Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 10 հոկտեմբերի 2012

Պետական միջոցները փոշիացնող պաշտոնյաները կպատժվեն





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Մինչև օրակարգի ձևավորումը վարչապետը կառավարության անդամներին տեղեկացրել է առողջապահության և շինարարության ոլորտներում բացահայտված թերությունների մեղավորներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ ձեռնարկվող միջոցներին (տե՛ս առանձին)։
Այնուհետև կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը։


Կապահովվի կրթության մատչելիությունը

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություն և լրացումներ, որոնք ուղղված են բարձրագույն կրթության ֆինանսավորման համակարգի բարեփոխմանը և ուսանողների ֆինանսական աջակցության համակարգի բարելավմանը։ Որոշմամբ կապահովվի բարձրագույն կրթության մատչելիությունը` ուսանողների աջակցության և ընտանիքների անապահովության գնահատման համակարգերի միջոցով։ Հաջորդ որոշմամբ Հայաստանի տեխնոլոգիաների և նորարարության զարգացման նպատակով «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան» ՊՈԱԿ-ում ազգային ճարտարագիտական լաբորատորիա հիմնադրելու նպատակով համաֆինանսավորման կարգով հատկացվել է ավելի քան 142 մլն դրամ։ Նախահաշվով նախատեսված ծախսի շուրջ 59 տոկոսը կիրականացվի համալսարանի արտաբյուջետային միջոցների հաշվին։ Այս որոշումների առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը կարևորել է երկու հանգամանք. առաջին` «ընտանիքի ֆինանսական վիճակը չպետք է պատճառ դառնա, որ երեխաները զրկված լինեն կրթություն ստանալուց։ Երկրորդ, մասնավոր հատվածի հետ համագործակցության ընթացքում մենք ստանձնել էինք ֆինանսական միջոցներ հատկացնելու պատասխանատվություն։ Նաև գիտության ֆինանսավորման տեսակետից սա խիստ արդիական է, մանավանդ որ այս խնդիրները մեր նախընտրական ծրագրի կարևորագույն խոստումներից են և գտնվում են Հանրապետության Նախագահի ուշադրության կենտրոնում, ուստի մենք պարտավոր ենք մեր հասարակությանն իրազեկել դրանց մասին»։ Վարչապետի հանձնարարությամբ զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպում է ունեցել ՀՀ կրթության և գիտության նախարարը (տե՛ս առանձին)։
Վերաբաշխում կատարելով 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում` կառավարությունը ս.թ. հոկտեմբերի 18-19-ը Երևանում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների ուսուցիչների և կրթության ոլորտի աշխատողների երկրորդ համագումարի կազմակերպման նպատակով հատկացրել է շուրջ 6.5 մլն դրամ։
 

Սահմանվում է ավտոկայանատեղիի կազմակերպման կարգը

ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետության տարածքում ավտոկայանատեղիի կազմակերպման կարգը, որով կարգավորվում են ՀՀ տարածքում համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման փողոցներում և հրապարակներում համայնքի ավագանու սահմանած վճարովի ավտոկայանատեղիի գործունեության հետ կապված իրավահարաբերությունները, ավտոկայանատեղիի գետնանշման ձևը, ավտոտրանսպորտային միջոցն ավտոկայանատեղիի հատուկ տարածք տեղափոխելու արձանագրության ձևը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը տեղեկացել է, որ իրավաբանական և ֆիզիկական անձ հանդիսացող առաջին օպերատորները կհայտնվեն 3-4 ամիս անց։ Կտեղադրվեն ժամանակակից սարքավորումներ, և մայրաքաղաքում կլինեն եվրոպական չափանիշներին համապատասխանող ավտոկայանատեղիներ։
Կառավարության որոշմամբ ասֆալտբետոնե ծածկի հիմնանորոգմանն օժանդակելու նպատակով Երևանի քաղաքապետարանին տրամադրելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հատկացվել է 4.5 մլրդ դրամ, որով ակնկալվում է Երևան քաղաքում ունենալ շուրջ 644 հազար քառ.մետր նոր, բարձրորակ ասֆալտբետոնե շերտ երթևեկելի հատվածներում, շուրջ 37 հազար 500 քառ.մետր ասֆալտբետոնե շերտ մայթերի հատվածում, ինչպես նաև շուրջ 15 հազար գծամետր նոր եզրաքարերի տեղադրում։ «Բոլորդ նկատել եք, որ Երևանում ճանապարհների վերանորոգման մեծածավալ աշխատանքներ են կատարվում Հանրապետության Նախագահի անմիջական հանձնարարության և հսկողության ներքո։ Տեսնում ենք, որ դրա շնորհիվ քաղաքը որակապես փոխվում է, և մենք մեր քաղաքացիների կողմից ստանում ենք դրական գնահատականներ», - դիմելով նիստի մասնակիցներին` ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Գործադիրը որոշել է Երևանի քաղաքային համայնքի վարչական սահմանում գտնվող ՀՀ սեփականությունը հանդիսացող «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով պատկանող Գոգոլի 2 հասցեի ենթակայանի շենքը, կարգավորիչ կայանքի շենքը, շինությունը, պարիսպը, լողավազանը և դրանց զբաղեցրած օգտագործման և սպասարկման համար անհրաժեշտ հողատարածքն անհատույց սեփականության իրավունքով փոխանցել Երևանի քաղաքային համայնքին։ Որոշման ընդունումը կնպաստի Երևանի ճանապարհաշինական ծրագրերի իրականացմանը, հողային ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը, մայրաքաղաքի կենտրոնական փողոցների բեռնաթափմանը և տրանսպորտային երթևեկության կանոնակարգմանը։
Կառավարության որոշմամբ «Բավրա» նոր հսկիչ անցագրային կետ կառուցելու համար ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայությանը հատկացվել է 55 մլն դրամ։


Հստակեցվում է ՔԿԱԳ գրանցման ընթացակարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- քաղաքացիական կացության ակտերի գրանցման մարմնի աշխատավայրից դուրս ՔԿԱԳ կատարելու դեպքերը և կարգը, որը հնարավորություն է տալիս ամուսնության պետական գրանցումը կատարել ՔԿԱԳ մարմնի գրասենյակից դուրս` համապատասխան վայրում` վճարելով 50 հազար դրամ,
- բնական` մշակված կամ չմշակված, բայց չշրջանակված կամ չամրացված ալմաստի «Ժամանակավոր ներմուծում` վերամշակման համար» մաքսային ռեժիմով ՀՀ մաքսային տարածք ներմուծման կարգը, որի համաձայն կրճատվում են մաքսային մարմիններ ներկայացվող փաստաթղթերի քանակը և թույլտվություն ստանալու ժամկետը,
- ռազմարդյունաբերության աշխատանքները համակարգող նորմատիվ տեխնիկական ակտերի ցանկը, որով ՀՀ զինված ուժերն ու այլ զորքերը կարող են ապահովվել ժամանակակից սպառազինությամբ և ռազմական տեխնիկայով։
 

Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության, կայազորային և պահակային ծառայության կանոնագրքերը հաստատելու ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծերին, որոնցով կապահովվեն գործող օրենքների համապատասխանությունը, վերը նշված ծառայությունների պատշաճ կազմակերպման և իրականացման գործընթացը, պաշտոնատար անձանց և զինծառայողների իրավասություններն ու պարտականությունները։
Կառավարությունը քննարկել է ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը։ Նշելով, որ նախագիծն ընդհանուր առմամբ բխում է աուդիտորական գործունեությունը կարգավորող օրենսդրական դաշտը կատարելագործելու, միջազգային չափանիշներին մոտարկելու անհրաժեշտությունից, գործադիրն, այնուամենայնիվ, նախագծով առաջարկվող աուդիտորների մասնագիտական պատասխանատվության պահանջի սահմանումը ռիսկային է համարել։ Առաջարկվել է լրամշակել նախագիծը հետագայում նախագծերի փաթեթի տեսքով շրջանառության մեջ դնելու համար` պարտադիր ապահովագրության նոր տեսակի սահմանումն առանձին օրենքով լիարժեք կարգավորելու նպատակով։ Գործադիրը նաև պատրաստակամություն է հայտնել նախագիծը լրամշակելու հարցում համագործակցել դրա հեղինակների հետ։
Գործադիրը քննության է առել «Պետական օժանդակության ուսումնական վարկերի մասին» և ևս երեք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է երկրում ներդնել ուսումնական վարկավորման այնպիսի համակարգ, որը կնպաստի բարձրագույն և միջին մասնագիտական կրթության մատչելիության բարձրացմանը։ Կառավարությունն իր հերթին նպատակահարմար է համարում ուսումնական վարկերի տրամադրումը կարգավորել այլ իրավական ակտերով, ինչպիսիք են ՀՀ կառավարության որոշմամբ հաստատված կարգերը և ընթացակարգերը, ուստի դեմ է ներկայացված օրինագծի ընդունմանը։
Քննարկելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հովհաննես Մարգարյանի և Հեղինե Բիշարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արտոնագրային վճարների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել արտոնագրային վճար վճարող համարվող անձանց շրջանակը, կառավարությունն աննպատակահարմար է համարել դրա ընդունումը` հիմնավորելով իր բացասական եզրակացությունը։
Գործադիրը դեմ է արտահայտվել «Վենչուրային հիմնադրամների մասին» և ևս երեք ՀՀ օրենքներում փոփոխություններ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։
Կառավարությունը որոշել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ չորրորդ գումարման Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված մեկ օրինագիծ ներկայացնել ՀՀ Ազգային ժողով։
Վերը նշված օրենքների նախագծերը և ՀՀ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Մալթայի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Իսրայելի Պետության կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու համաձայնագրերն ստորագրելու առաջարկություններին։
Կառավարության որոշմամբ Լոնդոնի քոլեջ համալսարանի ուսանող Գուրգեն Սաֆարյանը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է ստացել մինչև ուսումնառության ավարտը` 2016 թ. գարնանային զորակոչը։
Գյումրու քաղաքային համայնքի ղեկավարի կողմից հրաժարական ներկայացնելու կապակցությամբ ՀՀ կառավարությունը որոշել է վաղաժամկետ դադարեցնել նրա լիազորությունները։ Նույն պատճառով դադարեցվել են Տավուշի մարզի Հաղթանակի, Պտղավանի և Դեղձավանի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները։ ՀՀ օրենսդրության համաձայն սույն որոշումներն ուժի մեջ մտնելու հաջորդ օրն իրենց պարտականությունների կատարումը կստանձնեն նշված համայնքների նորընտիր ղեկավարները։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

Դեկտեմբեր 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ