Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 10 հունիսի 2011

Բուհերի պետպատվերով տեղերը կավելացվեն




Մեծանում է զորացրված երիտասարդների բուհական կրթության հնարավորությունը

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Նիստից առաջ հիշեցնելով, որ կիսամյակի ավարտին մնացել է 20 օր, վարչապետը նախարարների ուշադրությունը հրավիրել է կառավարության ծրագրի գերակա խնդիրների և ընդհանրապես տարվա ծրագրերի կատարման ընթացքի վերաբերյալ հրապարակային հաշվետվություն ներկայացնելու անհրաժեշտության վրա։ Նախարարները պետք է շարունակեն վերահսկել դեռևս կիսատ մնացած աշխատանքները, որպեսզի ծրագրերը կատարվեն ամբողջ ծավալով և բարձր որակով։
Հաստատելով օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել նախագծերի քննարկմանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն անդրադարձել է բանակից վերադարձած երիտասարդների պետպատվերով անվճար ուսմանը բուհերում, մի նախաձեռնություն, որը դրական մեծ արձագանք է գտել։ «Դա մեր բուհական բարեփոխման պետական քաղաքականության առանցքներից է, - ասել է Տիգրան Սարգսյանը։ - Հանրապետության Նախագահի հանձնարարականով մենք երեք տարի է, ինչ սկսել ենք այս ռեֆորմը, որի նպատակն է մեր ֆինանսական միջոցների արդյունավետ օգտագործումը բուհական համակարգին պատվեր իջեցնելիս, և որ հասկանալի լինի, թե ում համար է այդ պետպատվերը։ Մեր ռազմավարության առաջին կետն այն էր, որ մենք որպես պետություն սոցիալապես անապահով խավերին ենք օժանդակելու։ Երկրորդ` եթե մեր երիտասարդները ծառայում են բանակում, վերադառնում և ընդունվում են բուհ, ապա նրանք նույնպես պետք է օգտվեն այս հնարավորությունից։ Այսօր արդեն մենք այդ պրակտիկան կիրառում ենք, որը հանրության դրական արձագանքն է ստանում, և նաև խթանում է, որ երիտասարդները ծառայեն բանակում և հետո հնարավորություն ունենան իրենց կրթությունը շարունակելու։ Կարծում եմ, որ արձագանքելով հանրության դրական վերաբերմունքին` անհրաժեշտ է մեր ֆինանսական ռեզերվներից միջոցներ հայթայթել և ուղղել այդ պատվերն ավելացնելուն։ Եթե մենք կարողանանք բանակում ծառայած ավելի շատ երիտասարդների ներգրավել, ապա դա ճիշտ կլինի»։ Ի պատասխան վարչապետի հարցադրման, ՀՀ կրթության և գիտության նախարարը հավաստիացրել է, որ պետպատվերով տեղերի թիվը հնարավոր կլինի 20-25 տոկոսով ավելացնել»։
Նիստի ընթացքում Տիգրան Սարգսյանն անդրադարձել է «Նաիրիտի» խնդրին։ Դիմելով ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, վարչապետը նկատել է, որ մարդկանց մտահոգությունը փարատելու լավագույն ձևն առավելագույն տեղեկատվության տրամադրումն է, օբյեկտիվ տեղեկատվության և թափանցիկության ապահովումը։ «Վերջին շրջանում ակնհայտորեն ինչ-որ մարդիկ ուզում են այս ոլորտում ինչ-որ պատմություններ ստեղծել, վարկաբեկիչ հոդվածներ են գրում, ուղղորդում մարդկանց», - ասել է վարչապետը։ - Դրա դեմ պայքարելու լավագույն ձևն առավել թափանցիկ տեղեկություն տրամադրելն է։ Կարծում եմ, նաև կոլեկտիվին դա կհանգստացնի։ Այսօր «Կապիտալ» թերթը նույնպես անդրադարձել էր «Նաիրիտի» խնդրին, էլի հարցականներով։ Այդ բոլոր հարցականներին պետք է պատասխան տրվի։ «Նաիրիտը» 2006 թվականին չի սեփականաշնորհվել, «Նաիրիտը» մի քանի սեփականատեր է փոխել։ Հիմա լուրեր են տարածվում, թե իբր 2006 թվականին կառավարությունը «Նաիրիտը» սեփականաշնորհել է։ Այդպիսի բան չի եղել։ Սեփականատերերը եղել են մասնավոր, չորս սեփականատեր է փոխվել այդ գործարանում, և մշտապես լուրջ խնդիրներ են եղել, որոնք օբյեկտիվ պետք է ներկայացնել։ Հիմա մարդիկ, չգիտես ինչու, անհեթեթ լուրեր են տարածում, փորձում են արհեստական աժիոտաժ ստեղծել անհասկանալի նպատակներով։ Լավագույն ձևն ամբողջական ինֆորմացիան տրամադրելն է»։


Վերացվում են տարերային աղետի հետևանքները

ՀՀ կառավարությունը որոշել է Լոռու մարզպետարանին 2011թ. ինն ամսում հատկացնել 12 մլն դրամ` Վանաձոր քաղաքում և Եղեգնուտ ու Սարամեջ գյուղերում սողանքների հետևանքով վթարային դարձած շենքերի բնակիչներին աջակցելու և քամու հետևանքով վթարված տան տանիքի նորոգման նպատակով։
Գործադիրն ընդունել է 1988-1992թթ. Ադրբեջանի հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի քաղաքացիություն ստացած անձանց զբաղեցրած տարածքները սեփականաշնորհելու որոշում, որով կբարելավվեն Երևանի Մոլդովական 70/2 և Աբովյանի ճարտարագիտական քոլեջի հանրակացարաններում բնակվող Նինա Առուստամովայի և Արշալույս Դաշյանի կենցաղային պայմանները։ Հաջորդ որոշմամբ շարունակվել է Երևանի «Նոր Նորքի ուսանողական ավան» ՓԲԸ-ի 4-րդ և 5-րդ մասնաշենքերում բնակվող ընտանիքներին իրենց զբաղեցրած սենյակների նվիրատվության գործընթացը։ Մեկ այլ որոշմամբ Գյումրու քաղաքային համայնքին են նվիրաբերվել Թբիլիսյան խճուղու երկու, Շահինյան և Կամոյի փողոցների մեկական կաթսայատներն իրենց սարքավորումներով և արտաքին ջերմացանցերով, որոնցով կենտրոնացված ջեռուցում է մատակարարվում Լինսի հիմնադրամի միջոցներով ամրացված-վերականգնված բազմաբնակարան բնակելի շենքերին։
Իր նիստում կառավարությունը ՀՀ ԿԱ ՊԵԿ նախագահին թույլատրել է «Դյութի ֆրի ալյանս» ՍՊԸ հետ կնքել կառուցապատման իրավունքի պայմանագիր, որի համաձայն Սյունիքի տարածաշրջանային մաքսատան Մեղրու մաքսային կետի մերձակայքում կառուցվելու է անմաքս առևտրի խանութ և դրա պահեստային տարածք։ Որոշման ընդունմամբ ակնկալվում է սահմանային անցման կետում բարելավել ուղևորների սպասարկման որակը և նպաստել Հայաստանի տարածքում առևտուր իրականացնելուն։ Լրացումներ կատարելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, գործադիրը սահմանել է, որ «Մեկ պատուհանի կանգառ» սկզբունքի ներդրմամբ հարկային մարմնում հաշվառվելու են նոտարները, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների, դրանց հավասարեցված միջազգային, միջկառավարական (միջպետական) կազմակերպությունները։
Կառավարության որոշմամբ ավելի վաղ ընդունված 2010-2012 թթ. ընթացքում Հայաստանի Հանրապետությունում թմրամոլության և թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ազգային ծրագրով նախատեսված միջոցառումների ժամանակացույցը հաստատելու որոշման 4.1.4 կետով նախատեսված միջոցառման պատասխանատու կատարող է ճանաչվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, քանի որ խորհրդատվական և հոգեբանական աջակցության կենտրոնների ստեղծումը միտված է սոցիալական խնդիրների լուծմանը։


Գորիսը` զբոսաշրջության զարգացման կենտրոն

ՀՀ կառավարությունը որոշել է Գորիս քաղաքը հայտարարել զբոսաշրջային կենտրոն, հաստատել քաղաքի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակները և գերակա խնդիրները։ Գորիսի զարգացման ծրագրի հայեցակարգային նպատակներն են` մինչև 2016 թվականը քաղաքը դարձնել միջազգային չափանիշներին համապատասխանող, շուրջ տարին գործող զբոսաշրջության կենտրոն, ճանաչողական, կրթական նպատակներ և խնդիրներ առաջադրող մշակութային զբոսաշրջության կենտրոնների վերածել շրջակա գյուղերը` Տաթևը, Խնձորեսկը, Հալիձորը, Քարահունջը, որտեղ ավելի լավ են պահպանվել Գորիսի շրջանին բնորոշ ավանդույթները, կենցաղը, բարբառը, խոհանոցը և այլն։ Գորիսի զարգացման ծրագրի գերակա խնդիրներ են հայտարարվել քաղաքի ենթակառուցվածքների ձևավորումը և զարգացումը, ժայռափոր Գորիսի տարածքում տուրիստական հանգրվանի ստեղծումը, քաղաքի օդանավակայանի վերագործարկումը և այլն։
Կառավարության որոշմամբ ՀՀ նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական հինգ ուսումնական հաստատություններ միացման ձևով վերակազմակերպվել են և միացվել այլ ՊՈԱԿ-ների։
Գործադիրը հաստատել է ՀՀ 2011թ. պետբյուջեով նախատեսված «Գրականության հրատարակում» ծրագրի հատկացումների բաշխումը` ըստ առանձին հրատարակությունների։ Որոշման ընդունումը միտված է գրքի միջոցով հայ ժողովրդի մշակութային, գրական, թարգմանական և գիտական ժառանգությունը հանրահռչակելու, պահպանելու և տարածելու նպատակին։


ՀՀ կառավարությունը հաստատել է`

- ուժեղ երկրաշարժի դեպքում ՀՀ բնակչության պաշտպանության կազմակերպման պլանը, բնակչության պաշտպանության միջոցառումների կառավարման սխեման և այլն,
- Սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայության դիտացանցի արդիականացման ծրագիրը, որի նպատակն է Ազգային դիտացանցը համապատասխանեցնել արդի միջազգային չափանիշներին,
- Գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկի համար նոր հիմքերի ի հայտ գալու դեպքում գործազրկության նպաստի նշանակման կամ վերահաշվարկման կարգը,
- պաշտոնատար անձանց կողմից իրենց պաշտոնեական պարտականությունները կատարելիս կամ դրանք կատարելու առնչությամբ հաշմանդամ ճանաչվելու և աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության 3-րդ աստիճանի սահմանափակում ունենալու կամ զոհվելու դեպքում կենսաթոշակ նշանակելու (վերահաշվարկելու) և միանվագ դրամական օգնություն տալու կարգը, դրա համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը,
- թանկարժեք մետաղներից պատրաստված իրերի հարգորոշման ու հարգադրոշմման գործունեության համար օգտագործվող սարքավորումների փորձաքննության իրականացման կարգը։
- ՀԲ կողմից Հայաստանին տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Կրթության որակ և համապատասխանություն» երկրորդ վարկային ծրագրի կառավարման խորհրդի հաստատած ծրագրով հայկական պետական մանկավարժական բուհերի և ավագ դպրոցների համար համակարգչային սարքավորումներ ձեռք բերելու նպատակով կազմակերպության ընտրության գնման արդյունքը և հաղթող ճանաչել «Լանա» ՍՊԸ-ն` 507 մլն 77 հազար 526 ՀՀ դրամ արժեքով։
Գործադիրը նախկինում ընդունած «Ընտանեկան բժշկի գործունեության կազմակերպման դրույթները և ընտանեկան բժշկի գործունեության մասին տեղեկատվություն ներկայացնելու ձևը հաստատելու մասին» որոշման մեջ կատարել է փոփոխություն, որի շնորհիվ հնարավոր կլինի ապահովել ընտանեկան բժիշկների ստացած մասնագիտական գիտելիքների կիրառումը տեղերում։
Կառավարությունը հավանություն է տվել`
- հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահության ոլորտի բաժնետիրական ընկերությունների բժշկական անձնակազմի ընտրության (նշանակման), մրցութային հանձնաժողովի ձևավորման, մրցույթի անցկացման օրինակելի կարգին, բուժաշխատողների հետ կնքվող աշխատանքային պայմանագրի օրինակելի ձևին,
- Սևանա լճի ավազանում աղբավայրերի տեղաբաշխման գլխավոր ուրվագծին,
- ՀՀ մտավոր սեփականության իրավունքների ռազմավարությանը և հաստատել մտավոր սեփականության իրավունքների համակարգի բարեփոխումների գործողությունների ծրագիրը, այդ գործողությունների հենքային փաստաթղթերի ցանկը։
Գործադիրի որոշմամբ ստեղծվել է «Ներհիվանդանոցային ինֆեկցիաների կանխարգելման գիտագործնական կենտրոն» ՊՈԱԿ, որի գործունեության նպատակներից է ինֆեկցիոն հսկողության մեթոդների, հակաբիոտիկների կիրառման նկատմամբ հսկողության միասնական ուղղությունների մշակումը և այլն։


Օրենսդրական նախաձեռնություններ

ՀՀ կառավարությունը քննության է առել «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրել են ՀՀ Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ։ Նախագիծը միտված է օրենքում տեղ գտած թերությունների շտկմանը և ներքին հակասությունների վերացմանը։ Գործադիրն առաջարկել է այն քննարկել ՀՀ կառավարության նախաձեռնությամբ Ազգային ժողովի քննարկմանը ներկայացված և առաջին ընթերցմամբ ընդունված համանման օրինագծի հայեցակարգային մոտեցումների շրջանակում։
Կառավարությունը քննարկել է ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որի նպատակը, ըստ հեղինակի, անձի պատվի և արժանապատվության ապահովումն է։ Գործադիրն արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը։
ՀՀ կառավարությունը մի շարք առաջարկություններ է արել ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քրեակատարողական օրենսգրքում և ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծերի փաթեթի վերաբերյալ։ Առաջարկվում է ցմահ ազատազրկման դատապարտված և կիսաբաց ուղղիչ հիմնարկում պատիժը կրող դատապարտյալների համար նախատեսել բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու հնարավորություն, ինչը գործադիրն ընդունելի կհամարի իր ներկայացրած առաջարկությունների ընդունման դեպքում։
Գործադիրը քննարկել է Ազգային ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Նորաստեղծ ընտանիքներին միանվագ դրամական օգնություն տրամադրելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով առաջարկվում է դրամական միջոցների տրամադրմամբ խրախուսել ամուսնությունները և աջակցել նորաստեղծ ընտանիքներին։ Կարևորելով այդ խնդիրը, կառավարությունը միևնույն ժամանակ մատնանշում է լրացուցիչ հատկացումների անհրաժեշտությունը և ֆինանսավորման աղբյուրի բացակայությունը և դեմ արտահայտվում նախագծին։
Նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը որոշել է համաձայնություն տալ ՀՀ կառավարության և Եվրոպական Հանձնաժողովի միջև «Միջուկային ոլորտը կարգավորող հայաստանյան մարմնի (ՄԿՀՄ) ինստիտուցիոնալ զարգացում» ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Ծրագիրը, որի արժեքը գնահատվում է 1 մլն եվրո, նպատակ ունի օժանդակություն ցուցաբերել Հայաստանում միջուկային անվտանգության մշակույթի խթանմանը, ինչը բխում է միջուկային անվտանգության կոնվենցիայի պահանջներից։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Միջազգային զարգացման ՕՊԵԿ հիմնադրամի միջև 2011 թ. հունիսի 8-ին ստորագրված «Գյուղական կարողությունների ստեղծման ծրագիր» (ԳԿՍԾ) փոխառության ծրագրին, որի արժեքն է 20 մլն ԱՄՆ դոլար։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև զբոսաշրջության բնագավառում համագործակցելու համաձայնագրի կնքման առաջարկությանը։
Կառավարությունը որոշել է համաձայնություն տալ Հայաստանի Հանրապետության և Հնդկաստանի հանրապետության կառավարությունների միջև մաքսային գործերում համագործակցության և փոխադարձ օգնության համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Ճապոնիայի կառավարությունից նույնպես ստացվել է համանման համաձայնագիր կնքելու առաջարկություն, որին ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել։


Այլ հարցեր

ՀՀ կառավարությունն ընդունել է Լոռու մարզի Խնկոյանի և Արագածոտնի մարզի Սորիկի գյուղական համայնքների ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը ֆինանսավորելու որոշում։ Ընտրությունը տեղի է ունենալու սույն որոշումներն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 30-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը։
Գործադիրը հաստատել է Լոռու մարզի Թումանյանի քաղաքային և Արարատի մարզի Երասխի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները և փոխել համայնքային սեփականություն հանդիսացող հողերի կատեգորիան` համապատասխանաբար փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների, ինչպես նաև խմելու ջրի կարգավորիչ ավազանի շինարարության համար։
Կառավարությունն իր որոշումներով փոփոխել է Արագածոտնի մարզի Աշտարակի քաղաքային, Արարատի մարզի Նոր Խարբերդի և Նոր Կյուրինի, Կոտայքի մարզի Զովունիի և Ջրվեժի, Արմավիրի մարզի Մայիսյանի, Վայոց ձորի մարզի Գնդեվազի և Ռինդի գյուղական համայնքների հողերի օգտագործման ժամանակավոր սխեմաները և հողերի մի մասը փոխադրել այլ կատեգորիա` հասարակական կառուցապատման, ինչպես նաև փոքր հիդրոէլեկտրակայանի և օժանդակ կառույցների, գինու արտադրամասի կառուցման համար։
Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել 22 անձի։
Կառավարության հերթական նիստը տեղի է ունենալու հաջորդ ուրբաթ, հունիսի 17-ին, ժամը 11։00-ին։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:
 

Մայիս 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031 

-

Արխիվ