Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 4 հուլիսի 2012

Սոցիալական փաթեթի ծրագիրը կատարելագործվելու է





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Բացելով նիստը, վարչապետը դիմել է ներկաներին. «Այսօրվա նիստը ցանկանում եմ սկսել սոցիալական փաթեթի խնդրից։ Մենք 2012 թվականից պիլոտային ծրագիր ենք իրականացնում, և շուրջ 120 հազար պետական ծառայողներ հնարավորություն են ստացել օգտվել սոցիալական փաթեթից։ Հիմնական մասը գնում է առողջապահական խնդիրների ապահովագրմանը, և այստեղ մենք տեսնում ենք, որ բավական մեծ հետաքրքրություն կա քաղծառայողների կողմից։ Այս պահի դրությամբ արդեն ունենք 150 սրտի վիրահատություն, և այդ առումով նաև մեր պետական ծառայողների հետաքրքրությունը սոցիալական փաթեթի նկատմամբ, բնականաբար, ավելանում է։
Բայց մյուս կողմից այսօր զանգվածային լրատվության միջոցներում տեղեկատվություն կա, որ որոշ հիմնարկներում չարաշահում են և մեր պետական ծառայողներից սոցիալական փաթեթից օգտվելու դիմաց պահանջում են որոշակի վարձատրություն։ Քանի որ սա պիլոտային ծրագիր է, անհրաժեշտ է անմիջապես արձագանքել, և ես հանձնարարում եմ ֆինանսների նախարարին և կրթության և գիտության նախարարին, որպեսզի հրապարակումներում զետեղված տեղեկատվությունը դարձնեն քննարկման առարկա և ծառայողական քննություն սկսեն։ Լրագրողներից պարզեք, թե կոնկրետ որ դպրոցների մասին է խոսքը։ Ծառայողական քննությամբ փորձենք հասկանալ` դա իրականությանը համապատասխանում է, թե ոչ։ Բայց պետք է շատ օպերատիվ արձագանքել նման մտավախությանը, որովհետև մենք մտադիր ենք այս ծրագիրը կատարելագործել և շարունակել 2013, 2014 թվականներին։ Մեր բոլոր մարզային այցելությունների ժամանակ մեր քաղաքացիները խնդրում են, որ իրենք նույնպես մասնակցեն սոցիալական փաթեթին։ Դա նշանակում է, որ այս ծառայությունը պետության կողմից պահանջված է։ Բայց անթույլատրելի են այսպիսի չարաշահումները, եթե, իհարկե, դրանք համապատասխանում են իրականությանը»։

ՀՀ կառավարությունը հաստատել է նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգից բխող միջոցառումների ցանկը։ Իրավական ակտի ընդունման նպատակն է սահմանել նոտարիատի բնագավառում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի իրականացման համար անհրաժեշտ միջոցները, դրանց կատարման պատասխանատուն, կատարման վերջնաժամկետը և բյուջեն։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ որոշման դրույթների կիրառումն ընդհանուր առմամբ դրական ազդեցություն կունենա ծառայությունների որակի վրա։ Սակայն մտավախություն կա, որ զուգահեռաբար այդ ծառայությունները կարող են թանկանալ։ Նշելով այդ հանգամանքը` վարչապետն ասել է. «Մենք չենք կարող հանգիստ նայել, թե ինչպես են նոտարները գները բարձրացնում։Անհրաժեշտ է վերլուծություն իրականացնել, հասկանալ, թե ինչպիսին է ոլորտում առկա շահութաբերությունը, որովհետև կան նոտարներ, որոնք գերշահույթ են ստանում, իսկ կան նոտարներ, որոնք ծանրաբեռված չեն և որոնց աշխատանքի շահութաբերությունն այնքան էլ բարձր չէ։ Այսինքն, պետք է այնպես անել, որպեսզի այդ դաշտում ավելանա մրցակցությունը և նորմալ շուկայական գներ ձևավորվեն։ Ցավոք, այսօր տեսնում ենք, և մեր վերջին ստուգումներն էլ այդ են վկայում, որ ավանդույթի ուժով դեռևս որոշ նոտարներ օգտվում են նրանից, որ գտնվում են քաղաքի կենտրոնում, ստացել են անվճար տարածքներ, իրենց ձեռքում են կենտրոնացրել բազմաթիվ հաճախորդների սպասարկման հնարավորությունը և գերշահույթ են ստանում։ Մինչդեռ քաղաքում կան նոտարներ, որոնք նույնպես որակյալ ծառայություն են մատուցում, բայց հաճախորդ չունեն։ Սրանք ռեզերվներ են, և մենք պետք է մտածենք, թե ինչպես դրանք օգտագործել, որպեսզի ոլորտում ուժեղացնենք մրցակցությունը և թույլ չտանք, որպեսզի գների չարդարացված բարձրացում լինի։ Պետք է վստահ լինենք, որ գներն արհեստական կերպով չեն բարձրանա»։


Կազմակերպվում է ամրանների արտադրություն

ՀՀ կառավարության որոշմամբ նոր խմբագրությամբ է շարադրվել կառավարության ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որը վերաբերում է «Ասկե գրուպ» ԲԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը մինչև երեք տարով հետաձգելուն։ Ձուլման արտադրամասի վերազինման և ամրանների արտադրության կազմակերպման նպատակով ընկերությունը ձեռք է բերում տարբեր հոսքագծեր, որոնք ներմուծվում են մասնատված վիճակում և տարբեր բեռնարկղերով, ուստիև ձևակերպվում նախատեսվածից տարբեր արժեքով։ «Ասկե գրուպը» կատարում է մոտ 7.87 մլրդ դրամի ներդրում և մտադիր է արտադրության վերազինումն ավարտել 2013 թվականին, ստեղծել մոտ 300 նոր աշխատատեղ։
Իր երկու որոշմամբ գործադիրն ուժը կորցրած է ճանաչել ավելի վաղ ընդունած երկու որոշումը, Հայաստանում չափագիտության և ստանդարտացման լիազոր մարմին ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, չափագիտության ազգային մարմին` «Չափագիտության ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն, ստանդարտացման ազգային մարմին` «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ն։ Բնագավառի աշխատանքը բարեփոխվում է «Չափումների միասնականության ապահովման մասին» ՀՀ նոր օրենքի ընդունմամբ և մոտարկվում Եվրամիության օրենսդրությանը։ Մեկ այլ որոշմամբ Էքսպո Միլան 2015 ցուցահանդեսին ՀՀ մասնակցության կազմակերպման աշխատանքի ընդհանուր համակարգման գլխավոր հանձնակատար է նշանակվել ՀՀ էկոնոմիկայի նախարարը, ՀՀ մասնակցության ազգային օպերատոր` «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ն։ Միլան էքսպոյին, որը տեղի է ունենալու 2015 թ. մայիսի 1-ից հոկտեմբերի 31-ը, մասնակցելու հայտ է ներկայացրել շուրջ 154 պետություն։ Ցուցահանդեսի խորագիրն է «Կերակրենք մոլորակը` կյանքի էներգիան»։
Ատոմային էներգիայի միջազգային գործակալության նկատմամբ գոյացած ֆինանսական պարտավորությունների մարման նպատակով կառավարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարությանը հատկացրել է 58 հազար 713 եվրոյին համարժեք դրամ։ ՀՀ մի շարք գերատեսչություններ գործակալության հետ իրականացնում են տեխնիկական, առողջապահական և այլ ոլորտների ծրագրեր։
ՀՀ Ազգային ժողովի 2012 թ. կայացած ընտրության արդյունքում ԱԺ կազմում ձևավորված նոր խմբակցության բնականոն աշխատանքն ապահովելու նպատակով ԱԺ աշխատակազմին հատկացվել է մոտ 22.5 մլն դրամ։
Կառավարությունը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը թույլատրել է Երևանի Արարատյան 90/15 հասցեում գտնվող շինությունը և բեռնարկղային նախկին հրապարակը, Արարատյան 90/16 հասցեում գտնվող պահակակետը և դրանց զբաղեցրած հողատարածքները, ինչպես նաև Կարմիր Բլուր կայարանի բեռնարկղային հրապարակ գնացող երկաթուղու հատվածը հանել «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ին փոխանցված կոնցեսիոն ակտիվների կազմից և ամրացնել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչության աշխատակազմին, որով կլուծվի երկար ժամանակ արդյունավետ չշահագործվող գույքի ճակատագիրը։


Հետագա զարգացում կստանա մինչբուհական կրթությունը

ՀՀ կառավարությունը որոշել է «Երևանի N30 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ին, որին են անցնում միացված իրավաբանական անձի իրավունքներն ու պարտականությունները։ Համալսարանը պետության լիազորությամբ և աջակցությամբ հնարավորություն ունի զարգացնելու մինչբուհական կրթությունը` մշակելով և կիրառելով միասնական չափորոշիչներ, դպրոցն ապահովել համալսարանի մասնագետներով։ Հաջորդ որոշմամբ ավելի վաղ ընդունված որոշումներից մեկում կատարվել են փոփոխություն և լրացումներ, որոնք թելադրված են 5-9-րդ դասարաններում և 10-11-րդ դասարանների հումանիտար հոսքում «Հայոց եկեղեցու պատմություն» առարկայի լիարժեք և ամբողջական ուսուցման անհրաժեշտությամբ։
Գործադիրը փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մեկը, որի նպատակն է կանոնակարգել քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման տարածքի կառուցապատումը, ինչպես նաև քաղաքաշինական գործառույթների իրականացման իրավասությունը վերապահել տեղական ինքնակառավարման և պետական տարածքային կառավարման մարմիններին։ Մեկ այլ որոշման փոփոխությամբ, մասնավորապես, բացառվում է մետաղական օգտակար հանածոների համար բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակների սահմանումը և որոշումը համապատասխանեցվում «ՀՀ ընդերքի մասին» նոր օրենսգրքի պահանջներին։
Փոփոխելով և լրացնելով «Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանելու մասին» իր նախկին որոշումը, կառավարությունը սահմանել է, որ ոստիկանության օպերատիվ հետախուզական և վարչական գործունեություն իրականացնող ստորաբաժանումներում ծառայության կարող են անցնել միայն ոստիկան և ոստիկան-սպա որակավորմամբ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները։
Կառավարության որոշմամբ «ՀՀ ԿԱ ՊԵԿ աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 20 մլն 792 հազար դրամ ընդհանուր արժեքով հիմնական միջոցները` մեկ ավտոմեքենան, քսանական համակարգիչը, մոնիտորը և անխափան սնուցման սարքը, նվիրաբերվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը` ԼՂՀ հարկային պետական ծառայության գործունեությանն աջակցելու նպատակով։
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնց համաձայն պարալիմպիկ, սուրդլիմպիկ խաղերում, աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում առավել բարձր ցուցանիշների հասած հաշմանդամ մարզիկներին ևս կշնորհվեն դրամական մրցանակներ։
«Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի եզրափակիչ երրորդ փուլի իրականացման նպատակով գործադիրը ՀՀ մարզպետարաններին հատկացրել է 25 մլն դրամ։
Ներմուծվող սննդամթերքի և (կամ) կենդանական ծագման մթերքի փորձաքննության վճարները հավաքելու և հետագայում փորձաքննություն կատարած կազմակերպություններին փոխանցելու նպատակով կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը թույլատրել է իրեն սպասարկող գանձապետարանի ստորաբաժանումում բացել արտաբյուջետային հաշիվ։
Ռեստորանի ծառայություն մատուցող տնտեսվարող սուբյեկտների ընտրանքային հետազոտության իրականացման համար կառավարությունը ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացրել է 5 մլն դրամ։ Որոշման իրականացումը հնարավորություն կտա կատարելագործել հավաքվող տվյալների գնահատման և ճշգրտման գործիքակազմը, ապահովել հաշվառման ամբողջականությունը։
Կառավարությունը ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգում կատարել է լրացումներ, որոնց համաձայն պատահարների հետևանքով զոհված են հաշվառվում այն անձանց տվյալները, որոնք մահացել են պատահարը տեղի ունենալու օրվանից 30 օրվա ընթացքում։ Այսպիսով, ճանապարհատրանսպորտային պատահարների վիճակագրական հաշվառումը կիրականացվի միջազգային պրակտիկայում ընդունված կանոններին համապատասխան։
 

Խրախուսվում է էլեկտրոնային եղանակով հաշվետվությանն անցնելը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- մինչև 58.3 մլն դրամ տարեկան շրջանառություն ունեցող տնտեսվարող սուբյեկտներին էլեկտրոնային եղանակով հաշվետվություն ներկայացնելուն անցնելը խրախուսելու համար զանգվածային իրազեկման և ուսուցման միջոցառումների կազմակերպման և դրանց կատարման ժամանակացույցը. ակնկալվում է, որ 29.2 հազար տնտեսվարող սուբյեկտներ հաշվետվություն կներկայացնեն էլեկտրոնային եղանակով,
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության 2012-2013 թթ. պետական պահուստների ձևավորման, համալրման ու ծախսման միջոցառումների ծրագիրը և ժամանակացույցը,
- ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիվը, որի համաձայն դրամաշնորհային համաձայնագիր է կնքվելու նախարարության և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության միջև. «Աջակցություն կենսաթոշակային իրազեկման և ֆինանսական գրագիտության բարձրացման գործընթացին» և «Ընտանեկան բռնության զոհ դարձած կանանց տրամադրվող ծառայությունների բարելավում» ծրագրերի ընդհանուր արժեքն է 260 հազար ԱՄՆ դոլար,
- ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի պետական ռեզերվների գործակալության «Պետական պահուստի նյութական արժեքների թարմացման, փոխարինման, փոխառման և ապաամրագրման գործառնությունների իրականացում» ծրագրի արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիվը,
- ՀԲ կողմից ֆինանսավորվող ճանապարհների նորոգման շինաշխատանքների կապալառուի ընտրության Արմավիր-Նորավան-Խանջյան և Մ5-Ամասիա-Նալբանդյան-Ջանֆիդա-Փշատավան ճանապարհային հատվածների նորոգման միջազգային բաց մրցույթի արդյունքը` հաղթող ճանաչելով «Սիսիանի ԲՈՒԱՏ» և «Կուարլինի» ՍՊԸ-ները` 1 մլրդ 251 մլն 992 հազար 87 դրամ պայմանագրային գումարով։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել`
- երեխաների հիվանդանոցային բժշկական օգնության բարելավման 2013-2015 թթ. ռազմավարությանը և գործողությունների ծրագրին,
- մասնագիտական կրթության և ուսուցման 2012-2016 թթ. բարեփոխման ծրագրին և դրա իրականացման միջոցառումների ժամանակացույցին։
ՀՀ կառավարությունը սահմանել է`
- օֆշորային գոտիների (երկրների) ցանկը, ինչը կապահովի «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում կատարված փոփոխությունների և լրացումների կիրարկումը և ուղղված է հարկումից խուսափելու հնարավորության սահմանափակմանը,
- ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը և այն կրելու ժամկետները։


Կարգավորվում է շահումով խաղերի բնագավառը

ՀՀ կառավարությունը փոփոխել և լրացրել է իր նախկին որոշումներից մի քանիսը, որոնց համաձայն`
- խաղատուն կամ շահումով կամ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) ինտերնետ շահումով խաղ իրականացնող կազմակերպությունները պետք է գտնվեն կրթական և պատմամշակությաին օջախներից, պետական հիմնարկներից, հիվանդանոցներից ՀՀ կառավարության կողմից սահմանված որոշակի հեռավորությամբ տարածքներում,
- պարզեցվում է քաղաքացիական օդանավերով ռազմական նշանակության արտադրանքի փոխադրման իրականացման թույլտվության գործընթացը, պարզեցված եղանակով է կազմակերպվում կարիքների համար ծայրահեղ անհրաժեշտության դեպքում վտանգավոր բեռների փոխադրումը,
- «Դրամարկղային գործառնությունների մասին» ՀՀ օրենքը կիրառելի է դարձվում ԱԱՀ վճարող անհատ ձեռնարկատերերի նկատմամբ,
- կատարելագործվում է ՀՀ տարածքից բեռնատար ավտոմոբիլային տրանսպորտով միջպետական փոխադրումների կազմակերպման գործընթացը,
- Վասենաարյան պայմանավորվածությունների անդամ պետությունների ընդունած ռազմական նշանակության արտադրանքի ցանկը համապատասխանեցվում է գործող ռազմական նշանակության արտադրանքի արտահանման հսկողության լավագույն չափանիշներին,
- կանոնադրական և կառուցվածքային բարեփոխումներ են իրականացվելու ՀՀ կրթության և գիտության նախարարության գիտության պետական կոմիտեի կանոնադրության մեջ,
- գյուղատնտեսական տեխնիկայի պետական հաշվառման գործընթացն իրականացվելու է առանց գյուղատնտեսական տեխնիկայի պետական տեսչության կողմից տրված տեխնիկական նկարագրի։


Առաջարկվում է արգելել համայնքների ղեկավարների ձեռնարկատիրական գործունեությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Համայնքային ծառայության մասին», «Հանրային ծառայության մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որը վերաբերում է համայնքային և հանրային ծառայողների իրավահարաբերություններին։ Մասնավորապես, առաջարկվում է ՀՀ օրենսդրությամբ բարձրաստիճան պաշտոնատար անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումները տարածել ՀՀ բոլոր համայնքների ղեկավարների վրա։ Նախագծերի փաթեթը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Գործադիրը փոխել է Գեղարքունիքի մարզի Դարանակի գյուղական համայնքի հողերի մի մասի նպատակային նշանակությունը` հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ