հինգշաբթի, 27 նոյեմբերի 2003
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Հանրապետության կենսաթոշակառուների սոցիալական վիճակի բարելավման նպատակով, գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2003թ. հունիսի 13-ի «Բազային և հիմնական կենսաթոշակների չափերն ու ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը սահմանելու մասին» որոշման մեջ, որով ապահովագրական ստաժի մեկ տարվա արժեքը 120-ի փոխարեն սահմանվել է 140 դրամ: Որոշումը տարածվելու է 2004թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
Կառավարությունը հաստատել է երեխաների խնամքի հարցերով զբաղվող հաստատությունների բարեփոխման պետական ռազմավարական ծրագիրը: Ծրագրի նպատակը՝ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների խնամքի և դաստիարակության իրականացման ապահովումն է ընտանեկան կամ ընտանեկանին մոտեցված միջավայրում, ստեղծելով նրանց լիարժեք կյանքի կայուն երաշխիքներ: Ծրագրի հիմնական խնդիրների թվում են մանկատներում երեխաների թվի ավելացման կանխարգելումը, մանկատներում գտնվող երեխաների կյանքի որակի բարելավումը, նրանց ինտեգրումը հասարակության մեջ, մանկատների շրջանավարտների սոցիալական պաշտպանությունը և այլն: Որոշմամբ հաստատվել է նաև պետական ռազմավարական ծրագրի միջոցառումների կատարման ժամանակացույցը:
ՀՀ քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, գործադիրը որոշել է «Ընդերքաբան» պետական ՓԲԸ-ի գույքի կազմից օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել ընկերությանը սեփականության իրավունքով պատկանող Կոտայքի մարզի Նոր Գեղիի գյուղական համայնքում գտնվող 5118,7 քմ մակերեսով շենքը, շինությունները և դրանք նվիրաբերել նշված համայնքին՝ շենքերը վերակառուցելու և գյուղում բնակվող փախստական ընտանիքներին անհատույց սեփականության իրավունքով հատկացնելու նպատակով:
Նիստում գործադիրը լրացումներ է կատարել «Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկ ստեղծելու մասին» ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 2-ի N 726 որոշման մեջ: Ըստ այդմ, ազգային փոքրամասնությունների և կրոնական համայնքների ու կազմակերպությունների հետ կապված խնդիրների կարգավորման նպատակով, որոշվել է ՀՀ կառավարության աշխատակազմում ստեղծել Ազգային փոքրամասնությունների և կրոնի հարցերի վարչություն:
Ղեկավարվելով «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքի պահանջներով, կառավարությունը որոշել է ստեղծել Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների և հոգեմետ նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողով՝ ՀՀ ոստիկանության պետի ղեկավարությամբ: Այդ կապակցությամբ, նաև նկատի առնելով, որ 2002թ. դեկտեմբերի 26-ին ընդունված «Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի մասին» ՀՀ օրենքով միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու իրավասությունը վերապահվել է ՀՀ կառավարությանը, մեկ այլ որոշմամբ, հավանություն է տրվել «ՀՀ նախագահի 1993թ. դեկտեմբերի 21-ի «Թմրաբիզնեսի և թմրամոլության դեմ պայքարն ուժեղացմելու միջոցառումների մասին» հրամանագիրն ուժը կորցրած ճանաչելու վերաբերյալ ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին:
Գործադիրը փոփոխություն է կատարել ՀՀ կառավարության 2002թ. մայիսի 11-ի «Որևէ հարկային պարտավորությունից ավելի վճարված գումարների (գերավճարների) հաշվանցման և վերադարձի դեպքերում և հսկիչ գնումների իրականացման դեպքում հարկային մարմնի կողմից ուսումնասիրությունների իրականացման կարգերը հաստատելու մասին» N 502 որոշման մեջ: Փոփոխմամբ սահմանվել է, որ հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ապրանքների տնօրինման կարգը հաստատում է ՀՀ կառավարությունը: Որոշման ընդունումը պայմանավորված է գործարքների չփաստաթղթավորված մասի նկատմամբ հսկիչ գնմամբ ամրագրված գների կիրառմամբ՝ որպես հարկային հսկողության տարր: Ելնելով «ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի իրավական կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներից, կառավարությունը թույլատրել է ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարին՝ ՀՀ 2003թ. պետական բյուջեով նախատեսված ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից Երևանի քաղաքապետարանին դոտացիայի ձևով տրամադրել Երևան քաղաքում ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի նկատմամբ սեփականության իրավունքի ճանաչման դիմաց նշված օրենքի համաձայն 2003թ.-ին պետական բյուջե փաստացի գանձված գումարները՝ համաքաղաքային նշանակության ծախսերի ֆինանսավորման նպատակով:
Նկատի ունենալով, որ Նորք-Մարաշ համայնքում չկա մարզամշակութային որևէ օջախ և երեխաները զրկված են արտադպրոցական խմբակներ հաճախելուց, ինչպես նաև հիմք ընդունելով Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տ. Նավասարդ Եպիսկոպոս Կճոյանի խնդրանքը, կառավարությունը թույլատրել է Երևանի քաղաապետին նշված համայնքում գտնվող «Գ. Սունդուկյանի անվան հ. 26 դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպության՝ դպրոցների միաձուլման արդյունքում ազատված շենքը անհատույց սեփականության իրավունքով հանձնել Հայաստանյայց Առաքելական եկեղեցուն՝ իբրև Հայորդաց տուն կրթամշակութային կենտրոն օգտագործելու նպատակով:
Գործադիրը հաստատել է 2003թ. մարտի 19-ին Երևանում ստորագրված «Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության և Թաիլանդի Թագավորության գյուղատնտեսության և կոոպերատիվների նախարարության միջև գյուղատնտեսության բնագավառում համագործակցության մասին» միջգերատեսչական համաձայնագիրը:
Կառավարությունը որոշել է ՀՀ առողջապահության նախարարության ենթակայության «Հանրապետական գիտաբժշկական գրադարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կառավարման լիազորությունները վերապահել ՀՀ գիտությունների ազգային ակադեմիային:
«Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» և «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» ՀՀ օրենքներին համապատասխան, կառավարությունը որոշել է ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի մասնաճյուղ «Շիրակի հոգևոր և նյութական մշակույթի հետազոտական կենտրոնը», առանձնացման ձևով, վերակազմակերպել «ՀՀ ԳԱԱ Շիրակի հայագիտական հետազոտությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության:
Գործադիրը հավանություն է տվել «Շարժական գույքի գրավի և լիզինգի իրավունքների գրանցման մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանված կարգով կներկայացվի ԱԺ: