Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 հուլիսի 2012

Կանցկացվի քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողով




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը։
ՀՀ կառավարությունը որոշել է 2012 թ. նոյեմբերի 19-20-ը Երևանում կազմակերպել քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական համաժողով և հաստատել է համաժողովի ծրագիրը։
Համաժողովի նպատակն է քննարկել Հայաստանի, Արցախի և Սփյուռքի ներկա հիմնախնդիրները, առաջարկել համատեղ ծրագրեր, անդրադառնալ երիտասարդության մասնագիտական կրթության հարցերին։
Նախատեսվում է դիտարկել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման գործընթացի ակտիվացման, ԼՂ հիմնահարցի կարգավորմանն ուղղված լոբբիստական գործունեության ծավալման և ակտիվացման, հակահայկական քարոզչության, հայոց պատմության կեղծարարության դեմ պայքարի և հակազդեցության ծրագրերի մշակման, օտարերկրյա պետություններում գործող հայազգի քաղաքագետների և միջազգայնագետների հետ կապերի ամրապնդման և այլ հարցեր։ Ակնկալվում է, որ կմշակվեն համահայկական նշանակության հիմնախնդիրների լուծման շուրջ միասնական և համակարգված քաղաքականության իրականացման նոր կառուցակարգեր, կքննարկվեն «Քաղաքագետների և միջազգայնագետների համահայկական ընկերակցություն» ստեղծելու սկզբունքները։
Համահայկական համաժողովը նախատեսվում է անցկացնել շուրջ 100 քաղաքագետների և միջազգայնագետների մասնակցությամբ, այդ թվում 40-ը` օտարերկրյա պետություններից։


Օրենսդրական նախաձեռնություններ

Կառավարությունը հավանություն է տվել «Ազգային ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Հովիկ Աբրահամյանի կողմից օրենսդրական նախաձեռնությամբ օրենքի 25-րդ հոդվածի 6.1 մասն առաջարկվում է լրացնել նոր բովանդակությամբ. եթե ԱԺ խմբակցության, պատգամավորական խմբի անդամների ընդհանուր թվի կրկնապատիկը փոքր է մշտական հանձնաժողովների ընդհանուր թվից, ապա խմբակցությունը, պատգամավորական խումբն իրավունք ունի իր անդամին ներկայացնելու մինչև երեք մշտական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար։ Օրենքի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է այն հանգամանքով, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում խմբակցությունը կամ պատգամավորական խումբը կարող է ներկայացված լինել անդամների այնպիսի քանակով, որ չկարողանա մասնակցել ԱԺ բոլոր 12 հանձնաժողովների աշխատանքներին։
Գործադիրը մեկ այլ որոշմամբ հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ Օրենքի մեջ կատարվող փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է տղամարդկանց և կանանց միջև գենդերային հավասարությունն ապահովելու պահանջով. եթե ներկայումս ընտանեկան օրենսգրքով ամուսնության կնքման համար տարիքային չափանիշ է սահմանված` կանանց համար` տասնյոթ, իսկ տղամարդկանց համար` տասնութ տարեկան տարիքի հասնելը, ապա առաջարկվող նախագծով և՛ կանանց, և՛ տղամարդկանց համար սահմանվում է միևնույն` մինչև տասնութ տարեկան ամուսնական տարիքը։
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Կոնյակի արտահանման խթանման և սպառողների շահերի պաշտպանության համար

ՀՀ կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել իր 2006 թ. մայիսի 26-ի «Հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին» թիվ 954-Ն որոշմամբ հաստատված հայկական կոնյակների և հայկական կոնյակի սպիրտների տեխնիկական կանոնակարգում։ Հայկական կոնյակները և հայկական կոնյակի սպիրտները Հայաստանից արտահանվող արտադրանքի հիմնական տեսակներից են և ծավալային աճի մեծ ներուժ ունեն։ Այդ պատճառով, ինչպես նաև եվրաինտեգրման պետական քաղաքականության շրջանակում անհրաժեշտ է սահմանել լրացուցիչ և միջազգային ընդունված չափանիշներին համապատասխան պահանջներ։ Տեխնիկական կանոնակարգի փոփոխություններով սահմանվում են միասնական, միջազգային պրակտիկայում ընդունված չափորոշիչներ, ինչը կնպաստի արտադրանքի անվտանգության ապահովմանը, արտահանման խթանմանը և սպառողների շահերի պաշտպանությանը։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը փոփոխություն է կատարել Հայաստանի Հանրապետությունից Եվրոպական միության երկրներ վայրի ջրային կենդանիների արտահանման համար պահանջվող առողջության սերտիֆիկատ տալու կարգը և սերտիֆիկատի ձևը հաստատելու մասին որոշման մեջ` հստակեցնելով արտահանման համար պահանջվող ամբողջական տվյալների շրջանակը, ինչի արդյունքում կապահովվի արտահանման համար անհրաժեշտ, միջազգային ստանդարտներին համապատասխան սերտիֆիկատների առկայությունը։
Գործադիրը հաստատել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովին ՀՀ 2012 թ. պետական բյուջեով նախատեսված միջոցների հաշվին կանխիկ ձևով կատարվող ծախսերի և վարկային քարտային հաշիվներով շրջանառվող միջոցների չափաքանակները, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը և Լոռու մարզպետարանին համապատասխան գումար է հատկացրել ՀՀ ընտանիքների անապահովության համակարգում հաշվառված ընտանիքների 16-18 տարեկան երեխաների կրթական կարիքների գնահատման, աջակցության և մոնիթորինգի փորձնական ծրագրի իրականացման համար։
ՀՀ 2013-2015 թթ. պետական բյուջեներից իրականացվելիք ծախսերի ֆինանսավորման կողմնորոշիչ չափաքանակներով նախատեսված բյուջետային ելքերի ծավալի կարգավորման նպատակով կառավարությունը փոփոխություն է կատարել «Տնտեսության վարկավորման ծրագրի մասին» թիվ 717-Ա որոշման մեջ, «Ծրագրի գումարը` 103.5 մլրդ դրամ» բառերը փոխարինելով «Ծրագրի գումարը` 101.5 մլրդ դրամ» բառերով, ինչը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության կողմից տրամադրված պետական վարկի միջոցներից 2012 թ. իրականացվելիք ծախսերի ֆինանսավորմանը լրացուցիչ 2.0 մլրդ դրամ հատկացնելու իրողությամբ (Աղետի գոտում բնակարանաշինության և Գյումրիի «Մուշ-2» նորակառույց թաղամասը միացնող ճանապարհահատվածի շինարարական աշխատանքների համար)։ Մեկ այլ որոշմամբ սահմանվել է ԱԺ բնականոն գործունեությունն ապահովելու նպատակով ջեռուցման համակարգի ամբողջությամբ վերանախագծելու և վերակառուցելու աշխատանքների ձեռքբերումն իրականացնել «Գնումների մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածով նախատեսված բանակցային ընթացակարգով։
 

Վերազինվում է սեյսմիկ վտանգի գնահատման համակարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է «Ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման ծրագրերի կատարելագործում» ծրագիրը, նախատեսված աշխատանքների պատասխանատու ճանաչել ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը։ Հայաստանի տարածքն ամբողջությամբ գտնվում է բարձր սեյսմիկ վտանգի գոտում, և ուժեղ երկրաշարժերից պաշտպանությունն ազգային անվտանգության կարևոր հիմնահարց է։ Հնարավոր երկրաշարժերի ծանր հետևանքների նվազեցման համար կարևոր է նախապատրաստությունը, որն իր մեջ ներառում է նաև սեյսմիկ վտանգի, մասնավորապես` ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատումը։ Ծրագրի նպատակն է ընթացիկ սեյսմիկ վտանգի գնահատման փաթեթների վերազինումը նոր տեխնոլոգիաներով, «Սեյսհելփ» ծրագրային փաթեթի վերազինումը, որակի և հուսալիության բարձրացումը։
Մեկ այլ որոշմամբ սահմանվել է փրկարարական ծառայողների ռոտացիայի կարգը։
ՀՀ կառավարության 2008 թ. մայիսի 15-ի «ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ն «ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ վերանվանելու, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կանոնադրությունը և աշխատակազմի կառուցվածքը հաստատելու մասին» թիվ 654-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելով` գործադիրը հստակեցրել է նախարարության` ընդերքի պաշտպանության և պահպանության բնագավառի գործառույթները։
ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի աշխատակազմի կառուցվածքում։ Հարկային մարմնի կառուցվածքի բարեփոխումների շրջանակում հարկային (տարածքային) տեսչությունների թվի օպտիմալացման, բիզնես միջավայրի բարելավման, հարկ վճարողների հետ շփումների նվազեցման նպատակով Ապարանի, Թալինի, Մեղրիի, Նոյեմբերյանի, Տաշիրի, Թումանյանի տարածքային հարկային տեսչությունները վերակազմակերպվել և միացվել են համապատասխան մարզկենտրոնների տարածքային հարկային տեսչություններին, մեկ այլ որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել ՀՀ կառավարության 2010 թ. դեկտեմբերի 30-ի «Հարկ վճարողների կողմից սպառողներին բնական գազի, էլեկտրական էներգիայի, խմելու և ոռոգման ջրի մատակարարման գործարքների վերաբերյալ հարկային մարմնին տեղեկություններ ներկայացնելու մասին» թիվ 1173-Ն որոշումը։
Կառավարությունը ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում և ՊՈՍ տերմինալներով հարկերի վճարման հնարավորության վերջնաժամկետը 2012 թ. հունիսի 1-ից տեղափոխել է 2012 թ. նոյեմբերի 1-ը։
Նկատի ունենալով, որ «Դպրոցաշինություն» ծրագրի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկը, որը, գործելով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ենթակայությամբ, Լինսի հիմնադրամի ֆինանսավորմամբ դպրոցաշինական ծրագրերը ՀՀ տարբեր համայնքներում ավարտին հասցնելով, ներկայումս նոր ծրագրերի ֆինանսավորում չունի, գործադիրը նպատակահարմար է համարել այն միացնել համանման ծրագրեր իրականացնող` ՀՀ քաղաքաշինության նախարարության «Քաղաքաշինական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկին։
 

Այլ հարցեր

«Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքին համապատասխանեցնելու նպատակով կառավարությունը փոփոխություններ է կատարել 2012 թ. հունվարի 12-ի «ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի լիցենզավորման պայմանների և պահանջների հսկողության տեսչության կողմից իրականացվող վիճակախաղերի, շահումով խաղերի և խաղատների լիցենզավորման պայմանների ու պահանջների կատարման ստուգաթերթը հաստատելու մասին» թիվ 18-Ն որոշման մեջ, որի համաձայն վիճակախաղի մասին սահմանված տվյալները պետք է հրապարակվեն www.azdarar.am հասցեում գտնվող` Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական ինտերնետային կայքում։
Ստուգումների իրականացման ընթացակարգին վերաբերող որոշման դրույթներն օրենքի համապատասխան դրույթներին համապատասխանեցնելու նպատակով փոփոխությունններ և լրացումներ են կատարվել 2002 թ. հուլիսի 11-ի «ՀՀ պետական բյուջեի կատարման հսկողության կարգը սահմանելու մասին» թիվ 1112-Ն որոշման մեջ, մեկ այլ որոշման փոփոխություններով ու լրացումներով նոր խմբագրությամբ են շարադրվել նախորդ տարվա ընթացքում ստուգումների և ուսումնասիրությունների վերաբերյալ հաշվետվության օրինակելի ձևերը, ինչը ևս նպատակ ունի կանոնակարգել պետական մարմինների կողմից ստուգումների անցկացման ընթացակարգերը։
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը վերացրել է հարկադիր կատարման ընթացքում անշարժ գույքի գնահատումն իրականացնող լիցենզավորված անձանց մրցույթի հայտը ներկայացնելուց ծրարի կնքված լինելու պայմանը։
«Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի համաձայն կառավարությունն «Ապառաժ Մայնինգ» ՍՊԸ-ին տվել է պայթուցիկ նյութերի արտադրության լիցենզիա` անժամկետ, իսկ «Գ.Ռ.Օ.Մ» ՍՊԸ-ին` թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման լիցենզիա` երեք տարի գործողության ժամկետով։
ՀՀ Լոռու մարզի Դաշտադեմի, Արմավիրի մարզի Գրիբոյեդովի և Արագածոտնի մարզի Վերին Սասնաշենի գյուղական համայնքների ղեկավարների լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու և արտահերթ ընտրությունների ծախսերը ֆինանսավորելու մասին որոշումներում կատարվել են փոփոխություններ, ինչը պայմանավորված է ԱԺ ընտրությունների արդյունքում ձևավորվող տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների թվաքանակով։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Հոկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031 

-

Արխիվ