Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 2 հունիսի 2011

Վարչապետն անդրադարձել է հանձնարարականների կատարման ընթացքին

Վարչապետ Տիգրան Սարգսյան - Բարև ձեզ, հարգելի գործընկերներ:
Մինչ այսօրվա նիստի օրակարգի ձևավորումը 3 հարց ունենք, որոնք դարձել են հանրային քննարկման առարկա, և մեր նախարարները պետք է մեզ տեղյակ պահեն ընթացքի մասին: Առաջինը. Վերահսկիչ պալատի կողմից կատարված ուսումնասիրությունների արդյունքում բացահայտվել էին ֆինանսական միջոցների անարդյունավետ օգտագործման դեպքեր: Հանձնարարական էր տրված աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին, որպեսզի ծառայողական քննություն իրականացվի: Խնդրենք նախարարին ներկայացնել արդյունքները:

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյան - Մեծարգո պարոն վարչապետ, հարգելի գործընկերներ, ի կատարումն Ձեր հանձնարարականների, ծառայողական քննություն է իրականացվել 2006-2007 թվականների ընթացքում Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված հետևյալ ծրագրերի շրջանակներում.
«Տնային տնտեսությունների հետազոտություն և համայնքների հետազոտություն խորհրդատվական ծառայության մատուցում», որի արժեքը եղել է 150 հազար ԱՄՆ դոլար: Խորհրդատվության արդյունքում արվել են մի շարք առաջարկություններ, կատարված առաջարկությունների մեծ մասն ընդունվել է, չի ընդունվել 12 առաջարկություն: Այնուամենայնիվ, ծրագիրը ծառայել է իր նպատակին: Սակայն, նշված ծրագրի կապակցությամբ պետք է անել մեկ վերապահում` կապված մատուցված խորհրդատվությունների արժեքի հետ, որը կազմել է 150 հազար ԱՄՆ դոլար: Խորհրդատվությունը տևել է 7 ամիս, և վերլուծությունը ցույց է տալիս, որ խորհրդատվության մեկ օրվա արժեքը կազմել է 700 ԱՄՆ դոլար:
Երկրորդ ծրագիրը` 28 հազար 182 ԱՄՆ դոլար պայմանագրային արժեքով, պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգի կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի մշակման վերաբերյալ խորհրդատվության մատուցումն է: Ծրագրի շրջանակում խորհրդատուի կողմից մշակվել են 3 օրենքների նախագծեր` Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի մասին, Պետական ծառայողների կենսաթոշակային ապահովման մասին և Պետական կենսաթոշակային ապահովագրության համակարգում անհատական հաշվառման համակարգի մասին օրենքների նախագծերը: Եթե Պետական ծառայողների կենսաթոշակային ապահովության մասին և Պետական կենսաթոշակային ապահովագրության համակարգում անհատական հաշվառման համակարգի մասին օրենքների նախագծերը չեն ընդունվել` օբյեկտիվ պատճառներից ելնելով, ապա նույնը չի կարելի ասել Սոցիալական ապահովության պետական հիմնադրամի մասին ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ, քանի որ մինչև 2006 թվականը մշակվել էր ՍԱՊՀ իրավական ապահովման վարչության մասնագետների կողմից, հետևաբար, այս մասով հնարավոր էր խուսափել համապատասխան խորհրդատվությունը պատվիրելուց: Այսինքն` օրենքի նախագիծն արդեն իսկ մշակված եղել է, և լրացուցիչ մեկ անգամ Համաշխարհային բանկի վարկային միջոցներով պատվիրվել է նույն օրենքի նախագծի մշակումը:
Երրորդ ծրագրով` 45 հազար 350 ԱՄՆ դոլար պայմանագրային արժեքով, պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգի կատարելագործմանն ուղղված ֆինանսական կառավարման համակարգի բարելավման վերաբերյալ խորհրդատվություն է մատուցվել: Ծրագրի շրջանակներում խորհրդատուի առաջարկությունները բխել են օրենսդրության և ՍԱՊՀ կանոնադրության մեջ սահմանված իրավասությունների իրականացմանն առնչվող պահանջներից: Սակայն, նույն առաջարկություններն առ ոչինչ են դարձել, քանի որ ՍԱՊՀ մասին օրենքի նախագիծը չի ընդունվել, այսինքն` պետք է օրենքն ընդունվեր, որից հետո բխեր այլ միջոցառումների իրականացումը: Օրենքը չընդունված պատվիրել են այլ խորհրդատվություն, որը պետք է բխեր այդ օրենքից:
Չորրորդը` 43 հազար ԱՄՆ դոլար պայմանագրային արժեքով, Սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի շահառուների սպասարկումը բարելավելու վերաբերյալ խորհրդատվության մատուցումն է: Ծրագրի շրջանակներում խորհրդատուն առաջարկել է շահառուների սպասարկման բարելավման համար ստեղծել սոցիալական գովազդներ, տարեց մարդկանց համար կազմակերպել հատուկ ռադիոհաղորդում, համագործակցել ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի հետ: Տվյալ դեպքում գտնում ենք, որ ընդհանրապես իմաստ չուներ հիշյալ ծրագրով համապատասխան խորհրդատվություն ստանալը:
Հինգերորդը` 40 հազար ԱՄՆ դոլար պայմանագրային արժեքով, աշխատանքային օրենսդրության կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի նախագծերի մշակման խորհրդատվության մատուցում ծրագիրն է, որի շրջանակում մշակվել են իրավական ակտերի նախագծեր, այդ թվում` Աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին և Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծերը: Մինչդեռ աշխատանքի վայրում դժբախտ դեպքերից և մասնագիտական հիվանդություններից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին օրենքի նախագիծը նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության աշխատանքի բաժնի նախաձեռնությամբ 2004 թվականին արդեն իսկ եղել էր մշակված և դրվել էր շրջանառության մեջ: Այսինքն` տվյալ պարագայում նույնպես արդեն իսկ կար մշակված օրենքի նախագիծը, որը կրկնակի պատվիրվել է մշակելու համար: Իրականացված ծառայողական քննության ընթացքում թվարկված ծրագրերն ուսումնասիրելով ակնառու է դառնում այն հանգամանքը, որ ծառայությունների մատուցման համար սահմանված արժեքները տրամաբանական առումով տարբերվում են: Այսպես, եթե պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգի կատարելագործմանն ուղղված իրավական ակտերի 3 օրենքի նախագծերի մշակման աշխատանքները խորհրդատուն կատարել է 28 հազար ԱՄՆ դոլարով, ապա պարտադիր սոցիալական ապահովագրության համակարգի կատարելագործմանն ուղղված ֆինանսական համակարգի բարելավման վերաբերյալ խորհրդատվությունը մատուցվել է 45 հազար ԱՄՆ դոլարով: Հետևաբար, ծրագրերի արժեքի շուրջ համաձայնության գալու գործընթացների կապակցությամբ անհրաժեշտ է մշակել ծրագրերի արժեքի սահմանման և հաշվարկման համապատասխան մեթոդաբանություն:

Վարչապետ Տիգրան Սարգսյան – Համապատասխան որոշումներ արդեն կայացրել ենք, որպեսզի նման դեպքեր այլևս չկրկնվեն, և մենք պետք է այս վերահսկողության բացահայտումներից դասեր քաղենք:
Երկրորդ հարցը վերաբերում է «Նաիրիտ» գործարանին: Վերջերս բազմաթիվ հրապարակումներ են եղել գործարանում ստեղծված իրավիճակի մասին, բաժնետոմսերի 10 տոկոսը տրված է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությանը` ի կառավարում: Լսենք էներգետիկայի և բնական պաշարների նախարարի գնահատականները ստեղծված իրավիճակի վերաբերյալ:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան - «Նաիրիտ» գործարանի բաժնետոմսերի 90 տոկոսը պատկանում է «Ռայնովիլ Փրոփըրթի Լիմիթիդ» (Rhinoville Property Limited) ընկերությանը, 10 տոկոսը ներկայացնում է էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Ես ասեմ` «Նաիրիտն» ինչ է իրենից ներկայացնում, որպեսզի ավելի պատկերավոր լինեն գնահատականները: Հիմնական արտադրանքը քլորոպրենային կաուչուկներն են` ДП, ДН, ДР, ДС, ДКТ, ДКН կարգի և լատեքսները` Л-14-П, Л-1.8, Л-14, ЛНТ-1: Ինչու եմ սա նշում, որովհետև սա խոսում է այն մասին, որ այս արտադրատեսակների մեջ ինքնարժեքի 70-75 տոկոսն էներգակիրներն են` գազ, էլեկտրաէներգիա և շոգի: Հիմնական արտադրություններն են` քլորի և կաուստիկ սոդայի արտադրությունը, ացետիլենի արտադրությունը, քլորոպրենային կաուչուկի արտադրությունը և ռետինատեխնիկական արտադրատեսակների արտադրությունը: Կոնսերվացված արտադրություններն են` քլորոպրենային կաուչուկի արտադրությունը և քացախաթթվի արտադրությունը: «Նաիրիտ»-ում այսօրվա վիճակով աշխատում է շուրջ 3074 մարդ, որից ղեկավար անձնակազմը` 554 մարդ, մասնագետներ և ծառայողներ` 686 մարդ, մնացածը բանվորական անձնակազմն է: Ինչպիսի՞ էվոլյուցիա է ապրել մասնավորեցումից հետո «Նաիրիտի» տնտեսությունը: 2006-2007 թվականների մասնավորեցումից հետո ամենաբարձր արտադրանքը ֆիքսվել է 2007 և 2008 թվականներին: Այդ ժամանակ գազի ներկրման գինը Հայաստանի Հանրապետությունում եղել է 54 ԱՄՆ դոլար: Դրանից հետո գազի գներն սկսում են բարձրանալ, և, բնականաբար, ամեն տարի փոփոխվելով, գազի գինը բավական ծանր ազդեցություն ունեցավ «Նաիրիտի» ամբողջ տնտեսության վրա: Դա բերում էր ինքնարժեքի թանկացման, դա բերում էր նրան, որ անհրաժեշտ էր անընդհատ նոր շուկաներ փնտրել և միաժամանակ ինքնարժեքն իջեցնելու փորձեր անել: Բայց ունեինք գլխավոր խնդիր` քլորոպրենային կաուչուկների արտադրության վերականգնումը, որը նույնպես հարցականի տակ ընկավ այն պատճառով, որ միջազգային շուկայում նավթամթերքների գներն սկսեցին աննախադեպ աճ գրանցել, իսկ բութադիենը նավթամթերքի ածանցյալ է, և այս պարագայում, բնականաբար, կաուչուկների գինը համարժեք արձագանք չէր գտնում` կախված նավթամթերքների գնի աննախադեպ աճից: Եվ վերջնակետը դարձավ 2008 թվականի միջազգային ճգնաժամը, որի արդյունքում ամբողջ համաշխարհային տնտեսությունը, այդ թվում նաև ողջ քիմիական ոլորտը հայտնվեց կոլապսի մեջ: Խնդիր առաջացավ նոր զարգացման ծրագիր ստեղծելու և իրականացնելու: Եվ 2010 թվականին բաժնետերերի կողմից հաստատվեց նոր զարգացման ծրագիրը, որը հիմնված էր հետճգնաժամային ժամանակաշրջանում ստեղծված նոր մոտեցումների վրա և ավելի մեծ ներդրումներ էր պահանջում, քան այն ծրագիրը, որը կար նախաճգնաժամային վիճակում: Ծրագիրն արդեն պատրաստ է: Պետք է ասենք, պարոն վարչապետ, որ այս պահին ամբողջ ծրագիրը հետաքրքրությունների հայտ ստանալու նպատակով հայտարարության տեքստով դրված է Էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կայքում և փնտրում ենք միջազգային օպերատոր, որն ի վիճակի կլինի և ձեռնամուխ կլինի այս ծրագրի իրագործմանը: Անհրաժեշտ է մոտավորապես 400-500 մլն դոլարի ներդրումներ, որպեսզի «Նաիրիտի» հարցը վերջնականապես լուծվի և այն համապատասխանի միջազգային չափանիշներին: Անհրաժեշտ են այնպիսի օպերատորներ, որոնք այսօր շուկայում կարող են գործ ունենալ նման մեծ ներդրումների, նման մեծ ֆինանսական միջոցների հետ:
Ամենատարբեր լուրեր են պտտվում տարբեր լրատվամիջոցներով առ այն, որ «Նաիրիտի» հիմնական բաժնետերերը ներգրավված են Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում, մասնավոր և պետական կառույցներում: Պետք է հիասթափեցնեմ բոլորին, որովհետև «Նաիրիտի» հիմնական բաժնետերերը Հայաստանում թե´ մասնավոր, թե´ պետական որևէ կառույցներում ներգրավվածություն չունեն: Պետք է ասեմ, որ ամենատարբեր լուրեր են պտտվում, թե «Նաիրիտի» սարքավորումները մոնտաժվում են, վաճառվում և այլն: «Նաիրիտում» կան 4 սերնդի սարքավորումներ, շենքեր և շինություններ: Բնականաբար, շատ սարքավորումներ այլևս պիտանի չեն, բարոյապես մաշված են, երկրորդը, որ դրանք արդեն այնքան հին են մաշվածության առումով, որ չի կարելի օգտագործել տեխնոլոգիական որևէ պրոցեսում: Ստեղծված է հատուկ հանձնաժողով, որը գնահատում է դրանց տեխնիկական և տեխնոլոգիական վիճակը, շուկայական արժեքները: Նման եռաստիճան փորձաքննություն անցնելուց հետո, եթե հնարավորություն է լինում դրանք իրացնելու, իրացնում ենք: «Նաիրիտում» այսօրվա վիճակով կա մոտ 4 ամսվա աշխատավարձի պարտք: «Նաիրիտի» հիմնական անձնակազմը հնարավորինս պահպանվում է, որպեսզի հետագայում խնդիր չառաջանա գործարկման հետ, նաև աշխատում ենք աշխատավարձի պարտքը կրճատել: «Նաիրիտում» եղել են ռուսական և արտասահմանյան խոշոր ընկերությունների քիմիական մասնագիտական խմբեր, այդ թվում` Սիբուրի 25 հոգուց բաղկացած աշխատանքային խումբը, Նիժնի Կամսկ Շին պրոմի աշխատանքային խումբը, ովքեր բավականին բարձր են գնահատել առկա ինչպես տեխնիկական ներուժը, այնպես էլ մարդկային ռեսուրսները, հատկապես «Նաիրիտի» մասնագիտական ներուժը: Եվ սա հույս է ներշնչում, որ մենք կարող ենք «Նաիրիտը» այս իրավիճակից հանել: Անցած տարիների ընթացքում կուտակվել են մոտավորապես 120-130 մլն դոլարի տարբեր պարտավորություններ, հիմնականում Միջպետական բանկի հանդեպ, քանի որ Միջպետական բանկն էր այս տարիների ընթացքում ֆինանասվորում «Նաիրիտի» աշխատանքը: Մոտավորապես 20-25 մլն դոլարի չափով ներքին պարտավորություններն են հայկական բանկերի հանդեպ. (աշխատավարձերի և այլ պարտավորությունները): Բայց գտնում եմ, որ այն ճանապարհը, որով գնում ենք, հնարավորություն կտա այս վիճակից ուղղակի փրկել «Նաիրիտը»:

Վարչապետ Տիգրան Սարգսյան - Շնորհակալություն, պարոն Մովսիսյան: Մրցույթի ժամկետը ե՞րբ է ավարտվում:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան - Պարոն վարչապետ, հունիսի 15-ին, մի ամիս է` արդեն դրել ենք: Ամսի 15-ին արդեն լրանում է ժամկետը: Սպասում ենք, տեսնենք, ովքեր հետաքրքրության հայտ կներկայացնեն: Բոլոր առաջարկները կներկայացնենք ձեր քննարկմանը և կփորձենք աշխատել:

Վարչապետ Տիգրան Սարգսյան - Տարաբնույթ մեկնաբանությունների դեմն առնելու լավագույն ձևը դա թափանցիկության ապահովումն է: Պետք է հրապարակային, թափանցիկ ներկայացնել իրավիճակը: Ես հանձնարարել եմ և´ էներգետիկայի և բնական պաշարների նախարարին, և´ ֆինանսների նախարարին, որպեսզի այս մրցույթի վերաբերյալ տեղյակ պահենք նաև միջազգային կազմակերպություններին, մասնավորապես, այս մրցույթի վերաբերյալ ՎԶԵԲ-ին են տեղեկացրել, Արժութային հիմնադրամին, որպեսզի նրանք նույնպես օգնեն մեզ այս աշխատանքներին միջազգային լուրջ կազմակերպություն ներգրավելու հարցում, որպեսզի կարողանանք այս իրավիճակից գործարանը դուրս բերել:

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյան - Պարոն վարչապետ, բոլոր նյութերը դրված են էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կայքում, թափանցիկ, վերջին տարիներին այնտեղ արդեն իրականացվում էր աուդիտ, աուդիտի եզրակացությունները նույնպես դրված են: Այնպես որ, որևիցե փակ նյութ չկա, բոլորը թափանցիկ, բոլորը կարող են տեսնել, օգտվել:

Վարչապետ Տիգրան Սարգսյան - Շատ լավ, որպեսզի նաև օպերատորը հստակ պատկերացում ունենա ֆինանսական վիճակի վերաբերյալ, հանձնարարություն է տրված ֆինանսների նախարարության աուդիտին և պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի «Նաիրիտում» իրականացնեն ստուգումներ և ամբողջական պատկերը նույնպես ունենանք:
Եվ երրորդ հարցը, հարգելի գործընկերներ, վերաբերում է նոտարական գործունեությանը: Թերթերն արդարացիորեն նշում են, որ վարչապետը հանձնարարական էր տվել, որպեսզի մենք անդրադառնանք ծառայությունների սակագներին, մեր վերահսկողական ծառայությունը բացահայտել էր, որ չնայած կառավարության որոշումով սահմանել ենք ծառայությունների գների որոշակի միջակայք, բայց ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ բոլոր նոտարները ծառայությունները մատուցում են մաքսիմալ գնով: Այդ պարագայում հարց էր առաջանում. իսկ ի՞նչ կարիք կար այդ դեպքում ծառայությունների գների այդպիսի միջանցք սահմանել, և հանձնարարական էր տրված արդարադատության նախարարին, որպեսզի մենք վերանայենք այդ մոտեցումը, բայց արդարադատության նախարարն այլ բացատրություններ տվեց, որը և մենք համարեցինք հնարավոր, ընդունեցինք այդ որոշումը: Հիմա խնդրենք նախարարին բացատրություններ տալ, թե ինչի համար է անհրաժեշտ պահպանել այդ սանդղակը: Համեցեք:

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյան - Պարոն վարչապետ, նախկին գործող սակագների մարժաներն էականորեն մեծ էին` սկսվում էին 0.5-ից մինչև հիսունապատիկը: Այսքան մեծ մարժաներ էին և տարբեր գործարքների համար, տարբեր իրենց բովանդակությամբ գործարքներ, ըստ էության, նույն տողի տակ էին գնում, և դրանով էր պայմանավորված: Բացի դրանից, այդ սակագներում կար այսպես կոչված բարդ գործարք հասկացությունը և նոտարական գրասենյակներում, ինչպես Ձեր վերահսկողության ծառայության, այնպես էլ արդարադատության նախարարության համապատասխան ստուգումները ցույց էին տալիս, որ երբեմն բավական պարզ, ստանդարտ պայմանագրերը գնահատվում էին որպես բարդ գործարքներ և գանձվում էր, ըստ էության, քսան հազար դրամ: Քննարկումների ժամանակ հանձնարարական կար հրաժարվել այդ մարժաներից, բայց մարժաներից հրաժարվելու դեպքում, ըստ էության, մենք կկորցնեինք նոտարական գրասենյակների և նոտարների միջև առավել բարենպաստ, առավել որակյալ ծառայություններ մատուցելու մրցակցությունը, և նրանց միջև մրցակցությունը կընթանար բացառապես այն հարցի շուրջ, թե իրենց գրասենյակները որ տարածքներում են տեղակայված: Առավել բարձր որակի ծառայություններ մատուցելու հարցում նրանց շահագրգռվածությունն էականորեն կփոքրանար: Մարժաները, որոնք կային, որոնք կառավարության նախորդ նիստով հաստատվել են, բայց դեռևս չեն հրապարակվել, ուժի մեջ չեն մտել, էականորեն փոքրացվել են, ընդհանրապես հանվել է բարդ գործարք հասկացությունը: Նոտարական ծառայությունների մեջ ներգրավված են նաև տպագրության և պատճենահանման համապատասխան ծախսերը: Հստակ սահմանված է, թե նոտարի կողմից արտագնա նոտարական գործողություն կատարելու համար ինչպիսի վճարներ են նախատեսված: Եվ կա նաև պահանջ, որ նոտարը պետք է հստակ սահմանի իր ծառայության սակագինը և այդ հստակ սահմանված սակագինը փակցված ունենա իր նոտարական գրասենյակում: Այսինքն, եթե ընդհանուր առմամբ դիտարկենք, փաստացի գանձումներից ընդամենը մեկ երկու գործարքների պարագայում է, որ փոքրիկ, ընդամենը մոտ 15-20 տոկոսով այդ գումարներն ավելանալու են: Մնացած բոլոր գործարքների պարագայում, եթե այդ բարդ գործարքները հանում ենք, լրացուցիչ մատուցվող ծառայությունների գները ներառում ենք նոտարական ծառայությունների մեջ, ապա մոտավորապես բոլոր գործարքներով, մոտ 40-50 տոկոսով, այդ գործարքների համար նոտարական ծառայությունների գներն ըստ էության փոքրանալու են: Մենք առանձնացրել ենք նոտարական բոլոր գործողությունների ցանկը, որը կար նախորդի համեմատ, մոտավորապես կրկնակի անգամ ավելացել է, և այս պարագայում նոտարական ծառայություններ ստացող անձը շատ ավելի հստակ կարող է տեսնել, թե որ գործողության համար իրենից ինչ է գանձվում: Հուսով եմ, որ ուժի մեջ մտնելուց հետո մեր քաղաքացիներն այս դրական փոփոխությունները շատ լավ կընկալեն:

Վարչապետ Տիգրան Սարգսյան - Շնորհակալություն, պարոն Թովմասյան: Ես ուրախ եմ, որ զանգվածային լրատվական միջոցներն ուշադրությամբ հետևում են մեր հայտարարութուններին և մեր կայացրած որոշումներին և բացահայտում են շեղումները: Հիմա Ձեր բացատրությունից բխում է, որ մենք ստեղծում ենք այնպիսի միջավայր, որ պետք նոտարների միջև լինի մրցակցություն: Եթե կա մրցակցություն, ուրեմն նրանք պետք է հնարավորություն ունենան նաև գներն իջեցնել: Մի քանի ամիս հետո ես առաջարկում եմ անդրադառնալ այս խնդրին և տեսնել` արդյոք մենք այդ նպատակին հասանք, թե ոչ: Ու եթե ոչ, ապա նորից պետք է անդրադառնանք նորմատիվային փոփոխությունների` հասկանալով, թե ինչու մրցակցություն չի ձևավորվում: Շատ լավ: Հարգելի գործընկերներ, անցնենք օրակարգի ձևավորմանը:

 

Օգոստոս 2019
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 

-

Արխիվ