ուրբաթ, 5 հոկտեմբերի 2012
Ուսուցչի օրվա առթիվ ՀՀ վարչապետը պարգևատրել է լավագույն մանկավարժներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում մասնակցել է Ուսուցչի օրվան նվիրված հանդիսավոր արարողությանը:
Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորելով ուսուցիչներին մասնագիտական օրվա առթիվ՝ վարչապետ Սարգսյանը նշել է. «Սա բացառիկ տոներից մեկն է, որը համախմբում է մեր ժողովրդին, քանի որ դարեր շարունակ մեր ժողովուրդը մեծարել և կարևորել է ուսուցչի դերը: Այսօր էլ դուք մեր երիտասարդության հոգիներում սերմանում եք այն լուսավորը, որոնք վաղը ծիլ են տալու և կերտելու են մեր պետության ու ժողովրդի ապագան: Համոզված եմ, որ մեր երիտասարդները հուսալի ձեռքերում են և այն պետական պարգևները, այն գնահատականները, որ մենք այսօր տալիս ենք ձեզ, իհարկե, բավարար չեն ձեր կողմից կատարված մեծածավալ աշխատանքը գնահատելու համար: Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի պահպանենք այս արժեքը և սերնդեսերունդ փոխանցենք մեր ժողովրդի նման վերաբերմունքը ուսուցիչների նկատմամբ: Եվս մեկ անգամ, հարգելի ուսուցիչներ, թույլ տվեք բոլորիդ շնորհավորել այս գեղեցիկ, լուսավոր տոնի առթիվ»:
Ուսուցչի օրվա առթիվ, մատաղ սերնդի հայեցի դաստիարակու¬թյան գործում ունեցած հաջողությունների և մանկավարժության բնագավառում տարիների անխոնջ աշխատանքի համար ՀՀ Սյունիքի մարզի Շինուհայրի միջնակարգ դպրոցի կենսաբանության ուսուցիչ Արտուր Կարապետյանը, ՀՀ Սյունիքի մարզի Կապանի թիվ 2 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչուհի Շողիկ Բադալյանը և Երևանի թիվ 125 հիմնական դպրոցի ռուսաց լեզվի ուսուցչուհի Սիլվա Բաբաջանյանը կառավարության ղեկավարի կողմից պարգևատրվել են Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով: Ավելի քան մեկ տասնյակ մանկավարժներ արժանացել են կառավարության ղեկավարի շնորհակալագրերին:
Ուսուցիչների մեծարման երեկոյի ընթացքում ամփոփվել են «Տարվա լավագույն...» ամենամյա հանրապետական մրցույթի արդյունքները: «Տարվա լավագույն ուսուցիչ» անվանակարգում հաղթած Երևանի Արտաշես Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական դպրոցի ուսուցչուհի Անժելա Նազարեթյանին և «տարվա լավագույն դաստիարակ» անվանակարգում հաղթած Սյունիքի մարզի Քաջարանի թիվ 1 մանկապարտեզի դաստիարակ Նորա Սարգսյանին վարչապետ Սարգսյանը հանձնել է «Շևրոլետ Ավեո» մակնիշի ավտոմեքենաների բանալիներ: «Տարվա լավագույն տնօրեն» անվանակարգում հաղթող ճանաչված Արարատի մարզի Այգեզարդի Ա. Ղարիբյանի անվան միջնակարգ դպրոցի տնօրեն Մարատ Մնացականյանին տրվել է համակարգչային տեխնիկա:
Տոնական միջոցառմանը մասնակցել են նաև ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը, ԱԺ պատգամավորներ, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հանրապետության մարզերի և մայրաքաղաքի կրթության բնագավառի ներկայացուցիչներ, մանկավարժներ, գիտության ու մշակույթի անվանի գործիչներ: