Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 27 սեպտեմբերի 2012

ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի մամուլի համատեղ ասուլիսի սղագրությունը

Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե – Շատ կարևոր և բովանդակալից քննարկումներ ունեցանք: Կարծում եմ` ամենակարևորն այն է, որ բանակցող թիմի և որևէ մեկի մոտ որևէ կասկած չթողեցինք, որ մենք պատրաստակամ ենք օժանդակելու Հայաստանի եվրոպական ընթացքին` ի շահ Հայաստանի քաղաքացիների, Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության: Մենք լուրջ հիմքի վրա ենք կանգնում և առաջ շարժվում լուրջ հենակետից, արդեն շատ դրական փոփոխություններ Հայաստանում եղել են: Մենք դա գնահատեցինք` լրացուցիչ 15 մլն եվրո հատկացնելով Հայաստանին` «ավելին ավելիի դիմաց» սկզբունքի շրջանակում, Եվրոպական հարևանության քաղաքականության համատեքստում: Ընդամենը մի քանի րոպե առաջ վարչապետի հետ ստորագրեցինք երկու համաձայնագրեր, որոնցով նախատեսվում է 43 մլն եվրոյի օժանդակություն, որը կնպաստի, որպեսզի Հայաստանի հաստատությունները նախապատրաստվեն Եվրոպական միության հետ քաղաքական ասոցացմանը և տնտեսական ինտեգրմանը: Մենք նաև քննարկեցինք, թե ինչպես կարելի է Հայաստանի միջազգային գործընկերների ջանքերը միավորել, որպեսզի արտաքին աջակցությունը նպատակաուղղվի ազգային ամենահրատապ բարեփոխումների իրականացմանը: Ամեն անգամ, երբ նայում եմ, տեսնում եմ, որ առաջընթաց ենք արձանագրում թե՛ վիզաների դյուրացման և ռեադմիսիայի համաձայնագրերի բանակցության առումով, թե՛ այլ ոլորտներում, մասնավորաապես, Ասոցացման համաձայնագրի բանակցություններում և դրա մաս կազմող Խորը և համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի բանակցություններում: Այս համաձայնագիրը մի քանի կարևորություն ունի մեր հարաբերություններն ավելի բարձր մակարդակի բարձրացնելու համար: Այն բնավ չի սահմանափակվում ազատ առևտրի սովորական պայմանագրի նման պայմանագիր լինելով: Այդ համաձայնագրով Եվրոպական միությունը Հայաստանի առջև կբացի իր ներքին շուկային վերաբերող իրավական կարգավորումների զգալի մասը: Դա կազդի բոլոր հայաստանցիների վրա, ընդ որում կազդի լավագույնս թե՛ սպառողների պաշտպանության առումով, թե՛ բնապահպանության, թե՛ ճանապարհների անվտանգության և այլ առումներով: Ամենակարևորն այն է, որ համաձայնագիրը վերաբերում է արժեքներին` Հայաստանում բնակվող կանանց և տղամարդկանց` ազատությունների, իրավունքների և երաշխիքների միջոցով: Համաձայնագիրը վերաբերում է այդ ներուժի լիարժեք իրագործմանը:
Մենք բազմաթիվ հարցեր քննարկեցինք, մասնավորապես, թե ինչպես կարելի է մեր ունեցած աշխատանքային աղյուսակը բարեփոխումների միջոցառումներից վերածել բարեփոխումների օժանդակության կոնկրետ գործողությունների: Քննարկեցինք Հայաստանում աշխատող փորձագիտական խմբի և քաղաքացիական հասարակության դերը բարեփոխումների գործընթացում: Հուսով եմ` գնալով այդ դերն ավելի ու ավելի է կարևորվելու: Ամենաառաջնահերթ բարեփոխումներից մեկը ժողովրդավարության բնագավառում է: Կառավարության և ընդդիմության ներկայացուցիչների հետ քննարկելու եմ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի ներկայացրած մի շարք կոնկրետ առաջարկություններ, որոնց իրագործումը մենք կցանկանայինք տեսնել մինչև հաջորդ տարվա նախագահական ընտրությունները: Բարեհաջող ընտրություններն իսկապես կարևոր են, այլապես կընդհատվեին այն շարունակական բարեփոխումները, որոնք մենք ցանկանում ենք տեսնել, կընդհատվեր շարունակականությունը և ամբողջականությունը:
Պարոն վարչապետ, շատ շնորհակալ եմ արգասաբեր քննարկումների և մեր հանգած եզրակացությունների համար:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյան – Հարգելի գործընկերներ, պարոն Ֆյուլեի այցելությունը Հայաստան բացառիկ հնարավորություն է գնահատել կատարած աշխատանքները, բացահայտել մեր ուժեղ և թույլ կողմերը, ինչպես նաև հստակեցնել ապագա քայլերը: Այդ տեսակետից ես ցանկանում եմ կառավարության անունից շնորհակալություն հայտնել Եվրամիությանը, պարոն Ֆյուլեին այն աջակցության համար, որ նրանք ցուցաբերում են մեր կառավարությանը: Ակնհայտ է, որ այն ֆինանսական և տեխնիկական օժանդակությունը, որ այսօր տրամադրվում է Հայաստանի Հանրապետությանը և այն փաստաթղթերը, որ մենք այսօր պարոն Ֆյուլեի հետ ստորագրեցինք, հնարավորություն է տալու մեզ էապես ավելացնել մեր կառավարության կարողությունները: Խոսքը գնում է ինչպես ենթակառուցվածքների զարգացման, սանիտարական, բուսասանիտարական ոլորտի հիմնախնդիրների, օրենսդրական բարեփոխումների, մաքսային ընթացակարգերի կատարելագործման, այնպես էլ դեմոկրատական ինստիտուտների ամրապնդման մասին: Հասկանալի է, որ այս բնագավառներում դեռևս մեր կարողությունների և մեր կողմից հայտարարված նպատակների միջև կա ճեղքվածք, և Եվրամիության ֆինանսական և տեխնիկական օժանդակության ներքո այդ ճեղքվածքը մենք փորձում ենք հաղթահարել: Մենք համոզված ենք, որ այս փաստաթղթերի ստորագրումը, ինչպես նաև բանակցությունները, որ մենք ավարտեցինք պարոն Ֆյուլեի հետ, նոր թափ են հաղորդելու Հայաստանի և Եվրամիության ինտեգրացիոն գործընթացներին: Ես նույնպես ցանկանում եմ պարոն Ֆյուլեին շնորհակալություն հայտնել այս արդյունավետ համագործակցության և այն ջանքերի համար, որ նա ներդնում է Հայաստանի Հանրապետության` Եվրամիության ինտեգրացիայի ճանապարհին հաջողություններ արձանագրելու գործում:


Հարց Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեին – Պարոն Ֆյուլե, ինչպե՞ս Հայաստանը հավատա Եվրամիությանը, երբ Ադրբեջանը ոտնահարում է Եվրոպական դատարանի որոշումը (խոսքը Սաֆարովի մասին է): Եթե նրա փոխարեն լիներ Բրեյվիկը, և Ադրբեջանը Բրեյվիկին ազատ արձակեր, Եվրամիությունն ինչպե՞ս կարձագանքեր, էլի՞ հայտարարություններով:

Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե - Այդ խնդրի հարցով, կարծում եմ, հստակ լսել եք ոչ միայն Եվրոպական միության, այլև այլ կազմակերպությունների ներկայացուցիչների արտահայտած դիրքորոշումները: Այս հարցում ամբողջությամբ հարգում եմ հայերի դիրքորոշումը, վերաբերմունքը և զարյույթն արտահայտելու իրավունքը: Թույլ տվեք առիթն օգտագործել և կրկին իմ խորը մտահոգությունն ու ափսոսանքն արտահայտել պատճառված վնասի կապակցությամբ, վնաս, որը պատճառվել է խաղաղության գործընթացին՝ Ռամիլ Սաֆարովին ներում շնորհելով և ոմանց կողմից նրա կատարած հանցանքը փառաբանելով: Սա արժեքների վրա հիմնված գործընկերության շրջանակներում մեզ համար կարևոր խնդիր է և այդպես էլ մենք այս հարցին մոտեցել ենք: Միևնույն ժամանակ, ես շարունակում եմ կոչ անել դրսևորելու զսպվածություն և բառերի, և գործողությունների մեջ: Մենք պետք է շարունակենք աշխատել հանուն խաղաղության, որովհետև միայն խաղաղությամբ և կայունությամբ կարող ենք արժեք հաղորդել մյուս նպատակներին: Հայաստանի կողմից իր վիթխարի ներուժի իրացումը կախված է կայունությունից և կանխատեսելիությունից, որին կարելի է հասնել միայն հակամարտության վտանգը վերացնելու միջոցով:

Հարց «Հայկական ժամանակ» օրաթերթից - Պարոն Ֆյուլեին է հարցս ուղղված: Դուք ասեցիք, որ Հայաստանում բարեփոխումների հարցով բավականին դրական տեղաշարժ կա: Ինչո՞վ կբացատրեք, որ նախորդ տարվա համեմատ այս տարվա առաջին կիսամյակում եվրոպական երկրներից ներդրումները Հայաստանում կրճատվել են, նաև հաշվի առնելով այն հանգամանքը, որ եվրոպական կապիտալը գնում է երրորդ երկրներ՝ Եվրոպայում առկա խնդիրների պատճառով:

Եվրոպական միության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլե - Դուք որոշակիորեն ինքներդ ձեր հարցին պատասխանեցիք: Ճգնաժամի օրեր են, մենք իսկապես ճգնաժամի մեջ ենք, նաև առկա է եվրոյի նկատմամբ վստահության ճգնաժամ: Խախտվում է նաև այլ պետություններում ներդրումներ անելու համար անհրաժեշտ վստահությունը: Միևնույն ժամանակ, Ասոցացման համաձայնագրի բանակցությունները կան, բայց միամտություն կլինի ասել, թե Ասոցացման համաձայնագրի՝ Խորը և համապարփակ ազատ առևտրի բանակցությունները վաղը կամ վաղը չէ մյուս օրը կառաջացնեն ներդրումների համար անհրաժեշտ փոփոխություններ: Եթե դիտարկում ենք մեր կողմից Հայաստանի կառավարությանը ցուցաբերվող օժանդակությունը, ապա մի շարք խնդիրներ կան, որոնք կարճաժամկետ կամ միջնաժամկետ հատվածում պետք է լուծել, որպեսզի գործարարության և ներդրումների համար միջավայրը բալելավվի:
Բայց ներդրումների աճն իսկապես կխթանվի, երբ մենք մեր շուկաներին առնչվող իրավական կարգավորումները կարողանանք բերել համընթաց ռեժիմների: Ամբողջ աշխատանքի նպատակն էլ հենց դա է: Երբ ասում էի, որ տեսնում ենք դրական քայլեր այս ուղղությամբ՝ դա ի նկատի ունեի: Մեր նպատակն է հող հարթել այնպիսի Հայաստանի համար, որը ներդրումների համար կլինի գրավիչ հանգրվան, ստեղծել ավելի լավ պայմաններ այն ձեռնարկությունների ու տնտեսվարողների համար, որոնք կուզենան օգտվել ձեր շուկայի ընձեռած հնարավորություններից, այնպիսի պետական կառույցներ, որոնք ավելի հարմարավետ կլինեն քաղաքացիների համար: Մենք գնո՞ւմ ենք արդյոք այդ ուղղությամբ՝ այո, գնում ենք այդ ուղղությամբ, կա՞ արդյոք բարեփոխումների համար անհրաժեշտ փոփոխություններ իրականացնելու Կառավարության կամքը՝ այո, կա այդ կամքը, պատրա՞ստ ենք արդյոք մենք օժանդակել այդ ջանքերին՝ այո, մենք պատրաստ ենք: Գործընթացն ավելի բարեհաջող կլինի, եթե նրանում ներգրավենք քաղաքացիական հասարականությանը: Այդ հարցը քննարկվեց նաև վարչապետի հետ և այո, կլինի նաև այդ գործընթացը:

 


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ