել թռչնամսի արտադրություն և վերամշակում` կատարելով մոտ 1.1 մլն եվրոյի ներդրում և ապահովելով առնվազն 90 աշխատատեղ։
Հաշվի առնելով Սյունիքի մարզի Քաջարանի պղնձամոլիբդենային հանքավայրի շահագործման ծրագիրը և բաց հանքի ընդլայնման հեռանկարները, Քաջարան, Արծվանիկ, Սևաքար, Աճանան, Ձափնի և Սյունիք համայնքների քաղաքացիների և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողերի նկատմամբ կառավարությունը ճանաչել է բացառիկ` գերակա հանրային շահ։ Նշված տարածքների ձեռքբերող է հանդիսանում «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ն։ Մեկ այլ որոշմամբ բացառիկ` գերակա հանրային շահ է ճանաչվել Կոտայքի մարզի Մեղրաձորի ոսկու հանքավայրի Լուսաջուր տեղամասի շահագործման ծրագիրը` քաղաքացու սեփականությունը հանդիսացող հողերի նկատմամբ։ Տարածքների ձեռքբերողն է «Պարամաունտ Գոլդ Մայնինգ» ՍՊԸ-ն։


Վերացվում է գյուղտեխնիկայի պարտադիր տեխզննության պահանջը

Փոփոխություններ կատարելով նախկինում ընդունած իր երկու որոշումներում, գործադիրը վերացրել է գյուղատնտեսական տեխնիկայի պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու պահանջը` գյուղացուն հնարավորություն տալով զերծ մնալ տվյալ գործընթացի համար ֆինանսական միջոցների և ժամանակի անտեղի վատնումից։ Տիգրան Սարգսյանը պահանջել է հստակ սահմանել «գյուղատնտեսական տեխնիկա» հասկացությունը, թե այն ինչով է տարբերվում այլ, օրինակ` շինարարական տեխնիկայից։ Սա հատկապես կարևոր է, քանի որ այժմ քննարկվում են գյուղտեխնիկայի ներմուծման դրույքաչափերը և պետք է կանխվի հետագայում հարկային և մաքսային վարչարարության տեսակետից որևէ խնդրի առաջացման հնարավորությունը։
ՀՀ կառավարությունը սահմանել է ոստիկանության կողմից հաշվառման տվյալների փոփոխությամբ տրանսպորտային միջոցների վերասարքավորման թույլտվություն ստանալու կարգը, առանց թույլտվության վերասարքավորված տրանսպորտային միջոցների վերահաշվառման թույլտվություն ստանալու կարգը, ուժը կորցրած ճանաչել խնդրո առարկային վերաբերող իր նախկին որոշումը։ Այսպիսով, կնախատեսվի պարզեցված ընթացակարգ, քաղաքացիները տրանսպորտային միջոցները տեսքի բերելու համար ֆինանսական ավելորդ ծախս չեն անի և հնարավորինս կարճ ժամկետում կկարողանան անցկացնել վերահաշվառումը։


Ստեղծվել է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ

Գործադիրն իր որոշմամբ հիմնադրել է Սևանա լճի վերականգնման, պահպանման և զարգացման հիմնադրամ, ՀՀ բնապահպանության նախարարությանը լիազորել ՀՀ անունից հանդես գալ հիմնադրամում, նշանակել է գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար, հաստատել հիմնադրամի կանոնադրությունը, հոգաբարձուների խորհրդի անհատական կազմը։ Իրավական ակտի նպատակն է աջակցել Սևանա լճի` որպես Հայաստանի քաղցրահամ ջրերի ռազմավարական շտեմարանի վերականգնմանը, վերարտադրությանը, պահպանմանը, բնականոն զարգացմանը և օգտագործմանը։ Գործադիրը որոշել է «Սևան» ազգային պարկի ռեկրեացիոն գոտու տարածքում, 1905 մետր բացարձակ նիշից ցածր ընկած հատվածում Սևան համայնքի վարչական սահմանում գտնվող տարածքից հողամաս տրամադրել հանրային լողափերի կազմակերպման համար։ Այդ նպատակով ՀՀ բնապահպանության նախարարությանը հատկացվել է 66000.0 հազար դրամ։ Հանրային լողափերի ստեղծումը կնպաստի զբոսաշրջության, սպորտի զարգացմանը, հանգստի կազմակերպմանը։ «Սա այն որոշումն է, որ մենք ընդունեցինք ՀՀ Նախագահի հանձնարարականով, - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ - Հայաստանի քաղաքացիները պետք է կարողանան հանգստանալ Սևանում և անվճար օգտվել լողափերից։ Մեր հատկացրած գումարով լողափերը կարգի կբերվեն և քաղաքացիների համար կստեղծվեն հարմարավետ պայմաններ»։
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի «Ջրային տնտեսության ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը, «Արփա-Սևան» թունելի վերականգնման ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը,
- պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգը,
- ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների 2011-2012թթ. ուսումնական տարվա` պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխահատուցմամբ (անվճար) 2428 առկա ուսուցմամբ բակալավրիատի կրթական ծրագրով ընդունելության տեղերն ըստ ուսումնական հաստատությունների, մասնագիտությունների և բուհի կողմից ուսման վարձի մասնակի զեղչի կիրառմամբ, առանց պարտադիր զինվորական ծառայությունից տարկետման իրավունքի (վճարովի) 18500,
- ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններ օտարերկրյա քաղաքացիների ընդունելության կարգը,
- «Տարրական դասարանների աշակերտներին անվճար դասագրքերով և ուսումնական գրականությամբ ապահովում և ավագ դպրոցների դասագրքերի հրատարակում» ու ևս չորս ծրագրերի ֆինանսավորման չափերը,
- ՀՀ ԿԱ ՊԵԿ կողմից 2011թ. ընթացքում հարկային մարմնի զարգացման ֆոնդի միջոցների հաշվին հսկիչ գնումների կանխիկ ձևով կատարվող չափաքանակները` 40000.0 հազար դրամ։


Կընդլայնվի պետական գույքի միասնական բազան

Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որի համաձայն կհաշվառվեն ոչ նյութական ակտիվները։ Մինչ օրս միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհների, ինչպես նաև արհեստական կառույցների, ճանապարհային կահավորանքի, ճանապարհի մաս հանդիսացող այլ շինությունների նկատմամբ իրավունքների պետական գրանցում չի իրականացվել, միասնական հաշվառում չի իրականացվում նաև պետական կառավարչական հիմնարկների հաշվեկշիռներում հաշվառված ջրատարների և ջրամբարների, ոչ նյութական ակտիվների նկատմամբ։ Որոշման ընդունմամբ կվերացվի այս բացը։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայության և ՀՀ արդարադատության նախարարության քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության համակարգերի միջև տվյալների փոխանակման, տեղեկատվական գերատեսչական համակարգչային գլոբալ ցանցի ներդրման, սպասարկման և շահագործման նպատակով ՀՀ կառավարության աշխատակազմին 2011թ. առաջին կիսամյակում հատկացվել է 44,500.0 հազար դրամ։ Դրա շնորհիվ հնարավոր կլինի իրականացնել անհրաժեշտ տվյալների ինքնաշխատ փոխանակում, ինչը հանգեցնելու է կենսաթոշակների հասցեականության բարձրացմանը։
Միջհամայնքային նշանակության ճանապարհները բարեկարգելու նպատակով կառավարությունը որոշել է 2011թ. ընթացքում ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացնել 550,590.7 հազար դրամ։ Խնդիրը, ըստ ՀՀ վարչապետի, դիտարկվում է տարածքների համաչափ զարգացման տեսակետից, և բնակչությանը մտահոգում է ավելի շատ, քան որևէ այլ հարց։ «Մեր վերահսկողության ծառայությունը մի քանի անգամ է անդրադարձել միջհամայնքային ճանապարհների բարելավման խնդրին, թե որքանով արդյունավետ են օգտագործվում դրան տրամադրված միջոցները, - շարունակել է Տիգրան Սարգսյանը։ - Պարզվել է, որ դրանք արդյունավետ չեն օգտագործվում։ Տրամադրելով այս գումարները, մենք կկարողանանք բավական մեծածավալ աշխատանք կատարել, մանավանդ որ կառուցելու ենք գրունտային ճանապարհներ, բայց ժամանակակից եվրոպական տեխնիկայով»։
Կառավարության որոշմամբ ՀՀ անասնաբուժական ծառայություն մատուցող մասնագետներին վարձատրություն տրամադրելու համար հատկացվել է 510,000.0 հազար դրամ։ Վարչապետը նշել է, որ ընթացող կառուցվածքային փոփոխությունների պատճառով անասնաբույժներն արդեն տևական ժամանակ է, ինչ չեն ստացել իրենց ֆինանսական վճարները, որի պատճառով կառավարությունը հայցում է նրանց ներողամտությունը։
Կառավարությունը որոշել է «Մինաս Ավետիսյան» մշակութային բարեգործական հիմնադրամին թույլատրել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ ՓԲԸ միջոցների հաշվին իրականացնել Գյումրի քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ նախկին ճաշարանի շենքում գտնվող «Երկանք» և Գյումրի քաղաքի «Գալվանոմետր գործարան (Օմեգա)» ՓԲԸ շենքում գտնվող «Թել են մանում» որմնանկարները տեղափոխելու և վերականգնելու աշխատանքները։ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ արվեստի այս գործերի սեփականության իրավունքը մնում է պետությանը։ Կարծիք կար, որ դրանք չի կարելի մասնավորին տալ։ Սակայն մի՞թե ավելի լավ կլիներ, եթե այդ աշխատանքները փչանային։ Իսկ հիմա մեր քաղաքացիներն ու հյուրերն օդանավակայան մտնելիս առաջին հերթին կտեսնեն Մինասի հիասքանչ որմնանկարները։


Պարզեցվում են վեճերի լուծման ընթացակարգերը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի ընդունման շնորհիվ ակնկալվում է արագացված դատաքննության միջոցով հնարավորինս պարզեցնել առևտրային կազմակերպությունների միջև քաղաքացիաիրավական պայմանագրերից բխող վեճերի լուծման ընթացակարգերը և առավել սեղմ ժամկետներում վերականգնել համապատասխան կազմակերպությունների իրավունքներն ու նպաստել վերջիններիս բնականոն գործունեությանը։ Հավանություն է ստացել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Հրապարակային սակարակությունների մասին» ՀՀ օրենքներում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում կկանխվեն գույքի հանրային վաճառքի վիճակահանության վարման ընթացքում ի հայտ եկող հնարավոր թերացումները, կպարզեցվեն հանրային վաճառքի իրականացման ընթացակարգերը։ Կառավարությունն անհետաձգելի է համարել այս երկու օրենքների նախագծերը։
Կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» և «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվող կարգավորումների շնորհիվ հնարավորություն կստեղծվի սահմանափակել անհիմն ստուգումները և ուշադրության կենտրոնում պահել ամենառիսկային տնտեսավարողներին, ինչպես նաև ավելի արդյունավետ օգտագործել պետական ռեսուրսները։
Գործադիրը հավանություն է տվել «Էլեկտրոնային հաղորդակցության մասին» ՀՀ օրենքում լրացում, «Վարկային տեղեկատվության շրջանառության և վարկային բյուրոների գործունեության մասին» ՀՀ օրենքում` փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց նպատակն է վերացնել հեռահաղորդակցության ոլորտում գործունեություն իրականացնող օպերատորների կողմից վարկային բյուրոներին տեղեկության տրամադրման օրենսդրական խոչընդոտները։
Կառավարության հավանությունն է ստացել «Պետական գույքի մասնավորեցման 2006-2007թթ. ծրագրի կատարման 2010թ. տարեկան հաշվետվությունը», որի նպատակն է առավել հրապարակային դարձնել Հայաստանում իրականացվող մասնավորեցման քաղաքականությունը և դրա արդյունքները։
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
 

Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Կիպրոսի Հանրապետության կառավարությունների միջև գաղտնի տեղեկատվության փոխադարձ պաշտպանության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Գործադիրն իր նիստում «Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ին թույլատրել է մինչև 2011թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել արդյունաբերական նշանակության պայթուցիկ նյութեր և պայթեցման միջոցներ, որոնք ՀՀ-ում չեն արտադրվում։
Կառավարությունն իր որոշմամբ հաստատել է Կոտայքի մարզի Վերին Պտղնիի գյուղական համայնքի հողերի գոտևորման և օգտագործման սխեման, գյուղատնտեսական նշանակության և քաղաքացիների սեփականություն հանդիսացող հողերի մի մասը փոխադրել այլ կատեգորիա` խառը և հասարակական կառուցապատման, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների կառուցման համար։
Հիմք ընդունելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի միջնորդությունը, մի խումբ եկեղեցականների հոգևոր ծառայության հանգամանքը և ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատել է Մայր Աթոռի 17, մինչև 2012թ. գարնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տվել 38 միաբանի, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի 16 միաբանի և ուսանողի, Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի 8 սանի։
Երկու այլ որոշմամբ տարբեր ժամկետներով պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել 7 անձի։
Նիստի ավարտին վարչապետը հանդես է եկել հայտարարությամբ և տեղեկացրել, որ Հայաստանի Գրողների միության վարչությունը ս.թ. ապրիլի 30-ին կազմակերպում է «Ես գրքի բարեկամն եմ» երրորդ գրական հեռուստամարաթոնը։ Հաշվի առնելով միջոցառման կարևորությունը` գրողները խնդրել են ակտիվորեն մասնակցել մարաթոնին։ Վարչապետը նույնպես կարևորել է միջոցառումը` մանավանդ որ եկող տարի նշվելու է հայ գրատպության սկզբնավորման 500-ամյակը, հոբելյան, որի կազմակերպման հանձնաժողովը ղեկավարում է ՀՀ Նախագահը։ Եկող տարի Երևանը հռչակվել է գրքի համաշխարհային մայրաքաղաք։ ՀԳՄ վարչության նախաձեռնությունը նույնպես ուղղված է գրքի տարածմանը, ուստի պետական մարմինների և կոլեկտիվների մասնակցությունը հեռուստամարաթոնին խիստ ցանկալի է։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տե՜ս` հետևելով հղմանը:

 

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ