Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 13 սեպտեմբերի 2012

Կհանձնվի Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային մրցանակը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունը որոշել է Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ շնորհելու համար իր պահուստային ֆոնդից հատկացնել 200 հազար ԱՄՆ դոլար: Եվս 300 հազար ԱՄՆ դոլար է հատկացնում «Փյունիկ» հիմնադրամը. այս 500 հազար ԱՄՆ դոլարը կկազմի մրցանակի ընդհանուր գումարը: Մրցանակի հանձնման արարողության ծախսը փոխհատուցելու համար ևս 50 հազար ԱՄՆ դոլար է հատկացնում «Լույս» հիմնադրամը:
ՀՀ կառավարությունը որոշել է Սիրիայի հայ երեխաների ամառային հանգիստը պատշաճ կազմակերպելու նպատակով ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացնել մոտ 7.5 մլն դրամ։ Ավելի վաղ ընդունած որոշմամբ գործադիրը 400 երեխայի հանգիստը կազմակերպելու համար տրամադրել էր ավելի քան 19.5 մլն դրամ։ Սակայն մեր երկիր էր ժամանել 426 երեխա, ինչպես նաև 148 երեխաներ նախատեսված 14-ի փոխարեն մնացել են 20 օր։ Հարցը լուծվել է լրացուցիչ միջոցների հատկացմամբ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել բոլոր այն կազմակերպություններին, որոնք օգնել են սիրիահայ երեխաներին ընդունելու, նրանց հանգիստը կազմակերպելու, Հայաստանում շրջագայելու, համերգների և այլ միջոցառումների մասնակցությունն ապահովելու համար, նաև նրանց, ովքեր ֆինանսական միջոցներ են հատկացրել այդ նպատակին:

Վերացվում են օրենքի կիրարկման ռիսկերը

2013թ. հունվարի 1-ից ուժի մեջ մտնող «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի համաձայն գործատուները պետք է բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնեն գրանցման հայտ և ամեն ամիս` անձնավորված հաշվարկ, որի մեջ պետք է արտացոլվեն ֆիզիկական անձանց վճարված եկամուտն ու դրանից հաշվարկված եկամտային հարկի չափը: Նկատի առնելով այն հանգամանքը, որ օրենքի կիրարկումն ապահովելու համար անհրաժեշտ է իրագործել հանրային իրազեկման և հանրային կրթության ծրագիր, ՀՀ կառավարությունն իր որոշմամբ հաստատել է համապատասխան միջոցառումների ժամանակացույց, որով նաև հստակեցվում են յուրաքանչյուր գերատեսչության անելիքն ու պատասխանատվության շրջանակը: «Մենք ենթադրում ենք նաև բյուջետային հատկացումներ կատարել,-ասել է վարչապետը:-Մենք պայմանավորվել ենք, որ պետք է հնարավորություն տանք մեր քաղաքացիներին, որպեսզի նրանց էլեկտրոնային ստորագրության խնդիրը լուծենք: Պայմանավորվել ենք, որ բեռի մեծ մասը մեզ վրա ենք վերցնելու: Ֆինանսների, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունները և Պետական եկամուտների կոմիտեն միասին պետք է այդ հաշվարկները կատարեն, որպեսզի դրանց հիման վրա քաղաքական որոշում ընդունենք օժանդակելու մեր քաղաքացիներին. նրանք հունվարի մեկից պետք է պատրաստ լինեն հաշվետվություն ներկայացնել էլեկտրոնային եղանակով:
Անհրաժեշտ է ԶԼՄ-ներին ներկայացնել այս միջոցառումների տրամաբանությունը, որպեսզի մեր քաղաքացիները տեղյակ լինեն, մանավանդ, որ պետք է վերապատրաստման դասընթացներ կազմակերպվեն բոլոր մարզերում: Այսօրվանից այս տեղեկատվությունը պետք է հասանելի լինի հասարակությանը»,-շեշտել է Տիգրան Սարգսյանը:

«Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքին համապատասխան ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող դիտարկման ընթացքում հսկիչ գնումների անցկացման, դրանց ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը, որի նպատակն է որոշել սննդամթերքի հետ շփվող նյութերի, սննդային և կենսաբանական ակտիվ հավելումների մակնշման մեջ առկա տեղեկատվության համապատասխանությունը: Մեկ այլ որոշմամբ սահմանվել է օգտակար հանածոների պաշարների պետական հաշվեկշռի վարման կարգը. ակնկալվում է, որ դրա կիրառման շնորհիվ ընդերքօգտագործման ոլորտում կկանոնակարգվի նշված պաշարների պետական հաշվեկշռի վարման գործընթացը, ինչը կնպաստի ընդերքի արդյունավետ ու լիարժեք օգտագործմանը և ոլորտի հետագա զարգացմանը:

Գումար է հատկացվում հրատապ հարցերի լուծմանը

Գործադիրը համաձայնել է Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող պետական սեփականություն համարվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցմամբ Երևանի քաղաքապետարանի անվամբ բացված հատուկ հաշվում կուտակված միջոցների մնացորդից ավելի քան 125 մլն դրամն ուղղել քաղաքի Տիտոգրադյան փողոցի հիմնանորոգմանը:
Կառավարության որոշմամբ փոփոխություն է կատարվել նախկինում ընդունված որոշումներից մեկում, որը վերաբերում էր ռադիոհաճախականությունների կառավարման ոլորտին: Ակնկալվում է կանոնակարգել համակարգող հանձնաժողովի կողմից ռադիոհաճախականությունների որոշակի հատվածների առանձնացման վերաբերյալ պետական մարմինների հայտերի քննարկման գործընթացը:
Վերաբաշխում կատարելով 2012թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը որոշել է ֆինանսավորել Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի ուղևորափոխադրման կանխատեսվող ցուցանիշի հետևանքով հնարավոր ճեղքվածքը` հատկացնելով 240 մլն դրամ:
Իր նիստում կառավարությունը ՀՀ ԿԱ ազգային անվտանգության ծառայության պետական պահպանության ծառայության պետին թույլատրել է 2012թ. բյուջետային տարվա արդյունքով տնտեսված 60 մլն դրամն ուղղել ՀՀ անկախության 21-րդ տարեդարձի կապակցությամբ զինծառայողների և վարձու աշխատակիցների պարգևավճարների տրամադրմանը։

Արյունը կամ դրա բաղադրամասերը կտեղափոխվեն հատուկ պայմաններում

ՀՀ կառավարությունը փոփոխություն և լրացումներ է կատարել իր նախկին երկու որոշումներում և սահմանել, որ արյան կամ դրա բաղադրամասերի տեղափոխումը պետք է իրականացնել գունագրաֆիկ երանգավորում ունեցող տրանսպորտային միջոցներով` ապահովելով տեղափոխման և փոխներարկման անվտանգությունը: Խնդիրը կարող է հատկապես հրատապ դառնալ բնական աղետի կամ արտակարգ իրավիճակի ժամանակ, երբ արյան փոխներարկման զանգվածային կիրառման անհրաժեշտություն է առաջանում:
Ս.թ. հոկտեմբերի 18-ից ուժի մեջ է մտնելու «Հսկիչ նշանների (դրոշմապիտակների) միջոցով տեսաձայնային մագնիսական կրիչների պարտադիր դրոշմավորման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքը, որով ընդլայնվել է հսկիչ նշաններով պարտադիր դրոշմավորման ենթակա կրիչների տեսականին, ուստի կառավարությունն իր որոշմամբ կիրառության մեջ է դրել «2013» թվագրմամբ դրոշմապիտակները:
Շարունակելով իր որդեգրած Եվրամիության մոտարկման քաղաքականությունը, ՀՀ կառավարությունը սահմանել է Հայաստանի Հանրապետությունում կիրառվող Չափի և կշռի միջազգային համաժողովի ընդունած և օրենսդրական չափագիտության միջազգային կազմակերպության երաշխավորած միջազգային ՍԻ համակարգի մեծությունների միավորները և չափումների սանդղակները, դրանց մեծությունների միավորների հայերեն անվանումը, նշագրումը, գրելաձևը և դրանց կիրառման կանոնները:

Մշակութային ժառանգությունը կներկայացվի հանրությանը

ՀՀ կառավարությունը Հայաստանի պատմության պետական թանգարանին թույլատրել է ՀՀ բոլոր մարզերի տարածքներից հավաքել և 2012թ. սեպտեմբերին Երևան տեղափոխել պատմության և մշակույթի անշարժ հուշարձաններ` հնագույն կոթողներ, խաչքարեր, ճարտարապետական մանրամասներ, բեկորներ և թանգարանի հրապարակահայաց բաց սյունասրահում կազմակերպել ՀՀ անկախությանը նվիրված ժամանակավոր ցուցադրություն: Ցուցահանդեսի ավարտից հետո` 2016թ. սեպտեմբերին, ցուցանմուշները կվերադարձվեն իրենց գտնվելու վայրերը:
ՀՀ 2012թ. պետբյուջեով «Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած ՀՀ հավաքական թիմերի մարզիկներին և նրանց մարզիչներին ՀՀ Նախագահի անվանական թոշակի հատկացում» ծրագիրն իրականացնելու համար ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հատկացվել է 150 մլն դրամ: Կառավարության որոշմամբ նախարարությանն է տրամադրվել լրացուցիչ մոտ 25 մլն դրամ ս.թ. երրորդ և չորրորդ եռամսյակների վճարումներն ապահովելու համար:
Գործադիրը վերաբաշխում է կատարել ՀՀ 2012թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` նպատակ ունենալով ՀՀ պաշտպանության նախարարության պատվերով Գյումրիում և Չոփուրլուում 2012թ. ավարտել և շահագործման հանձնել 57 բնակարանով երկու բնակելի շենք, ինչպես նաև ավարտել ազատամարտիկների 37 գերեզմանների կառուցումը: Շինծավալի ավելացումը նախատեսվում է կատարել պայմանագրով 2013թ. ստանձնած պարտավորությունները 2012թ. տեղափոխելու միջոցով:

Օրենսդրական գործունեություն

Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության և վարչական դատավարության օրենսգրքերում, ինչպես նաև «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց ընդունումը պայմանավորված է ՀՀ քաղաքացիական և վարչական դատավարություններում կոլեկտիվ հայցերի ինստիտուտի ներդրման անհրաժեշտությամբ։
ՀՀ կառավարությունը քննության է առել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացում կատարելու ՀՀ օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր Հակոբ Հակոբյանը: Առաջարկվում է քրեական դատավարության օրենսգրքին համապատասխան վերստուգումներն իրականացնել այն մասով, որի համար հիմք է հանդիսացել որոշում կայացնելը: Կառավարությունը նախաձեռնության վերաբերյալ սկզբունքային առարկություն չի ներկայացրել: Պատգամավոր Հակոբյանը հանդես է եկել ևս մեկ օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկվում է «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի փոփոխությամբ սոցիալական աջակցության հավասար պայմաններ սահմանել Արցախյան ազատամարտում զոհված ազգային հերոսների, ինչպես նաև «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրված անձանց ընտանիքների համար: Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել օրինագծին և հիմնավորել իր դիրքորոշումը: Վերը նշված օրենքի նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային Ժողով:
Ղեկավարվելով «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքով, գործադիրը որոշել է ՀՀ կառավարության նախաձեռնությամբ ՀՀ չորրորդ գումարման Ազգային Ժողովի քննարկմանը ներկայացված երկու օրենքի նախագիծ ներկայացնել ՀՀ ԱԺ:

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ֆիլիպինների Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ավստրալիական Միության կառավարությունների միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության համաձայնագրերի կնքման առաջարկություններին:
Գործադիրն ընդունել է Արագածոտնի մարզի Հակոյի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում:

Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ