Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 22 սեպտեմբերի 2011

Հայաստանը մտել է տնտեսական ակտիվության փուլ





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ կառավարության ղեկավարը մեկ անգամ ևս շնորհավորանքի խոսք է ասել անկախության հիասքանչ տոնի առթիվ, այնուհետև անդրադարձել Հայաստանի վարկանիշը գնահատող միջազգային կազմակերպությունների վերջին գնահատականներին, որոնք հիմք են տալիս ասելու, որ մեր երկիրը թևակոխել է տնտեսական ակտիվության փուլ (վարչապետի ներածական խոսքը կայքում տեղադրված է առանձին)։


Շահառուներն ստանում են ցորենի սերմացուի հերթական խմբաքանակը

ՀՀ կառավարությունը ՀՀ գյուղատնտեսության նախարարին պարտավորեցրել է Ռուսաստանի Դաշնությունից ներկրված 1100 տոննա ցորենի էլիտային վերարտադրության սերմացուն «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ըստ ՀՀ մարզերի բաշխել յոթ և ավելի հեկտար հողատարածք ունեցող շահառուներին, կազմակերպել 400 տոննա առաջին վերարտադրության սերմացուի գնումը` այն տրամադրելով ՀՀ մարզերին և համապատասխան պայմանագրեր կնքելով մարզպետների հետ։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Բարձրորակ ցորենի սերմացուն ամբողջությամբ Հայաստանում է, և գյուղնախարարությունն արդեն սկսել է սերմացուի բաշխումն ըստ մարզերի։ Բացի այդ, առաջին վերարտադրությունից ստացված ցորենից մենք արդեն գյուղացիական տնտեսություններից հավաքել ենք շուրջ 2900 տոննա։ Սա նշանակում է, որ 2012 թ. կունենանք գյուղատնտեսական արտադրողականության աճ. մի կողմից այսօրվա որոշման համաձայն կավելանան մշակվող հողերի ծավալները, իսկ մյուս կողմից` արտադրողականությունը, քանի որ առաջին անգամ ՀՀ-ում բարձրորակ սերմեր ենք տրամադրում գյուղացիական տնտեսություններին։ Սա լուրջ հեղափոխական փոփոխություն է մեր գյուղատնտեսության մեջ»։
Գործադիրն իր «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին անհատույց օգտագործման իրավունքով հողամաս տրամադրելու ավելի վաղ ընդունած որոշման մեջ կատարել է փոփոխություն` 0.30 հեկտարով ավելացնելով նշված հողամասի տարածքը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ այս որոշումով մի նոր ծրագիր է սկիզբ առնում. «Օդանավակայանում ազատ տնտեսական գոտի կառուցելու համար անհրաժեշտ է երկու բնակելի շենք այնտեղից դուրս բերել։ Մենք կոնցեսիոներին տրամադրում ենք նոր տարածք, նա այնտեղ կառուցելու է բնակարաններ, որտեղ կտեղափոխվեն բնակիչները, իսկ ազատված երկու շենքերի տարածքում ձևավորվելու է ազատ տնտեսական գոտի։ Այս որոշման նպատակը դա է»։
Լրացվել և փոփոխվել է կառավարության ավելի վաղ ընդունած ևս մեկ որոշում, որով վիճակախաղերի կազմակերպիչների կողմից ՀՀ կառավարության լիազորված մարմին ներկայացվող տեղեկությունների (հաշվետվությունների) ձևերից հանվել են «Կ.Տ.» բառերը, այսինքն՝ դրանց կնքված լինելը կազմակերպչի կնիքով այլևս պարտադիր պահանջ չի համարվում։ Որոշման ընդունմամբ կբարելավվի գործարար միջավայրը, կհեշտանա իրավաբանական և ֆիզիկական անձանց համար օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների կատարումը։ Սակայն կնիքների օգտագործման իներցիան, ՀՀ վարչապետի ասելով, մեզանում բավական մեծ է։ «Չնայած այն հանգամանքին, որ մենք բոլոր օրենքներից և նորմատիվային ակտերից այդ պահանջը հանել ենք, տնտեսվարող սուբյեկտներն այդ կնիքները կամավոր շարունակում են օգտագործել։ Այստեղ անհրաժեշտ է նաև Կենտրոնական բանկի օժանդակությունը, որովհետև առևտրային բանկերը նույնպես այդ պրակտիկան շարունակում են», - նշել է Տիգրան Սարգսյանը։


Ներդրումային ծրագիր է իրականացվում նաև Նուբարաշենում

ՀՀ կառավարությունը որոշել է իր ավելի վաղ ընդունած որոշումը, որը վերաբերում էր Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկայի կողմից 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ գումարի վճարման ժամկետը մինչև երեք տարի հետաձգելուն, շարադրել նոր խմբագրությամբ՝ հստակեցնելով ներմուծվող ապրանքների ցանկը։ Ներդրումային ծրագրով ԲԲԸ-ն ձեռնամուխ է եղել դեռևս ԽՍՀՄ տարիներին գործող նախկին ֆաբրիկայի տարածքում վերականգնել ընտանի թռչնամսի արտադրությունը և վերամշակումը։ Ենթադրվում է, որ ընկերությունում կստեղծվի առնվազն 90 աշխատատեղ։
Գործադիրը փոփոխություններ է կատարել իր նախկին որոշումներից մեկում, որի համաձայն «Թամարա ֆրութ» ՓԲԸ-ն օրգանական այգիների ստեղծման ծրագրով տնկիների ներմուծման և տնկարանի ստեղծման համար հատկացված միջոցներով ձեռք է բերել նախատեսվածից շուրջ 74 հազարով ավելի տնկանյութ, ինչի շնորհիվ խնայվել է շուրջ 56 մլն դրամ։ Ընդունված որոշմամբ ապահովվում է նշված խնայված միջոցների վերադարձը ՀՀ պետբյուջե։
Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2011 թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր նախկին որոշումներից երկուսում և «Ջրամատակարարման և ջրահեռացման համակարգի հիմնանորոգում» ծրագրով տնտեսված 155 մլն դրամն ուղղել այլ օբյեկտներ։
Լրացում կատարելով նախկինում ընդունած իր մեկ այլ որոշման մեջ` գործադիրը սահմանել է, որ իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանի տեղեկությունների տրամադրման տեղեկանքների ձևերը հաստատում է ՀՀ արդարադատության նախարարը։


Ավարտին կհասցվի յոթ կրթօջախի հիմնանորոգումը

ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2011 թ. պետբյուջեում, փոփոխություններ՝ իր նախկին որոշումներից մեկում, ինչը հնարավորություն կընձեռի շարունակել հինգ ավագ դպրոցի (այդ թվում՝ Կապանի N 2 ավագ նոր դպրոցի կառուցման) և «Փոքր Մհեր» կրթահամալիրի Նուբարաշենի մասնաճյուղի շենքերի հիմնանորոգումը և նորոգել Արթիկի N 2 ավագ դպրոցի սանհանգույցը։ Ակնկալվում է, որ աշխատանքը կշարունակվի նույն թափով, կստեղծվեն ուսումնական գործընթացը բնականոն կազմակերպելու անհրաժեշտ պայմաններ։
Կառավարությունն իր որոշմամբ և ՀՀ մշակույթի նախարարության գրության համաձայն նախարարության հաշվեկշռից հանել է երկու ավտոմեքենա և ամրացրել «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» և «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ներին, որոնք իրենց հիմնական գործառույթներից բացի իրականացնում են մշակութային միջոցառումներ, մարզերում մշակույթի զարգացմանն ուղղված ծրագրեր, երբ մշտապես առաջանում է տրանսպորտային միջոցների անհրաժեշտություն։


Կանոնակարգվում է օտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունումը

ՀՀ կառավարությունը հաստատել է
- օտարերկրյա պետության տարածքում առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման համաձայնագրերով օտարերկրյա պետություններից ստացվող դիմումները ՀՀ պետական մարմինների կողմից քննարկելու կարգը և լիազոր մարմին ճանաչել ՀՀ ՏԿՆ միգրացիոն ծառայությունը,
- օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային ծրագրերի միջոցների հաշվին իրականացվող գնումների ընթացքում ներկայացված հայտերի և/կամ գնային առաջարկների գնահատող հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը՝ սահմանելով, որ նշված ծրագրերը ենթարկվում են արտաքին աուդիտի,
- ՀՀ արտաքին գործերի նախարարությունից պետական այլ մարմիններ դիվանագետի, ինչպես նաև պետական այլ մարմիններից ՀՀ արտաքին գործերի նախարարություն ծառայողների գործուղման կարգերը,
- ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը բնակչության պետական ռեգիստրի համակարգից տվյալներ տրամադրելու կարգը,
- տեխնիկական անվտանգության փորձաքննության իրականացման կարգը և ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարին պարտավորեցրել հաստատել փորձաքննության եզրակացությունների ձևերը, սահմանել է քաղաքացիական պաշտպանության փրկարար ուժերի ստեղծման, պատրաստման և մշտական պատրաստվածության ապահովման կարգը։
Կառավարությունն իր նիստում հավանություն է տվել ԱՊՀ տարածաշրջանի հայ համայնքների կրթամշակութային խնդիրների լուծմանն օժանդակելու ծրագրին, որի նպատակն է Հայրենիք-սփյուռք հուսալի և արդյունավետ կապերի ամրապնդումը, հայոց լեզվի իմացության և կիրառման, կրթական, մշակութային և հայագիտական օջախների գործունեության խրախուսումը։
 

Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը հաստատել է Արագածոտնի մարզի Գեղարոտի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման, փոխել Վայոց ձորի մարզի Գողթանիկի, Սյունիքի մարզի Նոր Աստղաբերդի գյուղական համայնքների հողերի մի մասի նպատակային նշանակությունը, Լոռու մարզի Շահումյանի, Կոտայքի մարզի Ջրվեժի և Գետամեջի գյուղական համայնքների հողերի մի մասի կատեգորիան՝ համապատասխանաբար բնակելի կառուցապատման, փոքր հիդրոէլեկտրակայանի, կարգավորիչ ավազանի և օժանդակ կառույցների շինարարության, նոր գերեզմանատան, խառը կառուցապատման, փոքր հիդրոէլեկտրակայանի ջրհավաք ավազանի կառուցման համար։
Գործադիրը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը` 2012 թ. աշնանային զորակոչը, ազատել է Երևանի բնակիչ Արծրուն Մակարյանին, որն ընդունվել է Լիոնի համալսարան։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ