ուրբաթ, 20 հուլիսի 2012
Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպանին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Իրանի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսիին: Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ վարչապետը մաղթել է նրան բեղմնավոր աշխատանք: «Մենք բարձր ենք գնահատում հայ-իրանական հարաբերությունները և պարտավոր ենք ջանքեր գործադրել, որպեսզի դրանք շարունակեն զարգանալ, ընդլայնվել և ավելի խորանալ: Դա բխում է մեր երկու ժողովուրդների շահերից»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը նշել է, որ հայ-իրանական համատեղ ծրագրերը գտնվում են կառավարության ուշադրության կենտրոնում և Հայաստանը լի է վճռականությամբ՝ դրանք հասցնելու իրենց տրամաբանական ավարտին:
Դեսպանը նախ շնորհավորել է Տիգրան Սարգսյանին՝ խորհրդարանական ընտրություններում Հանրապետական կուսակցության տարած հաղթանակի կապակցությամբ և վարչապետին փոխանցել Իրանի նախագահի առաջին տեղակալ Մոհամմեդ Ռեզա Ռահիմիի ջերմ ողջույնները: Մոհամմադ Ռեիսին ընդգծել է, որ Իրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին և պատրաստակամություն հայտնել ներդնել անհրաժեշտ բոլոր ջանքերը՝ դրանց հետագա զարգացման համար:
Զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ չնայած երկկողմ առևտրաշրջանառության ծավալների աճին՝ առկա է այն ընդլայնելու մեծ ներուժ:
Անդրադառնալով հայ-իրանական համատեղ խոշոր ծրագրերին՝ նշվել է, որ շուտով գործնական փուլ կմտնեն Հայաստան-Իրան երրորդ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի, նավթամթերատար խողոկավաշարի, Մեղրիի հէկի կառուցման աշխատանքները:
Զրուցակիցները քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ծրագրեր, մասնավորապես, հեռանկարային է համարվել համագործակցությունը ոսկերչության, դեղագործության, անանսապահության բնագավառներում: Կողմերը կարևորել են զբոսաշրջության խթանմանն ուղղված ծրագրերը և հայ-իրանական միջմարզային համագործակցության զարգացումը:
Վարչապետը բարձր է գնահատել Իրանի իշխանությունների հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում, որը նպաստում է տարածաշրջանում կայունության ապահովմանը: