Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 12 մայիսի 2011

Պարզեցվում է պետական սահմանը հատելու ընթացակարգը





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Մինչև օրակարգի ձևավորմանն անցնելը վարչապետն անդրադարձել է ՀՀ վերահսկիչ պալատի հերթական ստուգումների արդյունքներին և այդ կապակցությամբ տվել մի քանի հանձնարարություն (ՀՀ վարչապետի ներածական խոսքը կայքում տեղադրված է առանձին)։
Հաստատելով օրակարգը, կառավարությունը ձեռնամուխ է եղել նախագծերի քննարկմանը։ Գործադիրը հաստատել է ՀՀ 2011թ. մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) և ՀՀ վիճակագրության պետական խորհրդին առաջարկել ծրագրի հիման վրա մեկամսյա ժամկետում հաստատել մարդահամարի հարցաթերթը։ Մեկ այլ որոշմամբ 2011թ. մարդահամարի նախապատրաստական աշխատանքի կազմակերպման համար ՀՀ ազգային վիճակագրական ծառայությանը հատկացվել է 100 մլն դրամ։ Մարդահամարն անցկացվելու է 2011թ. հոկտեմբերի 12-21-ը։ Դրա արդյունքում տեղեկություններ կստացվեն բնակչության թվաքանակի, կազմի, սոցիալ-ժողովրդագրական կառուցվածքի, աշխարհագրական տեղաբաշխման, զբաղվածության (տնտեսական ակտիվության), կրթության և տնտեսությունների բնակարանային պայմանների վերաբերյալ։


Կատարելագործվում է պետական սահմանի համալիր կառավարումը

ՀՀ կառավարությունը սահմանել է ՀՀ պետական սահմանում սահմանային ռեժիմը, պետական սահմանի անցման կետերի ռեժիմը, երկաթուղային, ավտոմոբիլային, օդային և այլ հաղորդակցությունը պետական սահմանով իրականացնելու նպատակով` ՀՀ պետական սահմանի անցման կետերը, սահմանանշանների ձևերը, տեղադրման կարգը և նկարագիրը, պետական սահմանի խնամքի կանոնները, անձանց, տրանսպորտային միջոցների, կենդանիների, բեռների և այլ գույքի` պետական սահմանով բացթողնման կանոնները։ Փաստաթղթերի ընդունումը հնարավորություն կտա ամբողջությամբ ապահովել օրենսդրության համապատասխան դրույթներից բխող պահանջները, կարգավորել ոլորտում պատասխանատու լիազոր մարմինների իրավասությունների և համագործակցության շրջանակները, վերահսկողական և հսկողական գործառույթները, իրականացնել անցման կետերի արագ և արդյունավետ աշխատանքը։ Վարչապետն առաջարկել է ընդունել նաև արձանագրային որոշում. «Մենք մեր քաղաքացիներից շարունակում ենք ստանալ բողոքներ, որ սահմանը հատելիս բավական երկար ժամանակ են ծախսում բոլոր ընթացակարգերի վրա, այժմ ավելացել է նաև պարտադիր ապահովագրության խնդիրը, հերթեր են առաջանում,- ասել է Տիգրան Սարգսյանը։ - Մենք նաև դիմել ենք Կենտրոնական բանկին, խնդրելով, որ այս հարցը քննարկվի։ Այնտեղ անցկացվել է խորհրդակցություն ապահովագրական ընկերությունների հետ, որոնք պատրաստ են այդ ծառայությունները մատուցել սահմանակետերում` իրենց տրամադրված տարածքներում։ Եթե նրանք ունեն այդ պատրաստակամությունը, ապա արձանագրային որոշմամբ հանձնարարականներ տանք մեր երեք մարզպետներին, ՀՀ տարածքային կառավարման նախարարությանը, Պետական եկամուտների կոմիտեին, որպեսզի հնարավորին չափ սեղմ ժամկետում հատկացնեն այդ տարածքները` համագործակցելով Կենտրոնական բանկի հետ, հրավիրելով ապահովագրական ընկերություններին, որպեսզի նրանք այդ տարածքներում ի վիճակի լինեն այս ծառայությունները մատուցել, և մենք հերթերից հնարավորին չափ սեղմ ժամկետում ձերբազատվենք»։
Երկու որոշմամբ գործադիրը լրացումներ է կատարել Երևան քաղաքի, Լոռու և Տավուշի մարզերի անվանակոչված օբյեկտների անվանումները հաստատելու որոշումների հավելվածներում` թարմացնելով աշխարհագրական անվանումների պետական քարտադարանը։


Վերացվում է ավելորդ վարչարարությունը

ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ և լրացումներ, ինչը հողամասի նկատմամբ իրավունքներ ունեցող սուբյեկտներին հնարավորություն է տալիս առանց ավելորդ վարչարարության և ժամանակի կորստի լուծել հողամասի նպատակային նշանակության փոփոխման խնդիրը։ Այս կապակցությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանը կրկին կարևորել է քաղաքացիներին որակյալ ծառայություններ մատուցելու խնդիրը, կոչ արել գիշեր-ցերեկ աշխատել այն լուծելու համար, քանի որ պաշտոնյաների գործը ժողովրդի հոգսը թեթևացնելն է։ «Վերջիվերջո, մենք ենք ժողովրդի համար, ոչ թե ժողովուրդը մեզ համար,- շեշտել է վարչապետը։ - Մինչդեռ 9 ամիս է տևում` մինչև որ այդ թույլտվությունները հասնում են մարդկանց, խոչընդոտվում է բիզնեսը, բարդանում մարդկանց կյանքը։ Հիմա առաջին քայլն է, և մենք պարտավոր ենք այդ ծառայությունների տրամադրման ժամկետն էապես կրճատել։ Հիմա ի՞նչ է տեղի ունենում։ Փաստաթուղթը գնում է նախարարություններ և շաբաթներով մնում այնտեղ։ Պետք է զանգենք, խնդրենք, որ բյուրոկրատները թղթերը շրջանառության մեջ դնեն, ուղարկեն կառավարություն, որպեսզի որոշում ընդունվի։ Ինչպե՞ս կարելի է դա հանդուրժել։ Քաղաքացին 9 ամիս սպասում է, որ պատասխան ստանա։ Անթույլատրելի է։ Դրա համար մենք պարտավոր ենք այս որոշումն ընդունել. միասին քննարկեք, բոլոր մեխանիզմները հստակեցրեք։ Առաջին քայլը սա է, երկրորդով կընդունվի օրենքը, որն Ազգային ժողովում է, հետո իջնելու ենք նաև ստորին մակարդակ, որպեսզի նաև համայնքներում այս գործընթացն արագ լինի։ Մարդկանց կամ ասենք այո, կամ` ոչ, բայց հնարավորինս սեղմ ժամկետում։ Բացի այդ, որոշումն ունի հստակ հակակոռուպցիոն բնույթ։ Հասկանալի է, չէ՞, չինովնիկը տեղում նստած ինչու է ձգձգում որոշման ընդունումը. սպասում է մինչև մեկը գա, բարեխոսի և այլն։ Ինչի՞ է պետք նման ռիսկեր ստեղծելը»։


Հսկողություն է իրականացվում դրոշմավորման կարգերի նկատմամբ

Իր որոշմամբ կառավարությունը 2011թ. հուլիսի 1-ից կիրառությունից հանել է ՀՀ ներմուծվող կամ Հայաստանում արտադրվող ակցիզային հարկով հարկման ենթակա որոշ ապրանքների դրոշմավորման համար «2008» թվագրմամբ ակցիզային դրոշմանիշները, սահմանել, որ 2012թ. հունվարի 1-ից արգելվում է դրանցով դրոշմավորված արտադրանքի իրացումը, ինչի շնորհիվ կմեծանա դրոշմավորման պահանջների նկատմամբ հսկողության արդյունավետությունը։ Հաջորդ որոշմամբ ավելի վաղ ընդունված որոշման մեջ կատարվել է փոփոխություն, համաձայն որի մաքսային մարմիններին կատարված վճարումը պետք է հավաստվի նաև հայտարարագրման ավտոմատ համակարգին առևտրային բանկի կողմից վճարումը կատարած լինելու էլեկտրոնային եղանակով ուղարկված հաղորդագրությամբ։ Արդյունքում էականորեն կկրճատվի «Կանաչ ուղի» ընթացակարգով ապրանքների և տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպման համար պահանջվող ժամանակը։
Գործադիրը հաստատել է ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին ֆինանսավորման ենթակա կապիտալ շինարարության կամ հիմնանորոգման աշխատանքների 300 մլն դրամից ոչ պակաս չափով նախահաշվային արժեք ունեցող օբյեկտների ցանկը, որն ընդգրկում է ՀՀ տրանսպորտի և կապի, ՀՀ քաղաքաշինության նախարարությունների, Արագածոտնի, Արարատի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզպետարանների իրավասությանը պատկանող ավտոճանապարհների, մշակութային, կրթական, մարզական, վարչական օբյեկտների շինարարություն։ Մեկ այլ որոշմամբ ՀՀ տարածքային կառավարման նախարարության ջրային տնտեսության պետական կոմիտեին 2011թ. ինն ամսում հատկացվել է 16 մլն 350 հազար դրամ` Սյունիքի մարզի Մեղրու տարածաշրջանում օգտագործվող ոռոգման ջրի դիմաց գանձվող վարձավճարների նկատմամբ 50 տոկոս զեղչ կիրառելու նպատակով։ Հաշվի են առնվել այդ տարածաշրջանի ռազմավարական կարևորագույն նշանակությունը և սոցիալ-տնտեսական զարգացման գերակայությունը։ Լրացումներ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը պարզեցրել է ջրօգտագործման թույլտվության տրամադրման և երկարաձգման գործընթացը` դյուրացնելով ստորերկրյա ջրային պաշարների օգտագործման կառավարումը։
Փոփոխվել և լրացվել է ավելի վաղ ընդունված «Ճապոնիայի կառավարության «Սակավապահով ֆերմերների համար դրամաշնորհային աջակցություն» 10-րդ ծրագրով ՀՀ ներկրված գյուղատնտեսական տեխնիկան տնօրինելու մասին» որոշումը, ինչի շնորհիվ հանրապետության հիմնական սերմարտադրող կազմակերպությունները և սոցիալ-տնտեսական առավել ծանր վիճակում գտնվող 20 համայնք տրակտոր ձեռք կբերեն առանց աճուրդի, սահմանված գնով։

Պետությունը խրախուսում է հայրենադարձությունը

Իր նիստում գործադիրը հավանություն է տվել «Հայրենադարձության մասին» ՀՀ օրենքի նախագծին, որը սահմանում է հայրենադարձության հետ կապված պետական քաղաքականության սկզբունքները, հայրենադարձության կազմակերպման և իրականացման կարգն ու պայմանները, մի շարք այլ իրավահարաբերություններ։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գյուղատնտեսական տեխնիկայի շահագործման մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է վերացնել գյուղտեխնիկայի պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու օրենքով սահմանված պահանջը` գյուղացուն հնարավորություն ընձեռելով խուսափել տվյալ գործընթացի համար ֆինանսական միջոցների վատնումից։ Քննարկվել է ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքում և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի փաթեթը, որն ընդհանուր առմամբ ընդունելի է համարվել, քանի որ չորացած բուսականության այրումը վնաս է պատճառում ինչպես մթնոլորտային օդին, այնպես էլ բուսական և կենդանական աշխարհին և օրենքներով արգելող, պատասխանատվություն սահմանող նորմերի ամրագրումն իրավական միջոց կհանդիսանա այդ արատավոր սովորույթը վերացնելու ուղղությամբ։ Կառավարությունն սկզբունքային առարկություն չունի նաև «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությանը, որով հանդես են եկել ԱԺ մի խումբ պատգամավորներ և որը վերաբերում է խմորման ենթարկված ըմպելիքներին։ Ազգային ժողովի մեկ այլ խումբ պատգամավորների օրենսդրական նախաձեռնության նպատակն է լրացումներ կատարել «Սննդամթերքի անվտանգության մասին» ՀՀ օրենքում` բարձրացնելով սպառողների իրազեկվածության մակարդակը։ Գործադիրն այս առնչությամբ արել է մի շարք առաջարկություններ, որոնց ընդունման դեպքում ընդունելի կհամարի օրինագիծը։
Կառավարությունը մի շարք առաջարկություններ է արել նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Հարությունյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ և լրացում կատարելու օրենքների նախագծերի վերաբերյալ։ Դրանք ընդլայնում և հստակեցնում են «խոշտանգում» հասկացությունը, որը սահմանված է «Խոշտանգումների և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի դեմ» ՄԱԿ-ի 1984թ. դեկտեմբերի 10-ի կոնվենցիայում։
Ազգային ժողովի մի խումբ պատգամավորներ հանդես են եկել «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենսդրական նախաձեռնությամբ, որը նույնպես քննության է առել ՀՀ կառավարությունը և եզրակացրել, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բացակայում է։
Կառավարությունը բացասական եզրակացություն է տվել ԱԺ մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Առևտրի և ծառայությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրինագծին, որով առաջարկվում է ժամանակավորապես լուծել բացօթյա առևտրով զբաղվող քաղաքացիների աշխատանքի խնդիրը, ինչն ըստ էության հետընթաց քայլ է։ Գործադիրը դեմ է նաև «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթին, որով առաջարկվում է օրենքով սահմանել կենսաթոշակառուի մահվան դեպքում նրա հուղարկավորությունը կատարած անձին վճարվող թաղման նպաստը։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Սերտանում է ԱՊՀ երկրների համագործակցությունը

Գործադիրը համաձայնություն է տվել «Ազատ առևտրի գոտու մասին» պայմանագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթուղթն ստորագրելու են ԱՊՀ անդամ պետությունները` նպատակ ունենալով ստեղծել ապրանքների ազատ շարժման պայմաններ և ղեկավարվելով իրենց պետությունների բնակչության կենսամակարդակի մշտական բարձրացման ձգտումով։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել`
- «Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների տարածք մուտք գործող երրորդ պետությունների քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց հաշվառման միասնական համակարգի մասին»,
- «Սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների համագործակցության հիմնական ուղղությունների մասին 2000թ. հունվարի 25-ի համաձայնագրի մեջ փոփոխություններ կատարելու մասին»,
- «ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն գործունեության տեղաբաշխման տեղեկատվական համակարգի և «Տեղեկատվություն ԱՊՀ մասնակից պետությունների ինովացիոն գործունեության համար» ԱՊՀ պորտալի ձևով տեղեկատվական ենթակառուցվածք ստեղծելու մասին»,
- «ԱՊՀ մասնակից պետությունների հիմնարար գիտության ոլորտում համագործակցության խորհուրդ ստեղծելու մասին»,
- «ԱՊՀ մասնակից պետությունների` երիտասարդության հետ տարվող աշխատանքի բնագավառում համագործակցության մասին 2005թ. նոյեմբերի 25-ի համաձայնագրում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» համաձայնագրերի և արձանագրության կնքման առաջարկություններին։
Գործադիրը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Քուվեյթի Պետության կառավարությունների միջև դիվանագիտական և հատուկ անձնագրեր կրող անձանց առանց մուտքի արտոնագրի միմյանց տարածք մուտք գործելու մասին» փոխըմբռնման հուշագիր, «Հայաստանի Հանրապետության և Սեյշելյան Կղզիների Հանրապետության կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիր կնքելու առաջարկություններին։
Իր նիստում կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Օմանի Սուլթանության կառավարությունների միջև միանգամից երեք` տնտեսական, գիտական և տեխնիկական, կրթության և գիտության, մշակույթի բնագավառներում համաձայնագիր կնքելու առաջարկությանը։


Այլ հարցեր

Կառավարությունը Երևանի «Ռիխտեր-Լամբրոն» ՀՁ ՍՊԸ-ին երեք տարի գործողության ժամկետով տվել է թմրամիջոցների և հոգեմետ նյութերի արտահանման, ներմուծման և մեծածախ առևտրի արտոնագիր։
Գործադիրը հաստատել է «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ», «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» և «Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարան» ՊՈԱԿ-ների ռեկտորների պաշտոններում համապատասխանաբար Արմեն Մազմանյանի, Կորյուն Աթոյանի և Դերենիկ Դումանյանի ընտրության արդյունքները։
Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարբեր ժամկետներով տարկետում է տվել ութ անձի։
ՀՀ կառավարության հերթական նիստը տեղի է ունենալու ս.թ. մայիսի 20-ին, ուրբաթ օրը, ժամը 11։00-ին։
Նիստի օրակարգում ընդգրկված հարցերը, որոշման նախագծերը, հիմնավորումները և տեղեկանքները տես` հետևելով հղմանը:

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ