երկուշաբթի, 11 ապրիլի 2011
Կառավարության ղեկավարը հանդիպել է Ասիական զարգացման բանկի փոխնախագահի հետ
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) նախագահի տեղակալ Սյաոյու Ճաոյին:
Վարչապետ Սարգսյանը բարձր է գնահատել Ասիական զարգացման բանկի գործունեությունը Հայաստանում և երկկողմ գործակցության խորացման համատեքստում կարևորել բանկի կողմից Հայաստանի տնտեսության զարգացմանն ու դիվերսիֆիկացիային ուղղված ծրագրերի շարունակական իրագործումը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար և գոհունակությամբ խոսելով ծավալված փոխգործակցության մասին` բանկի փոխնախագահը նշել է, որ ԱԶԲ-ն պատրաստակամ է շարունակելու համագործակցությունը Հայաստանի հետ: Նա անդրադարձել է բանկի աջակցությամբ իրականացվող «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցք» ներդրումային ծրագրին` որպես Հայաստանի ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված առանցքային ծրագիր:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են գործակցության ընդլայնման հետագա ուղղությունները: Մասնավորապես, հեռանկարային է համարվել ծրագրերի իրականացումը գյուղատնտեսության, բարձր տեխնոլոգիաների և զբոսաշրջության ոլորտներում: Երկուստեք կարևորվել է Հայաստանում գործարար համաժողովների կազմակերպումը` օտարերկրյա ներդրողներին մեր երկրի ներդրումային հնարավորությունները ներկայացնելու համար: