Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 20 հոկտեմբերի 2011

ԱՊՀ անդամ երկրների համաձայնագիրը պատմական նշանակություն ունի





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ վարչապետը ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար նշանակվելու կապակցությամբ շնորհավորել է Վիգեն Սարգսյանին, նրան մաղթել արգասաբեր աշխատանք։
Այնուհետև Տիգրան Սարգսյանն անդրադարձել է ԱՊՀ անդամ երկրների միջև ստորագրված ազատ առևտրի գոտու ստեղծման համաձայնագրին` այն բնութագրելով իբրև պատմական նշանակություն ունեցող փաստաթուղթ։ Վարչապետը խոսել է նաև Համաշխարհային բանկի հրապարակած վերջին տվյալների, անցած 9 ամիսների արդյունքների մասին (Տիգրան Սարգսյանի ներածական խոսքը կայքում տեղադրված է առանձին)։

Գործադիրն ի գիտություն է ընդունել կառավարության 2011 թ. հունվարի 13-ի «ՀՀ կառավարության 2011 թ. գործունեության միջոցառումների ծրագիրը և գերակա խնդիրները հաստատելու մասին» որոշման հանձնարարականների կատարման վերաբերյալ ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավարի զեկուցումը, որի համաձայն 01.01.2011 – 30.09.2011 թթ. ժամանակահատվածում կատարման ենթակա 86 կետից 2011 թ. հոկտեմբերի 6-ի դրությամբ կատարվել է 82-ը կամ 95,3 տոկոսը։


Կառավարությունն օգնություն է ցուցաբերում աղետի զոհերի ընտանիքներին

Տավուշի մարզում տեղի ունեցած արտակարգ իրավիճակի վայրում որոնողափրկարարական աշխատանքների կատարումն ապահովելու նպատակով կառավարությունն իր պահուստային ֆոնդից ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Հայաստանի փրկարար ծառայությանը հատկացրել է 65 մլն 642 հազար 600 դրամ, որից 5 մլն դրամը` իբրև օգնություն աղետի զոհ դարձած հինգ անձանց ընտանիքներին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նաև տեղեկացրել է, որ սոցիալապես անապահով տուժածներին աջակցություն ցուցաբերելու հանձնարարություն է տրվել Տավուշի և Լոռու մարզպետներին։ Վանաձոր-Բագրատաշեն միջպետական մայրուղու փլուզված հատվածի երկարությունը մոտ 300 մետր է, ճանապարհին կուտակված հողազանգվածի միջին բարձրությունը` 10-15 մետր։ Դեպքի վայրում միաժամանակ աշխատել են ՀՀ ԱԻՆ 150 ծառայողներ և 20 միավոր փրկարարական և այլ հատուկ տեխնիկա։
Վարչապետ Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ Թռչկանի ջրվեժի խնդրին է անդրադարձել ՀՀ բնապահպանության նախարարը։ Նախարարության ներկայացուցիչները եղել են տեղում, ուսումնասիրել խնդիրը և առաջարկել բնապահպանական մի շարք սահմանափակումներ։ Քանի որ այցելության պահին ջրվեժը բնականոն գործում էր 400-500 լիտր/վայրկյան արագությամբ, ջրի թողքը սահմանվելու է հենց այդ ցուցանիշը, որը գերազանցելու դեպքում միայն թույլ կտրվի վերցնել ավելացած ջուրը։ Երկրորդ սահմանափակումն այն է, որ փոխադարձ պայմանավորվածություն է ձեռք բերվել կառուցվելիք ՀԷԿ-ը չաշխատեցնել ամռան երեք ամիսներին։ Միայն բնապահպանական սահմանափակումները կատարելու պայմանով կառուցապատողին հնարավորություն կտրվի շարունակել աշխատանքը, ընդ որում, սահմանափակումները կարտացոլվեն արտոնագրի նոր խմբագրությունում։
Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2011 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացում` իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և Հայաստանում հիմնադրված անտառամշակույթները լրացնելու, ինչպես նաև ագրոտեխնիկական խնամք իրականացնելու ծախսերը ֆինանսավորելու նպատակով ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել 34 մլն 897 հազար դրամ։ Ծրագրի նպատակն է 2007-2010 թթ. հիմնադրված 1853 հա անտառամշակույթներից 350 հեկտարի վրա կատարել լրացում, 342 հեկտարի վրա` ագրոտեխնիկական խնամք և խոտհունձ, ինչը կապահովի անտառամշակույթների բարձր կպչողականությունը։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը «Ագրոհոլդինգ» ՍՊԸ-ին թույլատրել է Ռուսաստանի Դաշնությունում գրանցված չորս կազմակերպություններից ձեռք բերել և Հայաստան ներմուծել անասնաբուժության բնագավառում օգտագործվող կենսապատվաստուկների ցանկում չգրանցված կենսապատվաստուկներ, որոնք արդյունավետ են գյուղատնտեսական կենդանիների վարակիչ հիվանդությունների կանխարգելման գործում։
«Հյուսիս-հարավ» տրանսպորտային միջանցքի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածում հաղորդակցուղիների` կապի մալուխների, գազատարի, էլեկտրական օդային գծերի և ջրամատակարարման խողովակների տեղափոխման համար կառավարությունը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացրել է 1 մլրդ 317 միլիոն 595 հազար 400 դրամ։
Փոփոխելով իր նախկին որոշումներից մեկը, գործադիրը դրանով իսկ ապահովել է «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի իրականացման անխափանությունը։
Կառավարության որոշմամբ մինչև 2021 թ. հունվարի 18-ը երկարաձգվել է Երևան քաղաքի Վարդաշենի 9-րդ փողոցի 70 հասցեում գտնվող ուսումնական համալիրը «Հանս Քրիստիան Կոֆոեդ» բարեգործական հիմնադրամին անհատույց օգտագործման տալու ժամկետը։ Հիմնադրամը, որը քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպություն է և հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական և այլ հանրօգուտ նպատակներ, իր գործունեությունն իրականացնում է Դանիայի Կոպենհագեն քաղաքի «Կոֆոեդի դպրոցի» նյութական և բարոյական աջակցությամբ։
 

Արվում է գործարար միջավայրի բարելավման հերթական քայլը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Երկակի նշանակության ապրանքների արտահանման, ՀՀ տարածքով դրանց տարանցիկ փոխադրման, ինչպես նաև երկակի նշանակության տեղեկատվության և մտավոր գործունեության արդյունքների փոխանցման նկատմամբ հսկողության մասին» և «Համապատասխանության գնահատման մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերին, որոնք ընդունելու դեպքում վերանում է հայտատուի կամ դիմումատուի կողմից հայտին կամ դիմումին կից կանոնադրություն, պետական գրանցման վկայական և (կամ) դրանց պատճեններ ներկայացնելու պահանջը, ինչն առավել հեշտացնում է իրավաբանական և ֆիզիկական անձանց համար օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարումը, նպաստում գործարար միջավայրի բարելավմանը։
Նիստում հավանություն է տրվել «Եկամտահարկի մասին» և ևս ՀՀ հինգ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթին, որի ընդունմամբ կկարգավորվեն «Ֆիզիկական անձանց գույքի և եկամուտների հայտարարագրման մասին» ՀՀ օրենքի ուժը կորցրած ճանաչելուց հետո ծագած իրավահարաբերությունները։
Կառավարության հավանությունն է ստացել «Քրեակատարողական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի ընդունմամբ ՀՀ քրեակատարողական ծառայության հաստիքային միավորների համար նախատեսված պաշտոնային դրույքաչափը կհավասարեցվի ՀՀ նվազագույն աշխատավարձի չափին։
Վերը նշված օրենքների նախագծերը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Բարեփոխվում է գնումների համակարգը

ՀՀ կառավարությունը հաստատել է`
- գնումների հնարավոր մասնակիցների նախաորակավորման կարգը,
- ՀՀ ոստիկանության կողմից կազմակերպված հատուկ պաշտպանվածություն պահանջող պետական փաստաթղթերի տպագրության աշխատանքների գնման ընթացակարգի արդյունքը` որպես գնման պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման,
- Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջոցներով ֆինանսավորվող «Առողջապահական համակարգի արդիականացում» երկրորդ վարկային ծրագրի լրացուցիչ ֆինանսավորման վարկային ծրագրով «Արարատի բժշկական կենտրոն» և «Գորիսի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների համար հավելյալ, «Գավառի բժշկական կենտրոն» և «Ալավերդու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ների համար բժշկական և ախտորոշիչ սարքավորումների մատակարարման, տեղադրման և ուսուցման նպատակով անցկացված մրցույթի արդյունքը 1 մլն 190 հազար 204.50 եվրո պայմանագրային արժեքով` մրցույթի հաղթող ճանաչելով «ԱՄԵԴԵՔ» ՍՊԸ-ն,
- ՀՀ պետական կառավարման մարմիններում աշխատանքային ծրագրերի կազմման, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության համակարգ աշխատանքային ծրագրերի մուտքագրման, հաստատման, այդ համակարգով կատարողականների գնահատման և դրանց հիման վրա պարգևատրման կարգը։
Գործադիրը հավանություն է տվել պոլիքլորացված բիֆենիլներ պարունակող թափոնների կառավարման ուղեցույցին, որը կիրառելի է տնտեսական գործունեության արդյունքում առաջացած այդպիսի թափոնների հավաքման, պահման, մշակման, փոխադրման և հեռացման դեպքում։


Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի Հանրապետության կառավարությունների միջև առողջապահության և բժշկագիտության բնագավառներում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Գործադիրը հաստատել է Սյունիքի մարզի Մեղրիի քաղաքային և Արմավիրի մարզի Գայի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները և համայնքային սեփականություն հանդիսացող հողատեսքերի մի մասը փոխադրել այլ կատեգորիա` համապատասխանաբար բժշկական կենտրոնի և արտադրական նշանակության օբյեկտների, առևտրի սրահի և ավտոտեխսպասարկման կայանի կառուցման համար։
Նիստում այլ կատեգորիա է փոխադրվել Արագածոտնի մարզի Օշականի, Լոռու մարզի Շահումյանի, Ղուրսալի և Մարցի, Տավուշի մարզի Կողբի, Արարատի մարզի Այնթապի, Գեղարքունիքի մարզի Այգուտի, Վայոց ձորի մարզի Գետափի և Եղեգիսի գյուղական համայնքների հողերի մի մասը` սննդի կետի, հանդիսությունների սրահի կառուցման, հասարակական կառուցապատման, փոքր հիդրոէլեկտրակայանի, հանդիսությունների սրահի, հյուրանոցային և ռեստորանային համալիրի կառուցման, փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության, ավտոտեխսպասարկման կայանի կառուցման, փոքր հիդրոէլեկտրակայանի, կարգավորիչ ավազանի և օժանդակ կառույցների շինարարության համար։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ