չորեքշաբթի, 25 հուլիսի 2012
Հանդիպում Հայաստանում Արգենտինայի նորանշանակ դեսպանի հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Արգենտինյան Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դիեգո Էռնեստո Ալվարես Ռիվերային:
Վարչապետը շնորհավորել է դիվանագետին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություն մաղթել պատասխանատու առաքելության մեջ:
Զրուցակիցները կարևորել են Հայաստանի և Արգենտինայի միջև առկա բարեկամական և բազմակողմանի հարաբերությունների խորացումն ու զարգացումը: Կառավարության ղեկավարն ընդգծել է տնտեսական համագործակցության ընդլայնման անհրաժեշտությունը` չնայած աշխարհագրական հեռավորությանը: Այդ համատեքստում առաջնային է համարվել Բուենոս Այրեսում գործող Արգենտինա-Հայաստան առևտրի պալատի գործունեության և հայ-արգենտինյան գործարար շփումների ակտիվացումը: Երկուստեք կարևորվել է նաև մշակութային կապերի սերտացման և սպորտի ոլորտում համագործակցության ուղղությամբ քայլերի ձեռնարկումը:
Կողմերը գոհունակությամբ են խոսել երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունների մասին և բարձր գնահատել այդ գործում Արգենտինայում հայ համայնքի դերը: