Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 4 օգոստոսի 2011

Սերմնաբուծության ոլորտում արմատական փոփոխություն է կատարվում





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Տեղեկանալով, որ նախորդ նիստի ժամանակ տրված այն հանձնարարությունը, որ նախարարներն ու գերատեսչությունների ղեկավարներն սկսեն 2012 թ. բյուջեի կազմումը և հայտերը ներկայացնեն ՀՀ ֆինանսների նախարարություն, հիմնականում կատարված է, Տիգրան Սարգսյանը նախարարությանը հանձնարարել է այս շաբաթվա ընթացքում կազմել վարչապետի մոտ կայանալիք քննարկումների ժամանակացույցը և ձեռնամուխ լինել այդ աշխատանքին այն հաշվով, որպեսզի եկող տարվա բյուջեն կառավարությունում հաստատվի օգոստոս ամսին։


Ծրագիրն ունի սոցիալական լուրջ բովանդակություն

ՀՀ կառավարությունն իր երկու որոշումներով վերաբաշխում է կատարել 2011 թ. պետբյուջեում, փոփոխություն և լրացում` նախկին որոշումներից երկուսում, ինչը միտված է սերմացուի բաշխման արդյունավետ մեխանիզմների ստեղծման միջոցով ՀՀ 2010-2014 թթ. ցորենի սերմնաբուծության և սերմնարտադրության զարգացման ծրագրի իրականացման արդյունավետության մեծացմանը։ «Այս որոշումների ընդունմամբ մենք սերմնաբուծության զարգացման նպատակով աննախադեպ միջոցառում ենք իրականացնում, - ասել է վարչապետ Տիգրան Սարգսյանը։ - Մեր թիրախային ցուցանիշն է` տարեկան հասնել մինչև 27-30 հազար տոննա էլիտար, առաջին վերարտադրության սերմի արտադրության, և դրա համար պետությունն աննախադեպ մեծ գումարներ է հատկացնում։ Այս տարի ևս Ռուսաստանի Դաշնությունից ներմուծելու ենք բարձրորակ էլիտար սերմ։ Բացի այդ, մեր 15 սերմնաբուծական ընկերություններից մենք այս տարի պատրաստ ենք շուրջ 800 տոննա սերմ ձեռք բերել։ Հասկանալի է, որ պետության այսպիսի մեծածավալ ներարկումներն էապես փոխելու են սերմնաբուծության վիճակը Հայաստանի Հանրապետությունում։ Բացի այդ, ծրագիրն ունի նաև սոցիալական բովանդակություն, քանի որ մենք արդեն առաջին վերարտադրության սերմերը մարզպետների միջոցով տրամադրում ենք մինչև 3 հեկտար հողատարածություն ունեցող տնտեսություններին և դրանով իսկ բարձրացնում սերմերի որակը։ Եթե մենք 15 հազար տնտեսության մատակարարել ենք գարու բարձրորակ սերմացու, ապա այս աշնանացանի ժամանակ նույն եղանակով սերմեր կմատակարարենք նաև փոքր տնտեսություններին, և այդ ծավալները կլինեն շուրջ 2 անգամ ավելի շատ։
Երեկ խորհրդակցության ժամանակ մարզպետների հետ պայմանավորվեցինք նաև, թե ինչպիսին է լինելու այս բարձրորակ սերմացուի մատակարարման վերադարձը։ Այս փուլում մենք սերմացուն փոքր ֆերմերներին տրամադրելու ենք անվճար` ակնկալիքով, որ նրանք բերքից մեզ կհատուցեն այդ սերմացուն։ Ըստ պայմանավորվածության գինը կլինի 80 դրամ 1 կգ-ի համար, և հարաբերակցությունը կլինի նույնը, ինչ որ արել ենք անցյալ տարի։ Հիշում եք` մեր հայեցակարգն այն էր, որ մենք տրամադրում ենք բարձրորակ սերմացու, և եթե այն Հայաստան տեղափոխելով մեզ վրա նստում էր շուրջ 1 դոլար, մեր գյուղացիներին տրամադրում էինք էապես ավելի էժան գներով և ըստ էության սուբսիդավորում էինք ոլորտը, բայց դա նպատակային սուբսիդավորում էր, որն ակնհայտորեն հանգեցնելու էր արտադրողականության աճին։ Այս անգամ էլ մեզ վերադարձնելու են մոտավորապես 160 դրամ, և սա այն պարագայում, երբ, իհարկե, սերմացուն մեզ վրա նստելու է 2,5-3 անգամ ավելի թանկ։ Բայց մեր նպատակն է ընդհանուր առմամբ սերմնաբուծության ոլորտում հեղափոխական փոփոխություն կատարել, բարձրացնել սերմերի որակը, ինչը վերջին 20 տարիներին չէր կատարվում, և որի արդյունքում հենց 1 ցենտներ սերմից ստացվող քանակը մեզ չէր բավարարում, առնվազն 2-3 անգամ ավելի ցածր էր, քան միջազգային ընդունված ցուցանիշները։ Բնականաբար, պատճառներից մեկը նաև սերմացուի վատ որակն էր։ Այս տարի արդեն շոշափելի կլինեն արդյունքները, քանի որ տրամադրվող սերմացուի ծավալն արդեն հասանելի է դառնում հազարավոր ֆերմերների։ Մենք պետական բյուջեից գումար ենք հատկացնում և՛ էլիտար սերմացու ներմուծելու, և՛ նաև Հայաստանի սերմնարտադրողներից, իսկ դրանք 15 լիցենզավորված կազմակերպություններ են, բարձրորակ սերմացու ձեռք բերելու համար»։

Իր նիստում կառավարությունը լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, որը վերաբերում էր առանց ԱԱՀ-ի հաշվարկման ու գանձման Հայաստանի Հանրապետություն կարտոֆիլի, սպելտայի և գարու սերմացուների ներմուծման կարգին` ներառելով փափուկ ցորեն և մեսլին սերմացու, եգիպտացորենի սերմացու, յուղատու բույսերի սերմեր և պտուղներ։ Որոշման ընդունումը կնպաստի սերմնաբուծության զարգացմանը և բուսաբուծության արդյունավետության բարձրացմանը։


Խրախուսվում է ժամանակակից սարքավորումների ներմուծումը

ՀՀ կառավարությունը հաստատել է «Ժամանակավոր ներմուծում» և «Ժամանակավոր արտահանում» մաքսային ռեժիմներով ներմուծված (արտահանված) ապրանքների նկատմամբ կիրառված համապատասխան մաքսային ռեժիմի ժամկետների երկարաձգման նպատակով կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության և ժամկետների երկարաձգման, 300 մլն դրամը գերազանցող ապրանքների ներմուծման դեպքում մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ գումարների վճարման ժամկետի հետաձգման նպատակով կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ընտրության կարգերը, փոփոխել իր նախկին որոշումներից մեկը, ևս մեկն ուժը կորցրած ճանաչել։ Ըստ փաստաթղթի` ներմուծված կամ արտահանված ապրանքների նկատմամբ համապատասխան ռեժիմի երկարաձգման թույլտվությունը տարածվում է նաև ՀՀ կառավարության հավանությանն արժանացած ներդրումային ծրագրի վրա։ Բացի այդ, կստեղծվեն ժամանակակից սարքավորումների ներմուծումը խրախուսելու գործուն մեխանիզմներ։ Հաջորդ որոշմամբ հաստատվել է գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտների թողարկած ապրանքների սերտիֆիկացման նպատակով պետության կողմից 50 տոկոս փոխհատուցման կարգը, այդ նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը ս.թ. երրորդ եռամսյակում հատկացվել 10 մլն դրամ։ Այսպիսով, պետական աջակցություն է ցուցաբերվում հանրապետության գերփոքր ձեռնարկատիրության սուբյեկտներին` վերջիններիս արտաքին շուկաները հասանելի դարձնելու համար։ Որոշման նպատակը, ըստ վարչապետ Տիգրան Սարգսյանի ձևակերպման, այն է, որ փոքր և միջին ձեռնարկությունները եվրոպական շուկաներում իրենց արտադրանքն իրացնելու խթան ստանան` իմանալով, որ այդ ծախսի 50 տոկոսը հատուցելու է պետությունը։ «Փորձնական նախագիծ է, և հույս ունենք, որ շատերը կօգտվեն այս հնարավորությունից», - հավելել է վարչապետը։ Փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, որը վերաբերում է վաճառքի համար նախատեսված կոշկեղենի բաղկացուցիչ մասերի նյութերի մակնշմանը, գործադիրն այն լիովին համապատասխանեցրել է Եվրոպական խորհրդարանի և Եվրախորհրդի դիրեկտիվին և հանձնարարականին, ինչը կնպաստի Հայաստանի տնտեսավարող սուբյեկտների արտադրած և արտահանվող կոշկեղենի հանդեպ վստահության և մրցունակության բարձրացման ապահովմանը։
ՀՀ կառավարությունն իր ընդունած երկու որոշումներից առաջինով նպատակահարմար է համարել երկրում ներդնել էնեգետիկ փորձաքննության ինստիտուտ, երկրորդով ուժը կորցրած է ճանաչել փոքր հիդրոէլեկտրակայանների զարգացման սխեմային հավանություն տալու իր ավելի վաղ ընդունած որոշման հավելվածի «Սևանա լճի ավազան» բաժինը` դրանով իսկ բացառելով փոքր ՀԷԿ-երի կառուցումը Սևանի ավազանում, ինչի շնորհիվ կբարելավվի լիճ թափվող գետերի էկոլոգիական վիճակը և նոր խթան կստանա ձկնաշխարհի վերականգնումը։


Կսկսեն գործել կենսաթոշակային ֆոնդերը

ՀՀ կառավարությունը պարտադիր կենսաթոշակային ֆոնդի փայի սկզբնական անվանական արժեքը սահմանել է 1000 դրամ։ Անվանական արժեքի սահմանումն անհրաժեշտ է Հայաստանի պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրավարման համակարգի մշակման համար։ Ենթաօրենսդրական դաշտի ձևավորման ավարտից հետո կենսաթոշակային ֆոնդերը կծավալեն իրենց գործունեությունը։
Կառավարությունը հաստատել է ԱԱՀ վճարողների հաշվառման կարգը, ըստ որի հաշվառումն իրականացվում է հարկային մարմնում, ԱԱՀ վճարողների հաշվառման համարների հիման վրա։ Հաջորդ որոշմամբ, որով փոփոխվում է նախկին որոշումներից մեկը, ակնկալվում է բարելավել գործարար միջավայրը, կրճատել հարկային մարմին դիմելու, լրացուցիչ փաստաթղթեր ներկայացնելու դեպքերը։ Մյուս որոշումը ՀՀ տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչն օգտագործելու մասին է, ինչի կիրառման վերաբերյալ տնտեսավարող սուբյեկտները կիրազեկվեն պաշտոնական ինտերնետային կայքերի, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցների հրապարակումներով։
Գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության` Երևան քաղաքի Վ.Սարգսյան 7 հասցեում գտնվող շենքի 86,5 քառ. մետր տարածքն ուղղակի վաճառքի ձևով 65 մլն դրամով օտարել վարձակալ «Բարձր արվեստ» կերպարվեստի կենտրոն» ՍՊԸ-ին, ընդ որում վաճառքի գնի կեսը գնորդը վճարելու է մինչև ս.թ. հոկտեմբերի 1-ը, մնացած 50 տոկոսը` մինչև 2012 թ. դեկտեմբերի 31-ը։ Մեկ այլ որոշմամբ «Շիրակ-ջրմուղկոյուղի» ՓԲԸ գույքի կազմից առանձնացվել է 241 մլն 953 հազար դրամ հաշվեկշռային արժեքով Ախուրյանի անավարտ կոլեկտորը և որպես պետական սեփականություն ամրացվել ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը` մրցութային եղանակով օտարելու համար։
Կառավարությունը ՍՊԸ կանոնադրական կապիտալում բաժնեմասերի նկատմամբ սեփականության և գրավի իրավունքների գրանցման կարգը հաստատելու նախկին որոշման մեջ կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնցով նախատեսվում է նշված գործընթացի էլեկտրոնային ընթացակարգի ներդրում և «մեկ պատուհանի կանգառ» համակարգի արդյունավետ իրագործում։


Ուսումնական գործընթացը չի խափանվի

Կառավարությունը հաստատել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կազմակերպած աշակերտական գույքի արտադրության աշխատանքի գնման ընթացակարգի արդյունքը` որպես նախարարության և «Բելլիս» ՍՊԸ միջև կնքված պայմանագիրն ուժի մեջ մտնելու պայման։ Առաջիկա ուսումնական տարվանից ՀՀ պետական դպրոցների տարրական դասարաններում նախատեսվում է սկսել նոր` «Շախմատ» առարկայի դասավանդումը, ուստի անհրաժեշտ է այդ դպրոցներն ապահովել համապատասխան գույքով։ Պայմանագրի գինը 385 մլն 945 հազար 560 դրամ է։
Կառավարությունը հաստատել է «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի կանոնադրությունը, որը համապատասխանեցվել է վերջին տարիների ընթացքում բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության ոլորտը կանոնակարգող օրենսդրության մեջ կատարված բոլոր փոփոխություններին ու լրացումներին։
Գործադիրը վերաբաշխում է կատարել 2011 թ. պետբյուջեում, փոփոխություններ` իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և Կապանի N9 ավագ դպրոցը նորոգելու նպատակով ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել 50 մլն դրամ։ 1963 թ. կառուցված դպրոցի շենքը երբևէ չի հիմնանորոգվել, վնասվել է նաև ռմբակոծությունից։
ՀՀ անկախության հռչակման 20-րդ տարեդարձի կապակցությամբ քաղաքաշինության, ֆիզիկական կուլտուրայի և սպորտի ոլորտներին նվիրված կինոֆիլմեր նկարահանելու նպատակով գործադիրը ՀՀ քաղաքաշինության նախարարությանը հատկացրել է 2 մլն 450 հազար, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը` 4 մլն 500 հազար դրամ։
2011 թ. մարդահամարի նախապատրաստման աշխատանքների կազմակերպման համար ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվել է 785 մլն 484 հազար դրամ։
 

Սերտանում է միջազգային համագործակցությունը

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Լեհաստանի Հանրապետության կառավարությունների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Հորդանանի Հաշիմյան Թագավորության կառավարությունների միջև երկու՝ գյուղատնտեսության և կրթության և գիտության բնագավառներում համագործակցության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Կառավարության համաձայնությունն է ստացել Հայաստանի Հանրապետության և Քատարի Պետության կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցության փոխըմբռնման հուշագրի կնքման առաջարկությունը։


Այլ հարցեր

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Բռնադատվածների մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու օրենքի նախագծին։ Դեռևս 2000 թվականից արտոնյալ պայմաններով երկարաժամկետ վարկեր են տրամադրվում բռնադատվածներին և նրանց առաջին հերթի ժառանգներին՝ բնակարանային պայմանների բարելավման նպատակով։ Սոցիալական վիճակը վարկառուներին հնարավորություն չի տալիս սահմանված ժամկետում մարել ստացած վարկը։ Օրենքի նախագծի ընդուման դեպքում վարկերը համապատասխան գրավի դիմաց կտրամադրեն առևտրային բանկերը, ինչը կնվազեցնի վարկի մարման ռիսկը, իսկ տոկոսագումարները բանկերին կփոխհատուցվեն ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին։ «Պետության խնդիրն է օժանդակել բռնադատվածներին, և այդ օժանդակությունն այն է, որ վարկերը լինեն անտոկոս, - ասել է ՀՀ վարչապետը։ - Պետությունը շուկայական տոկոսն ամբողջությամբ պատրաստ է հատուցել, որն էապես հասանելի է դարձնում վարկերը, որովհետև առևտրային բանկերի համար ավելի հեշտ է կառավարել վարկային ռիսկերը, քան ֆինանսների նախարարության կամ այլ նախարարություների համար։ Մենք վարկային ռիսկեր չենք կարող կառավարել, իսկ օրենքն ասում է, որ վարկը մենք ենք տրամադրելու։ Որպեսզի այդպիսի ռիսկերը կտրուկ նվազեցնենք, մենք ասում ենք, որ այսուհետև վարկային տոկոսադրույքները կլինեն զրոյական։ Պետությունն ամբողջությամբ կտա այդ տոկոսները, ինչքան էլ որ դրանք համապատասխանեն շուկայական տոկոսադրույքներին»։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով։
Գործադիրն ի գիտություն է ընդունել 2011 թ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի ուղղությամբ կատարված աշխատանքի հաշվետվությունը։
Կառավարության որոշմամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի Մեծ Պալատի կողմից «Բայաթյանն ընդդեմ Հայաստանի» գանգատով 2011 թ. հուլիսի 7-ին կայացված վճռի պահանջները կատարելու նպատակով ՀՀ արդարադատության նախարարությանը հատկացվել է 20 հազար եվրոյին համարժեք դրամ, որի կեսը՝ իբրև ոչ նյութական վնասի, մնացած 50 տոկոսը՝ դատական ծախսի փոխհատուցում։
Իր նիստում կառավարությունը հաստատել է Արագածոտնի մարզի Արագածի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեման և այլ կատեգորիա փոխադրել 0,045 հեկտարը՝ հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար։ Երեք այլ որոշմամբ փոխվել է Կոտայքի մարզի Ձորաղբյուրի, Արարատի մարզի Այգեստանի գյուղական, Վայոց ձորի մարզի Ջերմուկի քաղաքային համայնքների հողերի նպատակային նշանակությունը` համապատասխանաբար ջերմատան կառուցման, Պռոշյանի կոնյակի գործարանի ընդլայնման, փոքր հիդրոէլեկտրակայանի, կարգավորիչ ավազանի և օժանդակ կառույցների շինարարության համար։
Գործադիրը երեք տարի գործողության ժամկետով հոգեմետ նյութերի ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի գործունեության իրականացման արտոնագիր է տվել Արտաշատի «Սանարե-ֆարմ», Երևանի «Էսկուլապ» և «Լագի» ՍՊԸ-ներին։
Նիստում մինչև 2013 թ. աշնանային զորակոչը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տրվել ՀՀ թենիսի ազգային հավաքականի անդամ Դանիիլ Պրոսկոտային։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ