Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 30 դեկտեմբերի 2010

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կառավարության նիստում

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ.
Այսօր կառավարության 51-րդ` այս տարվա վերջին նիստն է, և ես ուզում եմ ամփոփել 2010թ. հիմնական ցուցանիշները և մեր կողմից կատարված աշխատանքների արդյունքները: Առաջին հերթին պետք է նշենք, որ, ինչպես հանրապետության նախագահն ասաց ձեռներեցների հետ հանդիպման ժամանակ, հետճգնաժամային աշխարհը որակապես տարբերվելու է մինչճգնաժամային աշխարհից, և տնտեսական նոր պարադիգմն այլևս հիմնված է լինելու տնտեսական աճի այլ շարժիչների վրա: Դա ակնհայտ է նաև Հայաստանի Հանրապետության տնտեսության համար, որովհետև 2009-2010թթ. վկայում են, որ տնտեսական աճ այսուհետ ապահովվում է ոչ թե շինարարության շնորհիվ, ոչ թե գյուղատնտեսության շնորհիվ, այլ հիմնականում տեղի է ունենում տնտեսության դիվերսիֆիկացիա, և արդյունաբերությունը, ժամանակակից տեխնոլոգիաները, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը հանդիսանալու են տնտեսության զարգացման հիմնական շարժիչը: Այդ են վկայում 2010թ. Արդյունքները. մասնավորապես, մենք տարին ավարտելու ենք մոտավորապես 2.6 տոկոս տնտեսական աճով` ծրագրված 1.2 տոկոսի փոխարեն: Այդ տնտեսական աճը մենք ապահովում ենք` ունենալով 14.5 տոկոս անկում գյուղատնտեսությունում, ունենալով շուրջ 4 տոկոսանոց անկում շինարարության ոլորտում: Հիմնական աճ ապահովող ոլորտն արդյունաբերությունն է և ենթակառուցվածքները: Սա լինելու է 2011-2012թթ. զարգացման հիմնական միտումը, քանի որ մեր հակաճգնաժամային ծրագրի հիմնական ուղղվածությունը եղել է տնտեսության դիվերսիֆիկացիայի ապահովումը:
2010թ. հաջորդ առանձնահատկությունն այն է, որ մենք էական նշանակություն ենք տվել ենթակառուցվածքներին, և պետական հիմնական ներդրումներն իրականացվել են ենթակառուցվածքային ոլորտում: Դա բնորոշ էր 2009թ., երբ աննախադեպ ծավալի շինարարական աշխատանքներ կատարեցինք, մասնավորապես, ճանապարհային շինարարության ոլորտում, ոռոգման համակարգի, խմելու ջրի ոլորտում: Նույն միտումները պահպանել ենք 2010թ.: Մասնավորապես, պետք է նշել, որ մենք 350 կմ երկարության ճանապարհներ ենք կառուցել, ընդ որում` այդ ճանապարհները կառուցել ենք ինչպես պետական բյուջեի հաշվին, այնպես էլ մեր արտաքին պարտքի հաշվին: Վերանորոգվել է 8 կամուրջ, պահուստային ֆոնդից նաև միջոցներ են տրամադրվել, որպեսզի հաղթահարենք բնածին և տեխնածին աղետների հետևանքով վնասված շուրջ 44 ճանապարհահատվածներ: 2010թ. հայկական երկաթուղին կատարել է 12 մլրդ դրամի ներդրումներ, արդյունքում 2.6 տոկոսով աճել է բեռնափոխադրումների ծավալը, և շուրջ 49 տոկոսով աճել են ուղևորաշրջանառության ծավալները:
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մենք ունեցել ենք նշանակալի արդյունքներ: Մասնավորապես, 3G ստանդարտով ծածկվել է Հայաստանի ամբողջ տարածքը, և առաջին անգամ ՀՀ-ում գործարկվել է 4G կապի տեխնոլոգիաների ստանդարտը, և այդ առումով ՀՀ-ն առաջինն է ԱՊՀ շրջանակում և մտնում է աշխարհի 10 պետությունների շարքը, որոնք փորձարկել են 4G ստանդարտը: Չափազանց կարևոր է, որ 2010թ. արագագործ ինտերնետի մանրածախ սակագինը 15 հազար դրամից իջել է մինչև 8 հազար դրամ 1 Մեգաբիթի համար: Սա նույնպես կարևոր ձեռքբերում է, որն ստեղծում է տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բարենպաստ միջավայր: Երկու անգամ ավելացել են մեր ինտերնետ սպառողները: Նրանց թիվը հասել է 173 հազարի, իսկ եթե խոսենք նաև հեռախոսային կապի միջոցով ինտերնետից օգտվողների թվի մասին, ապա այն գերազանցում է 1.5 միլիոնը: Եվ չափազանց կարևոր է, որ նաև մեծածախ ինտերնետային սակագները նվազել են շուրջ 2 անգամ: Սա նշանակում է, որ 2011թ. տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար Հայաստանում ավելի բարենպաստ միջավայր է ձևավորվում, և դա կառավարության գերակայություններից մեկն է:
Էներգետիկայի ոլորտում կարևորագույն իրադարձությունը Երևանի համակցված շոգեքարշային ցիկլով աշխատող էներգաբլոկի շահագործումն էր, որի արդյունքում էապես բարձրացավ էլեկտրաէներգիայի արտադրության արդյունավետությունը և դրա շնորհիվ մենք կարողացանք չբարձրացնել էլեկտրաէներգիայի սակագները 2010թ. ընթացքում: 2010թ. լուրջ ձեռքբերում է "SCADA" կապի համակարգի և կառավարման համակարգի ներդրումը մեր ճապոնական գործընկերների հետ միասին: Էներգետիկայի բնագավառում 17 հատ 110 կՎ ենթակայաններ են վերակառուցվել, և ընդհանուր առմամբ էներգետիկայի կայունության մակարդակն այս միջոցառումների շնորհիվ էապես բարձրացել է: Կարևոր է նաև, որ մենք հայտարարեցինք “Իրան-Հայաստան 400 կՎ երրորդ երկշղթա էեկտրահաղորդման գծի” կառուցման ծրագրի սկիզբը, և դա նույնպես նշանակում է, որ մոտակա տարիների ընթացքում էներգետիկայի ոլորտը լինելու է մեր տնտեսության զարգացման շարժիչ ուժերից մեկը: Տեղյակ եք, որ վերջին խորհրդակցության ժամանակ մեր հավանությանն արժանացրինք ատոմակայանի կառուցման բիզնես ծրագիրը, որը մանրակրկիտ ներկայացվել էր օպերատորի կողմից, և որը բավարարում էր այն չափանիշները, որոնք միասին արդեն իսկ հաստատել էինք:
Գյուղատնտեսության ոլորտն ունեցավ ամենալուրջ անկումը, և այն էական ազդեցություն թողեց մակրոտնտեսական բոլոր ցուցանիշների վրա: Հակառակ դեպքում, իհարկե, տնտեսական աճը կլիներ ավելի բարձր, քան 2.6 տոկոս, բայց, ցավոք, բնակլիմայական պայմաններն այնպիսին էին, որ մենք ունեցանք էական անկում, ինչը նաև լուրջ հարված էր մակրոտնտեսական կայունությանը, որովհետև էական բացասական ազդեցություն ունեցավ գնաճի ցուցանիշի վրա, և մենք այսօր ունենք բավական բարձր գնաճ` 9.4 տոկոս: Այս ցուցանիշը մեզ համար շատ ավելի բարձր է համեմատած մեր հարևանների հետ, քանի որ Հայաստանը մինչճգնաժամային փուլում մշտապես ունեցել է, ի համեմատություն այլ երկրների, ցածր գնաճի մակարդակ, որը չի գերազանցել 3 տոկոսը, իսկ 9.4 տոկոսը, բնականաբար, բավական բարձր ցուցանիշ է և լուրջ մարտահրավեր է նաև 2011թ. համար: Չնայած դրան` մենք գյուղատնտեսությունում առաջին անգամ գործարկել ենք սերմնաբուծության ծրագիրը. Ռուսաստանի Դաշնությունից ներմուծել ենք բարձր որակի սերմեր, հարյուրավոր գործընկերներ ենք ձեռք բերել, շահառուներ, որոնց հետ ունենք պայմանագրեր, որոնց մատակարարել ենք սերմացու և 2011 թ. 1:2 փոխհարաբերակցությամբ պետք է ունենանք սերմերի վերադարձ, ինչը, բնականաբար, մեր պաշարներն էապես ավելացնելու է, և մոտակա տարիների ընթացքում բարձրանալու է արտադրողականությունն այս ոլորտում: Միևնույն ժամանակ 262 գլուխ կաթնատու և կաթնամսատու տոհմային երինջներ են ներմուծվել Հայաստանի Հանրապետություն, ընդհանուր քանակը կազմել է ավելի քան 1200 գլուխ, 14 նոր տոհմային տնտեսություններ ստացել են ավելի քան 1100 գլուխ տոհմային մատղաշ: Կարևոր ցուցանիշ է, որ 2010 թ. մենք 2009 թ. 142 հազարի դիմաց արտահանել ենք 170 հազար գլուխ ոչխար: Թվում էր, թե 2009 թ. պետք է լիներ ռեկորդային, բայց սա դառնում է արդեն գյուղատնտեսության համար մասնագիտացման ոլորտ, և տարեցտարի նաև ավելանալու են մեր էքսպորտային կարողությունները: 2010թ. թարմ և սառեցված ձկնեղենի արտահանման ոլորտում մենք ունեցանք լուրջ ձեռքբերում: Առաջին հերթին դա պայմանավորված է նրանով, որ Ռուսաստանի Դաշնության հետ մենք ունեցանք համաձայնություններ, և նրանք սերտիֆիկացրին մեր կողմից արտադրվող ձկնեղենը, ինչի արդյունքում 400 տոննա ձուկ ենք արտահանել, և 2011թ. այս ցուցանիշը պետք է կրկնապատկվի: Առաջին անգամ մենք հաստատել ենք օրգանիկ «Ազոտովիտ-1» կենսապարարտանյութը, որի` այս ծրագրի իրականացման արդյունքում էապես կրճատվելու է պարարտանյութերի ներմուծումը, և 3 տարվա ընթացքում մենք դառնալու ենք պարարտանյութ արտահանող երկիր: Արդյունավետ է աշխատել «Ֆրեդա» վենչուրային հիմնադրամը, որը մասնակցություն է ունեցել 6 ընկերությունների կապիտալում, և սա նոր ձեռնարկ է, որի նպատակն է օժանդակել գյուղատնտեսական ապրանքներ վերամշակող ձեռնարկությունների զարգացմանը Հայաստանի Հանրապետությունում: Հիշում եք, որ այս տարի մենք ձեզ հետ միասին ընդունեցինք որոշումներ, որոնցով էապես նվազեցրեցինք արոտավայրերից օգտվելու վճարները գյուղացիների համար, և հեշտացրած կարգերի շնորհիվ այսօր մեր գյուղացիները կարողանում են վարձակալական պայմանագրեր կնքել համայնքների հետ, ինչը նույնպես պետք է նպաստի գյուղատնտեսության զարգացմանը:
Հաջորդ ոլորտը, որտեղ մենք նկատելի արդյունքներ ունենք, առողջապահությունն է: 2010թ. 8 մարզային բժշկական կենտրոն ենք արդիականացրել և հանձնել շահագործման: Կարևոր է նաև, որ 10 նոր ամբուլատորիա է վերանորոգվել, շուրջ 20 համայնքային ամբուլատորիաներ արդիականացվել են: Ընդհանուր առմամբ առողջապահության ոլորտում իրականացվել են 17 մլն ԱՄՆ դոլարին համարժեք ներդրումային ծրագրեր միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ, ինչպես նաև 4.4 մլն ԱՄՆ դոլարի բժշկական սարքավորում է ներմուծվել Հայաստան:
Կարևոր փոփոխությունները տնտեսության դիվերսիֆիկացիայի առումով տեղի են ունեցել իրական հատվածում: 2010 թ. սկսեցինք կարևորագույն մի ծրագիր. Ա.Ալիխանյանի անվան գիտական լաբորատորիայի բազայի հիման վրա Բելգիայի կառավարության կողմից տրամադրվել է 5 մլն եվրո գումար, որի արդյունքում ունենալու ենք ժամանակակից արագացուցիչ, և, բնականաբար, այս ոլորտը տնտեսական աճ ապահովող ոլորտ է լինելու: Մեկնարկել է «Համակարգիչ բոլոր համար» ծրագիրը, և միայն այս տարի 15 հազար համակարգիչ ենք մատակարարել: Գյումրիում «National Instruments» ընկերությունն սկսել է իր ծրագրի իրականացումը, որը մի կողմից, ծառայություններ է մատուցում մասնավոր հատվածին, մյուս կողմից` համագործակցում բուհերի հետ և կրթական ոլորտում մատուցում բարձր որակի ծառայություններ:
Ազգային մրցունակության հիմնադրամի հետ համատեղ ավարտին հասցրեցինք Տաթևի զբոսաշրջային կենտրոնի ծրագիրը, որի շրջանակում ներդրվել է 32 մլն ԱՄՆ դոլար, ընդ որում` 14 մլն ԱՄՆ դոլարը պետական միջոցներ են: 300 մլն դրամից ավելի սարքավորումների ներմուծման պարագայում տրված արտոնությունների շնորհիվ 6 ընկերություններ Հայաստան են ներմուծել շուրջ 15 մլրդ դրամի սարքավորումներ, և շուրջ 1000 նոր աշխատատեղ է ստեղծվելու միայն այս ձեռնարկությունների շահագործման շնորհիվ:
Ավելացրած արժեքի հարկի վճարման հետաձգման ռեժիմից օգտվել են 11 ընկերություններ 29 մլրդ դրամի ներդրումային ծրագրի շրջանակներում: Շահագործման են հանձնվել մի քանի նոր ընկերություններ, մասնավորապես “Գլաս ուորլդ քամփնի” անգլիական ներդրումային ընկերությունը, որը 30 մլն եվրոյի ներդրում է կատարել, և որի արդյունքում բացվել են շուրջ 500 աշխատատեղ և արտահանման մեծ պոտենցիալ: Սյունիքի մարզում գործարկվել է “Լեռ-Էքս” ՍՊԸ, որը հանքաքարի տարեկան 150 հազար տոննա վերամշակման արտադրողականություն է ունենալու: Արտաշատ քաղաքում “Արարատ Գրուպ” ընկերության կողմից հիմնադրվել է 27 մլն դոլարի արժողությամբ հանքային ջրերի նոր գործարան, որտեղ ստեղծվել է շուրջ 400 նոր աշխատատեղ:
Տեղի ունեցավ Ախուրյանի շաքարի գործարանի շահագործումը, որը ոչ միայն բավարարելու է Հայաստանի Հանրապետության շաքարի պահանջը, և արդյունքում մենք այլևս շաքար չենք ներմուծելու, այլ նաև ունենալու ենք արտահանման մեծ պոտենցիալ: Հնդկական “Ֆայերսթոուն Դայմոնդ” նոր ընկերությունն այս տարի ստեղծել է 120 նոր աշխատատեղ, ինչպես նաև կատարվել են լուրջ ներդրումներ ադամանդագործության ոլորտում. պայմանագիր է կնքվել Ռուսաստանի Դաշնության հետ հումքի մատակարարման վերաբերյալ:
Կարևոր ձեռնարկ էր նաև հայ-գերմանական “Էլբատ” ընկերության բացումը, որն արտադրելու է մարտկոցներ և ունենալու է արտահանման մեծ պոտենցիալ: Սա բավական լուրջ ներդրումային ծրագիր էր: Այս ձեռնարկները շարունակվելու են նաև 2011թ., քանի որ, ինչպես նշեցի, մենք այս տարի բավական լուրջ արտոնություններ ենք տվել ձեռնարկություններին, որոնք նոր սարքավորումներ են ներմուծել:
Վերջին եռամսյակում մենք ընդունեցինք մի շարք կարևորագույն որոշումներ, որոնք էապես պետք է բարելավեն բիզնես միջավայրը. դա վերաբերում է և՛ հարկերի վճարման հաճախականությանը, և՛ հաշվետվությունների քանակին:
Շուրջ երկու անգամ նվազեցրինք լիցենզավորման գործընթացների տեսակները: Համապատասխան օրենսդրությունն ընդունվեց Ազգային Ժողովի կողմից, ինչը նույնպես բարենպաստ պայմաններ պետք է ստեղծի բիզնես միջավայրի համար: Մեր քաղաքացիների համար նվազեցրել ենք նաև մաքսային սահմանում վճարվող գումարները սուրհանդակային առաքումների գծով: Վճարվող գումարների չափը 150 հազար դրամից իջեցրինք մինչև 50 հազար դրամ:
Քաղաքաշինության ոլորտում հիմնական աշխատանքները կատարվում էին աղետի գոտում: Գյումրիում հանձվել է 22 բազմաբնակարան շենքերում 1056 բնակարան: Սպիտակ քաղաքում` 220 բնակելի տներ, Լոռու մարզում 303 բնակելի տներ հանձնվել են մեր քաղաքացիներին, և այս ծրագրի ավարտը լինելու է 2011 թ.: Շուրջ 24 մլրդ դրամ մենք նախատեսել ենք ներդրումներ` այս ծրագիրն ավարտելու համար: 5.3 մլրդ դրամ գումար հատկացվել է բյուջեից` շուրջ 154 օբյեկտների կառուցման ու հիմնանորոգման նպատակով:
Տարածքային կառավարման և ջրային տնտեսության ոլորտում մենք ունեցել ենք աննախադեպ ծավալի ներդրումներ. կառուցվել և փոխվել է 901 կմ խողովակաշար: Ընդ որում` խմելու ջրագծերը կազմում են 697 կմ: Մենք առաջին անգամ հինգ քաղաքներում 23 կմ կոյուղու կոլեկտորների վերականգման համար սկսեցինք ներդրումներ կատարել, իսկ ոռոգման ջրանցքների ջրատարները կազմել են 181 կմ: Կառուցվել է 18 նոր կարգավորիչ ջրամբար, որոնցից միայն Նորաբացի 2000 խմ ջրամբարի կուտակման արդյունքում բարելավվել է 12 գյուղերի ջրամատակարարումը: Ոռոգման համակարգում վերականգման հրատապ ծրագրով 2010թ. ընթացքում Արմավիրի ոռոգման համակարգում վերականգնվել է 24 կմ ջրանցք, իսկ Թալինում` ավելի քան 43 կմ: Կառուցվել ու վերակառուցվել է 26 պոմպակայան: Դրենաժային համակարգում 346 կմ աշխատանք է կատարվել:
Պետական եկամուտների ոլորտում այս տարի բյուջե մուտքագրված կունենանք ավելի քան 590 մլրդ դրամի հարկային եկամուտներ, որը 20 մլրդով կգերազանցի մեր ծրագիրը: Եթե համեմատենք 2009 թ. հետ, ապա հարկային մուտքերն ավելացել են 72 մլրդ դրամով կամ աճել են 14 տոկոսով:
Նմանատիպ աճ ունենք նաև սոցիալական վճարների գծով, որտեղ 2.5 տոկոսով գերազանցել ենք տարեկան ծրագիրը: Կարևոր նվաճումներից մեկն այն է, որ 2010թ. արդեն իսկ 4200 սուբյեկտներ իրենց հաշվետվությունները Պետական եկամուտների կոմիտեին ներկայացնում են էլեկտրոնային եղանակով: Արտակարգ իրավիճակների ոլորտում մենք ձեռք ենք բերել 28 միավոր հրշեջ մեքենա, Արարատի մարզում ստեղծվել է 28 ռադիոմոդեմային գազագեներատորային կայանք, 2010թ. ընթացքում կառուցվել է 48 ռադիոմոդեմային գազագեներատորային կայան: Նվաճումներ ունենք նաև բնապահպանության, սպորտի և երիտասարդության նախարարությունների ոլորտներում. մեր մարզիկներն այս տարի մեզ ուրախացրել են նոր նվաճումներով, մեդալներով: Կարևոր ձեռնարկում էր նաև “Մատչելի բնակարան երիտասարդ ընտանիքներին” ծրագիրը: Այս տարվա ընթացքում մենք նվազեցրինք տոկոսադրույքները` մարզերում այն հասցնելով մինչև 7 տոկոս, քաղաքում` մինչև 9 տոկոս, և արդյունքում ակնկալում ենք, որ այս ծրագրից օգտվողների թիվը 2011թ. կտրուկ կավելանա:
Սոցիալական ոլորտը կարևորագույն խնդիր է լուծել: Մենք ոչ միայն ամբողջությամբ կատարել ենք պետական-սոցիալական պարտավորությունները 2010թ. ընթացքում, այլև 15.6 տոկոսով ավելացրել ենք սոցիալական նպաստները և նաև նոյեմբերի 1-ից` 11 տոկոսով ավելացրել կենսաթոշակները: Հայրենական պատերազմի 2416 վետերաններ կառավարության որոշման շնորհիվ ստացան 545 մլն դրամի չափով Խնայբանկում իրենց կուտակած ավանդները:
Կրթության և գիտության ոլորտում 41 համայնքներում նախադպրոցական տարիքի երեխաների համար հիմնել ենք նախակրթական օջախներ, ձևավորել ենք 43 ավագ դպրոց` ավագ դպրոցների ընդհանուր թիվը հասցնելով 91-ի, թողարկվել է 37 անուն դասագիրք, 12 անուն ուսուցչի ձեռնարկ, 12 անուն բուհական դասագիրք և ուսումնական այլ ձեռնարկներ: Ուրախալի է, որ հանրակրթական դպրոցների աշակերտները մասնակցել են միջազգային 7 օլիմպիադաների և արժանացել 7 մեդալների: Միջպետական պայմանագրերով այս տարի 296 ուսանողներ «Լույս» հիմնադրամի ֆինանսավորման շնորհիվ հնարավորություն ունեն կրթություն ստանալ արտասահմանյան կրթօջախներում, ընդ որում` ևս 76 ուսանողներ աշխարհի լավագույն 10 համալսարաններում: Առաջին անգամ Վրաստանի կրթության և գիտության նախարարության հետ համատեղ վերապատրաստվել է 100 հայ ուսուցիչ: Ինտերնետը հասանելի է դարձել ևս 300 դպրոցում, ընդհանուր ինտերնետ հասանելիությունը հասել է շուրջ 1000 դպրոցների, և 2011թ. ՀՀ բոլոր դպրոցները պետք է ապահովենք ինտերնետով: Քաղաքացիական ավիացիայի ոլորտում 2009թ. համեմատությամբ ունենք ուղևորների թվի ավելացում մոտ 11 տոկոսով: Կարևոր է նաև, որ Շիրակի օդանավակայանում ուղևորափոխադրումներն ավելացել են 2.3 անգամ: Լուրջ ձեռքբերումներ ենք ունեցել մշակույթի ոլորտում: Ես կուզենայի անդրադառնալ միայն նրան, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը հռչակվել է 2012թ. գրքի համաշխարհային մայրաքաղաք, նաև նշել, որ խաչքարի խորհուրդը և խաչքարագործությունը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկ:
Տարվա նշանակալից իրադարձություններից մեկն էր նախագահի բարձր հովանու ներքո Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի կողմից ցուցադրված «Աիդա» օպերայի պրեմերիան: Մշակութային լրջագույն իրադարձություն էր նաև Մինաս Ավետիսյանի 2 որմնանկարների տեղադրումը ՀՀ կառավարության շենքում, որն ունենալու է շարունակականություն, որովհետև մասնավոր հատվածից ստացել ենք հայտեր, որ նրանք նույնպես ցանկություն ունեն իրենց լուման ներդնել Մինասի ժառանգության պահպանության գործում:
Ձեռքբերումները նշանակալի են եղել ընդհանուր ֆինանսական հատվածում: Կարևոր է, որ բանկային համակարգը տարին ավարտել է 30 մլրդ դրամ շահույթով` ի համեմատություն 2009թ. 8 մլրդ դրամ շահույթի ծավալի: Սա նշանակում է, որ ֆինանսական համակարգը 2011թ. ունենալու է կայունացնող լուրջ պաշար: Չափազանց կարևոր է, որ 2010թ. ընթացքում վարկային տոկոսադրույքները Հայաստանի Հանրապետությունում նվազել են, և վարկերը դարձել են հասանելի մեր տնտեսվարողների համար: Ընդհանուր առմամբ վարկավորման ծավալներն ավելացել են շուրջ 138 մլրդ դրամով` 2009 թ. հետ համեմատած, և սա նշանակում է, որ տնտեսվարող սուբյեկտները 2011 թ. ունենալու են բացառիկ հնարավորություններ` օգտվելու վարկային միջոցներից: Բանկերն ունեն բավարար ֆինանսական միջոցներ, և տոկոսադրույքներն էլ լինելու են ավելի ցածր, քան 2010 թ. ընթացքում:
Եթե անդրադառնանք մակրոտնտեսական ցուցանիշներին, ապա պետք է նշենք, որ մենք ամբողջությամբ կատարել ենք պետական բյուջեի ցուցանիշները, ունենք գերակատարում եկամտային մասով, ունենք տնտեսումներ ծախսային մասով, բյուջեի դեֆիցիտը լինելու է ծրագրվածից ավելի ցածր, 30 մլրդ դրամ առնվազն միասնական հաշվի մնացորդն է լինելու տարվա վերջին, և շուրջ 46 մլրդ դրամ մենք ունենալու ենք Կենտրոնական բանկում` մեր Կայունացման հիմնադրամում: Եվ այս պաշարները, որ մենք կուտակել ենք 2010թ. ընթացքում, ստեղծելու են բարենպաստ մակրոմիջավայր, որպեսզի մենք սահուն իրականացնենք 2011թ. բյուջետային ծախսերը: Սա լավ նախադրյալ է, որպեսզի 2011թ. կատարողականը մենք կարողանանք ապահովել:
Ընդհանուր առմամբ 2010թ. բավական լարված և բարդ տարի էր, և 2011թ. նույնպես լինելու է բարդ տարի, որովհետև, ի տարբերություն 2010թ., ծրագրել ենք 4.6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշ, իսկ հաշվի առնելով այն հանգամանքը, որ բնակլիմայական պայմանները բարենպաստ չեն գյուղատնտեսության համար, ապա հիմնական շեշտադրումը լինելու է այն ոլորտների վրա, որ ես թվարկեցի. դա արդյունաբերությունն է, ենթակառուցվածքային ոլորտն է, տուրիզմի բնագավառն է, ժամանակակից տեխնոլոգիաների, տեղեկատվական տեխնոլոգիայի ոլորտն է, և այդ ոլորտներում նոր ներդրումները, բնականաբար, ապահովելու են նաև մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի ավելի բարձր մակարդակ:
Այսօր մենք կանդրադառնանք այն խնդիրներին, որոնք մեզ չի հաջողվել լուծել 2010թ. ընթացքում: Կփորձենք հասկանալ պատճառները և նաև, թե ինչ լրացուցիչ ջանքեր պետք է գործադրենք, որպեսզի 2011թ. մեր գերակա խնդիրները, որ հաստատել ենք 2011թ. համար, դառնան իրականություն:
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ