Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 23 փետրվարի 2012

Պետությունը գյուղացիներին է զիջում շուրջ 43 մլրդ դրամի հարկեր





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին», «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ, «Հողի հարկի մասին», «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքներում լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է հողի հարկ և գույքահարկ վճարող անձանց որոշակի ժամանակահատվածում և որոշակի չափով ազատել չվճարված գույքահարկից և հողի հարկից, հաշվարկված տույժերից և տուգանքներից։ «Սա կարևորագույն օրենսդրական նախաձեռնություն է, որն առաջ է քաշել ՀՀ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցությունը, - նշել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ - Մեր մարզային այցելությունների ժամանակ գյուղացիներն այս հարցը մշտապես բարձրացնում են՝ ավելացնելով այն փաստարկը, որ ճգնաժամային տարիները նույնպես ստեղծել են լուրջ բարդություններ հարկային պարտավորությունների կատարման առումով։ Պետությունն այսպիսի նախաձեռնությամբ հանդես գալով՝ շուրջ 43 մլրդ դրամի հարկեր է զիջում գյուղատնտեսության ոլորտում։ Կարծում եմ՝ սա իր մեջ լուրջ ներուժ է պարունակելու նաև տնտեսական աճի խթանման առումով, որովհետև գյուղատնտեսության վրա հարկային բեռն էապես նվազելու է»։
Գործադիրը հավանություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» և ևս մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնց շնորհիվ կստեղծվի փոքր և միջին բիզնեսի զարգացման բարենպաստ միջավայր։ Մասնավորապես, դրանք ենթադրում են իրավաբանական անձի անունից ցանկացած գործողության կատարում` առանց կնիքի օգտագործման։ Նշված բարեփոխման արդյունքում կբարելավվի նաև երկրի` գործարարությամբ զբաղվելու մատչելիության գործակիցը համաշխարհային սանդղակում։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» և ևս տասներեք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կհստակեցվի և կպարզեցվի նախկինում գոյություն ունեցող տարբեր գրանցամատյանների վարման կարգը, անձը հնարավորություն կունենա օգտվել նմուշային փաստաթղթերի ձևերից, ինչը կնպաստի կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը։
Նիստի հավանությանն է արժանացել «Հայրենական մեծ պատերազմի վետերանների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագիծը, որը թելադրված է վետերանների սոցիալ-իրավական պաշտպանության հարցերը լուծելու և ազգային օրենսդրությունն աստիճանաբար ԱՊՀ միջպետական համաձայնագրերի պահանջներին համապատասխանեցնելու անհրաժեշտությամբ։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Լիցենզավորման մասին» և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք թելադրված են արտոնագրման գործընթացը հեշտացնելու և պարզեցնելու` ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականությամբ։ Սույն օրենքների ընդունմամբ հայտատուն արտոնագիր ստանալու հայտին կից չի ներկայացնի կանոնադրության և պետական գրանցման վկայականի պատճենները։ Նախատեսված են այլ դյուրություններ ևս։
Կառավարության հավանությունն են ստացել «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու ՀՀ օրենքների նախագծերը, որոնցով հանգամանորեն կարգավորվում են ՀՀ արտակարգ դրության իրավական ռեժիմի առանձնահատկությունները` հնարավորինս բավարար երաշխիքներ սահմանելով արտակարգ դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների ապահովման համար։
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու ՀՀ օրենքի նախագծին, որով առաջարկվում է պատշաճ ծանուցում համարել դատարանի կողմից դատական ծանուցագիրը գործին մասնակցող անձի էլեկտրոնային հասցեին ուղարկելը, ինչի շնորհիվ լուծում կստանա ոլորտում առկա խնդիրների մի մասը։
Կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Օսմանյան կայսրությունում պոնտոսահույների, ասորիների և այլ ազգերի ցեղասպանության դատապարտման մասին» և «ՀՀ տոների և հիշատակի օրերի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը և հանգել այն եզրակացության, որ հստակեցման կարիք ունի օրինագծի վերնագրի «և այլ ազգերի ցեղասպանություն» արտահայտությունը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Առաքվող արտադրանքի գրանցումը կկարգավորվի օրենքով

Իր երկու որոշումներով կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել նախկինում ընդունած երկու որոշումները, որոնք վերաբերում են ՀՀ տարածքում արտադրանքի, ապրանքների և դրանց գների (հասույթի) գրանցմանը (հաշվառմանը), տեղափոխվող արտադրանքի, ապրանքների գրանցմանը (հաշվառմանը)։ Այդ բնագավառում իրականացվող նոր քաղաքականությունը 2012 թ. հունվարի 1-ից սահմանվել է «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով և օրենքի N4 հավելվածով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի բնութագրմամբ առաքվող արտադրանքի գրանցման կարգավորումն օրենքով երկար սպասված որոշում էր, որին դրական կարձագանքի բիզնեսը։
Կենսաթոշակների վճարման գործընթացը կանոնակարգելու նպատակով կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց շնորհիվ կապահովվի կենսաթոշակների վճարման միասնական կարգով համապատասխան մարմինների կենսաթոշակների վճարումը ՀՀ օրենսդրության համաձայն։ Այս առնչությամբ ՀՀ վարչապետը նշել է. «Երկու տարվա ջանքեր պահանջվեցին, որպեսզի համակարգը մենք կարողանանք մաքրել։ Արդյունքում ունեցանք 18 մլրդ դրամի տնտեսում։ Միայն հաշվառման հստակեցումը, էլեկտրոնային եղանակի ներդրումը, համակարգը թափանցիկ դարձնելը մեծ արդյունքներ տվեցին, սակայն աշխատանքները դեռևս կշարունակվեն։ Այս գործընթացն ավարտելու ենք անհատական հաշվիների համակարգի ներդրմամբ»։
ՀՀ կառավարությունն իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց ընդունմամբ հստակեցվել են բարձրաստիճան պաշտոնատար անձի և իր ամուսնու գույքի, եկամտի և փոխկապակցված անձանց հայտարարագրերի ձևերը, ինչպես նաև սահմանվել բարձրաստիճան պաշտոնատար անձի համատեղ ապրող ծնողի, համատեղ ապրող չափահաս և չամուսնացած զավակի գույքի և եկամտի հայտարարագրերի ձևերը` ապահովելով «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի կիրարկումը։ Նախկինում ընդունված մեկ այլ որոշման փոփոխությամբ գործադիրը գյուղական համայնքներում և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում ներքին աուդիտի ներդրումը տեղափոխել է 2016 թ. հունվարի 1-ը, ինչը համահունչ է ներքին աուդիտի բնագավառում իրականացվող իրավական դաշտի լայնածավալ փոփոխություններին և միջազգային չափորոշիչներին համապատասխան ներքին աուդիտի համակարգի ներդրմանը։ Հաջորդ երկու որոշմամբ կառավարությունը կանոնակարգել է փորձաքննությունների կատարման ծառայությունների ձեռքբերման պետպատվերի իրականացման գործընթացը` սահմանելով, որ 2012 թ. ընթացքում ՀՀ դատախազությունը ձեռք է բերելու 162 մլն 728 հազար դրամի փորձաքննության կատարման ծառայություն։
Իր նիստում գործադիրը սահմանել է Հայաստանում և օտարերկրյա պետություններում գործող դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետներին տրամադրվող դիվանագիտական աստիճանի համար հավելավճարի չափերը։


Կրթության համակարգ է ներմուծվում միջազգային փորձը

ՀՀ կառավարությունը որոշել է «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարանի հենակետային վարժարան» և Երևանի «Մ. Աբեղյանի անվան N 3 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ները միացման ձևով վերակազմակերպել` միացնելով «Երևանի ճարտարապետության և շինարարության պետական համալսարան» ՊՈԱԿ-ին։ Ակնկալվում է, որ դրանով իսկ կստեղծվեն բարձրորակ կրթության ապահովման լավ պայմաններ, կրթական ուսումնական հաստատությունները կհամալրվեն գիտական ուղղվածություն ունեցող մանկավարժական ներուժով, սովորողների մեջ հետաքրքրություն կառաջանա տեխնիկական գիտությունների նկատմամբ։ Մեկ այլ որոշմամբ Սպիտակի Դ. Տեր-Սիմոնյանի անվան N2 միջնակարգ դպրոցն անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է ՀՀ կրթության և գիտության նախարարության «Սպիտակի պետական քոլեջ» ՊՈԱԿ-ին` նպատակային նշանակությանը համապատասխան օգտագործելու համար։
Գործադիրը ՀՀ տարածքային կառավարման նախարարության միգրացիոն պետական ծառայությանը թույլատրել է իրեն սպասարկող տեղական գանձապետական բաժանմունքում բացել մինչև 2013 թ. դեկտեմբերի 31-ը գործողության ժամկետով բանկային հաշիվ` ՄԱԿ-ի փախստականների գերագույն հանձնակատարի Հայաստանի գրասենյակի հետ կնքված ենթահամաձայնագրերով իրականացվելիք ծրագրերով նախատեսված աշխատանքների կատարման նպատակով հատկացվող գումարներն օգտագործելու համար։
Կառավարությունը «Գեոպրոմայնինգ գոլդ» ՍՊԸ-ին թույլատրել է արտադրական կարիքների համար մինչև 2012 թ. դեկտեմբերի 31-ը Հայաստան ներմուծել 600 տոննա նատրիումի ցիանիդ, որն օգտագործվում է լեռնահանքային արդյունաբերությունում ազնիվ մետաղների հանքաքարի հարստացման ժամանակ։
Նիստում հավանության է արժանացել «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի 2012 թ. ծրագիրը, որի իրականացման համակարգող մարմին է սահմանվել ՀՀ սփյուռքի նախարարությունը։ Փառատոնն անցկացվելու է ՀՀ և ԼՂՀ քաղաքների համերգասրահներում, մարզամշակութային դահլիճներում, մշակութային այլ օջախներում, Հայաստանում, Արցախում և սփյուռքում գործող ստեղծագործական խմբերի և անհատ կատարողների մասնակցությամբ։


Ներդրվում է ռիսկի վրա հիմնված ստուգումների համակարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ֆինանսական վերահսկողության տեսչության կողմից իրականացվող ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիրը,
- ՀՀ ԿԱ ՊԵԿ հարկային վարչարարության 2012-2014 թթ. ռազմավարությունը,
- հանրապետական նշանակության «Նորաշեն-Սարչապետ ավտոճանապարհի հիմնանորոգման աշխատանքներ» մրցույթի արդյունքը` հաղթող ճանաչելով «Իջևանի ՃՇՇ» ՓԲԸ-ն,
- ՀՀ 2012-2014 թթ. գյուղատնտեսական կենդանիների պատվաստման ծրագիրը,
- «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պատմաճարտարապետական հուշարձանների վերականգնման և օգտագործման ծրագրի իրականացման համար անհրաժեշտ համալիր ուսումնասիրությունների կատարման, վերականգնվելիք հուշարձանների ընտրման-գույքագրման, դրանց վերականգնման ու օգտագործման նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման, վերականգնման աշխատանքների կատարման ժամանակացույցը։


Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «ՀՀ կառավարության և Եվրոպայի խորհրդի միջև Երևանում Եվրոպայի խորհրդի գրասենյակի և դրա իրավական կարգավիճակի մասին» փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությանը։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Սինգապուրի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի ստորագրման առաջարկությանը։
Նիստում համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։


Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը փոխել է Արարատի մարզի Արաքսավանի և Ավշարի, Կոտայքի մարզի Զովունու գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը` համապատասխանաբար հակակարկտային գեներատորային կայանների կառուցման և հասարակական կառուցապատման (հասարակական սննդի օբյեկտ) համար։
Կառավարությունը Կանանց տոնի կապակցությամբ որոշել է 2012 թ. մարտի 9-ի աշխատանքային ուրբաթ օրը տեղափոխել մարտի 17-ը` շաբաթ օր։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ