երկուշաբթի, 22 մայիսի 2000
Այսօր տեղի ունեցավ նորանշանակ կառավարության անդրանիկ նիստը, որը վարում էր նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
Շնորհավորելով նոր կառավարության անդամներին նշանակման կապակցությամբ, նախագահը նշեց, որ նրանք իրենց պաշտոնները ստանձնել են պատասխանատու ժամանակահատվածում, և հասարակության սպասելիքներն ու պահանջները կառավարության գործունեությունից խիստ մեծ են: Ըստ նախագահի, առկա իրավիճակից դուրս գալու համար բոլորը պետք է գիտակցեն պատասխանատվության աստիճանը:
Անդրադառնալով կառավարության գործունեության սկզբունքներին՝ Ռոբերտ Քոչարյանն առանձնացրեց երկու կարևոր հանգամանք: Նախ՝ կառավարության յուրաքանչյուր անդամ պատասխանատու է նաև կառավարության ընդհանուր գործունեության համար: Միաժամանակ, յուրաքանչյուր նախարար, որ պատասխանատու է իր ղեկավարած ոլորտի համար, անձնական պատասխանատվություն է կրելու տվյալ բնագավառում աշխատանքի կազմակերպման համար:
Ըստ նախագահի, կառավարության աշխատանքը պետք է լինի բաց, թափանցիկ, հասկանալի ժողովրդի համար և նպատակամղված՝ կոնկրետ արդյունքների հասնելուն, քանի որ միայն շոշափելի արդյունքների արձանագրմամբ հնարավոր կլինի վերականգնել ժողովրդի վստահությունը: Կառավարությունը իր ծրագրի իրականացմամբ, որի մշակման աշխատանքներն արդեն իսկ սկսված են, պետք է կարողանա համոզել մարդկանց, որ գործունյա է և ի վիճակի՝ երկիրը հանել ճգնաժամից:
Շնորհավորելով և արդյունավետ աշխատանք մաղթելով նախարարներին՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշեց, որ ներկա դժվարին և պատասխանատու շրջանում ստանձնելով այսպիսի պարտավորություն, կառավարությունը պետք է կարողանա արդարացնել ՀՀ նախագահի, նաև այն քաղաքական ուժերի վստահությունը, որոնք իրենց աջակցությունն են հավաստել: Ըստ ՀՀ վարչապետի, նախագահը, վարչապետը, կառավարությունը պետք է հանդես գան որպես միասնական թիմ, ինչն այսօր կառավարության առջև դրված ամենակարևոր քաղաքական խնդիրն է: Նա ևս ընդգծեց, որ առանց անվստահության մթնոլորտը ցրելու, դժվար կլինի երկիրը դուրս բերել ստեղծված իրավիճակից:
Ըստ վարչապետի, կառավարությունում խորհրդարանական ուժերի ներկայացուցիչների առկայությունը պետք է նպաստի Ազգային ժողովի հետ առավել սերտ աշխատանքներին: Խորհրդարանական ուժեր ներկայացնող կառավարության անդամներից ակնկալվում է առավել ակտիվ համագործակցություն իրենց խմբակցությունների ու խմբերի հետ, այն առումով, որ կառավարության օրենսդրական նախաձեռնությունների քննարկումն ու ընդունումը ԱԺ-ում ընթանան հարթ, արագ և բնականոն հունով: Ըստ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նաև այդ նախարարների անմիջական ջանքների շնորհիվ պետք է արդյունավետ, գործնական կապ ապահովվի կառավարության և ԱԺ-ի միջև:
Վարչապետը առանձնակի ընդգծեց կառավարության որոշումների կատարման, պետական կարգապահության խնդիրը, որը նախարարների համար պետք է լինի գործունեության հստակ սկզբունք: Ըստ նրա, յուրաքանչյուրը պետք է դրսևորի պետական բարձր կարգապահություն, կառավարության որոշումները կատարելու անվերապահ կամք ու վճռականություն, շահագրգիռ մոտեցում ընդհանուր գործին: «Այսօրվանից լծվելու ենք կառավարության ծրագրի մշակմանը: Ակնկալում եմ ձեզնից յուրաքանչյուրի շահագրգիռ աշխատանքն ու ազնիվ նվիրումը մեր երկրի առջև ծառացած բարդագույն խնդիրների լուծման գործում», - ասաց վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Վերջում նախագահ Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ այժմ կառավարության գործունեությունը պետք է ընթանա երկու ուղղությամբ: Առաջինը՝ ընթացիկ հարցերի կարգավորումն է. եթե առաջիկա ամիսներին չհաջողվի ազատվել ներքին պարտքերից, ապա դժվար կլինի շահել ժողովրդի վստահությունը: Այս ուղղությամբ ևս հարկ կլինի դրսևորել միասնական ջանքեր:
Ըստ նախագահի, զուգահեռաբար կառավարությունը պետք է բոլոր ուղղություններով շարունակի բարեփոխումների գործընթացը, իրականացնի հեռագնա ծրագրեր: Ընդհանրացնելով խոսքը Ռ. Քոչարյանը նշեց, որ չկա մի խնդիր, որը հետևողական, միասնական աշխատանքի շնորհիվ հնարավոր չլինի լուծել: