Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 12 նոյեմբերի 2008

ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանի ելույթը ՀՀ Ազգային Ժողովում ՀՀ 2009թ.-ի պետական բյուջեի նախագծի ներկայացման կապակցությամբ

ՀՀ Ազգային Ժողովի հարգելի նախագահ,

Հարգելի պատգամավորներ,

ՀՀ կառավարությունը, ՀՀ Սահմանադրության 90-րդ հոդվածին համապատասխան, ՀՀ Ազգային Ժողովի քննարկմանն է ներկայացրել ՀՀ 2009թ.-ի պետական բյուջեի նախագիծը: Նախագծի համար ուղենշային փաստաթուղթ է հանդիսացել ընթացիկ տարում Ազգային ժողովի հավանությանն արժանացած կառավարության ծրագիրը, որը մշակվել է` հաշվի առնելով ՀՀ ազգային անվտանգության ռազմավարության և աղքատության նվազեցման ռազմավարական ծրագրի դրույթները, ինչպես նաև ՀՀ նախագահի ու քաղաքական կոալիցիայի մեջ մտած կուսակցությունների նախընտրական ծրագրերի և քաղաքական կոալիցիայի համաձայնագրի հիմնական դրույթները:

Ես արդեն առիթ ունեցել եմ ձեզ ներկայացնելու բյուջեի հիմնական տրամաբանությունը և սկզբունքները, ինչպես նաև այս ամբիոնից անդրադառնալու` ֆինանսական ճգնաժամի հաղթահարման չորս կարևոր գործոններին: Այսօր ուզում եմ հանգամանորեն կանգ առնել մեր տնտեսական քաղաքականության որոշ սկզբունքային դրույթների վրա, որոնք խիստ արդիական են գլոբալ ֆինանսական և տնտեսական ճգնաժամի պայմաններում:

ԳԼՈԲԱԼ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ և ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ

Համաշխարհային ֆինանսական ճգնաժամը դրսևորվում է ֆինանսական ակտիվների կտրուկ վատթարացմամբ, իրացվելի միջոցների, ֆինանսական հաստատությունների կապիտալիզացիայի մակարդակի նվազմամբ, վստահության իսպառ բացակայությամբ: Զարգացած երկրներում հարյուրավոր խոշորագույն ընկերությունների սնանկացումը, ֆինանսական շուկաների աշխատանքի խաթարումը էապես փոխում են շուկայի մասնակիցների վարքագիծը:

Հիմնական գլոբալ խաղացող` Միացյալ Նահանգների տնտեսության մեջ առաջին անգամ նկատվեց ներդրումների զուտ ներհոսք` արձանագրելով դոլարային էքսպանսիայի ավարտը: Սա իր հերթին բերում է ճգնաժամի խորացմանը` աշխարհի գրեթե բոլոր զարգացած ֆինանսական շուկաներում և զարգացող երկրներին զրկում է օտարերկրյա կարճաժամկետ ֆինանսական միջոցներից:

Հիփոթեքային շուկայում ձևավորված ֆինանսական փուչիկները, որոնք սնուցվում էին անկատար, արհեստականորեն բարդացված ֆինանսական համակարգից, պայթեցին՝ բացահայտելով ֆինանսական և իրական հատվածի միջև էական շեղվածությունը: Ֆինանսական հատվածը արժեթղթերի շուկայի միջոցով պարտադրեց համապատասխան ճշգրտումներ կատարել իրական (կորպորատիվ) հատվածում: Սա էլ հանդիսացավ ֆինանսական ճգնաժամի հիմնական բարութը՝ պայթեցնելով իրական հատվածը: Միևնույն ժամանակ բացահայտվեց գլոբալ ֆինանսական և տնտեսական համակարգերի կառավարման, կարգավորման և վերահսկողության անկատարությունը:

Դեռևս մենք ականատես ենք կարճաժամկետ միջոցառումների և միջամտությունների, որոնց նպատակն է հանգցնել կրակը: Այսօր G-7, G-8, G-20-ը, Արժույթի միջազգային հիմնադրամը, Համաշխարհային Բանկը և այլ գլոբալ սուբյեկտները տարբեր ֆորմատներով քննարկում են նոր ձևավորվող աշխարհին համահունչ կառավարման նոր ինստիտուտների և նոր մեխանիզմների ստեղծման հարցը:

Որո՞նք են գլոբալ ճգնաժամի առաջին դասերը:

- ֆինանսական հատվածում խիստ վերահսկողություն և ռիսկերի բացահայտման ունիվերսալ գործիքների առկայության անհրաժեշտություն,

- թափանցիկության կանոնների պահպանում, այդ թվում խոշոր ձեռնարկությունների գործունեության թափանցիկության և հասարակության կողմից վերահսկողության ապահովում,

- պատժամիջոցների համարժեքությունը` հնարավոր ռիսկերի դրսևորմանը,

- Իրական հատվածում և ֆինանսական հատվածում ռիսկերի բացահայտման միասնական մեթոդաբանության մշակում,

- վերահսկող մարմինների համախմբվածության անհրաժեշտություն,

- դրամավարկային և հարկաբյուջետային քաղաքականությունների համակարգման նոր սկզբունքների մշակում,

- մակրոտնտեսական կայունության խաթարման անթույլատրելիություն,

- և ամենակարևորը` սոցիալական համերաշխության և վստահության մթնոլորտի ապահովում:

Եվ այսպես, գլոբալ ֆինանսական ճգնաժամը հանգեցրել է՝

ա. կարճաժամկետ ֆինանսական միջոցների լայնածավալ արտահոսքի,

բ. զարգացող երկներում ներդրումային ծրագրերի կրճատմանը և հետաձգմանը,

գ. շուկայի մասնակիցների միջև վստահության կորստին:

Գլոբալ տնտեսական ճգնաժամը հանգեցնում է՝

ա. համաշխարհային ՀՆԱ-ի աճի տեմպերի նվազմանը,

բ. Աշխատատեղերի կրճատմանը և գործազրկության աճին,

գ. համաշխարհային շուկաներում հումքի և որոշ ապրանքների գների նվազմանը:

ՀՀ Կենտրոնական Բանկի հետ համատեղ ձեռնարկված միջոցառումները հնարավորություն տվեցին մեզ դիմակայել համաշխարհային ֆինանսական ճգնաժամի առաջին ալիքին: Այսօր մեր առջև խնդիր է` դիմակայել համաշխարհային տնտեսական ճգնաժամի նոր ալիքներին:

 ՌԻՍԿԵՐԸ

Համաշխարհային տնտեսական ճգնաժամը ստեղծում է Հայաստանի համար հետևյալ հիմնական ռիսկերը՝

- մասնավոր ուղղակի ներդրումների նվազում և հետաձգում,

- մասնավոր տրասնֆերտների կրճատում,

- հանքահումքային արդյունաբերության ժամանակավոր սառեցում` մինչև հումքի գների բարձրացումը,

- շինարարության ոլորտում որոշ ներդրումային ծրագրերի հետաձգում և ներդրումների կրճատում:

Որպես հետևանք կարող է ի հայտ գալ՝

- սպառման ծավալների կրճատում,

- վճարային հաշվեկշռի վատթարացում,

- վարկատուների բացասական սպասումների ձևավորում:

Միջազգային փորձը ցույց է տալիս, որ այս պայմաններում ի հայտ է գալիս մի նոր երևույթ. շուկայի մասնակիցների մոտ ժամանակավոր դժվարությունները ինքնուրույնաբար հաղթահարելու ցանկությունը հանգեցնում է ստվերի խորացման հնարավորությունների և կոռուպցիոն ռիսկերի ավելացմանը:

Հասկանալի է, որ թվարկված բոլոր ռիսկերը ուղղակիորեն առնչվում են ՀՀ ազգային անվտանգության ռազմավարությանը:

Այս իրավիճակում կառավարության ջանքերն ուղղված են լինելու.

ա. մակրոտնտեսական կայունության ապահովմանը,

բ. ֆինանսական հատվածի կայունության ապահովմանը,

գ. ծրագրավորված տնտեսական աճը ապահովելու համար` լրացուցիչ խթանների բացահայտմանը և ներդրմանը, որոնք

- կընդլայնեն սպառումը,

- կխթանեն տեղական արդյունաբերությունը,

- կտրուկ կավելացնեն արտահանումը,

- կբարելավեն վճարային հաշվեկշիռը:

ԻՆՉՊԵՍ ՀԱՍՆԵԼ ԱՅՍ ՆՊԱՏԱԿՆԵՐԻՆ

Համաշխարհային ֆինանսական և տնտեսական ճգնաժամն, ասես յուրահատուկ ինքնակարգավորման մեխանիզմ է, այդ թվում նաև` զարգացած և զարգացող երկրների միջև առկա ահռելի ճեղքը հարթելու միջոց: Ստեղծելով բարդություններ` այն միևնույն ժամանակ էապես ընդլայնում է զարգացող երկրների հնարավորությունները, բացահայտում է նրանց մրցակցային առավելությունները:

Այս պայմաններում պետության նախաձեռնողական դերը տնտեսական գործընթացներում զգալիորեն բարձրանալու է:

Տնտեսական աճին էապես խթանելու է հանրապետության նախագահի կողմից հայտարարված` պետական-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո համահայկական ծրագրերի իրականացումը` այդ թվում նոր ատոմակայանի և Իրան-Հայաստան երկաթգծի կառուցումը, Համահայկական բանկի և ներդրումային, հիփոթեքային հիմնադրամների ստեղծումը:

Ռեալ և պոտենցիալ ՀՆԱ-ների միջև շեղվածությունը առաջ է բերում դեֆլյացիոն միտումներ, ինչը ստեղծում է բարենպաստ պայմաններ ընդլայնողական քաղաքականություն իրականացնելու համար: Հայաստանում, գների էլաստիկության ցածր մակարդակի պայմաններում, էապես կարևորվելու է ՀՀ տնտեսական մրցակցության պաշպանության պետական հանձնաժողովի դերը: Մասնավորապես` համաշխարհային և ներքին շուկաներում ձևավորված գների միջև անհիմն շեղվածության վերացման գործում, գերիշխող դիրքի չարաշահումների բացառման ուղղությամբ և այլն: Մենք պատրաստ ենք աջակցելու ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ցանկացած նախաձեռնություն:

Բացի ձեզ ներկայացված` պետական բյուջեով նախատեսված միջոցառումներից, վերոնշյալ նպատակներին հասնելու և գլոբալ ճգնաժամի ազդեցությունները մեղմելու համար կառավարությունը ձեռնարկելու է հետևյալ լրացուցիչ միջոցառումները՝

1. Իրական հատվածի զարգացումը խթանելու նպատակով կառավարությունը աջակցելու է գործող և նոր ստեղծվող ձեռնարկություններին` խրախուսելով մրցունակության բարձրացումը և նոր աշխատատեղերի ստեղծումը: Դա ենթադրում է.

- ֆինանսական միջոցների ներգրավման համար պետական երաշխիքների տրամադրում,

- սուբսիդավորման գործիքների կիրառում,

 - կառավարության կողմից սահմանված չափանիշներին համապատասխանող ձեռնարկությունների կապիտալում պետության մասնակցություն:

Ստվերային և կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու նպատակով խոշոր, 500 միլիոնից ավելի ակտիվներ կամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար ներդրվելու է պարտադիր աուդիտորական հաշվետվության ինստիտուտ:

2. Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացումը խթանելու նպատակով ձեռնարկվելու են՝

- մեծածավալ վարկային միջոցների հասանելիության ապահովում ՀԲ, ԵԲ, Ասիական Բանկի օժանդակությամբ (Բանակցություններն այս առումով կավարտվեն դեկտեմբեր ամսվա ընթացքում և շուրջ 350 մլն դոլարի վարկային ռեսուրսներ կհայթայթվեն այս նպատակին հասնելու համար):

- հարկային վարչարարության էական պարզեցում: Մասնավորապես, մինչև 100 միլիոն դրամ շրջանառություն ունեցող ձեռնարկությունների համար հաշվապահական հաշվառման վարման պարտադիր կանոնի վերացում և պարզեցված հարկային հաշվետվությունների ներդրում:

3. Կառավարությունն աջակցելու է բիզնես ծրագրերի մշակմանը և նախապատրաստմանը` հատկացնելով դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Վարչապետին կից ստեղծվելու է ինովացիոն նախագծերի հանձնաժողով, որի կողմից հայտարարվելու են բիզնես նախագծերի մրցույթներ:

4. Բիզնեսի համար առավել բարենպաստ միջավայր ձևավորելու նպատակով մեր միջազգային օդանավակայանում և Գյումրիում ազատ տնտեսական գոտիների հիմնում: Ազատ տնտեսական գոտիներ ստեղծելու նպատակով ԱՄՆ-ից մենք ստանալու ենք տեխնիկական օժանդակություն Գյումրի քաղաքում, իսկ օդանավակայանում արդեն իսկ համաձայնություն ենք ձեռք բերել կոնցեսիոների հետ` հայեցակարգի վերաբերյալ:

5. ԵՄ և ԱՄՆ հետ առևտրային պայմանագրերի կնքում, որոնք կստեղծեն բարենպաստ պայմաններ մեր արտահանողների համար (Պայմանավորվածությունները ձեռք են բերվել: Աշխատանքային խումբը գործուղվում է ԱՄՆ` նախապատրաստելու այս պայմանագիրը):

6. Պետական գնումների իրականացման ժամանակ, այլ հավասար պայմանների դեպքում, նախապատվությունը տրվելու է հայկական ապրանքներ և ծառայություններ մատակարարողներին:

7. Հազարավոր մեր հայրենակիցներ ԱՊՀ երկրներում, որոնց հարվածեց ֆինանսական ճգնաժամը փնտրում են հուսալի ներդրումների և խնայողությունների պահպանման հնարավորություն: Մեր պարտքն է ուղղորդել նրանց և ստեղծել առավել նպաստավոր պայմաններ իրենց խնայողությունները հայկական բանկային համակարգում տեղաբաշխելու համար: Այսօր մեր բանկային համակարգը կայուն «նավահանգիստ է» խնայողությունների պահպանման համար: Դա համահունչ է մեր` ֆինանսական կենտրոն դառնալու ձգտումներին:

8. ՀԲ-ի հետ համատեղ լրացուցիչ միջոցառումներ են իրականացվելու պետական ռեզերվների կառավարման արդյունավետ համակարգի ներդրման ուղղությամբ: Այդ նույն ծրագրով մենք նպատակ ունենք ապահովել պարենային և ռազմավարական պահուստների պատշաճ մակարդակ:

Այս միջոցառումներն իրականցվելու են հստակ սահմանված կանոնների ներքո: Այդ կանոնները լինելու են հրապարակային, և ապահովվելու է հասարակական վերահսկողությունը ձեռնարկվող միջոցառումների նկատմամբ: Այս աշխատանքներում ներգրավված են լինելու լավագույն հայկական և միջազգային փորձագետները:

ՈՐՈ՞ՆՔ ԵՆ ԼԻՆԵԼՈՒ ՃՅՈՒՂԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

ՀՀ տնտեսության դիմադրողականության բարձրացման նպատակով իրականցվելու են հետևյալ լրացուցիչ միջոցառումները՝

- գյուղատնտեսությունում` պետություն-մասնավոր համագործակցության սկզբունքի ներքո նոր ներդրումային ծրագրերի իրականացում,

- տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման նոր խթանների ապահովում,

- շինարարության ոլորտում՝ աղետի գոտում 77 մլրդ դրամի (250 միլիոն դոլարի) շինարարության իրականացում, դպրոցաշինության մեջ լրացուցիչ ֆինանսական միջոցների ներդրում,

- Ճանապարհաշինության մեջ` նոր նախագծերի իրականացում: Այդ թվում` Ասիական Բանկի օժանդակությամբ Մեղրի-Բաթումի ավտոմայրուղու կառուցման նախաձեռնում:

- էներգետիկայի ոլորտում` ռեգիոնալ նշանակություն ունեցող նոր նախագծերի իրականացում:

 ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԱԽԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Սոցիալական ոլորտում նախատեսվում է`

1. սոցիալական բոլոր պարտավորությունների ժամանակին և ամբողջական ծավալով իրականացում,

2. հանրային աշխատանքների ծավալների կտրուկ ընդլայնում,

3. մատչելի բնակֆոնդի ձևավորում,

4. էժան հիփոթեքային համակարգի ձևավորում,

5. դեմոգրաֆիական ծրագրերի իրականացում:

Սրանք են այն լրացուցիչ միջոցառումները, որոնք մենք նախատեսել ենք իրականացնել: Անհրաժեշտ է նշել, որ այս միջոցառումները համահունչ են զարգացող երկրների մեծամասնության կողմից իրականացվող միջոցառումներին: Այս ծրագրերը իրականացնելու ենք ՀԲ և ԱՄՀ աջակցությամբ: Շուտով կավարտենք բանակցությունները ՀԲ-ի հետ մոտ 800 մլն դոլարի վարկային միջոցների ներգրավման շուրջ: Պարբերաբար մենք հաշվետվություն կներկայացնենք Ազգային Ժողովին այս միջոցառումների իրականացման վերաբերյալ, և անհրաժեշտության դեպքում հանդես կգանք նոր օրենսդրական նախաձեռնություններով:

Ամփոփելով պետք է նշեմ, որ 2009թ.-ի մեր սկզբունքներն են լինելու`

- Կարգ ու կանոն ամենուրեք,

- Հրապարակայնություն և հասարակական վերահսկողություն,

- Օպերատիվ և համալիր գործողություններ:

Մեր կարգախոսն է լինելու. «Գլոբալ մտածողությունից` կոնկրետ գործողությունների»:

Շնորհակալություն ուշադրության համար:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ