Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 մարտի 2012

Առաջնային են սոցիալական ծրագրերը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ վարչապետը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել և բարեմաղթանքներ է ուղղել ՀՀ կառավարության աշխատակազմի Ազգային ժողովի հետ կապերի վարչության պետ Ամալյա Ենգոյանին և ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանին։


Անապահով ընտանիքների աջակցությունը կշարունակվի

Գործադիրի որոշմամբ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարվել է նախարարության համակարգի պետական ընկերությունների նախորդ տարիների գործունեության արդյունքով հաշվարկված ՀՀ պետբյուջե շահութահարկի վճարումից հետո մնացած և չբաշխված շահույթի հաշվին ապահովել 204 մլն 872 հազար 288 դրամ գումարի վճարումը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին որպես անապահով ընտանիքների կողմից 2011 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին սպառված բնական գազի համար մասնակի փոխհատուցման գումարի վճարում։ «Այս գործառույթը, որի նպատակն է սոցիալապես խոցելի խավերին օժանդակություն ցուցաբերել պետության կողմից, որպեսզի նրանց համար ավելի էժան գնով գազ մատակարարենք, շարունակական բնույթ է կրելու։ Մինչև 300 խմ-ի համար պետությունն այդ ընտանիքներին օգնություն է ցուցաբերում, և նրանց համար գործում է 100 դրամ սակագինը, ոչ թե 132-ը, ինչպես մյուս բոլոր քաղաքացիների համար։ Սա արդեն իր դրական ազդեցությունը թողել է. մեր քաղաքացիները, ովքեր համարվում են գազի սպառող, իրենց ընտանեկան բյուջեներում տնտեսում ունեն», - ասել է վարչապետը և ՀՀ էնեգետիկայի և բնական պաշարների նախարարին հանձնարարել շարունակել աշխատանքը «Հայռուսգազարդ»-ի հետ, որպեսզի անապահովներն օժանդակություն ստանան նաև այս տարի։
Կառավարությունն իր նիստում հաստատել է Կոտայքի մարզի Պտղնիի գյուղական համայնքի վարչական տարածքում գազի ստորգետնյա պահեստարանների, ներառյալ գազատարներն ու այլ տեղակայանքները, 138.08 հա ընդհանուր մակերեսով անվտանգության գոտիները, իսկ դրանց սահմաններ ներառված տարածքն առանձնացրել որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներ։ Սահմանվել է, որ նշված տարածքում արգելվում է քաղաքաշինական նպատակով հողօգտագործումը, ճարտարապետահատակագծային առաջադրանքների և շինարարության թույլտվությունների տրամադրումը` ապահովելով բնակչության անվտանգությունը։


Ուշադրության առարկա են գյուղացու հոգսերը

ՀՀ կառավարությունը որոշել է պետական սեփականություն հանդիսացող սահմանակից համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու հետևանքով առաջացած խնդիրների գույքագրման, դրանց կարգավորմանն ուղղված առաջարկությունների մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է վեր հանի և գույքագրի մինչև ս.թ. մարտի 1-ը ՀՀ կառավարության աշխատակազմ կամ պետական այլ մարմիններ մուտք եղած դիմումները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները կառավարության աշխատակազմ ներկայացնի մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը։ «Մեր գյուղացիներն այս հարցով բազմիցս դիմել են մեզ, - ասել է վարչապետը։ - Անհրաժեշտություն կա ևս մեկ անգամ նրանց հետ այս հարցը քննարկել և գտնել այնպիսի լուծումներ, որ համերաշխության մթնոլորտը համայնքներում պահպանենք։ Լուծումները կարծես կան։ Մեր գյուղացիները պետք է հանգիստ լինեն, որ այն հողակտորները, որոնք նրանք տարիներ շարունակ օգտագործել են, կշարունակեն օգտագործել, և նրանց համար որևէ խոչընդոտ չի առաջանա։ Միևնույն ժամանակ մենք կկարողանանք լուծել նաև կառավարման խնդիրը ըստ այն սխեմաների, որ մեզ կառաջարկվեն։ Մի քանի մարզերում դեռևս բավական սուր է այս հարցադրումը։ Կարծում եմ՝ աշխատանքային խումբը կկարողանա այնպիսի լուծումներ առաջարկել, որ բոլոր կողմերը բավարարված լինեն»։
Փոփոխելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և հաշվի առնելով ազոտական պարարտանյութի և դիզելային վառելիքի մատակարարման գործում ծագած խնդիրները, գործադիրը դրանք Հայաստանի համայնքներ մատակարարելու վերջնաժամկետ է սահմանել ս.թ. մայիսի 1-ը։
Գործադիրը հաստատել է ՀՀ 2012-2014 թթ. անասնաբուժական պատրաստուկների, ախտորոշիչ միջոցների և ախտահանիչների ձեռքբերման ծրագիրը։ Այս առնչությամբ վարչապետը նշել է, որ Արմավիրի մարզում գյուղացիների հետ հանդիպման ժամանակ արծարծվել է ընդհանրապես ներմուծված դեղորայքի որակի հարցը։ Ասում են, որ շատ հաճախ այդ դեղորայքը չի օգնում։ Տիգրան Սարգսյանը լսել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարզաբանումը, որ այդ դեղորայքը, վակցինաները ձեռք են բերվում դրանք արտադրող կազմակերպություններից, որոնք եվրոպական արտոնագիր և իրենց արտադրանքի որակը հավաստող փաստաթղթեր ունեն։ Բոլոր մարզերում արդեն անցյալ տարի կատարվել է վակցինացիա, այս տարի արդեն երկու ամիս է` սկսվել է այն, և ընդհանրապես բողոք չկա։ Արդյունքը բավարար է այնքանով, որ մեզանում զանգվածային համաճարակ չի եղել։
Կառավարությունը հաստատել է 2012 թ. ընթացքում ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները։ Հարցի վերաբերյալ վարչապետն ասել է. «Ինչպե՞ս անենք, որ մեր ջրօգտագործողներն այս ընկերությունները դիտարկեն որպես իրենց հարազատ մարմին։ Մեր այցելությունները մարզեր ցույց են տալիս, որ ջրօգտագործողները և իրենց կողմից ստեղծված ընկերությունները իրարից տարանջատված են։ Մենք ժամանակին մտածում էինք օգնությունը տալ գյուղացուն, ոչ թե ընկերություններին, որպեսզի գյուղացին զգա, որ պետությունն այդ կանխիկ գումարը վճարում է իր համար։ Այժմ գյուղացիները դա չեն զգում։ Փաստորեն, մենք գյուղացիների փոխարեն գումարը տալիս ենք ջրօգտագործող ընկերություններին, որպեսզի ջուրը նրանց համար ավելի էժան լինի, բայց դա նրանք, ըստ էության, չեն զգում։ Պարզ է` դժվար է 220 հազար ջրօգտագործողների հետ առանձին-առանձին աշխատել, միևնույն ժամանակ մենք 2011 թ. օրենք ընդունեցինք և պարզեցրինք ՋՕ-երի հարկային մեխանիզմը և ազատեցինք հարկերից։ Ըստ երևույթին խնդրի լուծման և գյուղացիների կողմից ճիշտ ընկալման համար ժամանակ է պետք»։
Գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է «Ագրոսպասարկում» ՊՓԲԸ-ին հատկացված և մարզերում գործող սպասարկման ընկերություններին 10 տարի ժամկետով վարձակալության հանձնված գյուղատնտեսական տեխնիկան, նշված ժամկետը լրանալու կապակցությամբ, վաճառել վարձակալներին և գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտներին։ Արդյունքում գոյացած ավելի քան 23 մլն դրամը սահմանված կարգով կուղղվի գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմանը։


Խրախուսվում է հերթական ներդրումային ծրագիրը

ՀՀ կառավարությունը «Արարատ սննդի կոմբինատ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2011 թ. նոյեմբերի 1-ից մինչև 2012 թ. դեկտեմբերի 30-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգել է մինչև 2014 թ. նոյեմբերի 1-ը։ Ընկերությունը 2010 թ. հիմնել է եվրոպական արտադրության ժամանակակից սարքավորումներով հագեցած բնական հյութի արտադրության գործարան` ներդնելով ավելի քան 2 մլրդ դրամ։ Նախատեսված 40-ի փոխարեն ստեղծվել է մոտ 70 աշխատատեղ։ Այժմ ընկերությունը ծրագրում է ընդլայնել իր գործունեությունը` հիմնելով ապակյա տարայով բնական հյութի և նեկտարի, խոտաբույսի, հատապտղի և թեյի փաթեթավորման, ինչպես նաև գազավորված ըմպելիքի արտադրություն, իրականացնել մոտ 1.59 մլրդ դրամի ներդրում, ստեղծել 70-80 աշխատատեղ` 110 հազար դրամ միջին աշխատավարձով։ «Սա այն ձեռնարկությունն էր, որն արձագանքեց կառավարության առաջարկին, - ասել է վարչապետը։ - Հիշում եք` երեք տարի առաջ մենք դիմեցինք ներմուծմամբ զբաղվող մեր տնտեսվարող սուբյեկտներին, որ եթե նրանք իրենց ներմուծվող ապրանքը փոխարինեն հայկական արտադրանքով, կստանան կառավարության օժանդակությունը։ Սրանք այն ձեռներեցներն են, ովքեր հավատացին մեզ և ներդրումային ծրագիր ներկայացրին։ Այդ ներդրումային ծրագիրը մենք հավանության արժանացրինք, և իրականացվեցին ներդրումներ։ Երկու շաբաթ առաջ պարոն Դավթյանի հետ այցելեցինք ժամանակակից սարքավորումներով հագեցած գործարան, որն այսօր զբաղված է արտահանմամբ` հայկական հյութեր է արտահանում, հայկական թեյ է արտահանում և որակյալ արտադրանքով նոր շուկաներ գրավում։ Եվ հիմա այս ձեռնարկությունն ընդլայնվում է։ Նաև սա լավ օրինակ է մնացած ներմուծողների համար, որ ներկայացնեն նման ներդրումային ծրագրեր և կառավարության կողմից արտոնություն ստանան։ Միևնույն ժամանակ մենք բոլոր այն ձեռնարկություններին, որոնց տվել ենք արտոնություն, մշտապես պահում ենք մեր ուշադրության կենտրոնում և պարոն Դավթյանի հետ ստուգայցեր ենք կազմակերպում։ Արդեն կա 14 այդպիսի ձեռնարկություն։ Բոլոր օրինակները ներկայացնում ենք նաև հանրության դատին` ինչպիսին էր իրավիճակը երեք տարի առաջ, ինչպիսի արտահանման մեծ պոտենցիալ է ձևավորվում ներդրումային ծրագրեր իրականացնելուց հետո։ Սա հենց լավ օրինակներից է, որը շարունակվում է այն առումով, որ սեփականատերերը նոր ներդրումներ են առաջարկում մեզ, քանի որ արդեն ունեն շուկաներ»։
Հայաստանի Հանրապետության արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարության շրջանակում դեղագործության ոլորտի ռազմավարության գործողությունների ծրագրի մշակման նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հատկացվել է 5 մլն 805 հազար դրամ։
Մեկ այլ որոշմամբ սահմանվել է, որ «Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոն» ՓԲԸ-ն իր կարիքների համար IBA Molecular կազմակերպության մշակած տիպային նախագծի հիման վրա նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման խորհրդատվական ծառայություններն առավելագույնը 45 մլն դրամ նախահաշվային արժեքով, ձեռք է բերում «Գնումների մասին» ՀՀ օրենքով նախատեսված բանակցային ընթացակարգով` առանց գնման հայտարարությունը նախապես հրապարակելու։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը ճշտել է, որ արագացուցչի տեղադրման աշխատանքը կավարտվի հաջորդ տարի։
Իր նիստում կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության այն տեղեկատվությունը, ըստ որի հայտնաբերվել են դեպքեր, երբ անձն աշխատանքային կենսաթոշակ է ստացել սոցիալական ապահովության պետական ծառայությունից և զինվորական կենսաթոշակ` պաշտպանության նախարարությունից, ոստիկանությունից, ազգային անվտանգության ծառայությունից կամ գլխավոր դատախազությունից` չունենալով երկու կենսաթոշակ ստանալու իրավունք։ Ավելի է վճարվել շուրջ 76 մլն դրամ։ Օրենքով սահմանված կարգով դադարեցվել է 68 անձի աշխատանքային կենսաթոշակ ստանալու իրավունքը, ձեռնարկվել են ավելի վճարված կենսաթոշակի գումարները հետ գանձելու միջոցներ։ Այս կապակցությամբ նախարարությունը քաղաքացիներից ստանում է բազմաթիվ դիմումներ, որոնց հեղինակների պնդմամբ իրենք այդ գումարը ոչ թե կենսաթոշակ, այլ նպատակային գումար են համարել։ Ընդունված որոշմամբ դադարեցվում է կենսաթոշակից պահում կատարելը։
Կառավարությունը որոշել է «Շանհայ էքսպո-2010» համաշխարհային ցուցահանդեսի ավարտից հետո Հայաստան վերադարձված ավելի քան 100 մլն դրամ արժեքով գույքն անհատույց, որպես նվիրատվություն, սեփականության իրավունքով հանձնել «Զարգացման հայկական գործակալություն» ՓԲԸ-ին` ցուցահանդեսների կազմակերպման նպատակով օգտագործելու համար։ Վարչապետը կրկին նշել է, որ «Շանհայ էքսպոն» մեր երկրի հաջողված ձեռնարկներից էր, քանի որ, ունենալով համեմատաբար փոքր տաղավար, Հայաստանը Շանհայից բազմաթիվ մրցանակներ բերեց, մի քանի անվանակարգերում զբաղեցրեց առաջին, երկրորդ տեղերը։ Տիգրան Սարգսյանը հույս է հայտնել, որ նման մրցանակների կարժանանա նաև Կորեայում կառուցվելիք տաղավարը։


Հաստատվել է Տավուշի մարզի զարգացման ծրագիրը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- Տավուշի մարզի 2012-2015 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագիրը, որը կխթանի մարզային ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը, բնակչության կենսամակարդակի բարձրացումը,
- օգտակար հանածոյի արդյունահանման նպատակով ընդերքօգտագործման պայմանագրի, ընդերքի երկրաբանական ուսումնասիրության թույլտվության օրինակելի ձևերը,
- ՀՀ ՏՄՊՊ հանձնաժողովի կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը,
- ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվող ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի զարգացման 2012 թ. համալիր ծրագիրը,
- ՀՀ աուդիտորական ծառայությունների իրականացման արտոնագրման կարգը և մյուս փաստաթղթերի ձևերը,
- արհեստագործական և միջին մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների ձևավորման և հաստատման կարգը։
Գործադիրը հավանություն է տվել Ասիական զարգացման բանկի «Հայաստան, ջրամատակարարման և ջրահեռացման ծրագրի երկրորդ փուլ» ներդրումային ծրագրի «Տարաբնակեցման շրջանակ» զեկույցին։


Այլ հարցեր

Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել «Պետական տուրքի մասին» և «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունումը թելադրված է Հայաստանում հյուրանոցների որակավորման նոր` «Հինգաստղանի Դելյուքս» կարգի ներմուծման անհրաժեշտությամբ։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած Հայաստանի Հանրապետությունում անշարժ գույքի գնահատման ստանդարտը հաստատելու որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացում, որոնց շնորհիվ կհստակեցվեն և կպարզեցվեն անշարժ գույքի գնահատման ոլորտի իրավահարաբերությունները։
Իր նախկին որոշումներից մեկում կատարած փոփոխության արդյունքում 2011-2012 թթ. ուսումնական տարվանից ՀՀ բուհերն ավարտող «Սերվիս» մասնագիտությամբ շրջանավարտները կարող են ունենալ մագիստրոսի կրթական աստիճան, ինչը կստեղծի զբոսաշրջության և ընդհանրապես սպասարկման ոլորտի պատշաճ կազմակերպման նախադրյալներ։
Կառավարության նիստում փոփոխվել է նաև Հայաստանում բնակչության պետական ռեգիստրի համակարգ ներդնելու նախկին որոշումը, որի շնորհիվ կհստակեցվի ռեգիստր մուտքագրվող անհատական տվյալների շրջանակը։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Իտալիայի Հանրապետության կառավարությունների միջև պաշտպանության բնագավառում համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Համաձայնություն է տրվել Հայաստանի կառավարության և Ուկրաինայի նախարարների կաբինետի միջև անասնաբուժության ոլորտում համագործակցելու համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Կառավարության որոշմամբ սահմանվել է Երևան քաղաքի բաշխումն ըստ տարածքային գոտիների. այն կկիրառվի գործունեության որոշ տեսակների համար սահմանված արտոնագրային վճարի չափի հաշվարկման համար։
Հիմք ընդունելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կաթողիկոսարանի միջնորդությունը և ներկայացված եկեղեցականների հոգևոր ծառայության հանգամանքը և ղեկավարվելով ՀՀ օրենսդրությամբ, կառավարությունը պարտադիր զինվորական ծառայությունից ազատել է Մայր Աթոռի 20 միաբանի, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում տվել Մայր Աթոռի 37 միաբանի, Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց 18 միաբանի և ուսանողի, Հնդկաստանի Կալկաթայի մարդասիրական ճեմարանի 6 սանի։
Կառավարությունն այլ կատեգորիա է փոխադրել Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի վարչական սահմանում գտնվող հողերի մի մասը` հանգստի և ժամանցի համալիրի կառուցման համար։
Կառավարության որոշմամբ մարտի 2-ը` ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության օրը, սահմանվել է Դիվանագետի օր:
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ