Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 հոկտեմբերի 2012

Նախարարները պետք է անձամբ վերահսկեն հարկային պարտավորությունների կատարումը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Բացելով նիստը` վարչապետը դիմել է ներկաներին. «Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել մի քանի հանձնարարականից։
Առաջինը վերաբերում է մեր գերատեսչությունների ներքո գործող կազմակերպություններին, որոնք հանդիսանում են Հայաստանի Հանրապետությունում հարկ վճարողներ։ Տեղյակ եք, որ Հանրապետության Նախագահը հանձնարարել է մեզ, որ այս խնդիրը լինի նախարարների ուշադրության կենտրոնում, և նախարարներն այսուհետ դրա համար պատասխանատվություն են կրելու։ Դա ենթադրում է, որ բոլոր նախարարները պետք է տիրապետեն իրավիճակին` ինչպիսին է տնտեսական աճի ցուցանիշը կոնկրետ իր ոլորտում, և ինչպես են այդ ոլորտի ձեռնարկությունները կատարում իրենց հարկային պարտավորությունները։ Կառավարության նիստին մենք լսելու ենք նախարարների հաշվետվությունը հարկային պարտավորության կատարման և ոլորտում տնտեսական աճի ներուժի վերաբերյալ։
Երկրորդը` մենք պետք է բացառենք հարկային մարմինների նկատմամբ ցանկացած միջամտություն, միջնորդություն, որը, ցավոք, դեռևս առկա է Հայաստանի Հանրապետությունում։ Ես իմ անձնական հսկողության տակ եմ պահելու այս խնդիրը։ Մենք պետք է բացառենք ցանկացած միջնորդություն և բոլորս պետք է քաջ գիտակցենք, որ հարկերի հավաքումը պատասխանատու գործառույթ է և ոչ միայն ՊԵԿ-ի, այլև կառավարության բոլոր անդամների պատասխանատվության խնդիրն է։
Հաջորդ նիստին մենք կսկսենք հաշվետվությունների լսումը։ Առաջինը կրթության և գիտության նախարարը կզեկուցի ոլորտի իրավիճակի մասին, երկրորդը` տրանսպորտի և կապի նախարարը, երրորդը` էներգետիկայի և բնական պաշարների նախարարը։ Այսօրվանից տեղեկանքներ և մանրակրկիտ ուսումնասիրություններ պատրաստեք տնտեսական, հարկային ներուժի և այն մասին, թե ինչպես են ձեռնարկությունները կատարում իրենց հարկային պարտավորությունները»։

Այնուհետև կառավարությունը ձեռնամուխ է եղել օրակարգի հարցերի քննարկմանը։
 

Լուծում են ստանում մարզերի հիմնախնդիրները

ՀՀ կառավարությունը ՀՀ մարզերին` առաջնահերթ լուծում պահանջող հիմնախնդիրների լուծման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար հատկացրել է ավելի քան 10 մլրդ դրամ։ Այդ գումարն ուղղվելու է մարզերում առկա մի շարք հիմնախնդիրների, մասնավորապես, դպրոցաշինության, մշակութային օբյեկտների շինարարության և այլ ուղղություններով։ Որոշմամբ հատկացված գումարով հնարավոր կլինի ընթացիկ տարում ավարտել ծրագրերով նախատեսված օբյեկտների շինարարությունը։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը հանձնարարել է համագործակցել համապատասխան նախարարությունների հետ, բերել է դպրոցաշինության ոլորտի օրինակը, որտեղ աշխատանքային խումբ է ստեղծվել ՀՀ կրթության և գիտության նախարարի գլխավորությամբ։ «Անհրաժեշտ է համագործակցել նաև քաղաքաշինության նախարարության և այն գերատեսչությունների հետ, որոնք առնչվում են ծրագրերին. նրանք պետք է տեղյակ լինեն գումարների ծախսման մասին», - ասել է վարչապետը։
2012 թվականին Կոտայքի մարզի Գառնիի միջնադարյան կամրջի, Սյունիքի մարզի Կուրիսի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու, Որոտնավանքի Սուրբ Կարապետ եկեղեցու և սրահի ծածկի, Լոռու մարզի Աքորիի Բգավոր եկեղեցու, Լոռի Բերդ համայնքի «Լոռի բերդ» ամրոցի, Ալավերդի համայնքի Սանահինի վանքային համալիրի, Արագածոտնի մարզի Ավանի Սուրբ Աստվածածին եկեղեցու և Բջնի ամրոցի արևմտյան զույգ պարսպապատի ու գաղտնուղու, մի շարք այլ օբյեկտների ամրակայման և վերականգնման նախագծա-նախահաշվային փաստաթղթերի փորձաքննության համար կառավարության որոշմամբ հատկացվել է համապատասխան գումար։
Գործադիրը որոշել է «ՀՀ կառավարության աշխատակազմ» ՊԿՀ-ին ամրացված Երևան քաղաքի Կառավարական N2 մասնաշենք հասցեում գտնվող շենք- շինությունները և դրանց սպասարկման և օգտագործման համար հատկացված հողամասի պետական բաժնեմասն ուղղակի վաճառքի ձևով օտարել «Տանգո» ՓԲԸ-ին` շենքի պատմամշակութային և արտաքին տեսքը պահպանելու պայմանով։


Ապահովվում է երթևեկության անվտանգությունը

Գործադիրը ճանապարհային գծանշմանը ներկայացվող պահանջները և դրա կիրառման կանոնները հաստատելու իր նախկին որոշման մեջ կատարել է փոփոխություններ, որոնք թելադրված են ՀՀ ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման նպատակով երկրում գործող ճանապարհային երթևեկության, գծանշման և արհեստական անհարթությունների նորմերի սահմանման, ինչպես նաև դրանից բխող տեխնիկական կանոնակարգերի ընդունման անհրաժեշտությամբ։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ավտոճանապարհներին տեղադրվող արագաչափ սարքերին, որոնց վերաբերյալ հարց էր հնչել նախորդ օրը ՀՀ Ազգային ժողովում։ «Մենք պետք է մեր քաղաքացիներին վստահեցնենք, որ այդ սարքերը ճշգրիտ են աշխատում, սերտիֆիկացված են և ճիշտ տեղերում են տեղադրված, - ասել է Տիգրան Սարգսյանը։ - Անհրաժեշտ է մեր քաղաքացիներին լիակատար տեղեկություն տալ և համագործակցել նաև հասարակական կազմակերպությունների հետ, որոնք նույնպես հարցեր են բարձրացնում»։ ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանապետը վարչապետին հավաստիացրել է, որ նշված խնդիրների վերաբերյալ արտոնագրման հարցերով զբաղվող հասարակական կազմակերպություններն արդեն իրազեկվել են։ Երեկ նորից հանձնարարություն է տրվել, շուտով հանդիպում կկազմակերպվի և վերստին կպարզաբանվի այդ հարցը։
Տիգրան Սարգսյանը նպատակահարմար է համարել հեռուստահաղորդում կազմակերպել և վարորդներին բացատրել, թե ինչպես են այդ սարքերն աշխատում, որտեղ են տեղադրվում։ «Քաղաքացիները պետք է տեղյակ լինեն այդ ամենին», - ասել է վարչապետը։


Հայաստանում ներդրվում է մասնագիտական կողմնորոշման համակարգ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ՀՀ մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման հայեցակարգին։ Ազատ շուկայական հարաբերություններին անցնելու արդյունքում սկզբունքորեն փոխվել են աշխատանքային հարաբերությունների բնույթը, աշխատաշուկայի կարգավորման սկզբունքներն ու մեխանիզմները։ Հայեցակարգով և դրա իրականացման ժամանակացույցով նախատեսվում է մեր երկրում ներդնել մասնագիտական կողմնորոշման համակարգ` իրավական, ինստիտուցիոնալ, գործառնական և տեղեկատվական ապահովման անհրաժեշտ և ամբողջական հիմքերով։ Համակարգի ներդրման հիմնական նպատակն ու դրանից բխող խնդիրներն իրագործելու համար առաջարկվում է մասնագիտական կողմնորոշման այնպիսի մոդել, որի առանցքային հենքը կազմելու է ամբողջ կյանքի ընթացքում, տարիքային տարբեր խմբերում և սոցիալ-աշխատանքային տարբեր իրավիճակներում գտնվող անձանց համար մասնագիտության արդյունավետ ընտրության, փոփոխության և կարիերայի շարունակական զարգացման հնարավորությունների ապահովումը` նկատի ունենալով մարդու անձնային հատկանիշները, ինչպես նաև աշխատաշուկայի պահանջարկի փոփոխվող իրավիճակը։
Հիմք ընդունելով ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության միջնորդությունը` գործադիրը որոշել է Երևան քաղաքի Աճառյան 20/3 հասցեում գտնվող N11 ուսանողական հանրակացարանի 411-րդ սենյակում բնակվող 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած Սոնյա Խաչատրյանին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով սեփականաշնորհել իր զբաղեցրած բնակելի տարածքը։ Հաջորդ որոշմամբ և նույն հիմքով վերը նշված, ինչպես նաև Թբիլիսյան խճուղի 5 հասցեի հանրակացարաններում բնակվող, Ադրբեջանից բռնագաղթած ևս չորս անձանց սեփականաշնորհվել են իրենց զբաղեցրած տարածքները։


Կներկրվեն էլեկտրոնային ստորագրություն ճանաչող սարքեր

Վերաբաշխում կատարելով 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացում` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը կենսաթոշակային բարեփոխման շրջանակում էլեկտրոնային ստորագրությունը ճանաչող 20 հազար սարք ձեռք բերելու նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը հատկացրել է 74 մլն դրամ։
ՀՀ կառավարությունը սահմանել է քաղաքացիական հասարակության պաշտպանության վտանգավոր տարածքների բացահայտման, ճառագայթային, քիմիական և մանրէաբանական միջոցներից վնասազերծման և վարակազերծման կարգը, որի նպատակն է քաղաքացիական պաշտպանության տեսանկյունից վտանգավոր տարածքներում բնակչության կենսագործունեության բնականոն պայմանների ապահովումը, նշված միջոցների վնասակար ազդեցության կանխարգելումը և նվազեցումը։
Կառավարությունն իր նիստում սահմանել է տեղեկատվական համակարգի միջոցով փաստաթղթերի պատճենները պետական ռեգիստրի գործակալություն նախնական ուսումնասիրության ներկայացնելու կարգը, որի համաձայն անձը, դիմելով նշված գործակալություն, հնարավորություն կունենա ստուգել իր ներկայացրած փաստաթղթերի համապատասխանությունն օրենսդրության պահանջներին։
Կառավարության որոշմամբ Գերմանիայի զարգացման վարկային բանկի աջակցությամբ իրականացվող Շիրակի և Լոռու մարզերի ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի վերականգնման և Արմավիրի մարզի մի շարք բնակավայրերի ջրամատակարարման և կոյուղու համակարգերի վերականգնման վարկային ծրագրերով տրամադրվող ՀՀ կառավարության համաֆինանսավորման գումարները ներդրվել են «Շիրակ ջրմուղկոյուղի», «Լոռի ջրմուղկոյուղի» և «Նոր Ակունք» ՓԲԸ-ների կանոնադրական կապիտալում` նպատակ ունենալով բարձրացնել ընկերությունների ֆինանսական կենսունակությունը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը ՀՀ պաշտպանության նախարարին պարտավորեցրել է «Գառնի-լեռ» գիտաարտադրական միավորում» ԲԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովում առաջարկել և կողմ քվեարկել կանոնադրական կապիտալը լրացուցիչ բաժնետոմսեր թողարկելու միջոցով ավելացնելուն, որով կպահպանվեն արտադրական և զորահավաքային կարողությունները։
Հավանություն տալով ՀՀ կառավարության, «Սիբիր» ավիաուղիների և «Արմավիայի» միջև նախկինում ստորագրված պայմանագրի փոփոխությանը` կառավարությունը դրանով իսկ կարգավորել է «Արմավիա» ավիաընկերության կողմից զեղչ սակագնով կամ անվճար մատուցված ծառայությունների գումարի և օդուղիների հատկացման դիմաց վճարվող գումարի հաշվանցումը` ավելի քան 30 մլն դրամ տարբերությունը փոխանցելով ՀՀ պետբյուջե։


Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրինագծին, որի նպատակն է սահմանափակել սև և գունավոր մետաղի ջարդոնի արտահանման հնարավորությունը և խթանել դրա վերամշակումը Հայաստանի Հանրապետությունում։
ՀՀ կառավարությունը քննության է առել «Գովազդի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նրանց կարծիքով գործող օրենքն ունի որոշ բացեր, որոնք և առաջարկվում է լրացնել։ Վկայակոչելով ոլորտի կարգավորմանն ուղղված եվրադիրեկտիվները` կառավարությունը ներկայացրել է օրենքի նախագծի` իր համար ընդունելի տարբերակը։
Քննության է առնվել ԱԺ մի խումբ պատգամավորների առաջարկած «Թատրոնի և թատերական գործունեության մասին» օրինագիծը, որը նույնպես ներկայացվել է օրենսդրական նախաձեռնության կարգով։ Նշվել է, որ ՀՀ մշակույթի նախարարությունն այժմ ձեռնամուխ է եղել ԱԺ քննարկմանը ներկայացված համանուն նախագծի լրամշակմանը և սույն նախագծի հեղինակներին առաջարկվել է համագործակցել ՀՀ մշակույթի նախարարության հետ` միասնական, լրամշակված և փոխհամաձայնեցված նախագծի ստեղծման նպատակով։
Նիստում քննարկվել է ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած Երևան քաղաքում խոշոր առևտրային օբյեկտների տեղակայման չափորոշիչներ սահմանելու օրինագիծը, որը կոչված է կարգավորել այդ օբյեկտներին առնչվող իրավահարաբերությունները։ Կառավարությունը նախագծի հեղինակներին առաջարկում է համագործակցել կառավարության հետ և առաջարկված խնդիրները լուծել ՀՀ կառավարության ներկայացրած օրենսդրական նախաձեռնության հիման վրա։
Գործադիրը քննության է առել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։ Կառավարությունը ներկա փուլում աննպատակահարմար է համարում ներկայացված նախագծի քննարկումն ու ընդունումը։
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Չեռնոբիլի ատոմային էլեկտրակայանի և այլ միջուկային աղետներից տուժած քաղաքացիների սոցիալական պաշտպանության մասին», «Հաշմանդամների սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության մասին», «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին», «Արտադպրոցական կրթության մասին», «Մեծահասակների կրթության մասին» ՀՀ օրենքների նախագծերի, «Եկամտային հարկի մասին», «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու օրինագծերի վերաբերյալ։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Միջազգային համագործակցություն

ԱՊՀ մասնակից պետությունների 7-րդ համաժողովին հայկական պատվիրակության մասնակցությունն ապահովելու նպատակով կառավարությունը ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրել է շուրջ 5 մլն դրամ։ Ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովը տեղի է ունենալու Աշգաբադում ս.թ. հոկտեմբերի 15-16-ը։
ՀՀ կառավարությունը որոշել է Եվրոպական միության անդամ պետությունների և Եվրոպական միության շենգենյան դրույթները կիրառող` Եվրոպական միության ոչ անդամ պետությունների քաղաքացիների համար 2013 թ. հունվարի 10-ից սահմանել առանց մուտքի վիզայի այցելության ռեժիմ։ Ակնկալվում է, որ այս իրավական ակտը կխթանի զբոսաշրջության զարգացումը, ինչն էլ իր հերթին կստեղծի միջանձնային ակտիվ շփումների հաստատման բարենպաստ պայմաններ։
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության միջև 2013 թ. հունվարի 1-ից 2015 թ. դեկտեմբերի 31-ը ֆրանսերենի լեզվաբանական ծրագրի նախագծին։ ՀՀ արտգործնախարարին հանձնարարվել է ծրագրի կնքումն ապահովել 2012 թ. հոկտեմբերի 12-13-ը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության Կինշասա մայրաքաղաքում կայանալիք կազմակերպության երկրների ղեկավարների գագաթնաժողովի ժամանակ, որի ընթացքում Հայաստանը կդառնա Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության լիիրավ անդամ։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Արգենտինայի Հանրապետության կառավարությունների միջև տնտեսական համագործակցության, Հայաստանի Հանրապետության և Ֆիլիպինների Հանրապետության կառավարությունների միջև` եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու համաձայնագրերի կնքման առաջարկություններին։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ