Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 հունվարի 2012

Կառավարությունը հետևողականորեն բարելավում է գործարար միջավայրը




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստն սկսելուց առաջ վարչապետն անդրադարձել է բնակչությանը պետության կողմից մատուցվող ծառայությունների խնդրին, նշել այս ասպարեզում հաջողություն արձանագրած և թերացող ոլորտները (Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կայքում տեղադրված է առանձին)։
Գործադիրը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Միջազգային ֆինանսական կորպորացիայի միջև համագործակցության համաձայնագրի կնքմանը։ Միջազգային ֆինանսական կորպորացիան ՀՀ կառավարությանը ցույց է տալու տեխնիկական աջակցություն մասնավորապես չորս ոլորտներում վարչարարական բեռի կրճատման նպատակով. դրանք են հարկային, արտահանման ու ներմուծման, սննդամթերքի անվտանգության ու տեսչական ստուգումների ոլորտները։ Իրականացվող բարեփոխումները պետք է մեծացնեն Հայաստանի ընդհանուր մրցունակությունը, բարելավեն երկրի դիրքը ՀԲ «Գործունեությամբ զբաղվելը» դասակարգման մեջ։ Այս նոր ծրագիրը Միջազգային ֆինանսական կորպորացիայի նախորդ խորհրդատվական ծրագրի տրամաբանական շարունակությունն է, որի արդյունքում էապես կրճատվել են ձեռնարկությունների գրանցման ժամկետը, հարկային հաշվետվությունների և վճարումների պարբերականությունը, «Ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի փոփոխությամբ կանոնակարգվել է ստուգումների հաճախականությունը, տնտեսվարողները հնարավորություն են ստացել հարկային հաշվետվությունները ներկայացնել էլեկտրոնային եղանակով և այլն։ Համաձայն Doing Business 2012 զեկույցի Հայաստանը ընդգրկվել էր ամենաշատ բարեփոխումներ իրականացրած երկրների լավագույն տասնյակում։ Այս առնչությամբ Տիգրան Սարգսյանը նշել է. «Այս փաստաթուղթը կարևորում եմ այն պարզ պատճառով, որ վերջին շրջանում գործարար միջավայրի բարելավման գնահատականների շուրջ եղել են տարբեր մեկնաբանություններ, նույնիսկ այսպիսի թեզեր, թե բացարձակապես կարևոր չէ, թե ինչ գնահատական է տրվում Հայաստանում բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքներին։ Մենք պետք է արձանագրենք, որ 2011-ի ընթացքում Համաշխարհային բանկի կառույցները, որոնք գնահատական են տալիս, արձանագրել են, որ ՀՀ-ն 6 քայլով առաջ է շարժվել, և ՀՀ-ում բիզնես միջավայրը բարելավվել է։ Երկրորդ, արձանագրվել է, որ Հայաստանն աշխարհի միակ երկիրն է, որը 5 ուղղություններով առաջընթաց է արձանագրել, այսինքն, մեր բարեփոխումները արդյունք են տվել։ Եվ երրորդ, մենք քաջ գիտակցում ենք, որ դեռևս շատ անելիքներ ունենք, և դրանով է պայմանավորված, որ այսօր կառավարությունը հավանություն է տալիս այս փաստաթղթին, որը ենթադրում է, որ Համաշխարհային բանկի ֆինանսական կորպորացիայի հետ շարունակելու ենք բիզնես միջավայրի բարելավմանն ուղղված աշխատանքները։ Այստեղ ևս եղել ենք և մնալու ենք հետևողական»։


Հայաստանում ձևավորվելու է սոցիալական բնակարանային ֆոնդ

Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է Երևանի Մոլդովական 70/1 և Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարանային մասնաշենքերի որոշակի տարածք ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով նվիրել այնտեղ բնակվող բնակիչներին` վեց ընտանիքի։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է հանրությանը տեղյակ պահել, որ 2011 թվականին հաստատված նոր հայեցակարգի համաձայն ՀՀ-ում ձևավորվելու է սոցիալական բնակարանային ֆոնդ, որի սեփականատերը լինելու է պետությունը։ «Այդ բնակարանային ֆոնդն այլևս սեփականաշնորհման ենթակա չի լինելու։ Այն որոշումները, որ ընդունում ենք, պայմանավորված են այն հանգամանքով, որ մենք ունեինք փախստականներին, ինչպես նաև հանրակացարաններում ապրող անապահով ընտանիքներին բնակարաններով ապահովելու ընդունված ռազմավարություն։ Այդ գործընթացը կհասցնենք իր տրամաբանական ավարտին։ Բայց սոցիալական նոր բնակարանային ֆոնդը, որը ձևավորվելու է, այլևս սեփականաշնորհման ենթակա չի լինելու», - շեշտել է վարչապետը։ Մեկ այլ որոշմամբ վարչությանը թույլատրվել է Երևանի Ամիրյան փողոցի N6 հասցեում գտնվող Կառավարական N2 մասնաշենքի հասարակական նշանակության ոչ բնակելի տարածքների մի մասն ուղղակի վաճառքի ձևով օտարել գույքի վարձակալ «Մելլաթ բանկ» ՓԲԸ-ին։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել գենդերային քաղաքականության և ընդդեմ գենդերային բռնության 2012 թ. միջոցառումների տարեկան ծրագրերին։ Ակնկալվում է, որ դրանք նպաստելու են հասարակական-քաղաքական և սոցիալ-տնտեսական կյանքի բոլոր ոլորտների և կառավարման բոլոր մակարդակների քաղաքականության մեջ գենդերային չափման` որպես հասարակության կայուն, ժողովրդավարական զարգացման ու իրավական պետության կայացման միջոցի ներառմանը, ինչպես նաև հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային բռնության կանխարգելմանը։
Գործադիրն իր նիստում սահմանել է հարկային մարմնի կողմից մասնակիցների ռեեստր վարողին տրամադրվող այլ տեղեկատվության ցանկը, պարտադիր կուտակային վճարների և դրանց վերաբերյալ տեղեկատվությունը մասնակիցների ռեեստր վարողին փոխանցելու հետ կապված սխալները շտկելու կարգը։ Ընդունված երկու որոշումների շնորհիվ ակնկալվում է ստեղծել համապատասխան իրավական դաշտ, որը նշված հարցերը կկանոնակարգի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի համաձայն։
Կառավարության որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին են ամրացվել «Հազարամյակի մարտահրավեր հիմնադրամ-Հայաստան» ծրագրով կառուցված Այգեզարդի, Շենիկի, Վարդենիսի, Մանթաշի և Սպիտակի ոռոգման ինքնահոս համակարգերը։ Որոշման ընդունումը «Սևան-Հրազդանյան ջրառ» ՓԲԸ-ին, «Շենիկ», «Վարդենիս», «Շիրակ» և «Գետիկ» ջրօգտագործողների ընկերություններին հնարավորություն կտա ապահովել ոռոգման ջրի ավելի արդյունավետ մատակարարում` հաշվապահական համապատասխան ձևակերպումներով։
Կառավարության որոշմամբ ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Շիրակի ակադեմիկոս Մ. Թումանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է` միացվելով «Հայաստանի պետական ագրարային համալսարան» ՊՈԱԿ-ին։ Նշված քոլեջի հիման վրա ստեղծվել է ագրարային համալսարանի մասնաճյուղ։


Կներդրվեն միջազգային չափորոշիչներ

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որով հստակեցվել են օրենքի գործողության ոլորտ ընդգրկված կազմակերպությունների շրջանակը, ինչպես նաև ֆինանսական հաշվետվության միջազգային ստանդարտների ներդրմանն ու հետագա կիրառությանն առնչվող այլ հարցեր։ Հավանություն է ստացել «Հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը սահմանում է ՀՀ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառում կազմակերպելու և վարելու, ընդհանուր նշանակության ֆինանսական հաշվետվություն պատրաստելու և ներկայացնելու միասնական հիմունքները, կարգավորում նշված կազմակերպությունների հաշվապահական հաշվառմանը վերաբերող այլ հարաբերություններ։
Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրինագիծը, որը, հեղինակների կարծիքով, մի շարք կրթական կազմակերպությունների հնարավորություն կտա ավելի ակտիվորեն մասնակցել առարկայական մրցույթներին, մրցաշարերին և օլիմպիադաներին։ Նախագծի ընդունման նպատակադրումը համարելով ընդունելի` կառավարությունը դեմ է օրենքի` ներկայացված տեսքով ընդունմանը, բայց և պատրաստակամ` քննարկելու փաստաթղթի լրամշակված տարբերակը։ Բացասական եզրակացություն է ստացել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է գույքահարկի վճարումից ազատել 3-րդ և 4-րդ աստիճանի վթարային բազմաբնակարան բնակելի շենքերի բնակիչ ֆիզիկական անձանց։ Նախ, 4-րդ աստիճանի վնասվածք ունեցող շինությունների բնակիչներն առանց այդ էլ գույքահարկ չեն վճարում, իսկ 3-րդ աստիճանի վթարային բնակարանների բնակիչներին գույքահարկից ազատելու հարցը կարող են լուծել տեղական իշխանության մարմինները։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։
 

Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը հաստատել է ՄԱԿ-ի երեխայի իրավունքների կոնվենցիային կից «Մանկավաճառության, երեխաների մարմնավաճառության և մանկական պոռնոգրաֆիայի մասին» և «Զինված հակամարտություններին երեխաների մասնակցության վերաբերյալ» կամընտիր արձանագրությունների կատարման ՀՀ սկզբնական զեկույցները։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագիր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Համաձայնություն է տրվել նաև ատոմային էներգիայի խաղաղ օգտագործման նպատակով համագործակցելու` Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունների միջև համաձայնագիր կնքելու առաջարկությանը։


Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը հաստատել է Լոռու մարզի Գոգարանի և Մեծ Պարնիի, Արագածոտնի մարզի Արուճի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները։ Միաժամանակ հողերի մի մասը փոխադրվել է այլ կատեգորիա` համապատասխանաբար գյուղատնտեսական արտադրական օբյեկտների, անտառտնկումների, հասարակական կառուցապատման, ընդերքօգտագործման, ձկնաբուծարանի, օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման համար։ Համանման նպատակներով փոխվել է Եղվարդի, Իջևանի և Աշտարակի քաղաքային, Կոտայքի մարզի Պռոշյանի,Վայոց ձորի մարզի Սարավանի և Արտավանի, Արագածոտնի մարզի Արագածավանի, Կարբիի և Բազմաղբյուրի, Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդի, Բռնակոթի և Գորայքի, Արարատի մարզի Սիսավանի և Լուսառատի, Լոռու մարզի Շիրակամուտի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը։
Նկատի ունենալով բալետի արտիստ Դավիթ Գալստյանի` բալետային արվեստի բնագավառում ունեցած բացառիկ ընդունակությունն ու միջազգային տարբեր մրցույթներում մրցանակային տեղեր նվաճելու հանգամանքը` կառավարությունը նրան ազատել է պարտադիր զինվորական ծառայությունից։
Գործադիրը պարտադիր զիվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը տարկետում է տվել Լոնդոնի Իմպերիալ քոլեջի ասպիրանտ Վահե Քարիմյանին, Լոնդոնի քոլեջ-համալսարանի ուսանող Հայկ Կուպելյանցին։ Մինչև 2013 թ. աշնանային զորակոչը տարկետում է ստացել ՀՀ ֆուտբոլի մինչև 19 տարեկանների ազգային հավաքական թիմի անդամ Աշոտ Սարդարյանը։
Կառավարությունը չորս տարի ժամկետով` մինչև 2016 թ. փետրվարի 22-ը, երկարաձգել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանի պաշտոնավարման ժամկետը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ