Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 31 մայիսի 2012

Կառավարությունը կշարունակի կատարել իր պարտականությունները





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Կառավարության ղեկավարը նիստն սկսել է` ընթերցելով մեր երկրի Սահմանադրության 55-րդ հոդվածի պահանջը, որը վերաբերում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը։ «Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 4-րդ կետը և հաշվի առնելով, որ 2012 թ. մայիսի 31-ին գումարվել է Հայաստանի Հանրապետության նորընտիր Ազգային ժողովի առաջին նիստը, ես Հանրապետության Նախագահին եմ ներկայացրել կառավարության հրաժարականը, - ասել է Տիգրան Սարգսյանը։ - Միևնույն ժամանակ մենք ձեզ հետ միասին պարտավոր ենք շարունակել կատարել մեր պարտականությունները մինչև նոր կառավարության կազմավորումը»։
Հաստատելով օրակարգը` կառավարությունը ձեռնամուխ է եղել հարցերի քննարկմանը։
 


Նախատեսվում է կրկնապատկել արտադրական հզորությունը

ՀՀ կառավարությունը որոշել է «Էկոտոմատո» ՓԲԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2012 թ. մայիսի 15-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել մինչև 2015 թ. մայիսի 15-ը։ Ընկերությունը Կոտայքի մարզի Գողթ գյուղի վարչական տարածքում հիմնել է 2 հա մակերեսով վարդի աճեցման ջերմոցային տնտեսություն, որտեղ կիրառվում են հոլանդական «Դալսեմ» ընկերության տեխնոլոգիաները։ Կատարվել է 2.9 մլրդ դրամի ներդրում, ստեղծվել մոտ 40 աշխատատեղ։ 2012 թ. աճեցվել է մոտ 950 մլն դրամի վարդ, որի զգալի մասն արտահանվել է Ռուսաստանի Դաշնություն, Վրաստան, Բելառուս և այլուր։ Այժմ ընկերությունը որոշել է կատարել ևս 7.1 մլրդ դրամի ներդրում, կրկնապատկել արտադրական հզորությունը, ինչպես նաև արտահանման ծավալը։ Աշխատատեղերի թիվը կհասցվի 60-70-ի, կապահովվի շուրջ 107 հազար դրամ միջին աշխատավարձ։ Նոր ծրագրի մեկնարկը կտրվի 2013 թ. առաջին կիսամյակում։
Կառավարությունն իր նիստում ՀՀ 2012 թ. պետբյուջեում և իր նախկին որոշումներից մեկի ցուցանիշներում կատարել է փոփոխություններ, ինչը պայմանավորված է Ռուսաստանի Դաշնության կողմից 2009 թ. Հայաստանի Հանրապետությանը տրամադրված պետական վարկի միջոցների հաշվին զանազան տնտեսվարող սուբյեկտներին նախկինում հատկացված բյուջետային վարկերի վերադարձից 2012 թ. ստացվող բյուջետային մուտքերի և դրանցից կայունացման դեպոզիտային հաշվին կատարվող բյուջետային ելքերի գումարների ծրագրային ցուցանիշները ՀՀ 2012 թ. պետբյուջեում նախատեսելու անհրաժեշտությամբ։
Գործադիրը փոփոխել և լրացրել է էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվների կիրառմանը վերաբերող իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը` վերացնելով էլեկտրոնային եղանակով հարկային հաշիվներ դուրս գրելու համար հարկային տեսչության հետ համապատասխան պայմանագրերի կնքման պահանջը։
«Երևանյան հեռանկարներ» 13-րդ միջազգային երաժշտական փառատոնի 2012 թ. համերգաշարի կազմակերպմանն աջակցելու նպատակով «Հայ ժամանակակից երաժշտության կենտրոն» Հ/Կ-ին որպես նվիրաբերություն տրամադրելու համար ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացվել է 50 մլն դրամ։
 


Հաշվի է առնվում Մեղրու տարածաշրջանային զարգացման գերակայությունը

ՀՀ կառավարության որոշմամբ Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 2012 թ. համար 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին հատկացվել է 15 մլն 600 հազար դրամ։ Հաշվի են առնվել տարածաշրջանի զարգացման ռազմավարական կարևորագույն նշանակությունը և սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունը։
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով հստակեցվել են բժշկասոցիալական փորձաքննության ժամանակ օգտագործվող չափանիշների, մասնավորապես` հաշմանդամության որոշման ժամկետներն ըստ հիվանդությունների և ախտաբանական վիճակների։ Այս ամենը թույլ կտա հնարավորինս խուսափել սուբյեկտիվ մոտեցումներից և հնարավոր կոռուպցիոն ռիսկերից։ Մեկ այլ որոշման փոփոխությամբ լրամշակվել են դեղերի և բժշկական նշանակության ապրանքների վերագնահատման կարգը, մեխանիզմը, շուկայական գնի աղբյուրը, ՀՀ առողջապահության նախարարության անունով ստացվող մարդասիրական օգնության բաշխման կարգը։
Կառավարության ավելի վաղ ընդունած որոշմամբ Տավուշի մարզի Բագրատաշենի, Շիրակի մարզի Բավրայի և Լոռու մարզի Ձորամուտի (Գոգավան) գյուղական համայնքների, ֆիզիկական և իրավաբանական անձանց սեփականությունը հանդիսացող հողամասերի և օբյեկտների նկատմամբ ճանաչվել էր բացառիկ գերակա հանրային շահ սահմանային անցակետերի կառուցման նպատակով։ Ընտանիքի անդամի բացակայության պատճառով չէր վճարվել Բագրատաշենի բնակիչներից մեկի հողամասի փոխհատուցման գումարը։ Այժմ որոշում է ընդունվել վճարել շուրջ 1 մլն դրամը։
Իր երկու որոշմամբ գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է երկրի տարբեր վայրերում գտնվող իր տնօրինության 1 հազար 361 միավոր շարժական գույքը և Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքի «Ատոմսերվիս» ԲԲԸ բաժնետոմսերը համապատասխանաբար օտարել և մասնավորեցնել դասական աճուրդով։
 


Սահմանվել են թանգարանային ֆոնդի հաշվառման չափորոշիչները

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- պետական և համայնքային թանգարաններում գտնվող թանկարժեք մետաղներից և քարերից պատրաստված թանգարանային առարկաների հաշվառման և պահպանության կարգը,
- ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայության և ՄԱԿ-ի փախստականների գծով գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակի միջև կնքված ենթահամաձայնագրերով հատկացված ֆինանսական աջակցության ծրագրի արտաբյուջետային միջոցների ծախսման 2012 թ. նախահաշիվը, որի համաձայն միջոցները կուղղվեն ապաստան հայցողների և փախստականների սոցիալական պաշտպանվածության ուժեղացմանը, ՀՀ քաղաքացիության ձեռքբերմանը և հասարակության մեջ ինտեգրմանը,
- վերջնական օգտագործողի հավաստագրի պետական հաստատման և ներմուծման հավաստագրի տրամադրման կարգերը, որոնցով կանոնակարգվում է մինչ օրս չկարգավորված այս ոլորտը,
- ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցներին, մարզաձևերի ազգային ֆեդերացիաներին և այլ մարզական հասարակական կազմակերպություններին գույքով ապահովելու ծրագրով ձեռք բերվող մարզագույքի ցանկը։
Գործադիրը հավանություն է տվել`
- ՀՀ կառավարության պարտքի կառավարման 2013-2015 թթ. ռազմավարական ծրագրին, որը ՀՀ օրենսդրությամբ և ՀՀ կառավարության տնտեսական զարգացման ծրագրով սահմանված պետբյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար անհրաժեշտ փոխառու միջոցների ներգրավման, դրանց արդյունքում պետական պարտքի բեռի փոփոխման, ռիսկերի կառավարման ռազմավարությունն է,
- Գորիս քաղաքի պատմամշակութային հիմնավորման նախագծին և քաղաքի պատմական տարածքի, դրա առանձին հատվածների վերակառուցման և օգտագործման հայեցակարգին։
 


Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած փախստականների համար կառուցված բնակարանները սեփականության իրավունքով փախստականներին հատկացնելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրինագծին, որով առաջարկվում է բնակարանը սեփականության իրավունքով փախստականին հատկացնելու դիմումի ժամկետը երկարաձգել մինչև 2013 թ. դեկտեմբերի 31-ը։ Նախագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Իր նիստում կառավարությունը փոխել է Լոռու մարզի Քարինջի և Արարատի մարզի Հովտաշենի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը` համապատասխանաբար Զկռուտի դոլերիտային բազալտի հանքավայրի շահագործման և գյուղատնտեսական արտադրական օբյեկտների օգտագործման նպատակով օտարելու համար։
Նիստի ավարտին ՀՀ քաղաքաշինության նախարար, ԲՀԿ անդամ Վարդան Վարդանյանը, հաշվի առնելով, որ կառավարությունն արդեն հրաժարական է տվել և «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունն էլ քաղաքական որոշում է կայացրել, շնորհակալություն է հայտնել բոլոր գործընկերներին այս հինգ տարվա համատեղ աշխատանքի համար, բոլորին հաջողություն և առողջություն մաղթել։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ի պատասխան ասել է. «Ես էլ ցանկանում եմ շնորհակալություն հայտնել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության գործընկերներին, ովքեր մեզ հետ այս տարիների ընթացքում կառավարության ծանր լուծը տարել են իրենց ուսերի վրա։ Շնորհակալություն»։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ