Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 ապրիլի 2012

Երկարացվում է Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը որոշել է սկսել Հայկական ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման գործընթացը։ Դրա անհրաժեշտությունը թելադրված է ՀՀ էներգետիկ անվտանգության և անկախության ապահովման և ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկի թողարկման ժամկետների հաշվառման նկատառումով։ ԱԷԿ-ի երկրորդ էներգաբլոկի արտոնագրի ժամկետն ավարտվում է 2016 թ. սեպտեմբերի 1-ին` շահագործման նախագծային ժամկետի ավարտին` 30 տարի։ Մինչ այդ անհրաժեշտ է մշտապես բարձրացնել էներգաբլոկի անվտանգության մակարդակը և զուգահեռաբար նաև իրականացնել դրա շահագործման ժամկետի երկարաձգման համար պահանջվող միջոցառումները։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է մինչև 2013 թ. մայիսի 5-ը կազմակերպել ծրագրի մշակման աշխատանքը, մինչև 2013 թ. օգոստոսի 1-ը գնահատել այդ աշխատանքի իրականացման համար պահանջվող ֆինանսական միջոցների ծավալը, մինչև 2013 թ. սեպտեմբերի 1-ը կառավարության հաստատմանը ներկայացնել երկրորդ էներգաբլոկի շահագործման նախագծային ժամկետի երկարացման ծրագիրը։ «Այս թեմայի շուրջ շատ շահարկումներ կան մամուլում, - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ - Տեղյակ եք, որ այս օրերին Հայաստանում է գտնվում նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը։ Մեր գործառույթներն այս բնագավառում խիստ թափանցիկ են։ Մենք հրապարակային դիմել ենք Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրենին` խնդրանքով, որպեսզի մեզ ցուցաբերեն օժանդակություն, որպեսզի գործող ատոմակայանի գործունեության ժամկետը երկարաձգենք, ինչպես նաև նոր ատոմակայանի բլոկի կառուցման խնդրով, և մեկը մյուսին բացարձակապես պետք չէ հակադրել։ Երեկ մեր հանդիպման ժամանակ էլ մենք այս խնդիրը շատ հստակ ձևակերպել ենք, հայտնել մեր կառավարության պաշտոնական տեսակետը, և այն ամբողջությամբ ստանում է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության աջակցությունը։ Եվ իրար հակադրելը, ինչ-որ տարբեր, ոչ ստույգ տեղեկություն տրամադրելը, կարծում ենք, տեղին չէ։ Այս որոշումն հենց այս տրամաբանության ներքո է, այստեղ ոչ մի նորամուծություն, ոչ մի գաղտնիք չկա, շատ հրապարակային գործառույթ է»։ Մեկ այլ որոշմամբ սահմանվել են «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ աշխատակիցներին սոցիալական փաթեթի հատկացման կարգը և փաթեթի մեջ մտնող ծառայությունների ցանկը։ Որոշման նպատակն է Հայկական ԱԷԿ-ի առանձնապես ծանր, առանձնապես վնասակար պայմաններ ունեցող պաշտոններ զբաղեցնող անձանց համար ներդնել սոցիալական երաշխիքների միասնական համակարգ։


Լուծվում են աղետի գոտու ընտանիքների բնակարանային խնդիրները

ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում և արձանագրել, որ դեռևս 2008 թ. կառավարության հավանությանն արժանացած հայեցակարգով ձևավորվել են պարտավորություններ աղետի գոտու բնակավայրերում սահմանված կարգով հաշվառված մոտ 6 հազար 972 ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ` մինչև 2013 թ. հունվարի 1-ը։ 2012 թ. պետբյուջեով նախատեսվում է 3 մլրդ 324 մլն 600 հազար դրամ հատկացնել շուկայից բնակարանների (բնակելի տների) ձեռքբերման համար ֆինանսական աջակցության տրամադրմանը։ Ընդունված որոշմամբ այդ գումարից 2 մլրդ 154 մլն 600 հազար դրամը հատկացվել է երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների համար նոր բնակարանների կառուցմանը։ Կառավարությունը հավանություն է տվել «Պետության կարիքների համար բնակարանների և սպասարկման օբյեկտների ձեռքբերման պետական գնման պայմանագրերում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին» համաձայնագրերին, որոնց շնորհիվ հնարավոր կլինի Գյումրի, Վանաձոր, Սպիտակ, Ախուրյան քաղաքներում, Շիրակի, Լոռու և Արագածոտնի մարզերի գյուղական համայնքներում լրացուցիչ բնակարանների (բնակելի տների) կառուցմամբ ապահովել անօթևան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նկատմամբ ձևավորված պարտավորությունների ամբողջական կատարումը։
Նկատի առնելով այն հանգամանքը, որ Շիրակի մարզի Վահրամաբերդ գյուղի նախկին մշակույթի տան նախասրահում գտնվող Մինաս Ավետիսյանի որմնանկարի անխաթարությունն ապահովելու նպատակով հրատապ անհրաժեշտություն է առաջացել կատարել ամրակայման և վերականգնման աշխատանքներ, կառավարությունը որոշել է այդ նպատակով ծախսվելիք մոտ 9 մլն դրամ գումարը տրամադրել թանգարանների պահպանման ծախսերի վերաբաշխման հաշվին` ս.թ. չորրորդ եռամսյակում այն վերականգնելու պայմանով։ «Անհրաժեշտ է շիրակցիներին տեղյակ պահել, որ որմնանկարը մնալու է հենց մշակույթի տանը, որովհետև կրկին լուրեր են պտտվում, թե իբր գումարը հատկացվում է, որպեսզի որմնանկարը տեղափոխվի, - ասել է Տիգրան Սարգսյանը։ - Մեր քաղաքացիներին հավաստիացնում ենք, որ այս հատկացումները կատարում ենք մշակույթի տունը կարգի բերելու նպատակով, և որմնանկարն էլ մնալու է հենց այնտեղ։ Կարծում եմ, որ մնացած որմնանկարները վերականգնելու համար գյումրեցիները կգտնեն հովանավորներ, մանավանդ որ Գյումրիում հյուրանոցային շինարարությունը մեծ թափով զարգանում է և խնդիր չի լինի գտնել հովանավորների, ովքեր 10-20 մլն կհատկացնեն որմնանկարները փրկելու համար։ Պետք է արձանագրենք, որ չնայած մեծ աղմուկ եղավ այդ ամբողջ գործառույթի շուրջ, այնուամենայնիվ, մենք մեր նպատակին հասանք և փրկեցինք որմնանկարները, ինչի արդյունքում մեր քաղաքացիներն այսօր հնարավորություն ունեն վայելելու դրանք»։
Կառավարությունը համաձայնել է Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող անշարժ գույքի, իրավաբանական անձանց կանոնադրական կապիտալում պետական մասնակցության մասնավորեցումից կուտակված միջոցների մնացորդից 219 մլն դրամն ուղղել Ռուբինյանց փողոցի հիմնանորոգման իրականացմանը։ Նախատեսվում է հիմնանորոգել Ռուբինյանց փողոցի` Պարույր Սևակի փողոցի ավտոդպրոցի հատվածից մինչև Ավանի ուղետար և Ավանի ուղետարի Աճառյան փողոցի Զեյթուն տանող հատվածի երթևեկելի մասի ասֆալտբետոնե ծածկը, կարգաբերել ու փոխարինել դիտահորերը և անձրևորսիչները, վերականգնել փողոցի շուրջ 70 տոկոսի մայթերի ասֆալտբետոնե ծածկը, կառուցել հաշմանդամների համար նախատեսված մեկ թեքուղի։


Աջակցություն կտրվի գյուղացիական տնտեսություններին

Գյուղացիական տնտեսություններին աջակցելու նպատակով ՀՀ կառավարությունը «Սևան-Հրազդանյան ջրառ», «Դեբեդ-Աղստև-ջրառ» և «Ախուրյան-Արաքս-ջրառ» ՓԲ ընկերություններին թույլատրել է մինչև 2012 թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալած հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու համար բացառապես ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել առանց շահույթ ձևավորելու։ 2012 թ. մայիս ամսվա ընթացքում գետերի վարարման հետևանքով հեղեղումը կանխելու հետ կապված նույն ընկերությունները գետերի վարարումը մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու ժամանակ ոռոգման ջուրը ջրօգտագործողների ընկերություններին կմատակարարեն առանց հասույթ ձևավորելու։ Ջրօգտագործողների ընկերություններին առաջարկվել է վերը նշված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի) մինչև 10 հեկտար հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց։ Մեկ այլ որոշման փոփոխությամբ գործադիրը, ընդառաջելով Արարատի մարզպետի դիմումին, որով հրաժարվել էր մարզին հատկացված դիզելային վառելանյութի որոշակի քանակությունից, 500 տոննա վառելանյութը հատկացրել է Սյունիքի մարզին։ Ընդհանուր առմամբ նախատեսված է հողօգտագործողներին մատչելի գնով դիզելային վառելանյութի ձեռքբերման ծրագրով բաշխել 12 հազար 600 տոննա վառելանյութ։
ՀՀ կառավարությունը հաստատել է «2012-2014 թթ. գյուղատնտեսական կենդանիների հիվանդությունների լաբորատոր ախտորոշման և կենդանական ծագում ունեցող հումքի և նյութի, բույսերի կարանտինի, մշակաբույսերի պաշտպանության միջոցների լաբորատոր փորձաքննության իրականացում» ծրագիրը։
Իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի փոփոխությամբ կառավարությունը կարգավորել է անասնաբուժական պետական հսկողության ենթակա բեռների և սննդամթերքի ներմուծման փուլում սահմանային պետական վերահսկողությունը։
Այս առնչությամբ վարչապետը նշել է, որ 2012 թվականին այս ծրագրերն իրականացվում են պահուստային ֆոնդից միջոցներ հատկացնելով։ «Ըստ էության, սրանք մեզ համար պիլոտային ծրագրեր էին, որոնք ցույց տվեցին իրենց արդյունավետությունը, - ասել է Տիգրան Սարգսյանը։ - Մենք արդեն քննարկում ենք միջնաժամկետ ծախսային ծրագիրը և դրանից անմիջապես հետո պետք է կազմենք 2013 թվականի պետական բյուջեի նախագիծը»։ Վարչապետը ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է, որպեսզի նա մեկ ամսվա ընթացքում կառավարության հաստատմանը ներկայացնի ծրագիր, որը կներառի գյուղատնտեսության օժանդակության բոլոր մեխանիզմները։ «Դրա նպատակն այն է, որ 2013-ի բյուջեն կազմելիս մենք ունենանք հստակ ծրագիր և դրանով էլ կարողանանք հաշվարկները կատարել, թե ինչ ծավալի օժանդակություն ենք ցուցաբերելու գյուղատնտեսությանը, որպեսզի արդեն 2013-ի բյուջեի նախագծում այդ տողն առանձին նախատեսենք, այլ ոչ թե պահուստային ֆոնդից միջոցներ վերցնենք», -շեշտել է կառավարության ղեկավարը։
Կառավարությունը որոշել է Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության «Համայնքների զարգացման խրախուսում» և «Համայնքային տնտեսական զարգացում» ծրագրերի գույքը հանձնել նշված ծրագրերի գործընկեր կազմակերպություններին և համայնքներին, ինչը կնպաստի դրանց տեխնիկական ապահովվածությանը, ՏԻՄ-երում էլեկտրոնային համակարգերի ներդրմանն ու միասնական տեղկատվական տարածության ձևավորմանը։
Գործադիրն ի գիտություն է ընդունել ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի զեկուցումը ՀՀ կառավարության 2012 թ. հունվարի 12-ի ՀՀ կառավարության 2012 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու որոշման (01.01.2012 – 31.03.2012 թթ. ժամանակահատվածում) հանձնարարականների կատարման տեղեկանքը։ Կատարման ենթակա 19 կետից 2012 թ. ապրիլի 11-ի դրությամբ կատարվել է 18-ը կամ 94.7 տոկոսը։
Նիստում ի գիտություն է ընդունվել ՀՀ բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի 2011 թ. ընթացքում իրագործված ծրագրերի մասին հաղորդումը, որի համաձայն նման ծրագրեր է իրականացրել միջազգային և հանրապետական 144 կազմակերպություն։ Մեծածավալ ծրագրեր են իրականացրել «Տաշիր» բարեգործական հիմնադրամը (5.29 մլրդ դրամ), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը (4.01 մլրդ դրամ) և այլ կազմակերպություններ։
Գործադիրը նախկինում ընդունած իր որոշումներից երկուսը ճանաչել է ուժը կորցրած, ինչը կնպաստի ընդերքօգտագործման ոլորտի օրենսդրական դաշտի կարգավորմանը և իրավահարաբերությունների հստակեցմանը։ Մեկ այլ որոշման ընդունման արդյունքում ՀՀ բնապահպանության նախարարությունն իրեն վերապահված գործառույթները կիրականացնի «Ընդերքի մասին» ՀՀ օրենսգրքով սահմանված լիազորությունների շրջանակում։


Ուշադրության կենտրոնում է փոքր և միջին ձեռնարկատիրությունը

Իր երկու որոշմամբ գործադիրը փոփոխել և լրացրել է նախկինում ընդունած երկու որոշումը, պարզեցրել փոքր և միջին գործարարների ձեռնարկատիրական գործունեության ընթացքում որպես գրասենյակ ձեռք բերվող կամ վարձակալվող տարածքների գործընթացը, ինչպես նաև վերացրել խնդրո առարկայի վերաբերյալ կառավարության երկու որոշումների մեջ եղած հակասությունը։
Մեկ այլ որոշմամբ նույնպես կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացում, որոնք պայմանավորված են բեռների տարանցման համար նախատեսված ընթացակարգերի պարզեցմամբ, որը կնպաստի բիզնես միջավայրի բարելավմանը և Հայաստանի տարանցիկ բեռնափոխադրման ծավալի ավելացմանը։
Գործադիրն ընդունել է վճարման պետական էլեկտրոնային համակարգի ներդրման և գործարկման որոշում, որի համաձայն ՀՀ օրենսդրությամբ պետական տուրքի կամ տեղական տուրքի կամ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի կողմից մատուցվող ծառայության համար գանձվող վճարի կամ վարչական տուգանքի ֆիզիկական կամ իրավաբանական անձի վճարման պարտավորությունը համարվում է կատարված նաև այն դեպքում, երբ դրա վճարումն իրականացվել է վճարման պետական էլեկտրոնային համակարգի միջոցով։ Վարչապետն անհրաժեշտ է համարել նոր ծառայության առավելությունների մասին քաղաքացիներին տեղեկացնել լրատվամիջոցներով, որպեսզի նրանք կարողանան օգտվել դրանից։
ՀՀ կառավարությունը նոր խմբագրությամբ է շարադրել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը, որով մինչև երեք տարի ժամկետով հետաձգվել էր «Ասկե գրուպ» ԲԲԸ կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ գումարի վճարման ժամկետը։ Փոփոխությունը թելադրված էր ներմուծվող ապրանքների ցանկի հստակեցման անհրաժեշտությամբ։ Ընկերությունը ներդրումային ծրագրով Չարենցավանում վերապրոֆիլավորում է ձուլման արտադրամասը` ամրանների արտադրություն կազմակերպելու նպատակով։ Յոթ մլրդ դրամի չափով ներդրում կատարելու և վերազինումը 2013 թ. ավարտին հասցնելու արդյունքում ձեռնարկությունում կբացվի մոտ 300 նոր աշխատատեղ։
Կառավարությունն իր նիստում ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրել է «Ավտոմատիկա» ՓԲԸ սեփականատիրոջից ՀՀ անունից գնել ընկերության կանոնադրական կապիտալում նրան պատկանող 20 տոկոս բաժնետոմսերը` 200 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամով, որը վճարվելու է նախարարության արտաբյուջետային միջոցների հաշվին։ Այսպիսով, ընկերությունը դառնում է 100 տոկոս պետական մասնակցությամբ բաժնետիրական ընկերություն և կարող է ներգրավվել ռազմարդյունաբերական զարգացման պետական ծրագրերում։
Փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, գործադիրը հստակորեն սահմանել է ՀՀ ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցման հիմքերը և որոշման առանձին դրույթներ համապատասխանեցրել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքին։ Մեկ այլ որոշման փոփոխությամբ կլուծվեն ինչպես 2013 թվականի, այնպես էլ հետագա տարիների տարեսկզբին հանրակրթական ծառայությունների մատուցման բնագավառի խնդիրները և կբացառվի ուսուցիչների աշխատավարձի վճարման ուշացումը, ՀՀ պետական հանրակրթական հաստատությունների ֆինանսավորումը կիրականացվի սահմանված ժամկետում։


Հավանություն է տրվել 2011 թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «ՀՀ 2011 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» ՀՀ օրենքի նախագծին։ ՀՀ պետական կառավարման մարմիններին հանձնարարվել է մինչև ս.թ. ապրիլի 25-ը ՀՀ ֆինանսների նախարարություն ներկայացնել հաշվետվության վերաբերյալ իրենց դիտողություններն ու առաջարկությունները, ՀՀ ֆինանսների նախարարին` դիտողությունների և առաջարկությունների հիման վրա լրամշակել հաշվետվությունը և մինչև ս.թ. ապրիլի 30-ը ներկայացնել ՀՀ կառավարություն։ ՀՀ կենտրոնական բանկի նախագահին առաջարկվել է մինչև ս.թ. ապրիլի 25-ը ՀՀ կառավարություն ներկայացնել օրենքի նախագծի վերաբերյալ կենտրոնական բանկի պաշտոնական եզրակացությունը։
2011 թ. պետբյուջեի կատարման հաշվետվությունն առաջարկվում է հաստատել եկամուտների գծով` 880 մլրդ 850 մլն 991 հազար 300 դրամ, ծախսերի գծով` 986 մլրդ 509 մլն 208 հազար 800 դրամ, բյուջեի դեֆիցիտը` 105 մլրդ 658 մլն 217 հազար 500 դրամ։
ՀՀ կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Պետական և ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագիծը, որի վերաբերյալ կառավարությունն սկզբունքային առարկություն չունի։
Քննարկելով ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագիծը` գործադիրն ընդունել է դրա անհրաժեշտությունը` պայմանավորված երկրում հեռարձակման թվային համակարգի ներդրմամբ։ Սակայն նախագծում կառավարությունը մատնացույց է արել մի շարք հայեցակարգային և տեխնիկական թերություններ և շեշտել փաստաթղթի լուրջ և արմատական լրամշակման ենթարկելու նպատակահարմարությունը։ Օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Նոր խթան կստանան տնտեսության թիրախային ոլորտները

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- «Պետական աջակցություն Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի կանոնադրական խնդիրների իրականացման» 2012 թ. միջոցառումների ծրագիրը, որի կատարման արդյունքում ակնկալվում է նպաստել ՀՀ տնտեսական զարգացմանը և աջակցել ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխմանը, ինչպես նաև խթանել ընտրված ոլորտների մրցունակության բարձրացմանը,
- ստանդարտների մշակման ծառայությունների 2012 թ. ծրագիրը, որի շնորհիվ տնտեսության ճյուղերում կստեղծվեն որակի և մրցունակության բարձրացման պայմաններ, ինչպես նաև կկատարվեն տեխնիկական կանոնակարգերի պահանջները,
- ՀՀ հողային ֆոնդի ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2012 թ. կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը,
- ՀՀ առողջապահության նախարարության պետական հիգիենիկ և հակահամաճարակային տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը,
- 2012 և 2013 թթ. ընթացքում պետական գույքի մասնավորեցման ծրագրում ընդգրկված ընկերությունների մասնավորեցման (մասնավորեցման նախապատրաստման) ժամանակացույցը և անվանացանկը,
- «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի և Արամ Խաչատրյանի անվան ֆիլհարմոնիկ համերգասրահի տեխնիկական ծառայության ձեռքբերում» գնման ընթացակարգի արդյունքը` որպես 8 մլն եվրո պայմանագրային արժեքով կնքված գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման. թատրոնի և համերգասրահի վերազինումը, որի արդյունքում դրանք կհամապատասխանեն միջազգային չափանիշներին, կավարտվի մինչև 2013 թ. առաջին եռամսյակի վերջը։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել բռնկումների (համաճարակների), քիմիական և ճառագայթային գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների ժամանակ, ինչպես նաև առօրյա պայմաններում բնակչության (առանձին խմբերի) իրազեկման, բժշկահիգիենիկ գիտելիքների տարածման և առողջ ապրելակերպի քարոզչության կարգին և միջոցառումների ծրագրին։


Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Վրաստանի, Լեհաստանի Հանրապետության, Բուլղարիայի Հանրապետության կառավարությունների միջև գաղտնի տեղեկությունների փոխադարձ պաշտպանության, ինչպես նաև փոխանակման համաձայնագրերի կնքման առաջարկություններին։
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության կառավարության և`
- Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարության միջև առողջապահության և բժշկագիտության,
- Իսրայելի Պետության կառավարության միջև գյուղատնտեսության,
- Կիպրոսի Հանրապետության կառավարության միջև հետազոտությունների և մշակումների,
- Նովեգիայի Թագավորության, Բելգիայի Թագավորության կառավարությունների միջև կրթության և գիտության,
- Կուբայի Հանրապետության կառավարության միջև մշակույթի բնագավառում համագործակցության համաձայնագրերի կնքման առաջարկություններին։
ՀՀ կառավարությունն ընդունել է Լոռու մարզի Դաշտադեմի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում։
Գործադիրը որոշել է Երևանի «Գառնի-լեռ» գիտաարտադրական միավորում» ԲԲԸ-ին տրված զենքի արտադրության արտոնագրի գործողության ժամկետը երկարացնել հինգ տարով։
Կառավարության որոշմամբ 2012 թ. ապրիլի 30-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխվել է ապրիլի 28-ը` շաբաթ օր։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

 

 

 


 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ