Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 11 օգոստոսի 2016

Կառավարությունը գումար կհատկացնի Արարատի և Գեղարքունիքի մարզերի մի շարք խնդիրների լուծման համար







Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Գործադիրի որոշմամբ ՀՀ Արարատի և Գեղարքունիքի մարզերի մի շարք խնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար կառավարության պահուստային ֆոնդից կհատկացվի 411,630.0 հազ. դրամ, այդ թվում` Արարատի մարզպետարանին՝ 316,000.0 հազ. դրամ, Գեղարքունիքի մարզպետարանին՝ 95,630.0 հազ. դրամ: Հիմնավորման համաձայն՝ Արարատի մարզի Ջրահովիտ, Նորաբաց, Սիս, Ղուկասավան, Դալար, Քաղցրաշեն, Բարձրաշեն, Բյուրավան համայնքների մանկապարտեզները և Վեդի քաղաքի թիվ 2 մանկապարտեզը գտնվում են անմխիթար վիճակում: Մանկապարտեզների վերանորոգման համար անհրաժեշտ է 142 մլն դրամ: Արարատի մարզի Փոքր Վեդի, Լուսառատ, Նոր-Կյանք, Մրգավետ համայնքների ներքին գազատարի կառուցման համար անհրաժեշտ է 48 մլն դրամ, Արաքսավան համայնքի 3 բազմաբնակարան բնակելի շենքերի տանիքների, մուտքերի վերանորոգման համար՝ 30 մլն դրամ, Նոյակերտ համայնքի ճանապարհի վերանորոգման համար՝ 15 մլն դրամ, Բերդիկ համայնքի մշակույթի տան վերանորոգման համար՝ 30 մլն դրամ, Շահումյան համայնքի արվեստի դպրոցի վերանորոգման համար՝ 20 մլն դրամ, Աբովյան համայնքի մշակույթի տան ասֆալտապատման համար՝ 6 մլն դրամ, Այգեպատ համայնքի դպրոցի պատուհանները փոխելու համար՝ 15 մլն: Անհրաժեշտ է նաև գույք ձեռք բերել Արարատի մարզի Սուրենավան, Բյուրավան համայնքների մանկապարտեզների և Աբովյան համայնքի մշակույթի տան համար՝ 10 մլն դրամ: Նույն որոշմամբ Մարտունու հիվանդանոցի մասնաշենքի տանիքի կառուցման և Մարտունու ծննդատան հատակի վերանորոգման համար կհատկացվի 28 մլն դրամ, Գավառ քաղաքի Հացառատ թաղամասի մանկապարտեզի տանիքի վերանորոգման համար՝ 21 մլն. դրամ, իսկ կենտրոնական հրապարակի վերակառուցման համար՝ 20,630,0 հազ. դրամ, Վահան համայնքի հանդիսությունների սրահի վերանորոգման համար՝ 6 մլն. դրամ, «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» ծրագրի իրականացման համար համաֆինանսավորման նպատակով Վահան և Սեմյոնովկա համայնքներին՝ 10մլն դրամ, Մ4-Շորժա-Վարդենիս միջպետական նշանակության ավտոճանապարհի Դարանակ-Ծափաթաղ շուրջ 9 կմ հատվածի բարեկարգման համար՝ 10 մլն դրամ: Անդրադառնալով հարցին Հովիկ Աբրահամյանը նշել է, որ համայնքներում կան խնդիրներ, որոնք հրատապ լուծում են պահանջում և հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին արագ պատրաստել փաստաթղթերը, որպեսզի մինչև աշուն այդ ծրագրերը իրականացվեն:


Մեկնարկում է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում ՀՀ երրորդ գործողությունների ծրագիրը

Կառավարությունը հավանություն է տվել «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության շրջանակում Հայաստանի Հանրապետության երրորդ գործողությունների ծրագրին: Ըստ հիմնավորման՝ 2011թ. աշնանը Հայաստանի Հանրապետությունը միացել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնությանը, որի նպատակն է քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավմամբ նպաստել պետական կառավարման համակարգի բարելավմանը և արդյունավետության բարձրացմանը՝ խթանելով պետություն-քաղաքացի հարաբերությունների թափանցիկությունը և վստահությունը: Համաձայն ԲԿԳ Հայաստանյան ժամանակացույցի՝ 2016թ. հունիսին սահմանված է ավարտել երկրորդ գործողությունների ծրագիրը և հաստատել 3-րդ գործողությունների ծրագիրը՝ նախատեսված 2016-2018թթ. համար: Ի շարունակություն և ի կատարումն ԲԿԳ շրջանակում ստանձնած պարտավորությունների՝ 2016թ. հունվարից ՀՀ կառավարությունը նախաձեռնել է ԲԿԳ-Հայաստան երրորդ գործողությունների ծրագրի նախագծի մշակման գործընթացը: Նախագիծը մշակվել է ՀՀ կառավարության, քաղաքացիական հասարակության, միջազգային գործընկեր կազմակերպությունների և այս անգամ նաև՝ անհատ քաղաքացիների ու մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ համատեղ՝ հիմք ընդունելով նախորդ երկու Գործողությունների ծրագրերի մշակման և իրականացման արդյունքում կուտակված աննախադեպ փորձը, ԲԿԳ միջազգային ցանցը և անկախ հաշվետվական մեխանիզմի առաջարկությունները: Նախագիծը կազմվել է ինչպես կառավարության, այնպես էլ քաղաքացիական հասարակության ներկայացրած առաջարկությունների հիման վրա՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են բյուջետային միջոցների թափանցիկությունը, հանրապետական գործադիր մարմինների և տարածքային կառավարման մարմինների պաշտոնատար անձանց` արտասահման գործուղումների թափանցիկության և հաշվետվողականության ապահովումը, համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների բաց ֆորմատով հասանելիության ապահովումը, լիցենզիաների միասնական շտեմարանի ստեղծումը, զինկոմիսարիատներում մեկ պատուհանի սկզբունքով քաղաքացիների սպասարկման մշակույթի ներդրումը և մի շարք այլ առանցքային բարեփոխումներ:

Ցերեկային կենտրոններում կբարելավվի երեխաների սոցիալական հոգածության խնամքը

Երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներով պայմանավորված գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության համակարգի երեխաների շուրջօրյա խնամք իրականացնող բնակչության սոցիալական պաշտպանության ընդհանուր և հատուկ (մասնագիտացված) տիպի հաստատությունների աշխատակիցները, ովքեր անմիջականորեն իրականացնում են երեխաների խնամք ու սպասարկում, անցնում են առողջական վիճակի պարտադիր զննություն, իսկ երեխաների սոցիալական հոգածության ցերեկային կենտրոնների աշխատակիցները նման զննություն չեն անցնում: Որոշմամբ՝ ցերեկային կենտրոնների աշխատակիցները ևս կանցնեն առողջական վիճակի պարտադիր զննություն, ինչը կկանխարգելի նշված հաստատություններում խնամվող երեխաների տարբեր հիվանդություններով վարակվելու ռիսկը:
Կառավարության որոշմամբ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության «Երևանի երեխաների խնամքի և պաշտպանության N 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը կվերանվանվի «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի: Որոշմամբ սահմանվել է նաև այդ կազմակերպության հիմնական նպատակը և գործունեության առարկան: Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնը հանդիսանալու է սոցիալական սպասարկում իրականացնող կազմակերպություն, որի հիմնական նպատակը կազմակերպության սպասարկման տարածքում երեխաներ ունեցող ընտանիքների՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնվելը կանխարգելելն է և (կամ) կյանքի դժվարին իրավիճակից դուրս բերելը: Կենտրոնի հիմնական առանձնահատկությունն այն է, որ 3-18 տարեկան երեխաներին տրամադրվող խնամքը չի կրելու շուրջօրյա բնույթ, այսինքն՝ որոշակի ժամերին տրամադրվող բազմաբնույթ սոցիալական ծառայությունները ստանալուց հետո երեխան վերադառնալու է ընտանիք, չի գիշերելու կազմակերպությունում, ինչպես նաև անհրաժեշտ սոցիալական ծառայություններ են տրամադրվելու այդ երեխաների ընտանիքների անդամներին:
Կառավարության որոշմամբ 2016թ. սեպտեմբերի 5-9-ը կայանալիք` Երեխաների սնուցման համաշխարհային 18-րդ ֆորումին մասնակցելու նպատակով ՀՀ ժամանող պատվիրակության անդամ հանդիսացող օտարերկրյա քաղաքացիները կազատվեն մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից: Ըստ հիմնավորման՝ ակնկալվում է, որ ֆորումին կմասնակցեն 200-250 հյուրեր 40 երկրներից, այդ թվում` նախարարներ և բարձրաստիճան այլ պաշտոնյաներ: Ֆորումի աշխատանքների ընթացքում նախատեսվում է այցելություններ դպրոցներ, ծանոթացում դպրոցական սննդի հայաստանյան փորձին, ինչպես նաև միջազգային փորձի փոխանակում:


Օրենսդրական նախաձեռնություններ

Գործադիրը հավանություն է տվել «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանում է ֆինանսական համահարթեցման հասկացությունը, սկզբունքները, համայնքների բյուջեներին ֆինանսական համահարթեցման սկզբունքով տրամադրվող դոտացիաների հաշվարկման և հատկացման կարգերը: Ֆինանսական համահարթեցումը պետության բյուջետային քաղաքականության կարևորագույն գործառույթներից մեկն է` «Ֆինանսական համահարթեցման մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ֆինանսական թույլ կարողություններ ունեցող համայնքներին կառավարության կողմից տրամադրվում են ֆինանսական միջոցներ, որոնք համայնքը ծախսում է օրենքով իրեն վերապահված լիազորությունների իրականացման նպատակով: Դոտացիաների բաշխումն, ըստ համայնքների, իրականացվում է օրենքով սահմանված հետևյալ կարգով՝ նախօրոք համայնքները տարանջատելով 2 խմբի՝ 300 և պակաս բնակչություն ունեցողներ և 300-ից ավելի բնակչություն ունեցողներ: Ելնելով Հայաստանի տեղական ինքնակառավարման առանձնահատկություններից և հաշվի առնելով ֆինանսական համահարթեցման նախորդ տարիների փորձը՝ առաջարկվող ֆինանսական համահարթեցման նոր համակարգը կառուցվելու է մի քանի հիմնարար սկզբունքների հիման վրա՝ համահարթեցման սկզբունքով համայնքներին հատկացվող դոտացիաների հաշվարկման համար հիմք ընդունել համայնքի հաշվարկային եկամտային ունակությունների և համայնքների պարտադիր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ ծախսային կարիքները, եկամտային ունակության հաշվարկման համար հիմք է հանդիսանում համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող հողի հարկի և գույքահարկի (նաև ավտոմեքենաների հարկ) հաշվարկային ցուցանիշը, համայնքի բնակչության մեկ շնչին ընկնող մասհանվող եկամուտների (եկամտահարկ, շահութահարկ՝ եթե մասհանում կնախատեսվի այդ տարվա բյուջեյով) և պետական տուրքի փաստացի մակարդակը: Ծախսային կարիքի հաշվարկման համար հիմք են ընդունում այն գործոնները (ծախսային չափորոշիչներ), որոնք էականորեն ազդում են համայնքի կողմից իրականացվող ծառայությունների (պարտադիր լիազորություններ) իրականացման համար անհրաժեշտ ծախսերի վրա, իսկ դրանց վերաբերյալ տեղեկատվությունը չափելի է, մատչելի և հավաստի: Ծախսային կարիքների կարգավորիչ գործակիցը հաշվարկվում է՝ հիմք ընդունելով ծախսային գործակիցների ցուցանիշները և ընդհանուրի մեջ տվյալ գործակցի տեսակարար կշիռը:
Օրենքի նախագծում օգտագործվող տեղեկատվությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի` ընթացիկ տեղեկատվություն` յուրաքանչյուր տարվա հաշվարկների համար օգտագործվող, թարմացվող տեղեկատվություն` որոշ ժամանակահատվածի համար հաստատուն: Ընթացիկ տեղեկատվությունը կոնկրետ համայնքի հետ կապված տեղեկություններ են որոնք անհրահրաժեշտ են այդ համայնքին հասանելիք դոտացիայի չափի հաշվարկման համար և որոշակի ազդեցություն ունեն մնացած համայնքների դոտացիաների չափերի վրա: Այդ տեղեկատվության մի մասը ներկայումս գործող օրենքի պայմաններում նույնպես օգտագործվում է: Համայնքի բնակչության թիվ` համայնքի բնակչության թիվը տվյալ համայնքի տարածքում հաշվառված բնակչության թիվն է` հաշվարկվող տարվան նախորդող տարվա տարեսկզբի դրությամբ: Հողի հարկի և գույքահարկի հաշվարկային գումարի ցուցանիշ`համայնքի հողի հարկի և գույքահարկի հաշվարկային գումարի ցուցանիշները յուրաքանչյուր համայնքի գծով ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված՝ այդ համայնքի բյուջե հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարում վճարման ենթակա հողի հարկի և գույքահարկի տարեկան գումարներն են:
Նոր պահանջվող տեղեկատվությունն է. պետական տուրքերի հաշվարկային գումարի ցուցանիշ` հաշվարկվող տարվան նախորդող երկրորդ տարվա փաստացի ցուցանիշ, համայնքի կենտրոնի հեռավորությունը մարզկենտրոնից, նախկին շրջկենտրոնից և մայրաքաղաքից, համայնքի բարձրությունը ծովի մակերևույթից, համայնքի 0-16 տարեկան և կենսաթոշակային տարիքի բնակչության թիվ, համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի թիվ: Նախագծով առաջարկվում են հետևյալ անցումային դրույթները՝ նոր օրենքի նախագծի ամբողջ ծավալով (բնակչությունը` ռեգիստրի տվյալներ, համահարթեցման նոր օրենք) ուժի մեջ մտնելու ժամկետ սահմանել 2019 թվականի հունվարի 1-ը, 2019 թվականի բյուջետային տարվա համար ֆինանսական համահարթեցման դոտացիաների հաշվարկների կատարման մասով, իսկ ֆինանսական համահարթեցման դոտացիաների հատկացման մասով 2020 թվականի հունվարի 1-ից: Առաջարկվում է նաև սահմանել, որ 2017, 2018 և 2019 թվականների յուրաքանչյուր համայնքի դոտացիաների հաշվարկի համար, որպես բազային անփոփոխելի գումաը համարվելու է 2016թ. հատկացված դոտացիան և 2017, 2018 և 2019 թվականների դոտացիայի ընդհանուր գումարի՝ 2016 թվականի դոտացիայի ընդհանուր գումարի նկատմամբ հավելաճի բաշխման արդյունքում համապատասխան համայնքին հատկացված դոտացիայի հանրագումարը: Խոշորացված համայնքների 2016թ. դոտացիան հավասարեցվում է այդ համայնքի կազմի մեջ մտնող համայնքների 2016թ. դոտացիաների հանրագումարին, եթե հաշվարկված դոտացիայի գումարը ավելի պակաս է քան նախկին համայնքների դոտացիաների հանրագումարը։
Կառավարությունը բացասական եզրակացություն է ներկայացրել ՀՀ ԱԺ պատգամավորներ Էլինար Վարդանյանի և Ստեփան Մարգարյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Բռնադատվածների մասին» և «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթի վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ նախագծերի փաթեթի նպատակն է նորովի կանոնակարգել Հայաստանում հաշվառված բռնադատվածների եւ նրանց ժառանգների հիմնահարցերը: Կառավարության եզրակացության համաձայն՝ նախագծերի փաթեթին կից ներկայացված հիմնավորման մեջ վերլուծված չեն 1994թ. հունիսի 14-ին ընդունված և առ այսօր գործող «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի՝ դրույթների կիրառման արդյունավետությունը, առանձին կարգավորումներում տեղ գտած բացթողումները, խնդիրները, ներկայացված չեն նաև վիճակագրական տվյալներ այն մասին, թե օրենքի գործողության պահից սկսած քանի բռնադատված է օգտվել օրենքով նախատեսված արտոնություններից և կան արդյոք բռնադատվածներ, որոնք չեն կարողացել օգտվել հիշյալ արտոնություններից՝ տարբեր պատճառներով: Նշված է նաև, որ օրենքի հիման վրա ստեղծվել է միջգերատեսչական հանձնաժողով, որը զբաղվում է բռնադատվածների կողմից ներկայացված դիմումներով, նրանց տրամադրում է համապատասխան տեղեկանքներ, վկայականներ և այլն: Հիմնավորման մեջ արտացոլված չեն հիշյալ հանձնաժողովի աշխատանքի պրակտիկ արդյունքները: Բացի այդ, «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքի նախագծում առկա են մի շարք դրույթներ, որոնք կան գործող օրենքում: Մասնավորապես՝ բռնադատված հասկացության սահմանումը, բնակարանային պայմանների բարելավման կարիք ունենալու դեպքում արտոնյալ պայմաններով վարկերի տրամադրման գործընթացի կարգավորումը և այլն: Հովիկ Աբրահամյանն առաջարկել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին մեկ անգամ ևս ուսումնասիրել առկա բոլոր խնդիրները, քննարկել կառավարությունում՝ հրավիրելով նաև Ազգային ժողովի պատգամավորներին և հարցին տալ գլոբալ լուծում:
Գործադիրը քննարկել է ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանի օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Կառավարության եզրակացության համաձայն՝ նախագծի ընդունումը չի բխում ՀՀ օրենսդրության պահանջներից մի շարք հիմնավորումներով: Նշված է, որ վիրավորում ստացած զինծառայողների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով զինվորական ծառայությունից արձակված քաղաքացիների բուժման գործընթացը մշտապես գտնվում է առողջապահության նախարարության ուշադրության կենտրոնում, անհրաժեշտության դեպքում նախարարության համակարգմամբ իրականացվում են բժշկական խորհրդակցություններ, որոնց արդյունքներով որոշվում է պացիենտների բուժման հետագա տակտիկան: Բացի այդ, 2014թ. դեկտեմբերի 17-ին ընդունված «Սոցիալական աջակցության մասին» ՀՀ օրենքը, որով կարգավորվում են սոցիալական աջակցության տրամադրման, ՀՀ սոցիալական համագործակցության հետ կապված հարաբերությունները: Առկա հարցերը կարգավորելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն արդեն իսկ մշակել և շրջանառության մեջ է դրել նախկինում ընդունած որոշումներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որով պարտադիր պահանջ է սահմանվում ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զինծառայողի կամ կամավորականի հաշմանդամություն ձեռք բերելու, ինչպես նաև ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների հետևանքով, մարտական հերթապահություն և հատուկ առաջադրանք կատարելիս զոհված (մահացած) կամ անհայտ կորած զինծառայողի կամ կամավորականի ընտանիքի կարգավիճակ ստանալու խնդրահարույց դեպքերում համապատասխան տեղեկությունները բուժհաստատությունից և զինկոմիսարիատից եռօրյա ժամկետում սոցիալական աջակցության տարածքային մարմիններին տեղեկացնելը:


Այլ որոշումներ

Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով ի պաշտոնե Հայաստանի զարգացման հիմնադրամի խորհրդի անդամ և նախագահ է ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ինչպես նաև ի պաշտոնե խորհրդի անդամ է ՀՀ կառավարության աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական վարչության պետը: Խորհրդի մյուս անդամները նշանակվում են խորհրդի նախագահի կողմից՝ մեկ ներկայացուցիչ ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջադրմամբ և մեկական ներկայացուցիչներ ՀՀ արտաքին գործերի, ՀՀ գյուղատնտեսության, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման ու ՀՀ ֆինանսների նախարարություններից՝ համապատասխան նախարարի առաջադրմամբ, և յոթ ներկայացուցիչ գիտական, հասարակական և մասնավոր հատվածից։ Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է, որը բաղկացած է 13 անդամից։ Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն ի պաշտոնե հանդիսանում է ՀՀ վարչապետը։ Ըստ հիմնավորման՝ հիմնադրամի կողմից իրականացվող ծրագրերի մեծածավալ լինելու հետ պայմանավորված հիմնադրամի գործունեության ընթացքում առաջանում են հարցեր, որոնք ենթակա են քննարկման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից և պահանջում են արագ լուծումներ, սակայն ՀՀ վարչապետի աշխատանքի խիստ ծանրաբեռնվածության պատճառով հնարավոր չէ հաճախակի գումարել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստեր։
Գործադիրը փոփոխություն է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, ինչը պայմանավորված է «Յուքոմ» ընկերության կողմից, ՀՀ կառավարության 2016թ. համապատասխան որոշման համաձայն, ներդրումային ծրագրի շրջանակում իրականացվող աշխատանքների` ներմուծվող ապրանքների ցանկի հստակեցման անհրաժեշտությամբ: Ներդրումային ծրագրի շրջանակում` 4G (LTE) սերնդի բջջային ցանցի և առկա 2G/3G ցանցը հզորացնելու համար ընկերությունը նախատեսում է իրականացնել շուրջ 18.3 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրումներ, որից մոտ 17.1 մլրդ ՀՀ դրամը` սարքավորումներ ձեռք բերելու համար:
Կառավարությունն ընդունել է «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ կանոնադրական կապիտալն ավելացնելու և ՀՀ կառավարության մի շարք որոշումներում փոփոխություն կատարելու մասին» որոշում:
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 25-րդ տարեդարձին նվիրված տոնական միջոցառման կազմակերպման նպատակով «Դասական երաժշտության աջակցություն» ՀԿ-ին որպես նվիրաբերություն տրամադրելու համար կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ մշակույթի նախարարությանը:
Գործադիրը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարության միջև միջուկային և ռադիոակտիվ նյութերի մաքսանենգ փոխադրումների դեմ պայքարի ոլորտում համատեղ գործողությունների ծրագրում» լրացման նախագծին: Ըստ հիմնավորման՝ լրացումն ուրվագծում է մեխանիզմ ԱՄՆ կառավարության կողմից միջուկային փորձաքննության տեղեկատվության փոխանակման և տեխնիկական միջուկային փորձաքննության դրույթների օժանդակության համար՝ նպատակ ունենալով աջակցել միջուկային կամ ռադիոակտիվ նյութերի մաքսանենգության հետաքննություններին:
ՀՀ Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանի մասնաշենքի վերակառուցման նախագծային աշխատանքների իրականացման նպատակով կառավարության պահուստային ֆոնդից գումար կհատկացվի ՀՀ քաղաքաշինության նախարարությանը:
Oտարերկրացիների աշխատանքի թույլտվության (ՕԱԹ) տրամադրման գործընթացի կիրարկման ընթացքում ծագած խնդիրների լուծման, աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող քվոտավորման համակարգի ներդրման, ինչպես նաև աշխատանքի թույլտվության տրամադրման մեկ պատուհանի սկզբունքի կիրառման իրավական հիմքերի ապահովման անհրաժեշտությամբ պայմանավորված կառավարության որոշմամբ կասեցվել է նախկինում ընդունած որոշումների գործողությունը: Ըստ այդմ՝ առաջարկվում է մինչև 2018թ. հունվարի 1-ը կասեցնել օտարերկրացիների աշխատանքի թույլտվության պահանջը՝ մինչև աշխատաշուկայի օբյեկտիվ իրավիճակից բխող քվոտավորման համակարգի ներդրումը, ինչպես նաև աշխատանքի թույլտվության տրամադրման մեկ պատուհանի սկզբունքի կիրառման իրավական հիմքերի ապահովումը:
 

Օգոստոս 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

-

Արխիվ