Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 28 հուլիսի 2011

Ներդրվում է ինտեգրված սոցիալական ծառայության ինստիտուտը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետը կառավարության անունից շախմատի Հայաստանի հավաքականի անդամներին շնորհավորել է աշխարհի չեմպիոն հռչակվելու կապակցությամբ։ «Մեր հավաքականը փայլուն հաղթանակ է տարել աշխարհի առաջնությունում և ապացուցել, որ լավագույնն է աշխարհում», - նշել է վարչապետը։


Ավելացվում է զոհված զինծառայողների ընտանիքներին տրվող դրամական օգնության չափը

Իր նախկին որոշումներից երկուսում կատարելով համապատասխան փոփոխություններ և լրացումներ, ՀՀ կառավարությունը բարձրացրել է զոհված զինծառայողների շուրջ 5 հազար 300 ընտանիքներին տրվող դրամական օգնության չափը` 10 հազար դրամի փոխարեն սահմանելով 30 հազար դրամ, որին լրացուցիչ կավելացվի յուրաքանչյուր երեխայի (շուրջ 1300 երեխա) համար 20 հազար դրամ։ Միաժամանակ 2011թ. սեպտեմբեր ամսից Հայրենական մեծ պատերազմի և այլ պետություններում մարտական գործողություններին մասնակցելու հետևանքով հաշմանդամ դարձած շուրջ 4000 անձի տրվող դրամական պարգևի չափը կբարձրացվի 5000 դրամով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն անհրաժեշտ է համարել այս որոշումը հանգամանորեն ներկայացնել զանգվածային լրատվական միջոցներին։ «Այս որոշմամբ մենք մեր սոցիալական քաղաքականությունը դարձնում ենք ավելի նպատակային և ավելացնում ենք այն վճարները, որոնք իրականացնելու ենք պետական բյուջեից, - հավելել է վարչապետը։ - Նաև պետք է հավաստիացնենք զոհված ազատամարտիկների ընտանիքներին, որ այս որոշման արդյունքում նրանք պետություն կողմից ստանալու են ավելի մեծ ֆինանսական օժանդակություն, ինչպես նաև պատերազմի մասնակիցները 5000 դրամով ավելի կստանան և պատերազմական գործողություններում հաշմանդամ դարձած անձինք նույնպես ֆինանսական օժանդակություն են ստանալու»։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել ինտեգրված սոցիալական ծառայությունների տրամադրման համար անհրաժեշտ շենքերի (տարածքների), այդ թվում միասնական ընդունարանների տեղակայման առաջարկվող վայրերին։ Որոշմամբ առաջարկվում է սոցիալական ծառայություն տրամադրող կառույցները, ինչպես նաև նոր ստեղծվող միասնական ընդունարանները տեղակայել պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող շենքերում և շինություններում, ինչը կնպաստի ծառայությունների որակի բարելավմանը և արդյունավետության մեծացմանը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ սա մեր սոցիալական բարեփոխումների կարևորագույն տարրերից է։ «Ներդնելով ինտեգրված սոցիալական ծառայության մատուցման ինստիտուտը, մենք էապես հեշտացնելու ենք մեր քաղաքացիների կյանքը, քանի որ նրանք պետությունից սոցիալական օժանդակություն ստանալու համար ստիպված չեն լինելու տարբեր գերատեսչություններ այցելել, - ասել է վարչապետը։ - Ավելին, ամբողջ տեղեկատվությունը կկուտակվի այդ կենտրոններում, և մենք ամբողջական պատկերացում կունենանք սոցիալապես անապահով ընտանիքների մասին, կկարողանանք տեղում որակյալ ծառայություն մատուցել նրանց։ Այլևս բյուրոկրատական քաշքշուկ չի լինի, կոռուպցիոն ռիսկերն էապես կնվազեն, և կունենանք միասնական տվյալների բազա նախարարությունում, որն էլ կլինի տվյալների բազայի ճշգրտումների իրականացման միակ իրավասու մարմինը, որպեսզի տարբեր չարաշահումներ չլինեն։ Սա բավական լուրջ բարեփոխման սկիզբ է»։ Երկու այլ որոշումներից մեկով գործադիրը սահմանել է «Կամավոր կենսաթոշակային ֆոնդերի ակտիվների ֆինանսական գործիքներում ներդրման քանակական և արժութային սահմանափակումները», որոնց նպատակն է ակտիվների ներդրումների արդյունավետ դիվերսիֆիկացումը և ռիսկերի նվազեցումը, մյուսով` «ՀՀ կենսաթոշակային բարեփոխման ծրագրի» չափանիշները համապատասխանեցրել միջազգային լավագույն փորձին։
Կառավարության որոշմամբ հիմնվել է «Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն» հիմնադրամ, որն զբաղվելու է բնակչության շրջանում կենսաթոշակային բարեփոխումների հանրային իրազեկման և հանրային կրթության մեծածավալ ծրագրի իրականացմամբ։ Դրա նպատակն է բարձրացնել բնակչության տեղեկացվածության մակարդակը, ինչն իրականացվող բարեփոխման հաջողության գրավականն է։


Կատարվել են հարկային մուտքերի պարտավորությունները

Վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է գյուղատնտեսության վարկավորմանը ևս 7,5 մլրդ դրամ հատկացնելու որոշմանը և նշել, որ վարկավորումը կատարվելու է նույն մեխանիզմով, ինչ որ գարնանը։ «Դա նշանակում է, որ ֆինանսների նախարարությունը պահուստային ֆոնդից պետք է պլանավորի սուբսիդավորման գումարներ` 7,5 միլիարդի համար առնվազն 4 տոկոս, որով սուբսիդավորվելու են վարկերի տոկոսադրույքները։ 125 առավել անապահով սոցիալական խնդիրներ ունեցող համայնքներում վարկերը սուբսիդավորվելու են 6 տոկոսով, որպեսզի վարկերը գյուղացիներին հասնեն 8 տոկոսով և 10 տոկոսով», - ասել է վարչապետը։
Նիստի ընթացքում ճշտելով, որ անցած վեց ամսում հաջողությամբ կատարվել են նաև հարկային մուտքերի պարտավորությունները, վարչապետը ՀՀ ֆինանսների նախարարության ղեկավարությանը հանձնարարել է համապատասխան պարզաբանում տալ զանգվածային լրատվամիջոցներին։ Այնուհետև Տիգրան Սարգսյանն ասել է. «Երկրորդ հարցը, հարգելի գործընկերներ, այն է, որ սեպտեմբերը ծանրաբեռնված ամիս է լինելու, ունենալու ենք բազմաթիվ միջոցառումներ` նվիրված Հայաստանի Հանրապետության անկախության 20-ամյակին։ Որպեսզի մենք մեր բյուջեի կատարողականի հետ խնդիր չունենանք և 2012 թ. բյուջեն ժամանակին կարողանանք ծրագրել, անհրաժեշտ է, որպեսզի դուք նախագծերը ֆինանսների նախարարություն ներկայացնեք ոչ թե օգոստոսի 6-ին, այլ օգոստոսի 2-ին։ Դրա համար հանձնարարվում է բոլոր նախարարություններին` 4 օր ավելի շուտ ներկայացնել նախագծերը ֆինանսների նախարարություն, որպեսզի մենք բյուջեի նախագծի աշխատանքն սկսենք մի փոքր շուտ, որպեսզի սեպտեմբերին բյուջեի քննարկման հետ կապված խնդիր չունենանք։
Երրորդը` մենք բյուջեի ծախսային մասով մշտապես ունենում ենք խնդիրներ, ամբողջությամբ ծախսերը չենք կատարում, և այդ առումով 2011թ. առաջին եռամսյակը և կիսամյակը բացառություն չէին։ Մենք 40 մլրդ դրամից ավելի ծախսեր չենք կատարել։ Դա ունի նաև օբյեկտիվ պատճառ, քանի որ կատարում էինք կառուցվածքային փոփոխություններ` ԾԻԳ-երի գործունեությունն էինք կանոնակարգում, միավորում էինք ԾԻԳ-երը, կրճատումներ իրականացնում, ՊՈԱԿ-ներն էինք միավորում։ Արդյունքում մենք 2011 թ. առաջին կիսամյակում ունենք որոշակի հետաձգված ծախսեր, որոնք կատարելու ենք երկրորդ կիսամյակում։ Որպեսզի 2012 թ. բյուջեն ծախսային մասով կատարենք ավելի սահուն ըստ եռամսյակների, անհրաժեշտ է 2011թ. նոյեմբերին արդեն հայտարարել մրցույթներ բյուջեի այն նախագծի շրջանակում, որն օգոստոսին կքննարկվի կառավարությունում և սեպտեմբերին կհաստատվի, այսինքն` նոյեմբերին պետք է ունենանք արդեն հայտարարված մրցույթներ։ Այդ պրակտիկան մենք կիրառել ենք մի քանի տարի, քանի որ մրցութային պայմանագրերում ամրագրվում է, որ դրանք ուժի մեջ են մտնում այն պահից, երբ հաստատվում է պետական բյուջեն, և հատկացվում են ֆինանսական միջոցներ։ Մեր տնտեսվարող սուբյեկտներն այս ռեժիմներին ծանոթ են և պատրաստ են այս ռեժիմներում մեզ հետ աշխատել։ Արդյունքում ֆինանսների նախարարությունը մեր առջև դնում է հետևյալ խնդիրը. որպեսզի մենք բարձրացնենք բյուջեի կատարողականի կարգապահությունը, 2012թ. ներդնելու ենք հետևյալ ռեժիմը. եթե ըստ եռամսյակների ծախսային հոդվածները չեն կատարվում 15 տոկոսից ավելի, ապա այդ գումարներն անհապաղ ֆինանսների նախարարությունը փոխանցում է պահուստային ֆոնդ։ Սա բավական խիստ ռեժիմ է լինելու, և դրա համար է անհրաժեշտ, որ մենք ձեզ հետ միասին 2011 թ.-ից արդեն ունենանք տեխնիկական առաջադրանքի պայմանները, մրցութային բոլոր փաստաթղթերը և արդեն 2011 թ. հայտարարենք 2012 թ. մեր ծախսային ծրագրերը»։


Վերականգնվում է Մինաս Ավետիսյանի ևս երկու որմնանկար

Հիմք ընդունելով «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի պահանջները և նկատի առնելով Մինաս Ավետիսյանի որմնանկարներն իրենց կողմից վերականգնելու վերաբերյալ Գյումրու քաղաքապետի և «ԱԳ և ԱԱ Բաղդասարյաններ» ՍՊԸ առաջարկները, ՀՀ կառավարությունը որոշել է թույլատրել Գյումրու քաղաքապետարանի միջոցների հաշվին իրականացնել Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակում ընդգրկված և պետական սեփականություն հանդիսացող, Գյումրի քաղաքի «Քարմշակմեքենա» ՓԲԸ նախկին ճաշարանի շենքում գտնվող Մինաս Ավետիսյանի «Հայկական հովվերգություն» որմնանկարի տեղափոխման աշխատանքները։ Որոշման հաջորդ կետով թույլատրվել է «ԱԳ և ԱԱ Բաղդասարյաններ» ՍՊԸ միջոցների հաշվին իրականացնել քաղաքի «Էլեկտրատեխնիկական գործարան» ՓԲԸ նախկին շենքում գտնվող «Գորգ են գործում» որմնանկարի տեղափոխումը։ Վերականգնումից հետո «Հայկական հովվերգություն» որմնանկարը տեղադրվելու է Գյումրու քաղաքապետարանի նորակառույց շենքի նիստերի դահլիճում, «Գորգ են գործում» որմնանկարը` Գյումրու Աբովյան փողոցի N 218 հասցեում գտնվող Շիրակի մարզի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակ ներառված շենքի սրահում։ Տեղեկանալով, որ մարզում դեռևս կա Մինաս Ավետիսյանի հեղինակած չորս որմնանկար, ինչպես նաև այլ արվեստագետների կատարած մոտ երկու տասնյակ աշխատանք, վարչապետը նշել է խնդրի նկատմամբ գյուրեցիների ցուցաբերած մեծ ուշադրությունը։ «Հասարակական կազմակերպություններին պետք է խնդրենք, որպեսզի այդ որմնանկարները փրկելու նոր առաջարկներ ներկայացնեն, - ասել է Տիգրան Սարգսյանը։ - Որմնանկարները ցանկացած գնով պետք է փրկել, և եթե այդ հասարակական շարժումն օգնի մեզ գտնել այնպիսի տնտեսվարող սուբյեկտների, որոնք ի վիճակի են ներդրումներ կատարել և փրկել որմնանկարները, ապա մենք մնացած չորսի վերաբերյալ նույնպես պատրաստ ենք կայացնել որոշումներ, որպեսզի դրանք մնան Գյումրիում կամ Շիրակի մարզում»։


Առաջնահերթը դպրոցաշինության ծրագրերն են

Վերաբաշխում կատարելով 2011թ. պետբյուջեում, լրացումներ և փոփոխություններ` ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը որոշել է վթարավտանգ վիճակում գտնվող Կապանի N 2 ավագ դպրոցի փոխարեն, որը ենթակա է քանդման, մեկ այլ ընտրված տարածքում կառուցել համանման` մոտավորապես 1350 քմ մակերեսով նոր դպրոց։ 1960-ական թթ. կառուցված շենքի մի մասը վերջերս փլուզվել է, շինությունը դարձել է հետագա շահագործման համար ոչ պիտանի։
ՀՀ կառավարությունը վերաբաշխում է կատարել 2011 թ. պետբյուջեում, լրացումներ և փոփոխություններ` իր նախկին որոշումներից մեկում և համապատասխան ֆինանսական միջոցներ տրամադրել Արարատի մարզի Վարդաշենի դպրոցի շինարարությանը։ Քանի որ դպրոցի ուսումնական մասնաշենքի տեխնիկական վիճակը գնահատվել է վթարային, անհրաժեշտություն է առաջացել մինչև առաջիկա ուսումնական տարվա սկիզբը շահագործման հանձնել նոր կառուցվող դպրոցի մի մասը` այն բավարար մակարդակի հասցնելու պայմանով։ Նույն ընթացակարգով ընդունված մեկ այլ որոշման համաձայն հիմնանորոգվելու է Երևանի Հովհ. Շիրազի անվան N 169 դպրոցը, կառուցվելու է կաթսայատուն։ Գործադիրը հաստատել է նաև Գյումրի քաղաքի Մուշ-2 թաղամասի նոր դպրոցի կառուցման աշխատանքի ձեռքբերման մրցույթի արդյունքը` 1 մլրդ 980 մլն 492 հազար 175 դրամ պայմանագրային արժեքով մրցույթի հաղթող ճանաչելով համատեղ գործունեության պայմանագրով «Ախուրյանի Կոոպշին», «Մ և ԱԱ», «Ռուսլան Համբարյան» ՍՊ, «Անդրեաս և ընկերներ» ՓԲ ընկերությունները։
Կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացում, որով նախատեսվում է շինարարական (վերակառուցման, հիմնանորոգման, ուժեղացման) աշխատանքի կատարողական փաստաթղթերի կազմմանը մասնակից դարձնել նաև տվյալ օբյեկտը շահագործող կազմակերպության ներկայացուցչին։ Շահագրգիռ անձի ներկայությունը լրացուցիչ հնարավորություն է տալիս ապահովելու պատշաճ հսկողություն, ինչը կնպաստի կատարվելիք շիննորոգման աշխատանքի որակի բարձրացմանը։ Հաջորդ որոշմամբ շահագործող կազմակերպության ներկայացուցիչը հնարավորություն է ստանում մասնակցելու նախագծանախահաշվային ճարտարապետաշինարարական փաստաթղթերի և շինարարական աշխատանքների գնման առարկայի բնութագրերի կազմմանը։ Որոշումը նաև նպատակ ունի մեծացնել գնահատող հանձնաժողովների պատասխանատվությունը, կարգավորել գնման հայտերի մերժմանը հաջորդող գործընթացը։
Կառավարության ընդունած մեկ այլ որոշում միտված է քաղաքաշինության ոլորտի գործարար միջավայրի բարելավմանն ուղղված նախկին որոշման պահանջների կատարմանը, այն է` տեխնիկական պայմանների տրամադրման ժամկետների տարբերակմանն ըստ նախատեսվող շինօբյեկտների ռիսկայնության աստիճանի։ Կոռուպցիոն ռիսկերի նվազեցման և կառուցապատման ընթացակարգերի վերաբերյալ հանրամատչելի տեղեկատվության ապահովման նպատակով 500-ական օրինակ տպաքանակով հրատարակվելու են «Կառուցապատողի ուղեցույցը» և միասնական ճարտարապետական լուծումներով միջավայրի ձևավորմանն ուղղված կատալոգը։


Կարդիականացվի «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքը

ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որը պայմանավորված է քաղաքացիական ավիացիայի բնագավառում կատարված ուսումնասիրության և առաջացած գործնական խնդիրների լուծման, ինչպես նաև «Ավիացիայի մասին» ՀՀ օրենքն արդի պահանջներին համապատասխանեցնելու, ՀՀ միջազգային պայմանագրերից բխող նոր պահանջները ՀՀ քաղավիացիայի բնագավառում ներդնելու և կիրառելու անհրաժեշտությամբ։
Կառավարության հավանությունն է ստացել «Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու օրինագիծը, որի ընդունմամբ կապահովվեն լիզինգի պայմանագրով վարձակալության իրավունքի պետական գրանցման գործընթացում լիզինգառուների իրավական երաշխիքները։
Գործադիրը հավանություն է տվել «ՀՀ քրեական օրենսգրքում» փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի շնորհիվ կբարձրանա թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության, ինչպես նաև ապօրինի ծառահատման դեմ պայքարի արդյունավետությունը։
Իր նիստում կառավարությունը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Աուդիտորական գործունեության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որը բովանդակում է աուդիտ իրականացնող անձանց արտոնագրման պայմաններն ու պահանջները և պատասխանատվության միջոցներն էականորեն խստացնելու դրույթներ, որոնց գործադիրը պատրաստ է անդրադառնալ մեկ տարի անց։ Արձանագրելով այս իրողությունը, կառավարությունը պատրաստակամություն է հայտնել նախագիծը լրամշակելու հարցում համագործակցել հեղինակների հետ։ Նիստում քննարկվել է «Սևանա լճի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրինագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Կառավարությունը նույնպես մտահոգված է Սևանա լճի էկոհամակարգի պահպանման խնդրով և արել է համապատասխան առաջարկություն, որն ընդունելու դեպքում ընդունելի կհամարի օրենքի նախագիծը։
Վերը նշված օրենքների նախագծերը և ՀՀ կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացնեն ՀՀ Ազգային ժողով։


Այլ որոշումներ

Գործադիրը հավանություն է տվել Դանիայի Թագավորությունում ՀՀ դեսպանություն ստեղծելու ՀՀ նախագահի հրամանագրի նախագծին։ Դանիայում դեսպանություն բացելը բխում է այդ երկրում Հայաստանի շահերի առավել ծանրակշիռ ներկայացվածություն ապահովելու, հատկապես երկկողմ առևտրատնտեսական կապերը սերտացնելու անհրաժեշտությունից։
Իր որոշմամբ կառավարությունը սահմանել է, որ 2011 թ. օգոստոսի 13-21-ը կայանալիք 5-րդ համահայկական խաղերին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանող օտարերկրյա քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի տրամադրման համար նախատեսված պետական տուրքի վճարումից։
Կառավարությունն ընդունել է Լոռու մարզի Ալավերդու քաղաքային համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի և Շիրակի մարզի Լեռնագյուղի գյուղական համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություններ նշանակելու, անցկացնելու և ընտրությունների նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշումներ։
Կառավարությունն իր նիստում Գեղարքունիքի մարզի Ձորավանքի գյուղական համայնքի հողերի օգտագործման ժամանակավոր սխեմայում կատարել է փոփոխություն՝ փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների շինարարության համար։
Գործադիրը «Էկոպրոտեկտ» ՍՊԸ-ին տվել է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման արտոնագիր։
Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում է տվել չորս անձի։
Ս.թ. հուլիսի 28-ից իր դիմումի համաձայն ազատելով Լոռու նախկին մարզպետին` կառավարությունը որոշել է Արթուր Նալբանդյանին նշանակել Լոռու մարզպետ։ Տիգրան Սարգսյանը, դրական բնութագրելով Արթուր Նալբանդյանի աշխատանքային գործունեությունը, շնորհավորել է նորանշանակ մարզպետին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք։


 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ