Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 10 նոյեմբերի 2011

Գումար է հատկացվում աղետների կանխարգելման նպատակով





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ նա խոսք է ասել նոյեմբերի 10-ին նշվող երիտասարդության համաշխարհային օրվա առթիվ. «Ցանկանում եմ Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել մեր երիտասարդներին, ցանկանալ նրանց հաջողություն, երջանկություն և եռանդ, որպեսզի, դիմագրավելով ժամանակակից աշխարհի մարտահրավերները, նրանք մեր ազգի համար ապահովեն բարեկեցիկ ապագա։ Այս գեղեցիկ տոնն իր ավանդույթներով գնում է դեպի 1945 թվական։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո 63 ազգեր ներկայացնող երիտասարդներ հավաքվեցին Լոնդոնում և հիմնադրեցին երիտասարդական ֆեդերացիա։ Հենց այդ օրն էլ ապագայում դարձավ երիտասարդության համաշխարհային օր։ Այն նաև ունի խորհուրդ, որի համաձայն երիտասարդները պատասխանատվություն են ստանձնում ապագայի նկատմամբ։
Մենք նույնպես պետք է ստեղծենք այնպիսի միջավայր, որ մեր երիտասարդները գործի լծվեն այդ պատասխանատվությամբ։ Կարծում եմ՝ ժամանակակից աշխարհում այդ պատասխանատվությունն առաջին հերթին ենթադրում է երիտասարդների համար լավ կրթության ապահովումը։ Եթե ունենանք կրթված երիտասարդություն՝ մեր ազգը կունենա նաև պայծառ ապագա»։


Կվերականգնվեն ափապաշտպան կառույցները

ՀՀ կառավարությունը լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել ավելի քան 256 մլն դրամ՝ Արմավիրի մարզի Ջանֆիդայի համայնքի տարածքում Արաքս գետի ափապաշտպան կառույցի վերականգնման, Սյունիքի մարզում Արաքս գետի վթարված և վթարավտանգ հատվածների վերականգնման, Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքի տարածքում Մարտունի գետի կարճապատնեշների տեղադրման, Տավուշի մարզի Աչաջուրի համայնքի տարածքում Աղստև գետի հունի ուղղման, արգելաթմբերի ստեղծման միջոցով մաքրման նպատակով։ Նշված աշխատանքները կատարվելու են մինչև 2012 թ. գարնանային վարարումները։
Կառավարության որոշմամբ Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացվող կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորմամբ 2011 թ. ձեռք բերված դեֆլեկտոմետրը անժամկետ և անհատույց օգտագործման իրավունքով ամրացվել է «Հայաստանի ավտոմոբիլային ճանապարհների տնօրինություն » ՊՈԱԿ-ին։ Մոտ 105 մլն դրամ արժեքով ժամանակակից ճանապարհային այդ սարքավորումը, որն հագեցված է համակարգչային ծրագրով, հնարավորություն է տալիս գնահատել գոյություն ունեցող և նոր կառուցված ճանապարհային հագուստի ամրությունը։
Կառավարությունը որոշել է Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի բնակիչ, շարքային պայմանագրային զինծառայող Արտակ Ղաբուզյանի 5 անձից բաղկացած ընտանիքի բնակարանային խնդիրը լուծել 3 սենյականոց բնակարանի հատկացմամբ։ Արտակ Ղաբուզյանը 2010 թ. ԼՂՀ հյուսիս-արևելյան սահմանում հերթապահության ժամանակ ցուցաբերել է արիություն և նախաձեռնողականություն` ոչնչացնելով դիրք ներխուժած հակառակորդի դիվերսանտին։
Գործադիրը որոշել է 1988-1992 թթ. Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած Սեդա Բաբայանցի զբաղեցրած բնակելի տարածքը, որը գտնվում է «Հանրակացարաններ» ՓԲԸ-ը տնօրինության Երևանի Արցախի 4-րդ նրբանցքի մասնաշենքում, սեփականաշնորհել նրա անունով։ Մեկ այլ որոշմամբ սահմանվել է ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի տրման կարգը, որի համաձայն ՀՀ ոստիկանության մարմինների կողմից տրամադրվող վկայականի գործողության ժամկետը մեկ տարի է։
Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2011թ պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում և Ա. Երզնկյանի անվան N 118 ավագ դպրոցի ֆիզիկայի լաբորատորիան անհրաժեշտ սարքավորումներով և լաբորատոր պիտույքներով համալրելու նպատակով հատկացրել 10 մլն դրամ։

ՏՄՊՊ հանձնաժողովի աշխատանքն ավելի արդյունավետ կդառնա

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, ինչը պայմանավորված է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին վերապահված լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ տեղեկատվության ապահովմամբ։ Այսուհետև հանձնաժողովը հնարավորություն կունենա ապրանքային շուկաների ուսումնասիրության, այդ շուկաներում հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի առկայության և օրենքով սահմանված այլ դրսևորումների բացահայտման համար հարկային ծառայության մարմիններից տվյալ ապրանքային շուկաների և դրանց մասնակիցների վերաբերյալ ստանալ անհրաժեշտ տեղեկություններ։
Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնք համահունչ են Եվրոպայի բարձրագույն կրթության միասնական տարածքի կրթական բարեփոխումներին։ Մասնավորապես, այսուհետև մեր երկրում կադրեր կպատրաստվեն հասարակայնության հետ կապերի (PR), «Ակտուար մաթեմատիկա», «Անվտանգային գիտություններ», «Ոստիկանական գործ», «Կովկասագիտություն» և մի շարք այլ մասնագիտություններով։
2011 թ. նոյեմբերի 4-11-ը Հայաստանում Եգիպտոսի մշակույթի օրերի կազմակերպման և անցկացման նպատակով կառավարությունը ՀՀ մշակույթի նախարարությանը հատկացրել է ավելի քան 17 մլն դրամ։

Հայաստանը կանդամակցի բույսերի նոր սորտերի պաշտպանության միջազգային կոնվենցիային

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բույսերի սորտերի պահպանության մասին» ՀՀ օրենքի, ՀՀ 3 օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին։ Նշված օրենքի նպատակը բուծողի իրավունքի տրման և դրա պահպանության հետ կապված հասարակական հարաբերությունների կարգավորումն է։
Կառավարության հավանությունն է ստացել «Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի ընդունման դեպքում ակնկալվում է հասնել ոստիկանության պաշտոններում նշանակվող ծառայողների մասնագիտական պատրաստվածության համապատասխանությանը այդ պաշտոնների համար նախատեսված մասնագիտական ցենզերին, ոստիկանության թափուր պաշտոնների համալրմանը մասնագիտական առավել բարձր պատրաստվածություն ունեցող կադրերով և այլն։
Կառավարությունը քննության է առել ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արա Բաբլոյանը և Մկրտիչ Մինասյանը։ Նախագծով առաջարկվում է կրճատել անչափահաս կասկածյալներին, ձերբակալվածներին և մեղադրյալներին պահելու վայրերում պահելու տևողությունը։ Գործադիրը սկզբունքային առարկություն չի ներկայացրել օրինագծի վերաբերյալ։
Նիստում քննարկվել է նաև ԱԺ պատգամավոր Արթուր Աղաբեկյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Զենքի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որով առաջարկվում է սահմանել, որ ակոսափող որսորդական հրազեն կարող են ձեռք բերել նաև ՀՀ զինված ուժերում պարտադիր զինվորական ծառայություն անցած կամ պաշտպանության, ոստիկանության և Ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմիններում ծառայությունից սահմանված կարգով արձակված անձինք։ Կառավարությունն իր հերթին առաջարկություն է արել` ընդգրկելու օրինագծում. այն ընդունելու դեպքում ընդունելի կհամարվի օրենքի նախագիծն ամբողջությամբ։
Իր վեց որոշումներով ՀՀ կառավարությունը անհետաձգելի է համարել ՀՀ Ազգային ժողով ներկայացված 32 օրենքների փոփոխությունների նախագծերը։
Նշված օրենքների նախագծերը, որոշումները և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։

Հավանություն է տրվել համայնքների խոշորացման հայեցակարգին

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգին, որի համաձայն, հաշվի առնելով ինչպես միջազգային փորձը, այնպես էլ տեղական ինքնակառավարման զարգացման ընթացիկ մակարդակը, ենթադրվում է կիրառել կամավոր և պարտադիր ձևերի համակցված տարբերակը։ Միայն համայնքների խոշորացման դեպքում է հնարավոր լուրջ և էական արդյունքների հասնել ռեսուրսների կենտրոնացման և դրանց արդյունավետ տնօրինման հարցերում։ Հայեցակարգը նախատեսում է ոլորտի բարեփոխումն սկսել Վայոց ձորի, շարունակել՝ Սյունիքի մարզերում։ Իրականացված բարեփոխման արդյունքների վերլուծության և գնահատման հիման վրա հնարավոր կլինի հանգել որոշակի եզրակացությունների, որոնք էլ կստեղծեն երկրի մասշտաբով այս քաղաքականությունն իրագործելու նախադրյալները։
ՀՀ կառավարությունը հաստատել է՝
-արտակարգ իրավիճակների հետևանքով ֆիզիկական և իրավաբանական անձանց պատճառված վնասի գնահատման կարգը,
-մի շարք բնապահպանական միջազգային կոնվենցիաներից բխող՝ ՀՀ պարտավորությունների կատարման միջոցառումների ցանկը,
-հարկային մարմնի գործունեության շրջանակում ռիսկի վրա հիմնված ստուգումների մեթոդաբանությունը և ռիսկայնությունը որոշող չափանիշների ընդհանուր նկարագիր, որի համաձայն ստուգման ենթակա հարկ վճարողների ընտրությունը կկատարվի ռիսկային չափանիշների հիման վրա, ըստ հարկ վճարողների առանձին, միատարր խմբերի,
-հանրակրթական ուսումնական հաստատության ուսուցչի ատեստավորման և որակավորման տարակարգի շնորհման, ուսուցչի ատեստավորման տարածքային ու հանրապետական հանձնաժողովների ձևավորման և գործունեության, ուսուցիչներին հավելավճար տալու կարգերը,
-ՀՀ միգրացիայի պետական կարգավորման քաղաքականության հայեցակարգի իրականացման 2012-2016թթ. գործողությունների ծրագիրը։

Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը հաստատել է Կոտայքի մարզի Արգելի և Ակունքի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները և հողերի մի մասը փոխադրել այլ կատեգորիա՝ համապատասխանաբար ջրի օրվա կարգավորիչ ջրամբարի կառուցման, բնակելի և հասարակական կառուցապատման համար։
Գործադիրի որոշմամբ այլ կատեգորիա է փոխադրվել Շիրակի մարզի Վահրամաբերդի, Սյունիքի մարզի Լեհվազի, Արարատի մարզի Ռանչպարի, Վայոց ձորի մարզի Մարտիրոսի գյուղական համայնքների հողերի մի մասը՝ համապատասխանաբար փոքր հիդրոէլեկտրակայանների և օժանդակ կառույցների, գլխամասային հանգույցի և կարգավորիչ ավազանի, հակակարկտային գեներատորային կայանների շինարարության համար։

Նիստի ավարտին վարչապետը կառավարության անդամներին հանձնարարել է հսկողության տակ պահել կառավարության 2012 թ. միջոցառումների ծրագրի մշակման և ժամանակին ներկայացման գործընթացը։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ