Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 մայիսի 2010

Կառավարության հակաճգնաժամային ծրագիրն արդյունք է տալիս




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ նա դիմել է կառավարության անդամներին (վարչապետ Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը ներկայացվել է առանձին)։
Այնուհետև հաստատվել է նիստի օրակարգը, և կառավարությունն անցել է նախագծերի քննարկմանը։
ՀՀ օրենսդրությանը համապատասխան գործադիրը Լիդա Նանյանին ազատել է Շիրակի մարզպետի պաշտոնից։ Մեկ այլ որոշմամբ Շիրակի մարզպետ է նշանակվել Աշոտ Գիզիրյանը։ Շնորհավորելով և բեղմնավոր աշխատանք մաղթելով նրան, վարչապետ Տիգրան Սարգսյանը հակիրճ բնութագրել է այն խնդիրները, որոնք դրված են մարզի առջև։ Մասնավորապես, մարզում ծավալվել է բնակելի շինարարություն, որի նպատակն է լուծել աղետի գոտու անօթևան բնակիչների բնակարանային հարցերը, ինչը նախատեսված է ՀՀ նախագահի նախընտրական ծրագրով։ Այժմ իրականացվում է մոտ 77 մլրդ դրամի շինարարական աշխատանք, որի հիմնական մասը` Շիրակի մարզում։


Ճոպանուղին շահագործման կհանձնվի նախատեսված ժամկետում


ՀՀ կառավարությունը որոշել է 80 մլն դրամ տրամադրել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` Տաթևի վանական համալիրի ճոպանուղու կառուցումը խոչընդոտող էլեկտրահաղորդման վեց հենասյուները տեղափոխելու նպատակով։ Նշելով հարցի հրատապությունը, վարչապետը հիշեցրել է, որ աշխարհի ամենաերկար այդ ճոպանուղին բացվելու է ընթացիկ տարվա հոկտեմբերի 16-ին։
Գործադիրը ՀՀ ԿԱ քաղավիացիայի գլխավոր վարչության պետին լիազորել է կառավարության անունից ստորագրելու ՀՀ կառավարության, «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ի, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի, Ներդրումների և զարգացման գերմանական ընկերության և Ասիական զարգացման բանկի միջև կնքվող ուղղակի պայմանագիրը, որի համաձայն վարկավորվելու է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի ուղևորային նոր համալիրի երկրորդ փուլի շինարարությունը։
Կառավարությունն ընդունել է «Շիրակի հանրային հեռուստառադիո» ՓԲԸ գույք հանձնելու և Գյումրու քաղաքային համայնքին գույք նվիրաբերելու, իր նախկին որոշումներից մեկը ուժը կորցրած ճանաչելու որոշումը, որով հնարավորություն կստեղծվի Շահումյանի անվան զբոսայգում գտնվող պատմության և մշակույթի հուշարձան հանդիսացող շենքը դարձնել թատերահամերգային գործունեության իրականացման կենտրոն։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը Ապարանի զինկոմիսարիատի աշխատանքի պայմանները բարելավելու նպատակով նրան է հանձնել ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության «Արագածի մարզային փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ին պատկանող Ապարանի Բաղրամյան փողոցի վրա գտնվող շենքը և շինությունները։
Կառավարությունը որոշել է Հանրապետության առաջիկա տոնին նվիրված հանդիսությունն իրականացնելու նպատակով «Սարդարապատի հուշահամալիր, Հայաստանի ազգագրության և ազգային ազատագրական պայքարի պետական թանգարան» ՊՈԱԿ-ին տրամադրելու համար ՀՀ պաշտպանության նախարարությանը հատկացնել 6,000.0 հազար դրամ։
Գործադիրն ընդունել է «Ատոմէներգասեյսմանախագիծ» ՓԲԸ կանոնադրական կապիտալը նվազեցնելու և ընկերությունը վերակազմակերպելու որոշում։ Նկատի առնելով այն հանգամանքը, որ վերջին երեք տարում էապես վատթարացել է ընկերության ֆինանսական վիճակը, մինչդեռ այն գիտահետազոտական աշխատանք կատարելու ներուժով կարող է զգալի դեր խաղալ ՀԱԷԿ-ի նոր էներգաբլոկի շինարարության ծրագրի սեյսմիկ վտանգի գնահատման խնդրում, ՓԲԸ-ն միացվել է ֆինանսական կայուն վիճակ և պայմանագրային պորտֆել ունեցող «Էներգետիկայի գիտահետազոտական ինստիտուտ» ՓԲԸ-ին։ Ակնկալվում է, որ միացման շնորհիվ ավելի արդյունավետ կտնօրինվեն այդ ընկերությունների հնարավորությունն ու ներուժը։
«ՀՀ 2010 թ. պետբյուջեի մասին» ՀՀ օրենքի տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացումն ապահովելու համար գործադիրը որոշել է Ճապոնիայի կառավարության պաշտոնական օգնության շրջանակում իրականացվող «Պարենային արտադրության աճ» 2 KR ծրագրի իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցները համալրել 120.0 մլն դրամով` ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից նախորդ տարիներին ներկրված և տարաժամկետ վճարման պայմանով հատկացված տոհմային երինջների իրացումից կենտրոնական գանձապետարանի հատուկ հաշվում կուտակված միջոցներից։
Կառավարությունը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում, ինչի շնորհիվ «Գյումրու Նանսենի անվան երեխաների խնամքի և պաշտպանության N2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը կկազմակերպի ոչ միայն միակողմանի և երկկողմանի ծնողազուրկ, այլև անապահով ընտանիքների երեխաների խնամքն ու դաստիարակությունը։
Փոփոխություններ և լրացում կատարելով իր մեկ այլ որոշման մեջ` գործադիրը դրանով իսկ հստակեցրել է միջազգային պայմանագրերով սահմանված կարգով դատապարտյալի փոխանցման ծախսերը փոխհատուցելու, քրեակատարողական հիմնարկներն անվտանգության ժամանակակից տեխնոլոգիաներով վերազինելու և քրեակատարողական ծառայության ծառայողների ու կենսաթոշակառուների սոցիալական ապահովումը բարելավելու հարցերը։ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի համար տարածք ձեռք բերելու և նախագծանախահաշվային փաստաթղթերը կազմելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացվել է 80,280.0 հազար դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այստեղ սկսվում է մեծածավալ աշխատանք։
Հեռուստառադիոընկերությունների կողմից հեռարձակվող ծրագրերի ուղղակի դիտարկումներ անցկացնելու նպատակով կառավարությունը Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովին է հատկացրել 6000.0 հազար դրամ։
Լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` գործադիրը կարգավորել է համայնքներին սուբվենցիա տրամադրելու գործընթացը յուրաքանչյուր տարվա պետբյուջեում։
 

 

Կառավարությունը հաստատել է և սահմանել


Գործադիրը ՀՀ նախարարներին, ԿԱ պետկառավարման մարմինների ղեկավարներին, մարզպետներին, պետական այլ մարմինների ղեկավարներին հանձնարարել, Երևանի քաղաքապետին և ՀՀ համայնքների ղեկավարներին առաջարկել է ի գիտություն ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության` ՀՀ պետբյուջեի նկատմամբ հսկողության 2009 թ. տարեկան արդյունքների հաշվետվությունը, ձեռնարկել խախտումները, թերությունները վերացնելու և հետագայում բացառելու միջոցներ, համապատասխան մարմիններում ապահովել ներքին աուդիտի համակարգի առկայությունը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը դրական է համարել այն փաստը, որ ստուգում իրականացնողների աշխատանքի արդյունավետությունը մեծացել է, ուստի նրանցից լավագույնները պետք է պարգևատրվեն։ Միևնույն ժամանակ խստագույն պատիժ պետք է կրեն այն պաշտոնյաները, ովքեր չարաշահում են իրենց դիրքը։
Իր նիստում կառավարությունը հաստատել է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի խթանման ծառայությունների 2010 թ. ծրագիրը և միջոցառումների ցանկը, «Հասարակությանը և բնապահպանական կազմակերպություններին նոր միջուկային էներգաբլոկ(ներ)ի կառուցման ծրագրի իրականացման աշխատանքի ընթացքի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու» կարգը, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի 2010-2011 թթ. ուսումնական տարվա մագիստրատուրայի ընդունելության 38 տեղ` նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առանց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքի։
Կառավարության որոշմամբ ստեղծվել է միջգերատեսչական տեխնիկական հանձնաժողով և հաստատվել դրա կազմը։ Հանձնաժողովի խնդիրն է մշակել «Քիմիական արտադրանքի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի նախագիծը և մինչև 2011 թ. սեպտեմբերի 1-ը այն ներկայացնել ՀՀ կառավարության քննարկմանը։
ՀՀ կառավարությունը որոշել է «Արբուն» բառը սահմանել որպես բրենդիի ապրանքային անվանում, այդ որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող հինգ տարիների ընթացքում արտադրանքի մակնշվածքում թույլատրել «Բրենդի» և «Արբուն» ապրանքային անվանումների զուգահեռ գործածությունը։ ՀՀ վարչապետը նշել է, որ սույն որոշումն ընդունվում է մասնագիտացված բոլոր կազմակերպությունների, շահագրգիռ կողմերի քննարկման արդյունքում։
Գործադիրը հավանություն է տվել հանրակրթության ոլորտի ուսումնական գործընթացում «Լոգո» համակարգչային միջավայրի ներդրման և համակարգչային գրագիտության ուսուցման և թեստավորման «Ուսում-2» համակարգի ներդրման ծրագրերին և դրանց իրականացման միջոցառումների ցանկերին և ժամանակացույցերին։
Կառավարությունը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության Հրազդան քաղաքի Երևան-Սևան մայրուղու աջ հատվածում գտնվող «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ից առանձնացված անշարժ գույքը և Գյումրի քաղաքի Գերցենի փողոցի N 3 հասցեում գտնվող անգարը օտարել դասական աճուրդով։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարության գանձապետարանի իրենց սպասարկող ստորաբաժանումներում դեպոզիտային հաշիվներ բացելու թույլտվություն են ստացել ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկները։
Գործադիրն իր որոշմամբ համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Եվրոպական համայնքների հանձնաժողովի միջև (Միջուկային անվտանգության 2008թ. գործողությունների ծրագիր – 2-րդ մաս) ֆինանսական համաձայնագրի N 1 լրացում» համաձայնագրի կնքման առաջարկությանը։

 


Օրենքների նախագծեր


Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրինագծին, որով առաջարկվում է սահմանել Ընտանիքի օր և այն, որպես տոն, նշել ամեն տարվա մայիսի 15-ին։
Գործադիրը, սկզբունքային առարկություն չունենալով ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին, արել է մի քանի խմբագրական առաջարկություն։ Օրենքի ընդունումը թելադրված է այդ փաստաթղթում տեղ գտած ներքին հակասությունները վերացնելու, ինչպես նաև վերահսկիչ պալատի խորհրդի իրավասությունները և պալատի գործունեության տարեկան ծրագրի բովանդակությունը հստակեցնելու անհրաժեշտությամբ։
ՀՀ կառավարությունը քննության է առել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հաստատագրված արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Դրա ընդունումը հեղինակները պայմանավորում են գործունեության առանձին տեսակներով զբաղվող անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի համար հարկային պարզեցված ընթացակարգեր ամրագրելու, հարկային վարչարարությունը դյուրացնելու անհրաժեշտությամբ։ Կառավարությունը, սակայն, նպատակահարմար չի համարում նախագծի ընդունումը ներկայացված տեսքով։ Բացասական եզրակացություն է ստացել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հայոց ցեղասպանության համընդհանուր ճանաչման և դատապարտման պետական քաղաքականության հիմնադրույթների մասին» ՀՀ օրենքի նախագիծը, քանի որ ՀՀ գործող օրենսդրությունը լիովին արտահայտում է այս ոլորտում Հայաստանի պետական քաղաքականությունը։
Քննարկելով ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ զինված ուժերի կայազորային և պահակային ծառայությունների կանոնագիրքը հաստատելու մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է շուրջօրյա պատվո պահակախումբ նշանակել Մեծ եղեռնի հուշահամալիրի հավերժական կրակի մոտ, կառավարությունը դեմ է արտահայտվել օրինագծին` պատճառաբանելով, որ պատվո մշտական պահակախմբի նշանակումն ընդունված չէ միջազգային պրակտիկայում։
Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով։


Այլ հարցեր


Կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցված համարել Վայոց ձորի մարզի Խաչիկի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները, նշանակել և անցկացնել համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն, ֆինանսավորել ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը։
Գործադիրը որոշել է երեք տարի գործողության ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի պահպանման արտոնագիր տալ Երևանի «Առիթմոլոգիական սրտաբանական կենտրոն» ՍՊԸ-ին, «Աբովյանի բժշկական կենտրոն», «Դիլիջանի բժշկական կենտրոն», «Մասիս» օրթոպեդիկ հիվանդանոց» ՓԲԸ-ներին։
ՀՀ կառավարությունը Վահե Էլոյանին ազատել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնից։

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ