Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 14 ապրիլի 2011

Կպարզեցվի վարորդական վկայական ստանալու կարգը




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետը ծննդյան տարեդարձի առթիվ շնորհավորել է ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանին, նրան մաղթել արդյունավետ աշխատանք։

Ոլորտը կդառնա առավել թափանցիկ

Գործադիրը, փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, սահմանել է ցանկն այն հիվանդությունների, որոնց դեպքում արգելվում է վարել տրանսպորտային միջոց, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային պատահարներից տուժածներին բժշկական օգնություն ցույց տալու կարգը։ Ակնկալվում է, որ որոշմամբ կպարզեցվի վարորդական վկայական ստանալու քննություններ ընդունելու և վկայական ստանալու կարգը, ոլորտը կդարձվի առավել թափանցիկ, առավելագույնս կապահովվեն քաղաքացիների իրավունքները և օրինական շահերը։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը համոզմունք է հայտնել, որ ոստիկանությունը կարճ ժամանակահատվածում այս ոլորտում լուրջ ձեռքբերումներ կունենա, ինչպիսիք մենք ունեցանք անձնագրերի տրամադրման հարցում, որտեղ այսօր կոռուպցիոն ռիսկ չկա։ Վարչապետը նաև տեղեկացրել է, որ պետական ծառայությունների ոլորտի մոնիտորինգը շարունակվում է։
Կառավարությունը սահմանել է ոստիկանության ծառայողի համազգեստի նկարագիրը և այն կրելու ժամկետները, ՀՀ ԿԱ ոստիկանության պետին հանձնարարել մինչև ս.թ. հունիսի 1-ը սահմանել ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու, այն կրելու կարգն ու պայմանները։ Նախկին խորհրդային պետության միջին կլիմայական պայմաններին համապատասխանեցված համազգեստն այժմ արդիական չէ և հարմարավետ չէ ոստիկանության ծառայողների համար։
ՀՀ կառավարությունը հաստատել է`
- ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության ստորաբաժանումների կողմից ՀՀ անունից պայմանագրային հիմունքներով պահպանության և անվտանգության գծով իրականացվող ծառայությունների, ճանապարհային ոստիկանության կողմից արձանագրված խախտումների համար վարչական տուգանքի գանձման, քաղաքացիներին բժշկական օգնության և սպասարկման, ՀՀ քաղաքացուն անձնագիր տալու կամ փոխանակելու վճարովի ծառայությունների մատուցման ծրագրերի գծով արտաբյուջետային հաշվի միջոցների ծախսման 2011թ. նախահաշիվները,
- Երևան քաղաքի ճանապարհային լուսացույցների և այլ տեխնիկական միջոցների պահպանման ու շահագործման նորմատիվները, որոնք մինչ այդ իրավական ոչ մի ակտով սահմանված չէին,
- Համաշխարհային բանկի կողմից Հայաստանի Հանրապետությանը տրամադրվող վարկային և դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող «Կրթության որակ և համապատասխանեցում» երկրորդ վարկային ծրագրի կառավարման խորհրդի հաստատած ՀՀ դպրոցների ինտերներտային ցանցի ընդլայնման և անհրաժեշտ սարքավորումների մատակարարման ու տեղադրման, ինչպես նաև ստեղծված ենթակառուցվածքի առաջին երեք ամիսների ընթացքում պահպանման նպատակով կազմակերպության ընտրության միջազգային մրցույթի արդյունքները` 758.265.063 ՀՀ դրամ պայմանագրային արժեքով` հաղթող ճանաչելով «Հարմոնիա» տեղեկատվական տեխնոլոգիաների կրթության զարգացման հիմնադրամին,
- հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկության ձևը։
Գործադիրը որոշել է ստեղծել ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմի օրինականության վերահսկողության տեսչություն, հաստատել դրա կանոնադրությունը և կառուցվածքը։


Աջակցություն է ցուցաբերվում գյուղացիական տնտեսություններին

Հաշվի առնելով ոռոգման ոլորտում ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների մեղմման անհրաժեշտությունը և նպատակ ունենալով աջակցել գյուղացիական տնտեսություններին, կառավարությունը «Սևան-Հրազդանյան ջրառ», «Դեբեդ-Աղստև ջրառ» և «Ախուրյան-Արաքս ջրառ» ՓԲԸ-ներին թույլատրել է մինչև 2011թ. մայիսի 1-ն ընկած ժամանակահատվածը ոռոգելի աղակալած հողերի լվացման և խոնավալիցք հաղորդելու նպատակով ինքնահոս եղանակով հաշվառված ոռոգման ջուրը մատակարարել առանց հասույթ ձևավորելու։ 2011թ. մայիս ամսվա ընթացքում գետերի վարարման հետևանքով հեղեղումը կանխելու նպատակով այդ ՓԲԸ-ներին թույլատրվել է ջրերի վարարումը մայր ջրանցքների միջոցով բեռնաթափելու միջոցով ոռոգման ջուրը ջրօգտագործողների ընկերություններին մատակարարել նույնպես առանց հասույթ ձևավորելու։ ՋՕ ընկերություններին առաջարկվել է նշված դեպքերում (բացառությամբ մեխանիկական եղանակով մատակարարվող ջրի) մինչև 10 հա հողատարածք ունեցող ջրօգտագործողներին ոռոգման ջուրը մատակարարել անհատույց։ Ամփոփելով հարցի վերաբերյալ ծավալված մտքերի փոխանակությունը, վարչապետ Տիգրան Սարգսյանը Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահին հանձնարարել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի հետ համագործակցելով ճշգրտել նշված ծրագրերի ժամանակացույցը, ինչպես նաև գյուղացիական այն տնտեսությունների թիվը, որոնք, օգտվելով այս արտոնությունից, ոռոգման ջուրն անվճար են ստանալու։
Գործադիրը հաստատել է ՀՀ արոտավայրերի և խոտհարքների օգտագործման կարգը, որով սահմանված պահանջները կնպաստեն դրանց բերքատվության բարձրացմանը և վերականգնմանը, որակական բնութագրերի և բնապահպանական վիճակի վատթարացման կանխմանը և սանիտարական պատշաճ վիճակի պահպանմանը։ Այս կարգը, Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ, գյուղացիներին հնարավորություն է տալու արոտավայրերից օգտվել` չվճարելով նախկին կարգով սահմանված գումարը` յուրաքանչյուրը տարեկան մոտ 240 հազար դրամ։ Վարչապետը հանձնարարել է այս որոշման բովանդակությունը լրատվամիջոցների աջակցությամբ հասցնել բոլոր համայնքներ, գյուղացիական տնտեսություններ։
Կառավարությունը որոշել է ՀՀ հողային ֆոնդի` ըստ նպատակային նշանակության (կատեգորիաների) հողերի 2011թ. կադաստրային գները (արժեքները) և կադաստրային զուտ եկամտի չափերը սահմանել իր նախկին որոշումներից մեկով սահմանված չափերով։ Իրավական ակտի կիրառումը կնպաստի հողի շուկայի զարգացմանը, հողի հարկի բազայի և համայնքային բյուջեների ձևավորմանը։
Կառավարությունը վերաբաշխում է կատարել 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր նախկին որոշումներից մեկում։ Սույն որոշման ընդունումը պայմանավորված է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության կողմից իրականացվող ծրագրերը ֆինանսական միջոցներով ապահովելու հետ կապված հարցերի կանոնակարգման անհրաժեշտությամբ։


Քննարկվելու են բարեփոխումները խթանող օրինագծերը

Կառավարությունը որոշել է ՀՀ Ազգային ժողովի նախագահին առաջարկել 2011թ. ապրիլի 15-ին ժամը 12։00-ին գումարել ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստ և քննության առնել երկրի կյանքի համար կարևոր նշանակություն ունեցող մի շարք օրենքների նախագծեր։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ արտահերթ նիստի օրակարգը ձևավորվել է նախարարություններից ստացված հայտերի հիման վրա։ Ընտրվել են այն նախագծերը, որոնք միտված են բարեփոխումներն առաջ մղելուն, գործարար միջավայրի ցուցանիշը բարձրացնելուն։ Օրինագծերի երկրորդ փաթեթը վերաբերում է միջազգային կազմակերպություններից ստացվող ֆինանսական օժանդակությանը։ Հիմնականում ներառվել են այն նախագծերը, որոնց վերաբերյալ քննարկում է եղել Ազգային ժողովում։ Օրակարգը կհստակեցվի նաև ԱԺ-ի հետ, որպեսզի պատգամավորները բավարար հնարավորություն ունենան ամբողջ ծավալով քննարկել օրինագծերը, մանավանդ որ ԱԺ նախագահի տեղեկացմամբ` այնտեղ քվեարկության համակարգի տեխնիկական վերազինման աշխատանքներ են սպասվում, և այս առումով նիստի օրը կարող է ճշգրտվել։
Կառավարությունը հավանություն է տվել «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որը բխում է ՀՀ կառավարության «Գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրից»։ Օրենքի ընդունմամբ ակնկալվում է ձևավորել ներդրումային և գործարար բարենպաստ միջավայր, որտեղ կամրապնդվեն ընկերության կառավարման գործում որոշիչ ձայնի իրավունք չունեցող բաժնետերերի շահերը` տնօրենների կողմից ընկերության ակտիվներն իրենց անձնական շահերի համար օգտագործման չարաշահման դեպքում։ Գործադիրը նաև որոշել է անհետաձգելի համարել սույն օրինագիծը։ Վարչապետի խոսքով անհետաձգելի լինելը պայմանավորված է նրանով, որ ընդունվելիք օրենքն էական ազդեցություն է թողնելու գործարար միջավայրի բարելավման ցուցանիշի վրա։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունումով կապահովվի ՀՀ և Եվրամիության օրենսդրությունների ներդաշնակեցումը և հնարավորություն կստեղծվի ապահովելու գյուտերի, օգտակար մոդելների և արդյունաբերական նմուշների իրավական պահպանության արդյունավետությունը։ Հավանություն է տրվել «Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու օրենքի նախագծին, որն ընդունելու դեպքում կվերացվեն այդ և երկու այլ օրենքների միջև առկա հակասությունները, անհամապատասխանությունները և օրենսդրությամբ առկա կրկնությունները։
Գործադիրի հավանությունն է ստացել «Այլընտրանքային ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագիծը, որի ներկայացման հիմք են հանդիսացել միջազգային կառույցների և փորձագետների կողմից վերջին մի քանի տարիների ընթացքում արված առաջարկությունները։ Ենթադրվում է, որ օրինագծի ընդունումը հնարավորինս կնվազեցնի շահառուների դժգոհությունը, ինչպես նաև կնպաստի օրենքի համապատասխանեցմանը կարգավորման ոլորտին վերաբերող միջազգային չափորոշիչներին։
Կառավարությունն իր նիստում հավանության է արժանացրել «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքում և ևս երկու օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որի ընդունմամբ կհստակեցվեն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի իրացման կարգը, պայմանները և դրանք խախտելու հետևանքները։
Գործադիրը քննության է առել ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Արա Նռանյանի և Կարեն Վարդանյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Սննդամթերքի անվտանգության մասին» և ևս երեք ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որով առաջարկվում է արգելել պիտանիության ժամկետն անցած սննդամթերքի ներմուծումը։ Կառավարությունը ներկայացված օրինագծերն ընդունելի կհամարի իր ներկայացրած առաջարկությունների ընդունման դեպքում։
Վերը նշված օրենքների նախագծերը և կառավարության եզրակացությունը սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ Ազգային ժողով։


Շախմատը կդասավանդվի տարրական դասարաններում

Վերաբաշխում կատարելով 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում, կառավարությունը Հայաստանի շախմատի ակադեմիային տրամադրելու համար ՀՀ կրթության և գիտության նախարարությանը հատկացրել է 177084.1 հազար դրամ` պետական դպրոցների տարրական դասարաններում շախմատի դասավանդման, ինչպես նաև դասագրքերի և ուսուցչի ձեռնարկների տպագրման, շախմատային գույքի ձեռքբերման, ուսուցիչների վերապատրաստման համար։ Նախարարությանը տրամադրվել է ևս 386100.0 դրամ` շախմատ խաղալու համար նախատեսված սեղան և աթոռ ձեռք բերելու նպատակով։ Շախմատի դասավանդումը կնպաստի կրտսեր դպրոցականների մտավոր կարողության զարգացմանը։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի կողմից երիտասարդների մարզային կենտրոնների ստեղծման, կրթական ու այլ ծրագրերի կազմակերպման և իրականացման աշխատանքներին աջակցելու նպատակով կառավարությունը որոշել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության «Երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոն» ՊՈԱԿ-ին ամրացված Տավուշի մարզի Իջևան և Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքներում գտնվող շենքը և տարածքը հետ վերցնել և անհատույց օգտագործման իրավունքով հանձնել Հայաստանի երիտասարդական հիմնադրամին։ Հիմնադրամին է նվիրաբերվել նաև նշված ՊՈԱԿ-ի մարզային կենտրոնների գույքը։
Փոփոխելով և լրացնելով իր նախկին որոշումներից մեկը, կառավարությունը համապատասխան հողատարածք է տրամադրել ռադիոիզոտոպների արտադրության համալիրից, պոզիտրոնային էմիսիոն տոմոգրաֆներով համալրված ախտորոշիչ կենտրոնից և ուռուցքաբանական կլինիկայից բաղկացած ուռուցքաբանության գերազանցության հայկական կենտրոնի հիմնադրման համար։
Կառավարությունը լրացումներ է կատարել իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկում` կարգավորելով աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների պետական աջակցությամբ իրականացվող բնակարանային ապահովման ծրագրով հատկացված բնակարանում համատեղ բնակվելու անհնարինության դեպքում մեկից ավելի տնակ զբաղեցնող բազմանդամ ընտանիքների զբաղեցրած տնակների քանդման հետ կապված հարցերը։
Կառավարության որոշմամբ «Երևան N3 արհեստագործական ուսումնարան» ՊՈԱԿ-ը միացման ձևով վերակազմակերպվել է «Երևանի պետական ֆինանսատնտեսագիտական քոլեջ» ՊՈԱԿ-ի։ Ակնկալվում է, որ դրա շնորհիվ կբարձրանա ուսումնական հաստատության կառավարման արդյունավետությունը, կվերանայվեն տրվող մասնագիտությունները` մեկ հաստատության ներսում ապահովելով արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրերի իրականացումը։


Միջազգային համագործակցություն

ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության կառավարության և Ավստրիայի Դաշնային կառավարության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման համաձայնագիր կնքելու առաջարկությանը` ցուցաբերելով անօրինական միգրացիայի նման կարևոր և նուրբ հիմնախնդրի քաղաքակիրթ լուծումը գտնելու իր պատրաստակամությունը։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարությունների միջև կրթության բնագավառում համագործակցության համաձայնագիր կնքելու առաջարկությանը։ Մեկ այլ որոշմամբ համաձայնություն է տրվել «Բազմաբնույթ աղետների վաղ նախազգուշացման միասնական տարածաշրջանային (ԲԱՎՆՄՏ) համակարգի` Ասիայի և Աֆրիկայի տարածաշրջանի համար համագործակության համաձայնագիր» կնքելու առաջարկությանը։ ԲԱՎՆՄՏ-ն իրականացնում է վտանգավոր երևույթների դիտարկում, վտանգի գնահատում, տրամադրում է նախազգուշական տեղեկություններ, նպաստում դիտարկումների տարածաշրջանային և ներպետական հիմնական ցանցի կազմակերպմանն ու պահպանմանը։


Այլ հարցեր

ՀՀ կառավարությունն ընդունել է Տավուշի մարզի Իջևանի քաղաքային համայնքի ավագանու անդամների արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։ Մեկ այլ որոշմամբ գործադիրը որոշել է ֆինանսավորել 2011թ. մայիսի 1-ին կայանալիք Արմավիրի մարզի Հայկավանի գյուղական համայնքի ղեկավարի, Ջրաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների, մայիսի 22-ին կայանալիք Արագածոտնի մարզի Տեղերի, Օհանավանի, Արագածի (Ապարանի շրջան), Ափնագյուղի, Լեռնապարի գյուղական համայնքների ղեկավարների, Նորաշենի գյուղական համայնքի ավագանու անդամների, մայիսի 29-ին կայանալիք Վայոց ձորի մարզի Չիվայի, Տավուշի մարզի Ակնաղբյուրի, Ծաղկավանի (Իջևան) գյուղական համայնքերի ղեկավարների հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման ծախսերը։
Իր որոշումներով կառավարությունն այլ կատեգորիա է փոխադրել Կոտայքի մարզի Նոր Արտամետի, Վայոց ձորի մարզի Հերմոնի, Հերհերի, Կարմրաշենի, Մալիշկայի, Սյունիքի մարզի Շաղատի, Ծավի, Գորայքի, Արարատի մարզի Մխչյանի գյուղական համայնքների որոշակի հողատարածքներ` համապատասխանաբար անհատույց սեփականության իրավունքով համայնքին փոխանցելու, փոքր հիդրոէլեկտրակայանների և օժանդակ կառույցների շինարարության, ձկնաբուծական տնտեսության կազմակերպման, սննդի օբյեկտի կառուցման, բնակելի կառուցապատման նպատակով։
Կառավարության որոշմամբ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Վարդան Արամյանը նշանակվել է ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ։
Գործադիրը Սուրեն Քրմոյանին եռամսյա փորձաշրջանով նշանակել է ՀՀ առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար։
Կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության զորակոչից մինչև ուսումնառության ավարտը` 2012թ. գարնանային զորակոչը, տարկետում է տվել մեկ անձի։
 

Մարտ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031

-

Արխիվ