Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 10 դեկտեմբերի 2007





Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան հանդիպում է ունեցել Եվրամիության գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ:





Ողջունելով ՀՀ վարչապետի այցը Բրյուսել, Խավիեր Սոլանան նշել է, որ այն տեղի է ունենում ճիշտ ժամանակին, երբ Հայաստանում առաջիկայում սպասվում են նախագահական ընտրություններ: ԵՄ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ շատ առիթներ է ունեցել հանդիպելու նաև ՀՀ նախագահին, որի հետ ունի ջերմ հարաբերություններ, և քննարկելու ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Նա կարևորել է նաև գալիք նախագահական ընտրությունների միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը: Կարևոր համարելով այդ ընտրություններին ԵԱՀԿ ԺՄԻԿ-ի պատվիրակության մասնակցությունը ևս, ԵՄ գլխավոր քարտուղարը ՀՀ վարչապետից հետաքրքրվել է ընտրական գործընթացների վերաբերյալ:





ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նախ պարոն Սոլանային է փոխանցել ՀՀ նախագահի ողջույնները, նշելով, որ տեղյակ է նրանց միջև ջերմ հարաբերությունների մասին: Տեղեկացնելով, որ մինչ այժմ գործադիր իշխանությունում ղեկավարել է անվտանգության և պաշտպանության բնագավառները, նա ընդգծել է, որ ՀՀ վարչապետ նշանակվելուց հետո, կառավարության ղեկավարի դիտանկյունից նայելով ԵՄ-Հայաստան Գործողությունների ծրագրին, մեկ անգամ ևս համոզվել է, որ այդ ծրագրի տրամաբանությունը համընկնում է մեր երկրի զարգացման տրամաբանությանը` ոչ միայն արտաքին, այլև ներքին քաղաքականության առումով: Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի հիմնախնդիրներից մեկը հենց ընտրություններն են, երկրի ժողովրդավարացման գործընթացը, որը բխում է նախ և առաջ մեր երկրի ու ժողովրդի շահերից: «Մենք ձգտում ենք լավ ընտրություններ անցկացնել, որպեսզի դրանք այդպիսին գնահատվեն ոչ միայն ուրիշների կողմից, այլև հենց մեր երկրի ներսում»,- ասել է ՀՀ վարչապետը: Նա նշել է, որ այդ առումով մայիսին անցկացված խորհրդարանական ընտրությունները դրական գնահատականի են արժանացել, և Հայաստանը շահագրգռված է այդ հաջողությունը զարգացնել, այսինքն` ավելի լավ անցկացնել նախագահական ընտրությունները: Ըստ նրա, այսօր Հայաստանն ունի մի շարք դժվարագույն հիմնահարցեր` Լեռնային Ղարաբաղի հակամարտության, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, երկրորդ փուլի բարեփոխումների անցկացումը, նշելով, որ դրանք կարող է լուծել միայն միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների արդյունքում նախագահ դարձած անձը:





Համաձայնելով ՀՀ վարչապետի հետ` երկրի համար առաջիկա ընտրությունների կարևորության հարցում, Խավիեր Սոլանան հույս է հայտնել, որ դրանք կանցնեն բարձր մակարդակով: Նա նշել է, որ կցանկանար այդպիսի ընտրությունների անցկացման համար առաջարկել ԵՄ-ի աջակցությունը:





Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային խնդիրներին, այդ թվում` ԼՂ հակամարտության կարգավորման հարցին: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը շեշտել է, որ Հայաստանը ԼՂ հիմնախնդրի լուծումը տեսնում է միայն խաղաղ ճանապարհով կարգավորման մեջ: Ըստ նրա, չնայած Ադրբեջանի կողմից գնալով հաճախակի դարձող ռազմատենչ հայտարարություններին, դրա համար դեռևս մեծ հնարավորություններ կան, քանի որ, իր համոզմամբ, հակամարտության խաղաղ լուծումն այլընտրանք չունի: Խավիեր Սոլանան ևս անթույլատրելի է համարել հակամարտության ռազմական ճանապարհով լուծումը, շեշտելով, որ ԵՄ-ն թույլ չի տա իրադարձությունների այդ աստիճան վատթարացում: ՀՀ վարչապետն ընդգծել է, որ ունենալով նաև ԵՄ-ի աջակցությունը, Թուրքիայի հետ նույնպես կարելի է հարաբերությունները կարգավորել, որի համար, ըստ նրա, հայկական կողմն առաջարկում է երկուստեք դիվանագիտական հարաբերություններ հաստատել առանց նախապայմանների:





Խավիեր Սոլանան կարևոր է համարել, որպեսզի Հայաստանում առաջիկա ընտրությունները չլինեն այնպիսին, որ երկրի զարգացումն ու նաև ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացը հետընթաց ունենան:





Զրույցի ընթացքում ՀՀ վարչապետը խոսել է նաև մինչև 2016թ. ՀԱԷԿ-ի փակման խնդրի շուրջ, նշելով, որ ՀՀ կառավարությունն արդեն հաստատել է ատոմակայանը շահագործումից հանելու ժամանակացույցը, սակայն, ըստ նրա, դրա համար բավականին միջոցներ են պահանջվում: Սերժ Սարգսյանը տեղեկացրել է, որ ՀՀ կառավարությունն այդ նպատակով նաև համապատասխան հիմնադրամ է հիմնել և միջոցներ ներդրել, սակայն, Հայաստանը միայնակ ի վիճակի չի լինի այդ խնդիրը լուծել, և խնդրել է ԵՄ-ի աջակցությունն այդ հարցում: Խավիեր Սոլանան խոստացել է մտածել աջակցության հնարավորության շուրջ:





ԵՄ գլխավոր քարտուղարը նշել է, որ ընտրություններից հետո Հայաստանի հետ կշարունակվի աշխատանքը Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում Հայաստան-ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացման և երկկողմ հարաբերությունների շրջանակը ներառող մյուս հարցերի շուրջ:






Հանդիպման ավարտին Խավիեր Սոլանան հաջողություն է մաղթել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին և մեր երկրին:




 ԵՄ Գլխավոր քարտուղար Խավիեր Սոլանայի հետ ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հանդիպմանը հաջորդել է ԵՄ գիտության և հետազոտության հարցերով հանձնակատար Յանես Պոտոչնիկի հետ վարչապետի հանդիպումը: Պարոն Պոտոչնիկը նշել է, որ ուրախ է ՀՀ վարչապետի հետ գիտության զարգացման խնդիրները քննարկելու հնարավորության համար և տեղյակ է, որ գիտական ներուժի զարգացումը Հայաստանի համար առաջնային ուղղություններից է: Նա կարևոր է համարել, որ Եվրոպական հարևանության քաղաքականության և Շրջանակային ծրագրին համահունչ լինեն Հայաստանում իրականացվող գիտության բարեփոխումները:




Կողմերը համակարծիք էին, որ գիտելիքի վրա հիմնված տնտեսությունը ներկայում այլընտրանք չունի: ՀՀ վարչապետը, կարևորելով գիտության բնագավառում Հայաստան-ԵՄ հարաբերությունների խորացումը, առաջարկել է Հայաստանի առավել սերտ ներգրավվածություն ԵՄ գիտության և հետազոտությունների բնագավառի բոլոր ենթածրագրերում, եվրոպական խոշոր գիտական ծրագրերում հայ գիտնականների առավել ակտիվ մասնակցության խթանումը: Այս տեսանկյունից Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ընդգծել է գիտական մտքի «ապրանքայնացման» խնդիրը: Նշված գործընթացի խթանման համար կողմերը պայմանավորվել են հանձնակատարի հատուկ առաքելություն Հայաստան գործուղելու և Հայաստանում ձեռք բերված գիտական արդյունքների անկախ փորձաքննություն իրականացնելու վերաբերյալ:




«Մենք անպայման տարեցտարի և կտրուկ ավելացնելու ենք գիտության զարգացման, հետազոտությունների մեջ ներդրումները, և այս առումով համագործակցության արդյունքում եվրոպական չափանիշներին համապատասխան խորհրդատվությունն ու ուղղությունների որոշումը Հայաստանի համար կլինի անգնահատելի փորձագիտական եզրակացություն: Մեր երկրում գիտությունը զարգացման լավ հեռանկար ունի, որովհետև կա մարդկային մեծ ներուժ, կան ձեռքբերումներ, հաջողություններ, որոնք կարիք ունեն խթանման, և հուսով եմ, որ Դուք կլինեք դրա օժանդակողներից մեկը»,- նշել է վարչապետը` միաժամանակ ներկայացնելով գիտության զարգացման նպատակով վերջին շրջանում Հայաստանի կառավարության կողմից ձեռնարկված քայլերը:




Պարոն Պոտոչնիկը կարևորել է Հայաստանի գիտության զարգացման գործում հայկական սփյուռքի` աշխարհի տարբեր երկրներում գիտական լուրջ նվաճումներ արձանագրած մեր հայրենակիցների ներուժն առավելագույն արդյունավետությամբ օգտագործելու` ՀՀ վարչապետի հստակ նպատակադրումը:




ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը նույն օրը հանդիպել է նաև Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) նախագահ Վիլֆրիդ Մարտենսի հետ: Զրույցի ընթացքում կողմերը քննարկել են Հայաստանում ժողովրդավարության զարգացման ընթացքին, ձևավորված կուսակցական համակարգին, դրանում ՀՀԿ-ի ունեցած տեղին ու դերին, ԵԺԿ-ՀՀԿ համագործակցությանն առնչվող հարցեր: Անդրադարձ է եղել նաև տարածաշրջանային հիմնախնդիրներին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին, հարևան երկրների հետ հարաբերությունների ներկա վիճակին ու հեռանկարներին: Սերժ Սարգսյանը ԵԺԿ նախագահի հետ խոսել է նաև ԵՄ-ՀՀ համագործակցության և հարաբերությունների խորացման հեռանկարի, Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի մասին, պետական մակարդակով հարաբերությունների խորացմանը զուգընթաց երկուստեք կարևորվել է կուսակցությունների միջև համագործակցության զարգացումը: Կողմերը կանգ են առել ԵԺԿ-ում ՀՀԿ-ի դիտորդի կարգավիճակ ստանալու հարցում անհրաժեշտ քայլերի հերթականության և ժամանակացույցի հարցերին: Պարոն Մարտենսը նշել է, որ դիտորդի կարգավիճակ ստանալով` Հայաստանի հանրապետական կուսակցությունը հնարավորություն կունենա նաև դառնալու Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում ԵԺԿ-ի քաղաքական խմբի անդամ:




Վարչապետի հաջորդ հանդիպումը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հուպ Սխեֆերի հետ էր: «Կարող եմ առանց տատանվելու ասել, որ մենք լուրջ առաջընթաց ենք տեսել ՀՀ-ՆԱՏՕ հարաբերություններում, և ես պետք է անձամբ Ձեզ շնորհակալություն հայտնեմ Ձեր աջակցության և ջանքերի համար»,- հանդիպումն այս խոսքերով է սկսել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը: Ի պատասխան ՀՀ վարչապետը հավաստիացրել է, որ համագործակցության զարգացման նման բարձր տեմպն անպայման պահպանվելու է` առանձնահատուկ ուշադրություն դարձնելով Անհատական գործողությունների ծրագրի իրականացմանը, ինչպես նաև ընդլայնելով ՆԱՏՕ-ի մասնակցությամբ` միջազգային խաղաղապահ գործողություններում մեր երկրի ներգրավվածությունը: «Մենք մշտապես ասել ենք, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը հայկական կողմը գնահատում է որպես Հայաստանի բազմաշերտ անվտանգության համակարգի կարևոր բաղադրիչներից մեկը»,- նշել է ՀՀ վարչապետը:




Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման, միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման հարցերին: Յաապ դե Հուպ Սխեֆերն արձանագրել է, որ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումը կայանում է հետաքրքիր ժամանակահատվածում, երբ Հայաստանում սպասվում են նախագահական ընտրություններ: Նա հույս է հայտնել, որ նախագահական ընտրություններից հետո հնարավորություն կլինի կրկին անդրադառնալու Անհատական գործողությունների ծրագրին:




 ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանը հյուրընկալվելէ Բրյուսելի քաղաքապետ Ֆրեդ Թիելմանսին: Ի պատիվ ՀՀ վարչապետի քաղաքապետարանում կազմակերպված ընդունելությանը մասնակցում էին նաև Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները: Քաղաքապետ պարոն Թիելմանսի ողջույնի խոսքին ի պատասխան, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, Սերժ Սարգսյանը, մասնավորապես, ասել է.




«Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո սա իմ առաջին պաշտոնական այցն է Բելգիա` երկիր, որի հետ պահպանում ենք շատ սերտ հարաբերություններ և ձգտում ենք էլ ավելի խորացնել մեր բարեկամական կապերը, ավելացնել ջերմությունը մեր երկու ժողովուրդների միջև:




Պատահական չէ, որ Բելգիայի մայրաքաղաքում են տեղակայված միջազգային մեծ կշիռ ունեցող կազմակերպություններ, կառույցներ, ինչպիսիք են` Եվրոպական միությունը, Հյուսիս-Ատլանտյան դաշինքը, ավելին, Բրյուսելն ընտրվել է որպես ողջ Եվրոպայի մայրաքաղաք:




Հայաստանը վճռականորեն որդեգրել է եվրաինտեգրման քաղաքականությունը: Մեր երկրում իրականացվող բարեփոխումների ուղեցույցը զարգացման եվրոպական մոդելն է: Մենք առանձնահատուկ ուշադրություն ենք դարձնում տեղական ինքնակառավարման ոլորտի զարգացմանը, որը մեր երկրում ունի ընդամենը 12 տարվա պատմություն: Տեղական Ինքնակառավարման Եվրոպական Խարտիան Հայաստանի կողմից վավերացվել է 2002թ.: Եվ մենք անշուշտ շահագրգռված ենք ուսումնասիրելու ձեր անցած հարուստ ճանապարհը:




Բրյուսելն իրավամբ համարվում է Եվրոպայի ամենականաչ և աշխարհի ամենադինամիկ զարգացող մայրաքաղաքներից մեկը: Ձեր մայրաքաղաքը հայտնի է իր գեղեցկությամբ, մշակութային կյանքի աշխուժությամբ, բնակիչների համար հարմարավետ ենթակառուցվածքներով ու ներդաշնակ զարգացմամբ:




Վերջին տարիներին Հայաստանի մայրաքաղաքում ևս տեղի են ունենում փոփոխություններ: Մենք էլ ենք ցանկանում Երևանը դարձնել նրա բնակիչների համար շատ հարմարավետ, հմայիչ, ժամանակակից, երևանցիների և օտար այցելուների համար առավել հաճելի և գրավիչ:




Այս առումով ևս մեզ համար շատ ուսանելի է Բրյուսելի փորձը:




Մեր երկրների միջև համագործակցության կարևորագույն ուղղություններից կարող է լինել մեր երկու մայրաքաղաքների միջև ուղղակի համագործակցության հաստատումը: Հույս ունեմ, որ Երևանը և Բրյուսելը կբարեկամանան, որից կշահեն և՛ հայաստանցիները, և՛ բելգիացիները:




Ուրախ եմ, որ մեր հայրենակիցներն իրենց մասնակցությունն են բերում Բրյուսելի ակտիվ կյանքին: Ուրախ եմ, որ վերջերս բրյուսելյան հասարակության ջերմ ընդունելությանն արժանացավ բրյուսելյան բեմերից մեկում ցուցադրված Պապիե դ'Արմենի /Papiers d'Armenie -Հայկական թղթեր/ ներկայացումը` Կարոլին Սաֆարյանի բեմադրությամբ: Կրկին վերջերս Բրյուսելում, Եվրահանձնաժողովի կենտրոնակայանում ցուցադրվեց «Հայաստանի 12 մայրաքաղաքները» խորագրով ցուցահանդեսը, որը, իմ տեղեկություններով, այցելուների վրա լավ տպավորություններ է թողել :




Նշեմ, որ երկու տարի առաջ Հայաստանը մի փոքրիկ շենք է ձեռք բերել Բրյուսելում, իբրև դեսպանատուն, որտեղ տեղակայվել է ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունը:




Վերջապես, Բրյուսելում է գտնվում նաև բելգիահայերի հոգևոր կենտրոնը` Հայ առաքելական եկեղեցին, ինչպես նաև Հայոց ցեղասպանության նահատակների հիշատակը հավերժացնող խաչքարը:




Բելգիայի հայ համայնքը հայկական սփյուռքի կայացած և ինտեգրված համայնքներից է: Այս հարգելի մարդիկ, որ այստեղ ներկա են, արժանապատվորեն են ներկայացնում մեր ժողովուրդը և իրենց ավանդն ունեն Բելգիայի հասարակական, տնտեսական և մշակութային կյանքում: Նրանց ընտանիքներին ժամանակին ապաստան են տվել բելգիական իշխանությունները, հնարավորություն ընձեռել նրանց լավագույնս ինտեգրվելու բելգիական հասարակության մեջ և իրենց նպաստը բերելու երկրի տարբեր ոլորտների զարգացման գործին: Մեր հայրենակիցների նկատմամբ նման ջերմ վերաբերմունքի համար ես շնորհակալություն եմ հայտնում:







Պարո՛ն քաղաքապետ,




Օգտվելով առիթից, թույլ տվեք մեր յուրօրինակ նվերը հանձնել քաղաքապետարանին: Բելգիայում, ինչպես նաև նրա սահմաններից դուրս հայտնի և սիրված Տանտանի պատմություններից մեկը, բայց արդեն հայերեն թարգմանությամբ, որը հայ համայնքի ջանքերով լույս է տեսել վերջերս»:




Բրյուսելյան հագեցած օրակարգով այցի ընթացքում ՀՀ վարչապետը հասցրել է նաև հարցազրույցներ տալ հեղինակավոր` «Լա Ստամպա», «Լե Մոնդ» և «Ֆայնենշըլ Թայմս» պարբերականներին: Լրագրողներին առավելապես հետաքրքրել են ՀՀ կառավարության ղեկավարի մոտեցումները Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման, տարածաշրջանային համագործակցության, ԼՂ հակամարտության կարգավորման, Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունների, Հայոց ցեղասպանության, Հայաստանում սպասվող նախագահական ընտրությունների, Կոսովոյի հիմնախնդրի լուծման և բազմաթիվ այլ հարցերի վերաբերյալ:




 Դեկտեմբերի 11-ին ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը  կմեկնի Ստրասբուրգ, որտեղ նախատեսված են հանդիպումներ Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թերի Դևիսի, Եվրոպական խորհրդարանի նախագահ Հանս-Գերտ Փոթերինգի, Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովի նախագահ Յացեկ Սարյուշ-Վոլսկու, ԵՄ արտաքին կապերի հանձնակատար Բենիտա Ֆեռերո-Վալդների հետ:




 




 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ