Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 հուլիսի 2025

Տեղի է ունեցել Կառավարության հերթական նիստը










Այսօր տեղի է ունեցել ՀՀ Կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը:

Կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Եվրոպական ներդրումային բանկի միջև «Հայաստան - Դիմակայուն Սյունիք ծրագիր» ԿԶԵՀ+ Հատուկ ներդրումային պատուհան 1» ֆինանսական պայմանագրի ստորագրման առաջարկությանը:

Համաձայն Ֆինանսական համաձայնագրի՝ ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 50,000,000 եվրո վարկային միջոց, իսկ ՀՀ կառավարությունը պարտավորվում է համաֆինանսավորել հարկերը, տուրքերը, ծրագրի իրականացման հետ կապված գործառնական ծախսերը և մնացած այն ծախսերը, որոնք վարկային միջոցներից թույլատրելի չէ իրականացնել։ Ծրագրի Ֆինանսական համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ է նախատեսվում Ֆինանսական համաձայնագրի ստորագրման ամսաթվից հետո՝ 12 ամիս։ Ծրագրի ավարտի ժամկետ է նախատեսվում Ֆինանսական համաձայնագրի ուժի մեջ մտնելուց հետո 5 տարի։

Ծրագրի նպատակն է թիրախային աջակցություն տրամադրել Սյունիքում բազմաոլորտային ներդրումներ կատարելու միջոցով՝ անդրադառնալով վերջին հակամարտությունների հետևանքներին: Այն կներառի Սյունիքի մարզի տարբեր համայնքներ, որոնք զգալիորեն տուժել են պատերազմից` կենտրոնանալով այն համայնքների վրա, որոնք կա՛մ հյուրընկալում են տեղահանված մարդկանց, կա՛մ իրենք են վերականգնվում հակամարտության հետևանքով կրած վնասներից: Ծրագրի շրջանակում կապահովվի արդյունավետ տեխնիկական աջակցություն և կվերահսկվի ենթածրագրերի իրականացումն ու մոնիթորինգը, որոնք նպատակաուղղված կլինեն ենթակառուցվածքների բարելավմանը, մասնավորապես` ջրամատակարարման, առողջապահության և կրթության ոլորտներում՝ համայնքի դիմակայունությունը և տնտեսական վերականգնումը խթանելու համար:

Ծրագրի գործողությունների արդյունքում կբարելավի տնային տնտեսությունների և համայնքների կենսապահովման միջոցների և սոցիալական ծառայությունների (առողջապահություն, կրթություն և ջրամատակարարում) հասանելիությունը, ինչպես նաև զբաղվածության և տնտեսական գործունեության հնարավորությունները: Հակամարտության հետևանքով տեղահանված տնային տնտեսություններն ու փախստականներn ականատես կլինեն Սյունիքում ծառայությունների հասանելիության բարելավմանը, ավելի լավ առողջապահական ծառայությունների արդյունքներին, ինչպես նաև կենսապահովման հնարավորությունների բարելավմանը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն անդրադառնալով հարցին՝ նշել է, որ չնայած սա Եվրոպական ներդրումային բանկի հետ համատեղ երկար քննարկված և արդեն համաձայնության բերված մի նախաձեռնություն է, բայց սա ֆինանսավորման մասին չէ, այլ այն կարևորության, թե սա ինչ նշանակություն ունի Սյունիքում՝ հատկապես գյուղական բնակավայրերի սոցիալական ենթակառուցվածքների որակյալ վիճակի մասին: «Մենք առիթ ենք ունեցել բազմաթիվ քննարկումների, ուզում եմ նաև միանգամից ասել Եվրոպական ներդրումային բանկը միակը չէ, որ միացել է Կառավարության այս ուղղություններով իրականացվող կարևոր ներդրումային ծրագրերի իրականացմանը, նաև Ֆրանսիական զարգացման գործակալությունն այս նույն նախաձեռնության շրջանակներում գրեթե հաստատման աստիճանի է հասցրել լրացնող նշանակությամբ մի շարք անելիքներ, որոնք նույնպես վերաբերում են Սյունիքի տարբեր բնակավայրերում ոռոգման ենթակառուցվածքների բարելավման հարցերին: Սրանք, բոլորը հաշվի առնելով՝ նաև այն մեծածավալ աշխատանքը, որ Կառավարության կողմից տարվում է և՛ դպրոցական, և՛ նախադպրոցական հաստատությունների բարելավման ուղղությամբ, բազմաթիվ հանրակրթարաններ են կառուցվում, բազմաթիվ առողջապահական հաստատություններ են ներկայում կառուցվում և հիմնանորոգվում, նորոգվում, սրանք բոլորն այն նշանակությունն ունեն, որ մենք փորձում ենք կարճ ժամանակում հասցեագրել բոլոր այն հիմնական առկա հարցերը՝ խմելու, ոռոգման, դպրոցական, կրթական, նախադպրոցական և նաև առողջապահական հաստատությունների վիճակը բարելավելու համար», - նշել է փոխվարչապետը:

Առողջապահության նախարար Անահիտ Անդրեասյանը նշել է, որ մարդկային կապիտալի զարգացման համար թե՛ կրթական բաղադրիչով և թե՛ առողջապահական բաղադրիչով իսկապես մեծ ներդրումներ են իրականացվում բյուջետային միջոցներով, բայց այս ծրագրերը կոչված են համալրելու և շատ ավելի արագ տեմպով ամբողջացնելու այդ ենթակառուցվածքների վերափոխման գործընթացը: «Այս ծրագրերում ներառված են ինչպես գյուղական ամբուլատորիաների, այնպես էլ Կապանի, Գորիսի և նաև Սիսիանի որոշակի առողջապահական ենթակառուցվածքների վերակառուցումներ, կառուցումներ, սարքավորումներով հագեցումներ: Իհարկե մեզ համար ենթակառուցվածքների վերափոխումն առաջնային նշանակություն ունի, բայց պետք է շեշտադրեմ, որ այստեղ շատ կարևոր է նաև բովանդակության վերափոխումը, նաև այն ծառայությունները, որոնք ֆիզիկապես դարձնում են հասանելի հենց իրենց բնակավայրում, նաև ֆինանսական բեռի թեթևացումը և նաև հասանելիությունը: Այս բոլոր բաղադրիչների շարունակական համալրման արդյունքում է, որ մենք վստահ ենք, որ այն ներդրումը, որ իրականացնում է այսօր մեր Կառավարությունը՝ մարդկային կապիտալի զարգացման առումով, նաև տնտեսական պոտենցիալի շատ մեծ խթան է հանդիսանում հենց Սյունիքի մարզում»:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն անդրադառնալով ճանապարհաշինարարական ոլորտում մարզում իրականացվող աշխատանքներին՝ նշել է, որ Սյունիքի մարզում գործերն այս ուղղությամբ բավական լավ են, ներառյալ նաև «Հյուսիս-հարավի» Քաջարանից դեպի Ագարակ հատվածը, այնտեղ իրանական ընկերությունը բավական մեծ թափով աշխատանք է իրականացնում՝ համաժամանակյա և ճանապարհի կառուցման և թունելների կառուցման մասով: «Առաջին թունելի փորման աշխատանքներն ավարտված են, շուտով կմեկնարկեն նաև երկրորդ թունելի փորման աշխատանքները: Այդ հատվածում նախատեսված են ուղեանցեր, կամուրջներ կառուցել, բացի դրանից նաև տեղական ընկերությունների հետ համատեղ մի քանի խոշոր ծրագրեր ենք իրականացնում, մասնավորապես՝ Խնձորեսկ տանող ճանապարհը, առաջիկայում ասֆալտապատման արդեն պատրաստ կլինի Խոտ-Որոտան ճանապարհը, լայն թափով ընթանում են շինաշխատանքները նաև Ագարակից դեպի Նռնաձոր նոր կառուցվող ճանապարհի մասով», - նշել է նախարարը:

Հայաստանի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքի և «փափուկ» ներդրումների միջոցով կմեծացվի Հայաստանի զբոսաշրջության ներուժը

Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև «Հայաստանի զբոսաշրջության և մարզային ենթակառուցվածքների ծրագիր» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Ծրագրի նպատակն է բարելավել կլիմայակայուն ենթակառուցվածքների հասանելիությունը և ավելացնել ծրագրում ընդգրկված կլաստերների տեղական տնտեսություններում զբոսաշրջության ներդրումը։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 120,500,000 եվրո, որից 96,400,000 եվրոն վարկային միջոցներն են, իսկ 24,100,000 եվրո ՀՀ կառավարության համաֆինանսավորումը։ Ծրագրի վարկային համաձայնագրի ուժի մեջ մտնելու վերջնաժամկետ է նախատեսվում վարկային համաձայնագրի ստորագրման ամսաթվից հետո՝ 180 (հարյուր ութսուն) օր։ Ծրագրի ավարտի ժամկետ է սահմանվում 2030 թվականի օգոստոսի 31-ը, իսկ վարկային միջոցների մասհանման վերջնաժամկետ՝ ավարտման ժամկետից չորս ամիս հետո՝ 2030 թվականի դեկտեմբերի 31-ը։

Ծրագիրը Հայաստանի զբոսաշրջության ներուժը մեծացնելու նպատակ ունի՝ երկրի մի քանի մարզերում թիրախային ենթակառուցվածքի և «փափուկ» ներդրումների միջոցով։ Մասնավորապես, ծրագիրը կօժանդակի զբոսաշրջության առանձնացված կլաստերներից յոթին՝ խթանելով գինու, առողջարանային, արկածային, մշակութային, կրթական և էկոզբոսաշրջությունն Արարատի, Վայոց ձորի, Շիրակի, Տավուշի և Սյունիքի մարզերում։ Ծրագրի առանցքում կլինեն այս կլաստերների հետ զբոսաշրջիկների կապն ապահովելը և զբոսաշրջային վայրերի ենթակառուցվածքների բարելավմանն ուղղված ներդրումները։ Ծրագիրը նաև համահունչ է Համաշխարհային բանկի՝ առանձնացված զբոսաշրջային կլաստերներում մասնավոր կապիտալի ներգրավումը խթանելու մոտեցմանը։

Տիգրան Խաչատրյանն՝ անդրադառնալով հարցին, նշել է. «Սա Էկոնոմիկայի նախարարության կողմից, ըստ էության, արդեն իսկ իրականացված ծրագրի բովանդակային շարունակություն է, որովհետև նորից Համաշխարհային բանկի համագործակցությամբ, անցյալ տարիների ընթացքում տարբեր մարզերում, առնվազն՝ Արագածոտնում, Կոտայքում, Սյունիքում, Շիրակում և Վայոց ձորում համանման բովանդակությամբ ծրագիր իրականացված է եղել և ժամանակը ցույց է տալիս, որ սա շատ արդյունավետ եղանակ է զբոսաշրջությունը խթանելու տեսանկյունից՝ այն առումով, որ արդեն իսկ ձևավորված ենթակառուցվածքները թե ներքին և ներգնա զբոսաշրջության համար շատ որոշակի կայացած ուղղություններ են ձևավորել: Կարող ենք նաև մտածել, որ այս ծրագրի իրականացումը նախարարության կողմից առաջիկա տարիների ընթացքում դրա լավ շարունակությունը կլինի և մենք հնարավորություն կունենանք արդեն ավելի համախմբված, ամբողջական տեսքի բերված այս կլաստերային զարգացման ենթակառուցվածքների հատկապես մոտեցմամբ զբոսաշրջիկների համար թե՛ ավելի գրավիչ դարձնել, և թե՛ ավելի ընդլայնել տեղում գտնվելու և տարբեր հետաքրքիր եղանակներով այնտեղ անցկացված ժամանակը լցնելու, լրացնելու հնարավորությունը»:

Գորիսում կստեղծվեն «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական, «ՔՈԱՖՍՄԱՐԹՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրներ

Կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամի կողմից, բարեգործական որակված, «Գորիսի համայնքային զարգացում» ծրագրի իրականացման նպատակով, ՀՀ Սյունիքի մարզի Գորիս համայնքի վարչական սահմաններում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը և շինությունները «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին նվիրաբերությամբ տրամադրելուն:

Կարևորելով սահմանամերձ բնակավայրերի համաչափ զարգացումն ապահովելու, Սյունիքի մարզում բնակիչների կյանքի որակը համայնքային զարգացման երեխայակենտրոն ծրագրերի միջոցով իրականացնելու անհրաժեշտությունը, «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամը համագործակցելով Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների հետ, նախատեսում է Գորիս քաղաքում իրականացնել «Գորիսի համայնքային զարգացում» ծրագիրը՝ մասնավորապես Գորիսում ստեղծել «ՔՈԱՖ ՍՄԱՐԹ» ուսումնակրթական, «ՔՈԱՖՍՄԱՐԹՖԱՐՄ» գյուղատնտեսական համալիրներ:

Գորիս համայնքի տեղական ինքնակառավարման մարմինները նախատեսում են, վերը նշված ծրագրի իրականացման նպատակով առանձնացված, համայնքային սեփականություն հանդիսացող, ընդհանուր 57.76518 հեկտար (7 միավոր) մակերեսով հողամասերը և շինություններն, այդ թվում՝ քաղաք Գորիս, Այգեստան թաղամաս, 52 հասցեում գտնվող անբարեկարգ մարզադաշտն ապամոնտաժման ենթակա մետաղական, կիսաքանդ 381.8քմ շինություններով, անհատույց սեփականության իրավունքով, նվիրաբերել «Հայաստանի մանուկներ» բարեգործական հիմնադրամին:

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման ապահովման նպատակով ՀՀ մարզպետների աշխատակազմերին կհատկացվի 1,849,821.5 դրամ

Գործադիրը որոշում է կայացրել՝ պայմանավորված Հայաստանի Հանրապետության համայնքներից ստացված տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրերի արդյունավետ իրականացման ապահովման անհրաժեշտությամբ: Որոշմամբ առաջարկվում է 2025 թվականի բյուջեից ՀՀ մարզպետների աշխատակազմերին հատկացնել 1,849,821.5 հազար ՀՀ դրամ՝ համապատասխան շինարարական կազմակերպությունների նկատմամբ ֆինանսական պարտավորությունները կատարելու համար:

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացման նպատակով ՀՀ կառավարությունը 2018 թվականից նախաձեռնել է համայնքներին սուբվենցիաների տրամադրման գործընթացը: ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 16-ի «ՀՀ պետական բյուջեից համայնքներին սուբվենցիաների տրամադրման կարգը հաստատելու մասին» թիվ 1708-Ն որոշման 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված կարգի դրույթների համաձայն` 2022 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում քննարկվել և հանձնաժողովի կողմից հավանության են արժանացել 363 սուբվենցիոն ծրագիր, 2023 թվականին՝ 273 և 2024 թվականին՝ 242 սուբվենցիոն ծրագիր: Նշված ծրագրային հայտերը հիմնականում ուղղված են համայնքներում կապիտալ ներդրումներին` մասնավորապես. համայնքներում փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային շենքերի, մշակութային տների, մանկապարտեզների, հանդիսությունների սրահների կառուցմանն ու նորոգմանը, խմելու, կոյուղու, ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը և գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի ընդհանուր բաժնային սեփականության գույքի նորոգմանը՝ էներգախնայող միջոցառումների կիրառմամբ:

ՀՀ համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում Կառավարության 27.12.2024թ․ թիվ 2085-Ա որոշմամբ 2022, 2023 և 2024 թվականներին հաստատված և իրականացման փուլում գտնվող մի շարք ծրագրերի աշխատանքների գծով համայնքների հետ կնքված սուբվենցիայի տրամադրման մասին՝ պայմանագրերի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2025 թվականի նոյեմբերի 15-ը՝ եղանակային ոչ բարենպաստ պայմանների և կատարված աշխատանքների որակի պահպանման պատճառով: ՀՀ 10 համայնքներից օրենսդրությամբ սահմանված կարգով անցկացվել է 15 ծրագրերի /որոնցից 3-ը քննարկվել և հաստատվել է 2023 թվականին սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կայացած նիստերի ընթացքում, 12-ը՝ 2024-ին/ գնումների գործընթացը և մրցույթների արդյունքների վերաբերյալ ներկայացվել են համապատասխան արձանագրություններ:

Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը կտրամադրվի Գյումրի համայնքին՝ հանրապետական նշանակության հուշարձանի առավել արդյունավետ պահպանման նպատակով

Կառավարությունը որոշում է կայացրել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող՝ Գյումրու համայնքապետարանի շենքում գտնվող՝ Հակոբ Հակոբյանի «Սարերում» որմնանկարը հետ վերցնել «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից և անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել Գյումրի համայնքին:

2022 թվականին ՀՀ վարչապետին է դիմել Շիրակի մարզպետը՝ տեղեկացնելով, որ ՊՈԱԿ-ի շենքում տեղադրված և հանրապետական նշանակության հուշարձանի կարգավիճակ ունեցող «Սարերում» որմնանկարը գտնվում է անմխիթար վիճակում, ողջ մակերեսին առկա են խոշոր ճաքեր, մաշվածքներ, քերծվածքներ, աջակողմյան ստորին հատվածն ունի խոնավության հետքեր, թատրոնի շենքում բացակայում են որմնանկարի պահպանման համար անհրաժեշտ պայմաններ, ջերմաստիճանը չի համապատասխանում որմնանկարի պահպանման համար սահմանված անհրաժեշտ չափորոշիչներին, որմնանկարի ճաքերը վերջին տարիներին ավելացել են և առաջարկել է որմնանկարը տեղափոխել պահպանման համար առավել նպաստավոր և հարմարավետ վայր: Վերոգրյալով պայմանավորված՝ ՀՀ վարչապետի աշխատակազմից ստացվել է հանձնարարական որմնանկարի տեղափոխման հարցը քննարկելու վերաբերյալ: ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Շիրակի մարզպետարանի և Գյումրի համայնքի միջև քննարկումների արդյունքում ի վերջո որոշվել է որմնանկարը տեղափոխել Գյումրու համայնքապետարանի շենք (հասցեն՝ քաղաք Գյումրի, Վարդանանց հրապարակ 1): Որմնանկարի տեղափոխման աշխատանքներն իրականացվել են 2024 թ. օգոստոս-նոյեմբեր ամիսներին՝ որմնանկարը տեղափոխվել է Գյումրու համայնքապետարանի շենքի 3-րդ հարկ և տեղում վերականգնվել ու ամրակայվել:

6,6 մլն դրամ կտրամադրվի Լոռու և Տավուշի մարզերում հեղեղումների պատճառով աղետի գոտիներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի աջակցության տրամադրում միջոցառմանը

Գործադիրի որոշմամբ Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը առաջացած արտակարգ իրավիճակի հետևանքով հայտարարված աղետի գոտիների տարածքների այն բնակիչներին, որոնք գյուղատնտեսության ոլորտում կրել են վնասներ, սակայն տարբեր պատճառներով չեն օգտվել փոխհատուցման կարգով սահմանված օժանդակությունից՝ կրած վնասի դիմաց տրամադրվող փոխհատուցման համար կապահովվի ֆինանսավորում։ Որոշմամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի ծախսերն՝ ըստ մարզերից ստացված նախնական տեղեկատվության, գնահատվում է շուրջ 6,6 մլն դրամ։ Որոշմամբ առաջարկվում է 1022 Գյուղատնտեսության խթանման ծրագրի 12001 «Գյուղատնտեսության ոլորտին տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման» միջոցառման չծախսված միջոցներից 6,6 մլն դրամ տրամադրել Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով հայտարարված աղետի գոտիների տարածքներում գյուղատնտեսության ոլորտում բնակչությանը պատճառված վնասի աջակցության տրամադրում միջոցառմանը։ Միջոցառման իրականացման համար ոչ ֆինանսական ցուցանիշ է սահմանվել աջակցություն ստացող տնտեսավարողների թիվը՝ 19 շահառու։ Որոշմամբ կապահովվի hորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների պատճառով աղետի գոտիների տարածքներում տուժած, սակայն տարբեր պատճառներով փոխհատուցման կարգով սահմանված օժանդակությունից դուրս մնացած և չօգտված գյուղատնտեսության ոլորտում տնտեսավարողներին պատճառված վնասի դիմաց փոխհատուցման ֆինանսավորումը։

Անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով

Կառավարությունը որոշում է կայացրել՝ պայմանավորված 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության տրամադրման շարունակականությունն ապահովելու անհրաժեշտությամբ:

Կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի N 1924-Լ որոշմամբ հաստատվել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսված պատերազմական գործողությունների հետևանքով քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին սոցիալական աջակցության միջոցառումը և տրամադրման կարգը: Որոշմամբ սահմանված միջոցառման շրջանակներում քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածների ընտանիքներին հատկացվող դրամական օգնությունը (քաղաքացիական անձի հաշվով ամսական 300 000 դրամի չափով) ստանալու համար դիմումը պետք է ներկայացվեր էլեկտրոնային եղանակով՝ մինչև 2025 թվականի մայիսի 15-ը։ Սակայն մինչ այսօր կան քաղաքացիական անձանց շրջանում անհայտ կորածներ, որոնց ընտանիքներն ունեն շարունակական աջակցության կարիք: Առկա խնդիրներին լուծում տալու նպատակով ընդունվել է սույն որոշումը, որով անհայտ կորածի ընտանիքները ևս 2 ամիս՝ 2025 թվականի հունիս և հուլիս ամիսներին, կստանան սոցիալական աջակցություն՝ ամսական 300.000 դրամի չափով, որի համար դիմում կարող են ներկայացնել մինչև 2025 թվականի հուլիսի 20-ը ներառյալ:

Այլ որոշումներ

Կառավարությունը որոշում է ընդունել Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Վաղարշապատ համայնքի ավագանու լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ:

Գործադիրը հավանություն է տվել «2016 թվականի նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեի ու «Վեոլիա Ջուր» փակ բաժնետիրական ընկերության միջև կնքված «Երևան Ջուր», «Հայջրմուղկոյուղի», «Լոռի-ջրմուղկոյուղի», «Շիրակ-ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» փակ բաժնետիրական ընկերությունների կողմից օգտագործվող ու պահպանվող ջրային համակարգերի և այլ գույքի վարձակալության պայմանագիր»-ում (Այսուհետ՝ Վարձակալության պայմանագիր) կատարվող փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին համաձայնագրին: ՀՀ կառավարության որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ ՏԿԵՆ ջրային կոմիտեի և «Վեոլիա Ջուր» ՓԲԸ–ի միջև առաջացած փոխադարձ պարտավորությունների շրջանակը կարգավորելու, իրավահարաբերությունները լավարկելու և առաջիկա տարիներին համատեղ ներդրումների իրականացման արդյունքում խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների որակը բարելավելու անհրաժեշտությամբ։ Որոշման կարգավորման նպատակն է համաձայնագրի ստորագրման լիազորության սահմանումը և գործընթացի դյուրինացումը, որպես արդյունք ակնկալելով փոխադարձ պարտավորությունների մարում, տեխնիկական աուդիտորական ծառայությունների ձեռքբերման ընթացակարգի վերանայում և ծառայությունների ձեռքբերման գործընթացի կանոնակարգում, ինչպես նաև համատեղ ներդրումների արդյունքում հոսակորուստների նվազում և ջրամատակարարման ծավալների մեծացում։

Հուլիս 2025
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ