Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 19 հունվարի 2004

Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի մոտ քննարկվել է ՀՀ կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության 2003թ. գործունեության հաշվետվությունը: Վարչության պետ Հմայակ Հարոյանը ներկայացրել է տարվա ընթացքում տարբեր ուղղություններով կատարված աշխատանքները և առկա խնդիրները: Նա նշել է, որ 2003 թվականին ՀՀկառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության գործունեությունն ուղղված է եղել քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության խնդիրների իրագործմանը: Անցած տարի, ըստ վարչության պետի, ՀՀ տարածքում ստեղծվել է 2028 արտակարգ իրավիճակ, զոհվել է 231 և տուժել 1788 մարդ: ԱԻՎ ստորաբաժանումները օպերատիվորեն արձագանքել են բոլոր պատահարներին ու արտակարգ իրավիճակներին: Կոնկրետ միջոցառումներ են իրականացվել 2003 թ. գարնանային հեղեղումների աղետաբեր հետևանքներից Արագածոտնի ու Շիրակի մարզերի բնակչության պաշտպանության ուղղությամբ: ՀՀ կառավարություն ներկայացված վերլուծությունների հիման վրա կազմակերպվել է հեղեղումներից ու կարկտահարություններից տուժած բնակիչների մասնակի փոխհատուցման գործընթացը: Մարզերում իրականացվել են հեղեղատարների մաքրման և սողանքների կանխարգելման 140.882 մլն. դրամի աշխատանքներ:

2003 թ. շարունակվել է ԱԻՎ համակարգի հետևողական ու համընթաց զարգացումը: ԱԻՎ գործունեության մեջ իր կայուն տեղն է գրավել հրշեջ ծառայությունը՝ արձագանքելով մայրաքաղաքում ու մարզերում ծագած կենցաղային և այլ բնույթի հրդեհների մարմանը: Տարվա ընթացքում առանձին ծրագրով իրականացվել է հրշեջների վերապատրաստում, որի արդյունքում նրանք ատեստավորվել են որպես փրկարար-հրշեջ: Հանգամանալից վերլուծության է ենթարկվել հրդեհի յուրաքանչյուր դեպք, հրշեջների գործողություններին տրվել է մասնագիտական գնահատական, պարզաբանվել են հրդեհների ծագման պատճառներն ու զարգացման դինամիկան: Վարչական տույժի է ենթարկվել 1217 քաղաքացի, 1807 պաշտոնատար անձ: Հրդեհների փաստերով նախաքննության մարմիններին են ուղարկվել 82 նյութեր, քննչական վարույթում է 32 գործ, երեք դեպքով արդեն կայացվել է դատավճիռ: Հատուկ ուշադրություն է դարձվել հրդեհների կանխման աշխատանքին, լայնածավալ քարոզչություն է տարվել զանգվածային լրատվության բոլոր միջոցներով:

ԱԻՎ համակարգում իրականացված կառուցվածքային բարեփոխումների արդյունքում բարձրացել է աղետների հակազդման օպերատիվությունն ու արդյունավետությունը: Հիմնվել է միասնական օպերատիվ-դիսպետչերական ծառայություն, որի կազմում ներառվել է նաև հրշեջ պահպանության նույնատիպ ծառայությունը: Սա հնարավորություն է ստեղծել տարաբնույթ արտակարգ պատահարների վերաբերյալ քաղաքացիների ահազանգերին արձագանքել միասնական ու կենտրոնացված:

Սեյսմիկ պաշտպանության ոլորտում իրականացված բարեփոխումների շնորհիվ ստեղծվել է տարածքային, ոչ առևտրային չորս կազմակերպություն, որոնք սպասարկում են հանրապետության, նաև Արցախի, վարչական տարածքը: Օպերատիվ գրանցվել են տարածաշրջանում տեղի ունեցած երկրաշարժերը, որոնց մասին տեղեկատվությունը տրամադրվել է կառավարման մարմիններին:

Համապատասխան գործունեություն է ծավալվել մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայության վերագործարկման ուղղությամբ: ԱՒՎ պետի կողմից խնդիր է դրվել սկզբնական փուլում վերագործարկել ռադիոլոկացիոն կայանները և հանրապետության պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմիններին ապահովել մթնոլորտային վտանգավոր երևույթներին վերաբերող կանխատեսումներով ու տվյալներով: Խնդիր է դրվել նաև՝ մշակել ծառայությունը ժամանակակից մակարդակի հասցնելու ծրագրեր, հաշվի առնելով համաշխարհային փորձն ու մոտեցումները:

Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել փրկարարական միասնական դաշտի ձևավորման խնդիրներին: Պետական փրկարարական ծառայության շուրջ համախմբվել են կամավոր, հասարակական, գերատեսչական և պատանի փրկարարների կազմավորումները, մշակվել են փրկարարների որակավորման և փրկարարական աշխատանքների իրականացման միասնական չափանիշներ: ԱԻՎ «Փրկարար» ուսումնական կենտրոնի և արագ արձագանքման փրկարարական ջոկատի փրկարարներն անցյալ տարի մասնակցել են «Ֆերգանա-2003» և «Դաքիա-2003» միջազգային ուսումնավարժություններին, Հայաստանի տարածքում Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի աղետի ենթարկված ՄԻԳ-29 կործանիչի որոնողափրկարարական և Իրանի Իսլամական Հանրապետությունում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման աշխատանքներին:

Մարզերում փրկարարական խմբերը միավորվել են հրշեջ կազմավորումների հետ՝ ստեղծելով միացյալ կենտրոնացված ուժեր՝ տեղական բնույթի արտակարգ իրավիճակներին օպերատիվ հակազդում ապահովելու նպատակով:

Քաղաքացիական պաշտպանության բնագավառում ընդունվել են քաղաքացիական պաշտպանության կազմավորումների և ծառայությունների ստեղծման ու զարգացման կարգն ու մոտեցումները: Պետական կառավարման ու տեղական ինքնակառավարման մարմինները ներգրավվել են ՔՊ հիմնախնդիրների կազմակերպման և իրականացման գործին: Հզորացվել և ամրապնդվել է քաղպաշտպանության գնդի նյութատեխնիկական բազան, բարձրացվել է մարտական ու մոբիլիզացիոն պատրաստության մակարդակը:

Անցած տարի հատուկ ուշադրություն է դարձվել արտակարգ իրավիճակների, վթարների, բնական ու տեխնածին աղետների, դրանց կանխարգելման, հետևանքների նվազեցման, կառավարման մարմինների և բնակչության գոծողությունների, վարքականոնների վերաբերյալ տեղեկատվական, ճանաչողական և ուսուցողական նյութերի պատրաստման ու տարածման հարցերին: Մայիսին ստեղծվել ու պարբերաբար լույս է տեսել «Արտակարգ թերթ» շաբաթաթերթը, որն արդեն գտել է իր ընթերցողին: Մինչ այդ պատրաստվել էր «Արտակարգ ալիք» ոչ պաշտոնական սայթը, որտեղ տեղադրված է նաև «Արտակարգ թերթի» էլեկտրոնային տարբերակը: Արդեն պատրաստ է ԱԻՎ ինտերնետային պաշտոնական սայթը: Պատրաստվել և գրեթե բոլոր հեռուստաընկերություններին են տրամադրվել տեսանյութեր, սյուժեներ, տեսաֆիլմեր:

Շարունակել է զարգանալ միջազգային համագործակցությունը փրկարարական հարուստ փորձ ունեցող երկրների և միջազգային կազմակերպությունների հետ: ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրերի միջոցներով սկսվել են տարածաշրջանային փրկարարական կենտրոնի հիմնման աշխատանքները, որոնք նախատեսված է ավարտել 2004 թ. հոկտեմբերին: Շարունակվել է ավանդական կապերի զարգացումը ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, ինչպես նաև Գերմանիայի, Շվեդիայի, Ֆրանսիայի, Էստոնիայի փրկարարական կառույցների հետ: Համընթաց զարգանում է համագործակցությունը ԱՊՀ արտակարգ իրավիճակների միջպետական խորհրդի շրջանակներում: Անցյալ տարի հիմնական խնդիր է եղել միջազգային ոլորտում ավանդական կապերի պահպանումն ու նորերի հաստատումը:

Տրամաբանական շարունակություն են ստացել արտակարգ իրավիճակների հակազդման բնագավառի իրավական կարգավորման հարցերը: Կառավարությունն ընդունել է մոտ մեկ տասնյակ որոշում, իսկ Ազգային ժողով ներկայացվել են «Քաղաքացիական պաշտպանության զորքերի մասին» և «Փրկարարի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքների նախագծերը, որոնց ընդունումը կամբողջացնի արտակարգ իրավիճակների կանխման, հետևանքների վերացման և փրկարարական ուժերի կայացման գործընթացի իրավական կարգավորումը:

Ամփոփելով կարող ենք ասել, որ 2003 թվականին իրականացված միջոցառումների շնորհիվ արտակարգ իրավիճակների հակազդման և բնակչության պաշտպանության հիմնահարցերի արմատական լուծման մակարդակը բարձրացվել է որակական նոր աստիճանի, ստեղծվել են բնակչության համընդհանուր անվտանգության ապահովման իրական երաշխիքներ:

2004 թվականին նախատեսվում է շարունակել ԱԻՎ ուժերի հետագա զարգացումը, նյութատեխնիկական բազայի ամրապնդումը, մարտական պատրաստվածության բարձրացումը:

Կառավարությանն առընթեր արտակարգ իրավիճակների վարչության 2003թ. գործունեությունը գնահատվել է բավարար: Քննարկման արդյունքում վարչապետի կողմից տրվել են հանձնարարականներ՝ ոլորտի առանձին խնդիրների լուծման նպատակով: Հաշվետվությունը ներկայացնելուց հետո, ԱԻՎ պետը հանդիպում է ունեցել նաև զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ նրանց ևս ներկայացնելով անցած տարվա ընթացքում վարչության կատարած աշխատանքները:

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ