Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 21 նոյեմբերի 2019

Կառավարությունը մարում է հին պարտքերը. լուծվում է Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների բնակարանային խնդիրը


Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

1988-1992 թթ. Ադրբեջանից բռնագաղթած` բնակարանի առաջնահերթ կարիք ունեցող անձանց մշտական օթևանով ապահովելու նպատակով կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում: Ըստ հիմնավորման՝ բազմաթիվ փախստականների բնակարանային հարցերը դեռևս մնում են չլուծված: Կառավարության 2004 թ. որոշմամբ հաստատված Ադրբեջանից բռնագաղթված անձանց բնակապահովության առաջնահերթ ծրագրի իրականացման նպատակով 2005 թ.-ից պետբյուջեում նախատեսվել են համապատասխան միջոցներ: 2009 թ.-ից հետո ծրագրի իրականացման համար պետբյուջեում գումարներ չեն նախատեսվել: Ըստ 2013թ. տվյալների՝ ծրագրի շրջանակում հաշվառվել է 895 ընտանիք, որից 641-ը Երևանում և 254-ը մարզերում համարվել են առաջնահերթ կարիքավորներ: Հաշվի առնելով պահանջվող ֆինանսական միջոցների բավականաչափ մեծ ծավալը՝ նպատակահարմար է համարվել նրանց բնակարանային ապահովության խնդիրը լուծել ոչ թե մեկ ընդհանուր ծրագրի շրջանակում, այլ այն տարանջատել ըստ առաջնահերթության և փուլերի` մշակելով առանձին համապատասխան ենթածրագրեր:

Այսպիսով, նախատեսվում է լուծել 112 ընտանիքների 30 տարվա վաղեմություն ունեցող բնակարանային խնդիրը. հաստատվել է բնակարանների գնման վկայագրերի տրամադրման կարգը և պայմանները: Այդ նպատակի համար կհատկացվի շուրջ 1,5 մլրդ դրամ: Վկայագրերի տրամադրումը նախատեսվում է իրականացնել այդ ընտանիքների հետ պայմանագրեր կնքելու միջոցով: Վկայագրի միջոցով բնակարանի (բնակելի տան) ձեռքբերման ժամկետը կսահմանվի 1 տարի՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության: Այդ ընտանիքների բնակարանային խնդրի լուծման համար նախատեսվում է առաջին փուլում առաջնորդվել ըստ Երևան քաղաքի վարչական շրջանների, ինչպես նաև ընդգրկել մասնավոր սեփականություն հանդիսացող, սակայն Ադրբեջանից բռնագաղթած ընտանիքների կողմից զբաղեցրած կացարանները:

Տիգրան Ավինյանը, անդրադառնալով ընդունված որոշմանը, նշել է. «Այս պարտավորությունը պետությունը ստանձնել է շատ վաղուց, և փաստացի 10-11 տարի որևէ քայլ այս ուղղությամբ չի իրականացվել: Սա առաջին քայլն է: Ես նույնպես հանդիպել եմ այդ ընտանիքների ներկայացուցիչների հետ. նրանք բավական ծանր պայմաններում են ապրում: Կարծում եմ՝ փուլ-փուլ այս բոլոր խնդիրները պետք է լուծենք, այսպես ասած, հին պարտքերը մենք պետք է անպայման մարենք»:

Օրենսդրական նախաձեռնություններ. ՀՀ-ում նախատեսվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ

Կառավարությունը հավանություն է տվել ««ՀՀ դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ««Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սահմանադրական օրենքների և հարակից օրենքների նախագծերին: Հիմնավորման համաձայն՝ 2018 թ. ՀՀ-ում տեղի ունեցած թավշյա, ոչ բռնի հեղափոխությունից հետո հաստատված քաղաքական իշխանության համար իրապես անկախ, կոռուպցիայից և հովանավորչությունից զերծ դատական իշխանությունը բացարձակ առաջնահերթություն է: Ներկայացվող նախագծերի փաթեթը կոչված է ապահովելու դատավորների բարեվարքության գնահատման համար արդյունավետ և համալիր իրավական հիմքեր: Ըստ այդմ՝ բարեվարքության գնահատումը չպետք է իրականացվի ժամանակավոր գործիքակազմի միջոցով և չպետք է կրի ժամանակավոր բնույթ: Գործընթացը կրելու է շարունակական բնույթ, և դատավորները նախագծերի փաթեթի ընդունվելուց հետո մշտապես անցնելու են նման գնահատման միջով: Դատավորների բարեվարքության գնահատումն իրականացնելու համար ստեղծվելու է ոչ թե նոր՝ ad hoc մարմին, այլ այդ հարցի լուծման համար պատասխանատու է լինելու դատական համակարգի անկախության ապահովման սահմանադրական առաքելությամբ օժտված մարմինը՝ Բարձրագույն դատական խորհուրդը:

Առաջադրված նպատակի իրագործման համար, մասնավորապես, առաջարկվում է՝ «Հանրային ծառայության մասին» օրենքի համապատասխան հոդվածների վերնագրերից հանել պաշտոնեական (ծառայողական) պարտականությունների իրականացման հետ կապված բառերը, այսինքն՝ նախատեսել նվերների ավելի մեծ շրջանակի ընդունման արգելք: Հստակեցվել են դատավորի վարքագծի կանոնները և կարգապահական պատասխանատվության ենթարկելու հիմքերը: Այսպես, դատավորի վարքագծի կանոններից հանվել են այն կանոնները, որոնք բնույթով ոչ թե կարգապահական, այլ էթիկայի կանոններ են, որոնց համար դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելը կամ արդարացված չէ կամ հնարավոր չէ՝ նորմի անորոշ, չափազանց լայն ձևակերպման պատճառով: Ընդլայնվել են կարգապահական տույժերի տեսակները: Մասնավորապես, գործող օրենսգրքով ամրագրված՝ կարգապահական տույժի տեսակներին ավելացել է միջին խստության տույժ՝ պատասխանատվության պատշաճ և համաչափ գործիքներ ներդնելու նպատակով: Կատարելագործվել է դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու ընթացակարգը: «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքում ևս կատարվել են համարժեք փոփոխություններ: Մասնավորապես, օրենքը համապատասխանեցվել է Օրենսգրքին՝ վարքագծի կանոնների վերաբերելի մասով, այդ թվում՝ հայտարարագրերը պատշաճ կերպով ներկայացնելու և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին անհրաժեշտ նյութեր տրամադրելու մասով: Նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է ներդնել դատավորների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ, որը մի կողմից թույլ կտա արդյունավետ պայքար մղել դատական իշխանությունում կոռուպցիայի, հովանավորչության, անձնական կապերով առաջնորդվելով դատական ակտ կայացնելու, մարդու իրավունքների հիմնարար խախտումները կոծկելու դեմ, մյուս կողմից՝ հնարավորություն կընձեռի չխաթարել դատական համակարգի անկախությունը և կայունությունը: Կսահմանվեն անհրաժեշտ կառուցակարգեր՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից գործառույթների լիարժեք իրականացման համար, օրենսգրքով կսահմանվի կոռուպցիոն հանցագործությունների սպառիչ ցանկը:

Անդրադառնալով օրինագծերին՝ Տիգրան Ավինյանը նշել է, որ դրանց վերաբերյալ անցկացվել են բազմաթիվ քննարկումներ և հույս հայտնել, որ բարձրացված բոլոր տարատեսակ և տարաբնույթ հարցերը հարթվել են:

Հավանություն է տրվել «Ներման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Հիմնավորման համաձայն՝ գործող օրենքում ամրագրված չեն մի շարք դրույթներ, որոնք վերաբերում են ներման խնդրագիրը չքննարկելու և վերադարձնելու ինստիտուտին, նախատեսված չեն այն բացառիկ հանգամանքները, երբ կարող է նոր ներման խնդրագիր ներկայացվել մերժելուց հետո ժամկետի չպահպանմամբ, ամրագրված չէ ներման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն տրամադրելու ընթացակարգը, ամրագրված չեն տուժողների և նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության մեխանիզմներ: Նախագծով սահմանվել է ներման խնդրագիրը չքննարկելու և այն վերադարձնելու դեպքերը, օբյեկտիվ իրականությամբ պայմանավորված ժամկետներ՝ մասնավորապես, ներման խնդրագրի հիման վրա պահանջվող տեղեկատվությունը 10-օրյա, իսկ անձնական գործը Ներման հանձնաժողով ներկայացնելու մեկամսյա ժամկետ: Ամրագրվել է նաև տուժողների և նրանց իրավահաջորդների իրավունքների պաշտպանության մեխանիզմ, նախատեսվել է ներման խնդրագրի քննարկմանն առնչվող տեղեկությունների գաղտնիությունն ապահովելու կարգավորումներ: Օրինագծով նախատեսվել է որոշակի ժամկետով ազատազրկման դատապարտված և ցմահ ազատազրկման դատապարտվածների համար ներում շնորհելու ավելի վաղ ընթացակարգ, կարգավորվել է ներման խնդրագրերը մերժելու դեպքում բացառիկ հանգամանքներով ներման նոր խնդրագրեր ներկայացնելու հետ կապված հարաբերությունները: Ներում շնորհելու գործընթացի թափանցիկության ապահովման նպատակով նախատեսվել է ներման խնդրագրերի մասին քաղվածքների հրապարակման պահանջ: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ապահովել օրենսդրական նորմերի ոչ արդյունավետ կիրառության բացառումը և օրենսդրական բացերի վերացումը, որոշակի կատեգորիայի անձանց իրավունքների ամրագրումն ու երաշխավորումը, ինչպես նաև գործնականում առկա որոշ խնդիրների կարգավորումը:

Գործադիրի հավանությանն է արժանացել նաև «Ոստիկանության մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ կառավարության օրենսդրական նախաձեռնությունը: Օրենքի նախագծի ընդունումը պայմանավորված է խոշտանգումների հնարավոր դեպքերը կանխարգելելու նպատակով Ոստիկանության ստորաբաժանումներում տեսագրող և տեսաձայնագրող համակարգերի կիրառման իրավական հիմքերի ամրագրման անհրաժեշտությամբ: Օրինագծի ընդունմամբ կերաշխավորվի նաև Աջակցություն Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը ՀՀ-ԵՄ ֆինանսավորման համաձայնագրի շրջանակում ԵՄ-ի կողմից տրամադրվող ընդհանուր բյուջետային օժանդակության ծրագրի խոշտանգումների դեմ պայքարին ուղղված մասով ստանձնած պարտավորության կատարումը: Օրենքում նախատեսվող լրացմամբ առաջարկվում է այդ նպատակի համար Ոստիկանության շենքերի մուտքերն ու ելքերը, հարցաքննությունների և օպերատիվ հարցումների համար օգտագործվող սենյակները կահավորել համապատասխանաբար տեսագրող ու տեսաձայնագրող համակարգերով: Նախագծով սահմանվում են տեսագրությունների և տեսաձայնագրությունների իրականացման նպատակը, հավաքված անձնական տվյալների պահպանման ժամկետները և երրորդ անձանց փոխանցելու դեպքերը: Հստակեցվում է հանցագործությունները կանխելիս կամ բացահայտելիս, հասարակական կարգի պահպանությունն ապահովելիս ոստիկանության ծառայողների կողմից շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցների կիրառմամբ ոչ գաղտնի վերահսկողության ընթացքում այդ մասին բանավոր նախազգուշացման դեպքերը: Մասնավորապես, եթե ոստիկանության ծառայողը համազգեստով է, օրենքով հստակ ամրագրված է, որ տեխնիկական միջոցն ամրացվում է ոստիկանության ծառայողի համազգեստին կամ գտնվում է ոստիկանության ծառայողի ձեռքում կամ ոստիկանության ծառայողական տրանսպորտային միջոցում, ապա տեսանկարահանում կամ տեսաձայնագրում իրականացնելու փաստն արդեն իսկ կանխատեսելի է քաղաքացիների համար: Միաժամանակ, ոստիկանության ծառայողի հետ անմիջականորեն հաղորդակցվող անձին բանավոր նախազգուշացման պահանջը լինելու է պարտադիր:

Փոփոխություններ և լրացումներ՝ պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ ձեռք բերելու համար պետական հավաստագրեր տրամադրելու կարգում

Կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաներ, վերականգնմանն աջակցող այլ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու համար պետական հավաստագրեր տրամադրելու վերաբերյալ որոշման մեջ՝ կիրարկման արդյունքում ի հայտ եկած խնդիրները լուծելու նպատակով: Ըստ հիմնավորման, մասնավորապես, շահառուն կամ նրա ներկայացուցիչը հավաստագիր ձեռք բերելու նպատակով առձեռն կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով գրավոր դիմում է ներկայացնում նախարարություն կամ հավաստագիր տրամադրող մարմին: Սակայն իրավակիրառ պրակտիկան ցույց է տալիս, որ շահառուի համար ավելի նպատակահարմար է համապատասխան փաստաթղթերը ներկայացնել սոցիալական ծառայություններ տրամադրող իրենց տարածքային մարմիններին, որտեղ ստանում են նաև խորհրդատվություն անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ: Խնդիրներ են առաջացել նաև որոշմամբ սահմանված լսողական սարքի անհրաժեշտության մասին տեղեկանքի կիրառման արդյունքում: Փոփոխություններով և լրացումներով նախատեսվում է սահմանել, որ շահառուն հավաստագիր ստանալու համար դիմում կարող է ներկայացնել նաև սոցիալական աջակցության տարածքային գործակալություն (ՍԱՏԳ): Հստակեցվում են նաև որոշ աջակցող պարագաների տրամադրման հետ կապված հարցեր: Հաշվի առնելով, որ պետական հավաստագրերի միջոցով տրամադրվելու են 81 անուն աջակցող միջոցներ, նախորդ 3 անուն աջակցող միջոցների փոխարեն, որակավորման համար դիմող կազմակերպությունների դիմումները կտրուկ ավելացել են: Դրանով պայմանավոված՝ աջակցող միջոցներ տրամադրող կազմակերպությունների որակավորման համար ներկայացրած փաստաթղթերի լիարժեք ուսումնասիրության, որակավորման ամբողջական գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով երկարացվում են որակավորման ընթացակարգի և պայմանագիրը կնքելու համար անհրաժեշտ ժամկետները: Հաշվի առնելով երեխաների տարիքային զարգացման առանձնահատկությունները՝ նախատեսվում է նաև 0-16 տարեկանների համար անվասայլակների տրամադրման ժամկետը սահմանել 2 տարի:

«Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրը նախատեսվում է օտարել դասական աճուրդով

Կառավարությունը որոշել է Պետգույքի կառավարման կոմիտեին ամրացված, պետական սեփականություն հանդիսացող, Կոտայքի մարզում գտնվող «Գոլդեն Փելիս» հյուրանոցային համալիրի շենք-շինությունները, հյուրանոցի ներսում առկա շարժական գույքն օտարել դասական աճուրդով՝ որպես մեկ լոտ: 2019 թ. նոյեմբերի 20-ի դրությամբ գույքի գնահատված արժեքը կազմել է 7 526 457 800 ՀՀ դրամ (որից՝ շենք-շինությունների գնահատված արժեքը՝ 7 204 568 800 ՀՀ դրամ, շարժական գույքի արժեքը 321 889 000 ՀՀ դրամ), իսկ գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1.38 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը կազմել է 62 431 200 ՀՀ դրամ։ Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գինը՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 7 526 457 800 ՀՀ դրամ: Որոշմամբ սահմանվել է նաև, որ գնորդը պետք է վճարի նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարը՝ 4 944 600 ՀՀ դրամ (ներառյալ ԱԱՀ)։ Նախատեսվում է նաև առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել ևս երեք աճուրդ՝ յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցնելով վերջին աճուրդի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով։

Տիգրան Ավինյանը նշել է, որ աճուրդը, հավանաբար, կլինի դեկտեմբերի 19-ին և կոչ արել այս հարցում հետաքրքված բոլոր գործարարներին մասնակցել աճուրդին:

Արտոնություններ են տրամադրվել հերթական ներդրումային ծրագրերին

Կառավարության որոշմամբ բավարարվել է «Նյուպլաստ» ՓԲԸ-ի ներկայացրած հայտը՝ գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու վերաբերյալ: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է կաթիլային ոռոգման համակարգերի արտադրության համար (ք. Երևան)։ Արդեն իսկ իրականացվել է շուրջ 3 մլրդ դրամի ներդրում գործարանի հիմնադրման և հզորությունների ընդլայնման համար: Նախատեսվում է իրականացնել 200 մլն դրամի ներդրում հումքի և նյութերի ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 65 աշխատատեղ: Ներդրումային ծրագրի շրջանակում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 200,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ՀՀ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 935.4 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 63.7 մլն դրամ:

Տիգրան Ավինյանն ընդգծել է որոշման ընդունման կարևորությունը և նշել, որ այն միտված է գյուղատնտեսության ոլորտում արտադրողականության բարձրացմանը: «Գյուղատնտեսական մեր ծրագրերը միտված են Հայաստանի Հանրապետությունում ոռոգման համակարգերի արդիականացմանը: Նմանատիպ համակարգերի արտադրությունը կնպաստի այդ ոլորտում ավելի դրական արդյունք արձանագրելուն»,- նշել է փոխվարչապետը:

Գործադիրի որոշմամբ մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «Թրեյդ էքսպորտ» ՓԲԸ-ն: Ընկերությունը գործունեություն է ծավալելու Երևանում՝ էլեկտրոնային հաշվիչների արտադրության ոլորտում՝ իրականացնելով 500 մլն դրամի ներդրում: Ներկայումս առկա է 6 աշխատատեղ, նախատեսվում է ստեղծել ևս 50 նոր աշխատատեղ` 153,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ծավալը տարեկան կկազմի մոտ 16.4 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 2.8 մլրդ դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 285 մլն դրամ:

Միջազգային համագործակցություն

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների այցելությունների և գտնվելու կարգի մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն՝ Հայաստանի Հանրապետության և Ղազախստանի Հանրապետության միջև նույնականացման քարտով կամ անձը հաստատող վկայականով մուտք գործելու, ելքի և գտնվելու հարցը քննարկվել է 2018 թ. սեպտեմբերի 20-ին Երևանում տեղի ունեցած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի Միգրացիոն քաղաքականության խորհրդատվական կոմիտեի անդամների հետ հանդիպման ժամանակ և առաջարկվել է ապահովել համապատասխան ընթացակարգեր այն գործողության մեջ դնելու համար: Համաձայնագրով, մասնավորապես, մի կողմի պետության տարածքում ժամանակավորապես գտնվող՝ մյուս կողմի պետության քաղաքացիներն ազատվում են մուտքի պետության իրավասու մարմիններում 30 օրվա ընթացքում գրանցվելու պարտավորությունից։

Սահմանվել է Սևանա լճում ձկան և խեցգետնի որսի կարգը

Գործադիրը սահմանել է Սևանա լճում ձկան և խեցգետնի պաշարների վերականգնման, պահպանման, վերարտադրման, ինչպես նաև դրանց պաշարների որոշման, ձկան և խեցգետնի արդյունագործական որսի քանակների, ձևերի և կազմակերպման կարգը: Որոշման ընդունման անհրաժեշտությունը բխում է Սևանա լճի՝ ռեսուրսի սահմանափակ լինելու, ազգային անվտանգության և ռազմավարական նշանակության, էկոլոգիական հավասարակշռության վերականգնման և պահպանման գերակայությունն ապահովելու սկզբունքից։ Արդյունքում կապահովվի «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքի համապատասխան պահանջը և կկանոնակարգվի Սևանա լճի էկոհամակարգի և կենսապաշարի կայուն կառավարման՝ պահպանության, օգտագործման, վերականգնման գործընթացները։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ