չորեքշաբթի, 4 մայիսի 2011
Տիգրան Սարգսյանն ընդունել է դեղ արտադրող և ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչներին
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր Կառավարությունում անցկացրել է խորհրդակցություն, որը վերաբերվում էր դեղ արտադրողների և ներմուծողների կողմից ներկայացված նամակ-դիմումին: Գործադիրի կողմից նախկինում ընդունվել էր «Հայաստանի Հանրապետության դեղերի և դեղանյութերի ներմուծման և արտահանման կարգը հաստատելու մասին» որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին որոշումը: Այն նպատակաուղղված է ՀՀ դեղերի շուկայում մրցակցության բարձրացմանը և դեղերի գների նվազեցմանը: 
Ներկաները դիմում-նամակում մտահոգություն էին հայտնել, որ այդ որոշման մեջ կան խնդիրներ, որոնք առնչվում են դեղերի նույնականացմանը, դեղերի տուփերում օտար լեզուներով ներդիրների առկայությանը և այլ հարցերի: 
Վարչապետը լսել է դեղ արտադրող և ներմուծող կազմակերպությունների ներկայացուցիչների մտահոգություներն ու առաջարկները և հայտնել, որ որոշման ընդունման նպատակը հնարավոր բարենպաստ գնային տարբերություններից օգտվելն ու շուկայում մրցակցության խթանումն է: 
Կառավարության ղեկավարը նշել է նաև, որ այդ որոշմամբ հավասարակշռվում են դեղերի անվտանգության և շուկայում մրցակցության խթանման հարցերը:
 
            







