Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 1 նոյեմբերի 2011

ՀՀ վարչապետի ելույթը ՀՀ Ազգային ժողովի հանձնաժողովների համատեղ նիստում 2012 թվականի ՀՀ պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ

Հարգարժան Ազգային ժողովի նախագահ,
հարգելի նախագահող,
հարգելի պատգամավորներ,

Հայաստանի Հանրապետության սահմանադրության 90-րդ հոդվածի համապատասխան, Ազգային ժողովի քննարկման ենք ներկայացնում 2012թ. պետական բյուջեի նախագիծը:
Ես համառոտ կներկայացնեմ 2012թ. պետական բյուջեի հիմքում ընկած գաղափարախոսությունը և առանձնահատկությունները: Առաջին հերթին, երբ անդրադառնում ենք պետական բյուջեի նախագծին, մենք քննարկում ենք այն միջավայրը, որը ձևավորվել է մինչև 2012թ. և կանխատեսումների հիմքում ընկած տրամաբանությունը: 2009թ. ճգնաժամը, ինչպես նաև ռուս-վրացական խնդիրը, բացահայտեցին մեր տնտեսության խոցելի և ուժեղ կողմերը:
Առաջին եզրակացությունը, որ մենք մեզ համար կատարել ենք, կայանում է նրանում, որ պետք է դիվերսիֆիկացնենք մեր տնտեսությունը, ինչն այն դարձնում է նվազ խոցելի: Այդ իսկ պատճառով կառավարությունը ձեռնարկել է մի շարք միջոցառումներ, որոնք արդեն իսկ տալիս են իրենց դրական արդյուքները: 2011 թ. վերջին ամիսներին տնտեսական զարգացումները կարելի է բնութագրել որպես կայունացման փուլ, ինչի մասին վկայում է երկրորդ եռամսյակի 3.9 տոկոս տնտեսական աճը: Մենք նաև ունենք արդեն 8 ամսվա կտրվածքով գնահատականներ, ըստ որոնց համախառն ներքին արդյունքի աճը կազմում է 5 տոկոս: Դա նշանակում է, որ 2011 թ. պետական բյուջեի հիմքում ընկած այն կանխատեսումը, որ մենք տարին պետք է ավարտենք 4.6 տոկոս տնտեսական աճով իրատեսական ցուցանիշ է: Միևնույն ժամանակ այն գնաճային թիրախը, որ մենք սահմանել էինք, ընդունելով բյուջե, ենթադրում էր, որ պետք է վերադառնանք 4 տոկոսանոց գնաճային ցուցանիշին 1.5 տոկոսանոց միջավայրում: Այս պահի դրությամբ տեսանելի են այն միտումները, որ ունենալով 5.7 տոկոս գնաճ տարեկան կտրվածքով` 2011 թ. ավարտին էապես բարելավում ենք գնաճային ցուցանիշը, որը մեզ մոտ կազմում է 9.4 տոկոս: Դա նշանակում է, որ մենք ստեղծում ենք բարենպաստ պայմաններ, որպեսզի 2012 թ., 4 տոկոսանոց գնաճը նույն 1.5 տոկոսանոց միջավայրում, լինի իրատեսական:
Տնտեսության առանձին ճյուղերի վերաբերյալ 9 ամիսների կտրվածքով մենք արձանագրում ենք, որ գյուղատնտեսության ոլորտում ունենք ծավալների աճ 15.3 տոկոս, արդյունաբերության ոլորտում 13 տոկոսանոց աճ, առևտրաշրջանառության և ծառայություններ ոլորտում արձանագրվել է համապատասխանաբար 3.8 և 5.8 տոկոս տնտեսական աճ: Սա նշանակում է, որ մենք ապահովում ենք տնտեսության դիվերսիֆիկացիան և շատ կարևոր է, որ վերջին տարիների ընթացքում կայուն աճ ենք արձանագրում արդյունբերության ոլորտում:
Չորրորդ ոլորտը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտն է, որտեղ անգամ ճգնաժամի տարիներին ունեցանք աճ, որը այս տարի նույնպես շարունակում է աճել: Այն կազմում է միջինը 16 տոկոս և սա նշանակում է, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը արդեն ՀՆԱ-ի կառուցվածքում իր ուրույն և կարևոր տեղն է զբաղեցնում, արդեն համադրելի են հանքահումքային արդյուաբերության հետ և այդ ամբողջական ոլորտի տեսակարար կշիռը ՀՆԱ-ի մեջ մոտենում է մինչև 5 տոկոսի և նրա ծավալը կազմում է 200 մլն ԱՄՆ դոլարի արտադրական ծավալ և միջին դրական աճը մենք գնահատում ենք, որ կլինի շուրջ 10 տոկոս:
Անդրադառնալով արտաքին առևտրաշրջանառության արդյունքներին 9 ամիսների կտրվածքով` կարող ենք նշել, որ այն աճել է 16.6 տոկոսով, ընդ որում, մեզ համար չափազանց կարևոր է, որ արտահանումը աճել է 33.5 տոկոսով, իսկ ներկրումը 12 տոկոսով:
Գերակա ուղղությունը մեզ համար դիվերսիֆիկացիան էր այս երեք տարիների ընթացքում և մենք տեսնում ենք, որ համախառն ներքին արդյուքի մեջ փուլ առ փուլ ավելանում է արդյունաբերության տեսակարար կշիռը, այն այսօր արդեն, իսկ 17.8 տոկոս և տեսնում ենք, որ շինարարության տեսակարար կշիռը 25 տոկոսից իջել է և այսօր կազմում է 14.2 տոկոս:
Ծառայությունների ոլորտի տեսակարար կշիռը նույնպես ավելանում է և 2011 թ. երրորդ եռամսյակի գնահատականներով այն կազմում է 43.3 տոկոս:
Հաջորդ խնդիրը արտաքին պարտքի կառավարումն է: Մեր ռազմավարությունը ունի շատ պարզ տրամաբանություն: 2009 թ. ընթացքում, երբ ունեցանք աննախադեպ անկում և առաջին հերթին շինարարության ոլորտում, որը տարվա կտրվածքով բերեց 14 տոկոսանոց համախառն ներքին արդյունքի անկում: Մենք պետք է բոլոր մեր խթանները օգտագործեինք, որպեսզի ապահովեինք մակրոտնտեսկան կայունություն մեր երկրում և թույլ չտայինք, որպեսզի պետական բյուջեի ծախսային մասը կրճատվի` չնայած այն հանգամանքին որ 2009թ 100 մլրդ դրամով նվազեցին մեր հարկային եկամուտները տնտեսական անկման պատճառով մենք ծախսերը չկրճատեցինք, և ավելացրեցինք պետական բյուջեի դեֆիցիտը և այն փաստացիորեն կազմեց 7.4 տոկոս: Հասկանալի է, որ այդպիսի միջոցառումը հնարավորություն տվեց ավելացնել սոցիալական ծախսերը` առաջին հերթին ավելացնել աշխատավարձը և սոցիալական նպաստները, ինչպես նաև պարտքի հաշվին մենք իրականացրեցինք լայնածավալ ենթակառուցվածքային ծրագրեր, մասնավորապես շուրջ 24 մլրդ դրամ ուղղեցինք աղետի գոտու վերականգնողական աշխատանքների վրա, ինչպես նաև աննախադեպ ծավալի ճանապարհային շինարարություն կատարեցինք, ոռոգման համակարգի, խմելու ջրի ոլորտում իրակացրեցինք աշխատանքներ: Պետության նման միջոցառումները թույլ տվեցին մեղմել ճգնաժամի բացասական հետևանքները: Առաջին հերթին սոցիալական ոլորտում, երկորդ հերթին ենթակառուցվածքների մեծածավալ աշխատանքները ստեղծեցին նոր աշխատատեղեր: Արդյունքում մեր արտաքին պարտքը ՀՆԱ-ի մեջ 17 տոկոսից հասավ 40 տոկոսի և հասկանալի է, որ մենք մշակեցինք ելքի ռազմավարություն, որպեսզի այլևս արտաքին պարտքի ծավալները չավելացնենք, որը ենթադրում էր, որ մենք փուլ առ փուլ պետք է նվազեցնենք պետական բյուջեի դեֆիցիտը` վերադառնալով մինչև 3 տոկոսի ցուցանիշը ՀՆԱ-ի մեջ:
2010 -2011 թթ. ռազմավարությունը հենց այդպիսին էր և 2012 թ. համար մենք արդեն նախատեսում ենք վերադառնալ 3 տոկոսանոց պետական բյուջեի դեֆիցիտի շրջանակներին:
Դա նշանակում է, որ 2012թ. բյուջեի նախագծի հիմքում ընկած է այն գաղափարը, որ մենք պետք է ծախսենք այնքան ինչքան, որ ի վիճակի ենք հավաքագրել եկամուտներ: 2012թ. բյուջեի երկրորդ կարևորագույն առանձհատկությունը կայանում է նրանում, որ մենք պետք է առաջնահերթություն համարենք տնտեսկան աճը և ես քիչ անց կներկայացնեմ այն միջոցառումները և բյուջեով նախատեսված և օրենսդրական փոփոխություններով, որոնք էապես փոխելու են բիզնես միջավայրը խթանելով տնտեսկան աճը և այսպես 2012 թ. բյուջեն կայունությունից անցում է դեպի տնտեսական աճ:
Եվ այսպես 2012թ. բյուջեի հիմնական ցուցանիշներն են եկամտային գծով 937 մլրդ դրամ, իսկ ծախսային գծով 1 տրիլիոն 69 մլրդ դրամ: Դեֆիցիտը կազմելու է 132 մլրդ դրամ: 2012 թ. եկամտային մասը գերազանցում է 2011թ ցուցանիշը 62 մլրդ դրամով, իսկ ծախսային մասը` 46 մլրդ դրամով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք կրճատում ենք պետական բյուջեի դեֆիցիտը, դա նշանակում է, որ մեր ծախսերի ավելացումը հիմնականում իրականացնելու ենք հարկային մուտքերը 100 մլրդ դրամով ավելի հավաքագրելու միջոցով: Ընդ որում, շեշտը դնելու ենք վարչարարության բարելավման, հարկային բազան ընդլայնող օրենսդրական փոփոխությունների, տնտեսական աճի խթանման վրա:
Բյուջեի դեֆիցիտն այսօր սահուն նվազում է և 2013-2014 թվականներին այս ռազմավարությունը շարունակելու ենք՝ ներկայիս 4,98-ի դիմաց ծրագրելով, համապատասխանաբար, 3,95 և 3,1 տոկոս դեֆիցիտ:
2012-ի համար ծրագրում ենք ՀՆԱ-ի 4,2 տոկոս աճ՝ այս տարվա 4,6 տոկոսի դիմաց: Ծրագրելով ավելի ցածր տնտեսական աճի ցուցանիշ՝ առաջին հերթին հաշվի ենք առել արտաքին միջավայրում առկա մարտահրավերն ու ռիսկերը, ինչպես նաև միջազգային կառույցների տված գնահատականները: Մասնավորապես, 2011-ի ընթացքում վատթարացել է համաշխարհային տնտեսության վիճակը: Համաշխարհային բանկի և Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները 2011-ի ցուցանիշների վերաբերյալ փոփոխվել են դեպի նվազում: Ընդ որում, այդ նվազումը վերաբերվում է ոչ միայն զարգացած, այլև զարգացող երկրներին: Չնայած նրան, որ զարգացող երկրների տնտեսական աճի ցուցանիշները երկու անգամ ավելի գերազանցելու են զարգացած երկրների, ինչպես նաև համաշխարհային տնտեսության զարգացման միջին ցուցանիշները, միևնույն է՝ 2011-2012 թվականների համար ցուցանիշները վերանայվել են՝ դեպի նվազում:
Մեզ համար էական նշանակություն ունեն Ռուսաստանի Դաշնության տնտեսական կանխատեսումները, որտեղ ևս հիմք է ընդունվել տնտեսական աճի 4 տոկոսանոց ցուցանիշը: Մեր կանխատեսումներն իրականացնելիս հաշվի ենք առել հենց այս ընդհանուր միջավայրը: Միևնույն ժամանակ, տնտեսական աճի ծրագրման ցուցանիշի նվազումներն ավելի իրատեսական են դարձնում մեր բյուջեի ցուցանիշները: Մենք պետք է ռեսուրսներ կուտակենք՝ 2012-ին հնարավոր նոր մարտահրավերներին դիմագրավելու համար: Մեր հիմնական շեշտադրումներն արվում են մեր երկրի տնտեսական աճն ապահովելու համար:
Ելնելով այս ընդհանուր միջավայրից, կանխատեսում ենք, որ 2012-ին արդյունաբերությունն աճելու է 7,5 տոկոսով: Այս կանխատեսման հիմքում ընկած են այն 17 ծրագրերը, որոնք հաստատվել են կառավարության կողմից: Սրանով մենք հարկային արտոնություններ ենք տրամադրել խոշոր ներդրողներին: Այս ծրագրերն ամբողջ ծավալով կիրականացվեն 2012-ին՝ նոր ներդրումների իրականացմամբ և աշխատատեղերի ստեղծմամբ: Ընդ որում, արդյունաբերական ոլորտում զարգացմանն էապես նպաստելու է կառավարության մշակած ռազմավարությունը, որը շուտով կներկայացվի ձեզ: Այն իրենից ներկայացնում է արդյունաբերական քաղաքականություն՝ ուղղված արտահանման ծավալների ավելացմանը: Այսպիսով, Հայաստանի Հանրապետությունում նոր գործիքակազմով խթանելու ենք շուրջ 11 ճյուղերի զարգացումը: Առաջին երեք ճյուղերի՝ կոնյակագործության, դեղագործության և ճշգրիտ սարքաշինության ոլորտներում զարգացման ծրագրերն արդեն իսկ մշակվել են և քննարկվել համապատասխան ոլորտների ներկայացուցիչների հետ: Այս ոլորտներում առկա ռազմավարական ծրագրերը ենթադրում են, որ արտահանման ծավալները կարող ենք կրկնապատկել:
Մեր երկրորդ կարևորագույն թիրախը գյուղատնտեսությունն է: 2012-ին այս ոլորտում ծրագրում ենք 4 տոկոսանոց աճ, ընդ որում, այս աճին էապես նպաստելու են այն միջոցառումները, որոնք իրականացնում ենք նաև բյուջետային միջոցների օգտագործմամբ: Առաջին հերթին, դա սերմնաբուծության զարգացումն է՝ արտադրողականության աճը, անասնապահության զարգացումը, Համաշխարհային բանկի տրամադրած ֆինանսական միջոցներով 55 համայնքներում կառավարման նոր սխեմաների ներդրումը, որը նպաստելու է այդ համայքներում անանսնաբուծության ոլորտում 30 տոկոսանոց աճին: Զարգացմանն ուղղված ծրագրերում է նաև Հայկական միրգ ծրագրի մեկնարկը, որի շրջանակում ևս միջազգային կազմակերպությունների ֆինանսական միջոցներով կատարվելու են ներդրումներ, ինչի արդյունքում ունենալու ենք առաջընթաց նաև այգիների արդյունավետ կառավարման, ինչպես նաև պտուղ-բանջարեղենի արտադրման ու արտահանման գործում:
2012-ին ծառայությունների մատուցման ոլորտում ծրագրում ենք 3,5 տոկոսանոց աճ: Շինարարության ոլորտում, այս հետճգնաժամային փուլում, առաջին անգամ կանխատեսում ենք, որ 2012-ին անկումը կդադարի և մենք կունենանք 2,5 տոկոսանոց աճ: Այս ամենը տեղի է ունենալու 4 տոկոսանոց գնաճի թիրախային ցուցանիշի պարագայում:
Այժմ, հարգելի գործընկերներ, կանդրադառնամ այն միջոցառումներին, որոնք իրականացվելու են բիզնես միջավայրի բարելավման նպատակով: Պատրաստել ենք օրենսդրական փաթեթ, որը քննարկել ենք մեր կոալիցիոն գործընկերների հետ, որի շուրջ նաև խորհրդակցություն է տեղի ունեցել Հանրապետության Նախագահի մոտ, որպեսզի այս փաստաթուղթը հնարավորինս անխոցելի լինի: Այն շուտով կներկայացվի ձեզ: Այս փաստաթղթի հիմնական գաղափարը հետևյալն է՝ մենք 2012-ին փոքր և միջին բիզնեսի համար պետք է ստեղծենք ավելի բարենպաստ պայմաններ, իսկ հարկային բեռն ավելացնենք այն ոլորտներում, որտեղ կան եկամուտներ՝ դրանք պատշաճ կերպով հարկելու համար: Ձեզ ներկայացվող առաջարկությունները հենց այդ նպատակն ունեն: Առաջին անգամ ստացել ենք առաջարկություններ, որպեսզի կիրառենք շքեղության հարկ: Այս ամենը ձեզ հետ միասին պետք է դարձնենք քննարկման առարկա: Հարկային փաթեթով առաջին փոփոխությունը, որը նաև ունի գաղափարախոսական բովանդակություն, պրոգրեսիվ սանդղակի ներդրումն է՝ եկամտահարկի մասով: Առաջարկում ենք՝ երկու միլիոն և ավելի եկամուտ ունեցողների համար հարկային բեռն ավելացնել 5 տոկոսով՝ այն սահմանելով 25 տոկոս:
Հարկային փաթեթով առաջարկվող երկրորդ կարևոր փոփոխությունը վերաբերվում է ալկոհոլային խմիչքներին: Այն ենթադրում է, որ հարկային բեռն ընկնելու է թանկարժեք ալկոհոլային խմիչքների վրա: Նրանց հարկման բազան 50 տոկոսով կավելանա՝ համեմատ մատչելի ալկոհոլային խմիչքների, որոնց համար ներքին շեմը կմնա անփոփոխ՝ 500 դրամ: Դրույքաչափն ավելացնելով 50 տոկոսով, հասկանալի է, որ հարկային բեռն ընկնելու է հենց թանկ ալկոհոլային խմիքների վրա, որոնց տեսակարար կշիռը մեր գնահատականներով ընդհանուր սպառման ծավալում այսօր կազմում է 15 տոկոս, իսկ մնացած տոկոսն այն ալկոհոլային խմիքներն են, որոնք ունեն մեծ սպառում: Վերջիններիս վրա հարկային բեռը չի ավելանալու:
Հաջորդ առաջարկը շքեղության հարկն է: Մենք առաջարկում ենք, որպեսզի թանկարժեք մեքենաների վրա, որոնց շուկայական արժեքը գերազանցում է 90 հազար դոլարը, էապես ավելացվի այսօր կիրառվող դրույքաչափը: Մեր կարծիքով՝ սա նույնպես արդարացված մոտեցում է և հնարավորություն կտա մոտավորապես մեկ մլրդ դրամով ավելի հարկային եկամուտներ հավաքագրել պետական բյուջեի համար:
Մեզ համար քննարկման առարկա է նաև շահումով խաղերի և խաղատների ոլորտում հաստատագրված վճարների ավելացումը՝ 50 տոկոսով: Ակնալում ենք, որ այստեղ կունենանք լրացուցիչ երկու միլիարդ դրամի եկամուտ: Բայց այս հարցն իհարկե ունի նաև որոշակի առանձնահատկություններ, որոնք պետք է քննարկենք պատգամավորների հետ:
Հաջորդն արտոնագրային վճարների դաշտի ընդլայնումն է, որի նպատակն է փոքր և միջին բիզնեսի համար ստեղծել ավելի բարենպաստ պայմաններ: Սա նշանակում է, որ հարկային ստուգումներն այդ բնագավառում 2012 թվականին կբացառվեն այն պարագայում, եթե արտոնագրային վճարումներն իրականացվել են պետության կողմից սահմանված չափերով: Մենք ընդլայնում ենք գործունեության տեսակները, որոնք ընկնելու են արտոնագրային վճարների գործառույթներ: Դա թեթև մարդատար ավտոմեքենաներով ուղևորափոխադրումներն են, վարսավիրանոցների ծառայությունները, ավտոտեխսպասարկման կայանների և ավտոկանգառների գործունեությունը, հանրային սննդի ոլորտը, փոքր հյուրանոցների ոլորտը:
Հաջորդ կարևորագույն փոփոխությունը, որ մենք իրականացնում ենք փոքր և միջին բիզնեսի համար, որը մենք արմատական փոփոխություն ենք անվանում, վերաբերում է ավելացված արժեքի հարկի հաշվեգրմանը: Այսօրվա գործող ռեժիմն այնպիսին է, որ մինչև 100 հազար դրամի պարագայում մենք թույլատրում ենք, որ ձեռներեցներն առանց ստուգումների հաշվանցում կատարեն: Այդ շեմը մենք դարձնում ենք 10 միլիոն դրամ: Հաշվանցումը նրանք կարող են անել առանց նախնական համաձայնություն ստանալու Պետական եկամուտների կոմիտեի կողմից, և սա փոքր և միջին բիզնեսի համար ստեղծում է բարենպաստ պայմաններ:
Հաջորդը հարկային գերավճարների վերադարձման վերաբերյալ ուշացումների պարագայում պետության կողմից վճարվող տույժերը և շահութահարկով մեր կողմից նույնպես տույժերի պարագայում մենք եկամտահարկ չենք գանձելու, ինչը նույնպես եկամուտների ավելացում կնշանակի փոքր բիզնեսի համար:
Հաջորդը` մենք վերացնում ենք հասույթների գրանցման գիրքը, որի մասին բիզնեսը շատ էր խոսում և այստեղ կային դժգոհություններ: Էապես պարզեցնում ենք առաքման, գրքերի վարման կարգը և նաև այն գրառումների ծավալը, որ լինելու է առաքման գրքերում: Միևնույն ժամանակ իրականացնելով այսպիսի թեթևացումներ փոքր բիզնեսի համար` մենք էապես շեշտադրումները տեղափոխում ենք դեպի խոշոր բիզնես, խստացնում ենք պատժամիջոցները խոշոր բիզնեսի համար, ինչպես նաև ներդնում ենք այնպիսի մեխանիզմներ, որոնք հնարավորություն կտան խոշոր բիզնեսում լրացուցիչ եկամուտներ ակնկալելու պարագայում լրացուցիչ բյուջետային մուտքեր ապահովել: Բանկերի համար մենք վերացնում ենք այն մեխանիզմը, որն առկա էր մինչև այսօր, որ բանկերն ինքնուրույնաբար էին վերագնահատում իրենց հիմնական միջոցները, որը հնարավորություն էր տալիս նվազեցնել շահութահարկի բազան: Այս մեխանիզմը մենք վերացնում ենք և ստեղծում ենք հավասար պայմաններ ռեալ հատվածի և բանկային համակարգի միջև:
Մեր հիմնական նպատակը կայանում է նրանում, որպեսզի ապահովենք փաստաթղթաշրջանառությունը և փաստաթղթերի տրամադրումը փոքր բիզնեսին, ինչը հասկանալի է, որ ավելի բարենպաստ բիզնես միջավայր է ստեղծում:
Հաջորդ խնդիրը, հարգելի գործընկերներ, որը նպաստելու է տնտեսական աճին: Ես նշեցի, որ մենք առաջին անգամ ձեր դատին ենք ներկայացնելու արդյունաբերական քաղաքականության մեր ծրագիրը: Միևնույն ժամանակ տնտեսական աճին նպաստելու է Ազգային ժողովի կողմից ընդունված ազատ տնտեսական գոտիների մասին օրենքը, որը մենք պետք է գործարկենք 2012 թվականին, ինչպես նաև ազատ տնտեսական առևտրի մասին համաձայնագիրը, որը մենք ստորագրեցինք Սանկտ Պետերբուրգում, և որը մենք ներկայացնելու ենք Ազգային ժողովվի վավերացմանը: Դա մեր բիզնեսի համար ստեղծում է բարենպաստ պայմաններ ԱՊՀ երկրներում իրենց ապրանքներն առանց խոչընդոտների իրացնելու համար:
Ընդհանուր առմամբ պետք է նշենք, որ արդյունաբերության աճի ապահովման համար պետության օժանդակությունը լինելու է հետևյալ 4 ուղղություններով`
առաջինը` մենեջմենթի որակի բարձրացում, որտեղ պետությունն իրականացնելու է ծախսեր,
երկրորդը` արտահանման ցանցի ստեղծում պետություն-մասնավոր հատված համագործակցության սկզբունքի ներքո,
երրորդը` որակի ստանդարտների ներդրման, որակի ապահովման և որակի վերահսկողության մեխանիզմների ներդրման ֆինանսական օժանդակություն պետության կողմից,
չորրորդը` իննովացիոն գործառույթների ներդրման պարագայում պետական օժանդակություն:
Միևնույն ժամանակ մենք օգտագործելու ենք հետևյալ գործիքները`
առաջինը հարկային արտոնություններն են այն բիզնես ծրագրերին, որոնք 300 միլիոն դրամից ավելի են և ներկայացվում են կառավարության հաստատմանը,
երկրորդը` Հանրապետության Նախագահը հայտարարել է այն մասին, որ մենք պատրաստ ենք խոշոր ներդրումային ծրագրերի վերաբերյալ Ազգային ժողովին ներկայացնել առանձին օրենքի նախագծեր, եթե կլինեն այդպիսի խոշորածավալ 10 միլիոն ԱՄՆ դոլարը գերազանցող ծրագրեր, որոնք ունենում են կառուցվածքային նշանակություն մեր երկրի համար: Հասկանալի է, որ այս միջոցառումները նպատակ ունեն ներգրավելու նոր ներդրումներ:
Միևնույն ժամանակ պետք է նշենք, որ բիզնես միջավայրի բարելավման համար մենք չորս կարևոր միջոցառում ենք իրականացնելու:
Առաջինն էլեկտրոնային կադաստրն է, որն այս տարվա ավարտին մենք Երևան քաղաքում կհանձնենք շահագործման արդեն և 2012 թվականին ամբողջ հանրապետությունը կծածկենք էլեկտրոնային կադաստրի համակարգով: Այն էապես նվազեցնում է կոռուպցիոն ռիսկերը, էապես բարձրացնում է կադաստրի բոլոր գործառույթների արդյունավետությունը և էլեկտրոնային եղանակով: Դա նշանակում է, որ, մի կողմից, ավելի քիչ ժամանակ և ֆինանսական ծախսեր պետք է կատարեն մեր քաղաքացիները, մյուս կողմից` գործառույթը դառնում է թափանցիկ:
Երկրորդն էլեկտրոնային նոտարի ծրագրի ներդրումն է, որ մենք իրականացնելու ենք 2012 թվականի ընթացքում:
Երրորդն էլեկտրոնային վճարումների համակարգի ներդրումն է հարկային դաշտում: Այս պահի դրությամբ էլեկտրոնային վճարումների ծավալը մեզ մոտ կազմում է 10 տոկոս: Մենք պետք է նաև ձեր և մասնավոր բիզնեսի օժանդակությամբ այս գաղափարը տարածենք հանրապետությունում, որպեսզի մի քանի անգամ ավելացնենք էլեկտրոնային վճարումների ծավալը 2012 թվականի ընթացքում, ինչը բիզնեսի համար ստեղծում է բացառիկ հնարավորություններ. նվազեցնում է շփումները հարկային մարմինների հետ, դարձնում է իրենց գործառույթները թափանցիկ, վերահսկելի և շատ հարմարավետ:
Չորրորդն էլեկտրոնային գնումների համակարգի ներդրումն է, որը նույնպես բիզնես միջավայրի վրա դրական ազդեցություն է թողնում:
Ենթակառուցվածքների առումով 2012 թվականի առանձնահատկությունն էներգետիկայի բնագավառն է, որտեղ մենք այնպիսի ծրագրեր ենք իրականացնում, որոնք խթանելու են էլեկտրաէներգիայի արտահանման ծավալների աճը Հայաստանի Հանրապետությունից: Առաջին հերթին դա էլեկտրահաղորդիչ գծերի (ЛЭП) կառուցումն է և՛ հարավում, և՛ հյուսիսում, և այդտեղ մենք բյուջեով նախատեսված ֆինանսավորում ենք իրականացնելու նաև միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ: Շարունակվելու է ոռոգման համակարգի, ջրի ոլորտում ենթակառուցվածքների ֆինանսավորումը, ինչպես նաև ճանապարհաշինարարության մասով Հյուսիս-հարավ ճանապարհի շինարարությունը հենց 2012 թվականին մեծ թափ կստանա, և մենք առաջին անգամ Հայաստանում կսկսենք կառուցել ժամանակակից ավտոճանապարհներ:

Հարգելի գործընկերներ,
Ավարտելով իմ ելույթը` ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ազգային ժողովին, պատգամավորներին այն կառուցողական համագործակցության համար, որ առկա էր այս բյուջեի նախագծի, ինչպես նաև փաթեթի վերաբերյալ, որ մենք քննարկում ենք ձեզ հետ համատեղ: Մենք համոզված ենք, որ այս բոլոր միջոցառումները բարենպաստ միջավայր կստեղծեն, որպեսզի, մի կողմից, մենք պատրաստ լինենք 2012 թվականի նոր մարտահրավերներին, մյուս կողմից` ստեղծենք բավարար պաշարներ տնտեսական աճ ապահովելու և 2012 թվականի բյուջեն կատարելու համար:
Շնորհակալություն:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ