Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

չորեքշաբթի, 2 նոյեմբերի 2011

Կայացել է վարչապետի գլխավորած ՓՄՁ խորհրդի երկրորդ նիստը. Տիգրան Սարգսյան. «Խստացնում ենք պահանջները խոշոր բիզնեսի նկատմամբ»




Այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման խորհրդի երկրորդ նիստը` վարչապետ, խորհրդի նախագահ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ: Խորհրդի կազմում ընդգրկված են պետական մարմինների, գործարար համայնքի, միջազգային կազմակերպությունների, ինչպես նաև ոլորտի շահերը ներկայացնող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Ողջունելով ներկաներին` վարչապետ Սարգսյանը նշել է. «Հարգելի գործընկերներ, մենք մշակել ենք մի նոր օրենսդրական փաթեթ, որը ներկայացրել ենք Ազգային ժողովի քննարկմանը: Այդ օրենսդրական փաթեթն ունի հետևյալ տրամաբանությունը` հնարավորին չափ բարելավել միջավայրը փոքր և միջին բիզնեսի համար և հարկային բեռը տեղափոխել այն ոլորտներ, որտեղ կան ավելի բարձր եկամուտներ: Այդ տեսակետից ցանկանում եմ ձեզ ներկայացնել մի քանի փոփոխություններ, որ մենք առաջարկում ենք կատարել:
Առաջինը եկամտահարկի սանդղակն է, որն այսուհետև պետք է լինի պրոգրեսիվ սկզբունքով կազմված: Դա նշանակում է, որ եթե նախկինում մենք ունեինք 20 տոկոսանոց վերին շեմ, ապա այսօր մենք սահմանում ենք նաև լրացուցիչ մեկ աստիճան, որովհետև այսօր կա 10 տոկոս, 20 տոկոս, և մենք սահմանում ենք նաև 25 տոկոսանոց շեմ այն ֆիզիկական անձանց համար, ովքեր ստանում են 2 միլիոն դրամից ավելի եկամուտ: Նրանք պետք է վճարեն ոչ թե 20 տոկոս, այլ 25 տոկոս եկամտահարկ:
Երկրորդ կարևորագույն փոփոխությունը, որ մենք կատարում ենք, վերաբերում է ալկոհոլային խմիչքներին: Այստեղ քաղաքականությունը հետևյալն է. մենք պարտավոր ենք ապահովել հավասար հարկային դաշտ մեր արտադրողների և ներմուծողների համար, քանի որ պարտավոր ենք ալկոհոլային խմիչքների շուկայում հանդես գալ միջազգային կանոններին համապատասխան: Եթե մենք մեզ թույլ տանք անհավասար մոտեցում, ապա մեր գործընկերներ պետությունները նույնպես կարող են իրենց դա թույլ տալ: Մասնավորապես, Ռուսաստանը և Ուկրաինան, որոնք ահազանգում են, և եթե մենք ճշգրտումներ չկատարենք մեր օրենսդրության մեջ, կհայտնվենք ծանր վիճակում: Ճգնաժամի ժամանակ մենք նախապատվությունը տվեցինք մեր արտադրողներին, սանդղակները փոխեցինք: Հիմա ժամանակն է վերադառնալ հավասար պայմանների, ինչը կատարում ենք: Բայց միևնույն ժամանակ մենք ավելացնում ենք հարկերն էլիտար խմիչքների վրա և 50 տոկոսով ավելացնում ենք օղու արժեքային դրույքաչափը` ներքին շեմը թողնելով անփոփոխ 500 դրամ: Դա նշանակում է, որ եթե մեր շուկայի 80 տոկոսն էժան օղիների շուկան է, 20 տոկոսը` էլիտար, ապա այդ 20 տոկոս էլիտար օղիների շուկայում տեղի կունենա գների որոշակի բարձրացում այս դրույքաչափի պատճառով: Սա մեր շուկայի վրա բացասական ազդեցություն չի թողնի, բայց իրականում մեր արտադրողների, նամանավանդ փոքր և միջին արտադրողների համար ավելի բարենպաստ պայման է ստեղծում, որովհետև նրանք գնային առումով ավելի լավ վիճակում են հայտվում, իսկ թանկ օղիներից մենք 2 միլիարդ դրամ լրացուցիչ կհավաքենք մեր բյուջեում:
Երրորդ կարևոր փոփոխությունը, որ կատարում ենք, այսպես կոչված, շքեղության հարկն է: Մենք առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում թանկարժեք մեքենաների վրա բարձրացնում ենք դրույքաչափը: Խոսքը գնում է 90 հազար ԱՄՆ դոլարից ավելի բարձր գին ունեցող մեքենաների մասին, մաքսային արժեքի նկատմամբ դրույքաչափը բարձրացնում ենք 20 տոկոսով:
Չորրորդ առաջարկությունը, որ ներկայացրել ենք, խաղատների, շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի, վիճակախաղերի կազմակերպման համար նախատեսված հաստատագրված վճարները ավելացնում ենք 50 տոկոսով` ակնկալելով 2 միլիարդ դրամ լրացուցիչ եկամուտ:
Փոքր և միջին բիզնեսի համար կարևոր քայլ ենք կատարում. ընդլայնում ենք արտոնագրային վճարների դաշտում գործունեության տեսակները: Խոսքը վերաբերում է հանրային սննդի գործունեությանը, հյուրանոցային տնտեսություններին, թեթև մարդատար մեքենաներով ուղևորափոխադրումներ իրականացնող կազմակերպություններին, վարսավիրանոցներին, ավտոտեխսպասարկման կայաններին, ավտոկանգառներին, բիլիարդ խաղերի կազմակերպմանը:
Փոքր և միջին բիզնեսին վերաբերող հաջորդ կարևոր փոփոխությունը հարկային գերավճարներն այլ պարտավորությունների դիմաց առանց ուսումնասիրման և ստուգումների հաշվանցման հնարավորության տրամադրումն է: Նախկինում ընդամենը 100 հազար դրամի պարագայում էր թույլատրվում գերավճարները հաշվանցել՝ առանց հարկային մարմնի ստուգման: Այսօր այդ շեմն օրենքով բարձրացնում ենք մինչև 10 միլիոն դրամ, որն առաջին հերթին վերաբերելու է փոքր և միջին բիզնեսին: Կարևոր է նաև այն, որ պետության կողմից գերավճարների վերադարձման տույժ տուգանքները չեն դիտարկվելու որպես եկամուտ բիզնեսի համար և չեն հարկվելու:
Ընդհանրապես ավելացված արժեքի հարկի հաշվանցումների դաշտն էապես պարզեցվում է այս փաթեթով, և դրա կիրառումն ավելի հեշտ է լինելու: Այս փաթեթով վերացվում է նաև հասույթների գրանցման գիրքը, որը մշտական դժգոհությունների առարկա էր: Էապես պարզեցվում է նաև առաքման դեպքերի բովանդակությունը՝ պակասեցվում է լրացվող տողերի քանակը և այլն: Դա էլ հիմնականում վերաբերելու է խոշոր բիզնեսին:
Ի տարբերություն փոքր և միջին բիզնեսի՝ մենք խստացնում ենք պահանջները խոշոր բիզնեսի նկատմամբ և ավելացնում նրա նկատմամբ կիրառվող պատժամիջոցները: Դա վերաբերում է այն խոշոր բիզնեսին, որն զբաղվում է մեծածավալ ներկրումներով, սակայն չի ապահովում փաստաթղթաշրջանառությունը: Այս առումով լուրջ գործիքներ ենք տալիս պետական եկամուտների կոմիտեին:
Մեզ համար ստեղծում ենք նաև նոր գործիք՝ հանքաքարի, սև և գունավոր մետաղների ջարդոնների, ինչպես նաև փայտանյութի արտահանման նկատմամբ սահմանելով պարտադիր վճարներ, որոնց նպատակն է՝ վերջիններիս վերամշակումը կազմակերպել Հայաստանում, այլ ոչ թե արտերկրում:
Բանկերի համար ևս առկա է մեկ փոփոխություն, որը վերաբերում է հիմնական միջոցների վերագնահատմանը: Ի տարբերություն իրական հատվածի, բանկերն ունեին արտոնություն, այսինքն` կարողանում էին ինքնուրույնաբար վերագնահատել իրենց հիմնական միջոցները, որն ազդում էր շահութահարկի բազայի գնահատման վրա: Այսօր մենք բանկային համակարգի այդ արտոնությունը վերացնում ենք, և նրանք նույնպես պարտավոր են լինելու օգտվել մասնավոր մասնագիտացված կառույցների ծառայություններից:
Առանց հաշվարկային փաստաթղթերի ապրանքների տեղաշարժի պարագայում պատասխանատվության միջոցները ևս խստացնում ենք: Խոսքը վերաբերում է հիմնականում ամսական 15 միլիոն դրամից ավելի իրացման շրջանառություն ունեցող խոշոր հարկ վճարողներին, որոնց կողմից ՀԴՄ-ների շահագործման կանոնների խախտման պարագայում պատասխանատվությունը նույնպես խստացվելու է:
Խոշոր գործարքների առումով ցանկանում ենք ներդնել նորմեր, որոնք պարտադրում են, որպեսզի խոշոր գործարքները լինեն անպայման անկանխիկ: Սա նույնպես փոքր և միջին բիզնեսի համար ստեղծելու է ավելի բարենպաստ պայմաններ, որովհետև մեր ստացած հիմնական բողոքները վերաբերում են խոշոր բիզնեսի՝ փաստաթղթերի չտրամադրմանը փոքր բիզնեսին:
Ամփոփելով կարող ենք ասել, որ Ազգային ժողովին ներկայացվելիք մեր հարկային փաթեթը փոքր և միջին բիզնեսի համար բարելավելու է միջավայրը, և հարկային վարչարարությունն է գնալու դեպի խոշոր բիզնեսը, իսկ ստուգումների քանակն էապես կրճատվելու է: Կրճատելու ենք նաև հաշվետվությունների քանակը, եթե փոքր բիզնեսն աշխատում է արտոնագրային դաշտում կամ հաստատագրված վճարներով»:

Համաձայն հաստատված օրակարգի` խորհրդի քարտուղար, ՀՀ էկոնոմիկայի նախարարի առաջին տեղակալ Կարինե Մինասյանը ներկայացրել է ՓՄՁ խորհրդի քարտուղարության հաշվետվությունը կատարված աշխատանքների վերաբերյալ:
Նիստում քննարկվել են գործարար համայնքի կողմից բարձրացված, ինչպես նաև խորհրդի կանոնադրությանն առնչվող մի շարք հարցեր:
Քննարկման արդյունքում վարչապետը հանձնարարել է խորհրդի քարտուղարությունում, ինչպես նաև գործարար համայնքի ներկայացուցիչների հետ քննարկել արծարծված հարցերը և ներկայացնել առաջարկություններ:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ