հինգշաբթի, 30 հոկտեմբերի 2003
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հունաստանի Հանրապետության ազգային պաշտպանության փոխնախարար Լազարոս Լուրիդիսին և նրա գլխավորած պատվիրակությանը:
Զրույցի ընթացքում քննարկվել են Հայաստանի և Հունաստանի միջև ռազմաքաղաքական համագործակցությանը վերաբերող ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարաբերությունների զարգացմանն առընչվող հարցեր:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը նշել է, որ զարգացման եվրոպական ուղին որդեգրած Հայաստանը, եվրոպական կառույցներին լիարժեքորեն ինտեգրվելու իր քաղաքականության մեջ Հունաստանին դիտում է որպես առաջնային գործընկերներից մեկը: Այդ առումով, ըստ նրա, մեր երկրի համար ռազմավարական նշանակություն ունի Հունաստանի հետ համագործակցության զարգացումը ինչպես ռազմական, ռազմաքաղաքական, անվտանգության, այնպես էլ տնտեսական, մշակութային և այլ բնագավառներում: Վարչապետը հայ-հունական գործակցությունը կարևորել է նաև ՆԱՏՕ-ի շրջանակներում, նշելով, որ Հայաստանում իրականացված «Համատեղ ջանք-2003» զորավարժություններից հետո, ՆԱՏՕ-ի «Գործակցություն հանուն խաղաղության» ծրագրին Հայաստանի մասնակցության առումով էական նշանակություն կունենա հայկական զինված ուժերի խաղաղապահ դասակի գործուղումը Կոսովո՝ հունական գումարտակի կազմում միջազգային խաղաղապահ առաքելությանը մասնակցելու նպատակով:
Անդրադառնալով դեռևս իննսունական թվականներից սկիզբ առած ռազմական համագործակցությանը, կողմերը գոհունակություն են հայտնել այդ ոլորտում գործակցության ներկա մակարդակից, ընդգծելով, որ այն ընթանում է շարունակական ընդլայնման ուղիով: Ըստ նրանց, համագործակցության հետագա խորացման լավ հեռանկարներ կան հատկապես ռազմական արդյունաբերության, բարձր տեխնոլոգիաների, պաշտպանական նշանակության համատեղ ձեռնարկությունների ստեղծման և համատեղ ծրագրերի մշակման, ռազմատեխնիկական, ինչպես նաև ռազմաբժշկական, ռազմաուսումնական, սպառազինությունների վերահսկման, տեղեկատվության փոխանակման բնագավառներում:
Զրույցի ընթացքում վարչապետ Անդրանիկ Մարգարյանը և փոխնախարար Լազարոս Լոտիդիսը անդրադարձել են նաև ընդհանուր և տարածաշրջանային անվտանգության հարցերին: Փաստելով, որ տարածաշրջանային խնդիրներում Հայաստանի և Հունաստանի ռազմավարական շահերը հիմնականում համընկնում են, նրանք հավաստել են երկկողմ համագործակցության կարևորությունը Հարավային Կովկասում ուժերի հարաբերական հավասարակշռության պաշտպանման և կայունության ամրապնդման գործում: