Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 7 ապրիլի 2011

Պետական ծառայությունների որակը պետք է բարձր լինի




Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։ Նիստից առաջ վարչապետը Մայրության և գեղեցկության տոնի առթիվ ջերմորեն շնորհավորել է կառավարության կին անդամներին և բոլոր հայ կանանց, մաղթել քաջառողջություն և երջանկություն։ Այնուհետև Տիգրան Սարգսյանն անդրադարձել է պետական ծառայությունների որակի խնդրին և նշել, որ կառավարությունը պարտավոր է օպերատիվ միջոցներ ձեռնարկել դրանք բարելավելու և կոռուպցիոն ռիսկերը նվազագույնի հասցնելու համար (ՀՀ վարչապետի ներածական խոսքը կայքում տեղադրված է առանձին)։
Ի կատարումն ՀՀ նախագահի համապատասխան հրամանագրի կառավարությունը որոշել է 2011թ. գարնանային զորակոչի ընդհանուր ղեկավարումն ապահովելու նպատակով ստեղծել հանրապետական զորակոչային հանձնաժողով, Հայաստանի վարչատարածքային միավորումներում` զորակոչային հանձնաժողովներ, հաստատել կենտրոնական բժշկական հանձնաժողովի կազմը։ Զորակոչի պատշաճ կազմակերպման և անցկացման նպատակով հանձնարարություններ են տրվել ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներին։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու օրենքի նախագծին, որով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայությունից տարկետում տրամադրել հանրակրթական ուսումնական հաստատությունը դեռևս չավարտած անձանց։ Օրինագիծը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։


Ստեղծվում է գյուղատնտեսական շտապօգնություն

ՀՀ կառավարությունն իր որոշմամբ սահմանել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության ենթակայության հիմնարկների և ՊՈԱԿ-ների հաշվեկշռում եղած տրանսպորտային միջոցների դիմացի երկու դռների և շարժիչի ծածկոցին փակցման ենթակա գծապատկերի ձևը։ Գծապատկերի վրա գրված է «Շտապ գյուղատնտեսական օգնություն» և հեռախոսահամարը` (10) 54-19-68։ Գյուղատնտեսական խնդիրներով ստացված դիմումներն անմիջապես գրանցվում են գրանցամատյանում և հասցեագրվում նախարարության համապատասխան ստորաբաժանում կամ գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոններ (ԳԱՄԿ)` առաջացած խնդիրների վերացմանը նպաստելու համար։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս որոշմամբ, ըստ էության, գյուղատնտեսության բնագավառում շտապ օգնության համակարգ է ներդրվում, որի նպատակն է խորհրդատվության ծառայություն մատուցել գյուղացիներին։ Հայտնի է, որ մենք բոլոր մարզերում ունենեք ԳԱՄԿ-ներ, որոնք ստեղծել ենք Համաշխարհային բանկի հետ, և որոնցում ներառված են շուրջ 300 բարձր որակավորում ունեցող մասնագետներ։ Նրանք պարտավոր են հասնել գյուղացուն, օգնության կարիք առաջանալու դեպքում խորհրդատվություն տրամադրել։ Կառավարության այս որոշումով նաև հնարավորություն է ստեղծվելու փոխադարձ կապ ապահովել, նախարարությունն էլ կկարողանա պատշաճ ձևով վերահսկել ամեն օր մատուցվող ծառայությունների ծավալը։ Նաև մենք հնարավորություն կունենանք ամեն շաբաթ ամփոփել և հասկանալ, թե հիմնականում որ հարցերն են այսօր մտահոգում մեր գյուղացիներին։
Այնուհետև վարչապետը հավելել է, որ մի քանի օր է, ինչ առևտրային բանկերն սկսել են գյուղատնտեսության բնագավառի վարկավորումը։ Կառավարությունը պարտավորություն է ստանձնել տոկոսադրույքները սուբսիդավորել, որպեսզի վարկերը գյուղացիներին հասնեն 10 տոկոսով։ Բացի այդ, նրանք 6 ամիս էլ հնարավորություն են ունենալու օգտվել արտոնյալ պայմաններից` ո՛չ տոկոսը, ո՛չ էլ մայր գումարը չսպասարկել։ Ընդ որում, 200-ից ավելի համայնքներում սուբսիդավորումը լինելու է 6 տոկոս, ինչը նշանակում է, որ վարկերը հասանելի են լինելու 8 տոկոսով։ Տիգրան Սարգսյանը ՀՀ ֆինանսների նախարարին հանձնարարել է ԶԼՄ-ների միջոցով պարզաբանումներ տալ, թե գյուղացիներն ինչպես կարող են օգտվել այդ վարկերից, որպեսզի բոլորին հասկանալի լինեն պայմանները, ժամկետները, սպասարկման ձևերը և այն բանկերը, որոնք այդ ծառայությունները մատուցում են։


Բարեփոխվում է անշարժ գույքի կադաստրի համակարգը

Գործադիրն իր նախկին որոշումներից մեկում կատարել է փոփոխություններ, որոնց կիրառմամբ քաղաքային բնակավայրերում օրինական հողամասերին կից ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությամբ բազմաթիվ գույքային միավորներ կընդգրկվեն քաղաքացիաիրավական շրջանառության մեջ, կվերացվեն քաղաքային և գյուղական բնակավայրերում համանման իրավական կարգավորման տարբերակված մոտեցումները, ՀՀ Քաղաքացիական օրենսգրքով և կառավարության համապատասխան որոշումներով սահմանված դրույթների միջև առկա հակասությունները։ Ըստ էության վերացվում են ինքնակամ կառուցված շենքերի, շինությունների և ինքնակամ զբաղեցված հողամասերի առկայությամբ օրինական գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման սահմանափակումները։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի բնորոշմամբ սա երկար սպասված որոշում է, որը մանրամասնորեն պետք է ներկայացվի հանրությանը։
 

Ընդլայնվում է արտադրական գործունեությունը

ՀՀ կառավարությունը մինչև 2015թ. ապրիլի 30-ը երկարաձգել է «ՎԿՍ Արմենիա» ՍՊԸ կողմից ներմուծված ապրանքների մաքսային ռեժիմի ժամկետը։ Ընկերությունը գերմանական «Եվրոդրես» ՍՊԸ հետ կնքած պայմանագրով կարի ծառայություններ է իրականացնում մատակարարի տրամադրած հումքով։ 2008թ. ի վեր թողարկվել և արտահանվել է ավելի քան 670 մլն դրամի արտահագուստ։ Անհրաժեշտ մեքենասարքավորումները ժամանակավոր օգտագործման նպատակով ներմուծվում են արտերկրից։ Ներմուծման ժամկետը երկարաձգվել է գործընկերների միջև կնքված պայմանագրի ժամկետի երկարաձգման պատճառով։ Առաջիկայում նախատեսվում է նոր արտադրություն բացել Շիրակի մարզի Ամասիա համայնքում։
Իր նիստում կառավարությունը հավանություն է տվել Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև բանակցված «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր-Ծրագիր 2 (Հատուկ գործողություններ)» վարկային համաձայնագրին։ Ծրագրով նախատեսվում է Աշտարակ և Թալին քաղաքների միջև ավելի քան 41 կմ ձգվող երկու գծային ճանապարհը վերակառուցել և լայնացնել քառուղի ճանապարհի։ Մեկ այլ որոշմամբ հաստատվել է պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման, այդ թվում հեղինակային հսկողության աշխատանքների համար նախատեսված ֆինանսական միջոցների օգտագործման ծրագրի բաշխումն ըստ օբյեկտների։
Լրացումներ և փոփոխություններ կատարելով իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունն ստեղծել է Մեղրաձորի, Թեղուտի, Շնողի, Վարդանիձորի, Լեհվազի, Կուրիսի, Կարճևանի, Սոտքի, Արտանիշի, Մելիքգյուղի համայնքներին սեփականության իրավունքով պատկանող հողային ֆոնդն ավելի արդյունավետ օգտագործելու հնարավորություն։ Մասնավորապես, զգալի չափով մեծացվել են լեռնահումքային արդյունաբերության նպատակով օգտագործվող այդ հողերի վարձավճարները, որոնք կհամալրեն համայնքների բյուջեները և թույլ կտան իրականացնել սոցիալական ուղղվածություն ունեցող ծրագրեր։
Գործադիրը որոշել է ՀՀ սեփականություն համարվող թվային հեռարձակման ցանցի ստեղծման, պահպանման և շահագործման հետ կապված գործառույթների իրականացման իրավասությունները վերապահել ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության «Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ին։ Ակնկալվում է, որ դրանով կապահովվի ժամանակակից տեխնիկական և տեխնոլոգիական միջոցների կիրառմամբ հեռուստատեսության և ռադիոյի հաղորդումների հեռարձակման թվային համակարգի ստեղծումը, պահպանումը և շահագործումը։
Կառավարության որոշմամբ Երևան քաղաքի Արշակունյաց 44 հասցեում գտնվող 1283,8 քառ. մետր մակերեսով անշարժ գույքն անհատույց անժամկետ օգտագործման իրավունքով ամրացվել է ՀՀ նախագահի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ին։
 

Կատարվում են ՀՀ օրենքների պահանջները

Իր ընդունած երեք որոշումներով կառավարությունը հաստատել է քաղաքաշինության բնագավառում քաղաքաշինական փաստաթղթերի մշակման և փորձաքննության գործունեության կարգը, արտոնագրի ձևը, ուժը կորցրած ճանաչել նախկինում ընդունած երկու որոշումները, փոփոխություններ և լրացումներ կատարել երկու այլ որոշումներում` դրանով իսկ կատարելով «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 2010թ. դեկտեմբերի 8-ի փոփոխությունների և լրացումների պահանջը։
Իր նիստում կառավարությունն ի գիտություն է ընդունել ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի «Թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պետական գանձարան» գործակալության թանկարժեք մետաղների և թանկարժեք քարերի պահուստների 2010թ. համալրման և ծախսման հաշվետվությունը, ըստ որի 2010թ. ընթացքում պետական պահուստը համալրվել է 27,2 կգ ընդհանուր քաշով ոսկյա և 6,1 կգ ընդհանուր քաշով արծաթյա իրերով։
Նիստում հաստատվել է ՀՀ պետական քարտեզագրագեոդեզիական ֆոնդի ստեղծման, պահպանման և տեղեկատվության տրամադրման կարգը, որով էականորեն կհստակեցվեն նշված գործառույթները։
Կառավարությունը հաստատել է ՀՀ 2011/2012թթ. ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ, պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքով 140 տեղ, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ 239 տեղ, դոկտորանտուրա ընդունելության տեղերը` պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ 14 տեղ։
Գործադիրը փոփոխություն է կատարել իր նախկին որոշումներից մեկում և հաստատել ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Գյուղատնտեսական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի կանոնադրությունը և կառուցվածքը։


Միջազգային համագործակցություն

Ճապոնիայում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի և ցունամիի հետևանքների վերացման համար օգնություն ցուցաբերելու նպատակով ՀՀ կառավարությունը որոշել է Ճապոնիայի կառավարությանը հատկացնել 500.0 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի դիտարկմամբ դրանով գործադիրը հայ ժողովրդի բարոյական պարտքն է կատարում։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունների միջև տեխնիկական համագործակցության համաձայնագիր կնքելու առաջարկությանը։ Հայաստանի կառավարության խնդրանքով ՉԺՀ կառավարությունը մեր երկրին տրամադրում է անհատույց օգնություն 40 մլն չինական յուանի չափով` Կողմերի միջև համաձայնեցված տեխնիկատնտեսական համագործակցության ծրագրի իրականացման համար։ Նման օգնություն ՉԺՀ-ն մեր երկրին տրամադրում է 1999թ. սկսած։
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել Հայաստանի Հանրապետության և Կորեայի Հանրապետության կառավարությունների միջև դիվանագիտական և պաշտոնական անձնագիր ունեցողների համար մուտքի վիզայի պահանջի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Փաստաթուղթը կնպաստի երկու երկրների բարեկամական հարաբերությունների հետագա զարգացմանը, դիվանագետների և այլ պաշտոնյաների փոխայցելությունների խթանմանը։
Կառավարության որոշմամբ համաձայնություն է տրվել Հայաստանի Հանրապետության և Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության կառավարությունների միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու կոնվենցիայի կնքման առաջարկությանը։ Փաստաթղթով կբացառվի եկամուտների և գույքի կրկնակի հարկումը, կստեղծվի կանխատեսելի և կայուն հարկային դաշտ։
 

Այլ որոշումներ

ՀՀ կառավարությունը քննության է առել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» և «Եկամտահարկի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթը, որն օրենսդրական նախաձեռնության կարգով առաջադրել են ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ։ Կառավարության եզրակացության համաձայն օրենքի այս նախագիծը բյուջեում անխուսափելիորեն առաջացնելու է լարվածություն, ինչի հետևանքով աճելու են բյուջեի պակասուրդը և պարտքը` հանգեցնելով ֆիսկալ անկայունության։ Այս պատճառաբանությամբ գործադիրը դեմ է արտահայտվել ներկայացված օրինագծին, որը կառավարության եզրակացության հետ սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային Ժողով։ Վարչապետ Տիգրան Սարգսյանն առաջարկել է նախագծի հեղինակներ, ՀՅԴ խմբակցության պատգամավորներին հրավիրել ՀՀ ֆինանսների նախարարություն և ներկայացնել օրինագծի մերժման փաստարկները։
Կառավարությունը որոշել է դիմել ՀՀ սահմանադրական դատարան` ՀՀ աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ կետի, ինչպես նաև 114-րդ հոդվածի 4-րդ մասի 5-րդ կետի սահմանադրականությունը որոշելու հարցով։ Նշված կետերն իրավակիրառական պրակտիկայում տարաբնույթ և հակասական մեկնաբանությունների տեղիք են տալիս։ Խոսքը վերաբերում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագրի լուծմանը` աշխատողի կենսաթոշակային տարիքը լրանալու դեպքում, եթե աշխատանքային պայմանագրով այլ բան նախատեսված չէ։ Միաժամանակ, ՀՀ ԱԺ մի խումբ պատգամավորներ օրենսդրական նախաձեռնության կարգով ՀՀ կառավարության քննարկմանն են ներկայացրել ՀՀ աշխատանքային օրենսգրքի փոփոխությունների նախագիծ։ Առկա օրենսդրական խնդրի վերջնական լուծումն ապահովելու և հիշյալ օրինագծի վերաբերյալ ՀՀ կառավարության եզրակացությունը ձևավորելու նպատակով անհրաժեշտ է դիմել ՀՀ սահմանադրական դատարան։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ