Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 24 փետրվարի 2011

Գերակշռում են սոցիալական ուղղվածության որոշումները





Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
ՀՀ կառավարությունը հաստատել է ՀՀ մաքսային սահմանով «Ժամանակավոր ներմուծում» ռեժիմով ՀՀ քաղաքացիների կողմից ներմուծված տրանսպորտային միջոցների մաքսազերծմանն աջակցելու նպատակով ՀՀ պետբյուջեի միջոցների հաշվին վարկերի տրամադրման կարգը, այդ նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությանը հատկացրել 300 մլն ՀՀ դրամ, հետագայում ըստ հայտերի ավելացնելու պայմանով։ Այս առնչությամբ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. «Հարգելի գործընկերներ, ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ մենք ունենք հանրապետության նախագահի հստակ հանձնարարությունը` մշակել սոցիալական փաթեթ, որն օգնելու է մեր քաղաքացիներին հաղթահարել այն ֆինանսական, տնտեսական խնդիրները, որոնք առաջանում են այսօր և բարդացնում սոցիալական վիճակը։ Այդ գործոններից են հետճգնաժամային տնտեսական իրավիճակը, բարձր գնաճը, ոլորտի այն ռեժիմները, որոնք փոփոխվում են։ Մենք պարտավոր ենք օգնել սոցիալապես անապահով խավերին, ինչպես նաև ժամանակավոր դժվարություններ ունեցող քաղաքացիներին։ Այս միջոցառումը նույնպես ՀՀ նախագահի հանձնարարականի մասն է և նախապատրաստվել է հետևյալ տրամաբանությամբ. մարզպետներն իրենց մարզերում հաշվառել են, թե մաքսազերծման օրենքի կիրառման դեպքում ինչ խնդիրներ կառաջանան։ Մեր գնահատականով մենք գործ ենք ունենալու երկու հազար քաղաքացու հետ, որոնք ֆինանսական դժվարությունների պատճառով ի վիճակի չեն միանգամից մաքսազերծել իրենց մեքենաները։ Նրանց հաշվառումն իրականացվում է շատ պարզ եղանակով, մարզպետների կողմից։ Դրանք հիմնականում Լոռիի, Շիրակի և Տավուշի մարզերն են։ Այն մարդկանց, ովքեր ունեն մինչև 2005թ. արտադրության մեքենա, որի արժեքը չի գերազանցում 5 մլն դրամը, մենք օգնում ենք։ Պետությունը նրանց անհապաղ տրամադրում է այդ ֆինանսական օժանդակությունը, և նրանք կարողանում են մաքսազերծման իրենց գործառույթն իրականացնել ամբողջ ծավալով։ Հետո մենք այդ մարդկանց հնարավորություն ենք տալիս 6 ամսվա ընթացքում այդ անտոկոս գումարը վերադարձնել պետությանը։ Սա սոցիալական օժանդակություն է նրանց համար, ովքեր ի վիճակի չեն իրենց պարտավորությունները կատարել պետության նկատմամբ։ Մեր գնահատականով, այս մեքենաների թիվը կլինի մոտ չորս հազար, բայց պետության այս օժանդակությունից օգտվողները չեն գերազանցի երկու հազարը։ Եթե ավելի կլինեն, մենք պատրաստ ենք նաև գումարը մեծացնել։ Հաշվառումն իրականացվելու է մարզպետների կողմից հեշտացված կարգով, պայմանագիրը տիպային է լինելու, ստորագրելու են մարզպետները։ Պայմանագիրը մաքսայինի համար հիմք է լինելու, որպեսզի մաքսազերծումն արագ իրականացվի, և այս անցումը նոր ռեժիմի մեր քաղաքացիների համար լինի հնարավորինս անցավ»։
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Ժամանակավոր անաշխատունակության նպաստների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի նպատակն է լուծել նշված նպաստների հաշվարկման, նշանակման և վճարման կապակցությամբ առկա խնդիրները։ ՀՀ վարչապետը հիշեցրել է, որ կառավարությունը պարտավորվել էր ժամանակավոր անաշխատունակների և կանանց շահերը պաշտպանող հասարակական կազմակերպությունների հետ մեկ անգամ ևս քննարկել այս հարցը։ Խնդիրը հետևյալն է. լինում էին դեպքեր, երբ հղի կինը մեկ օրվա ընթացքում բարձր աշխատավարձով աշխատանքի էր ընդունվում` հավակնելով բարձր նպաստի։ Սա նշանակում էր պետության գրպանը մտնել, ինչը թույլ չտալու մեր լուծումը բավականաչափ կոպիտ էր։ Այնուամենայնիվ, չարաշահումները դադարեցին, բայց վտանգվեցին մեկ այլ խմբի` իրականում բարձր վարձատրվող կանանց շահերը։ Սույն նախաձեռնությամբ մենք կարգավորում ենք այս հարցը։ Հաշվարկը կատարում ենք 12 ամսվա կտրվածքով։ Օրենքը կունենա նաև հետադարձ ուժ, ուստի Ազգային Ժողովին առաջարկում ենք անհետաձգելի համարել այն։
Արտերկրից տարբեր սորտերի էլիտային և առաջին վերարտադրության գարնանացան գարու և եգիպտացորենի հիբրիդային սերմացու ձեռք բերելու նպատակով գործադիրը «Սերմերի գործակալություն» ՊՈԱԿ-ին որպես դրամաշնորհ տրամադրելու համար ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը հատկացրել է 538295,4 հազար դրամ։ Հաջորդ որոշմամբ կառավարությունը հավանություն է տվել Հայաստանում 2011թ. եգիպտացորենի արտադրության զարգացման ծրագրին, որի նպատակն է արտերկրից ներմուծել 63 տոննա եգիպտացորենի սերմացու և տրամադրել այդ կուլտուրայի մշակությամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտներին։ Այս երկու որոշումները նույնպես վարչապետ Տիգրան Սարգսյանը բնութագրել է որպես սոցիալական ուղղվածություն ունեցող։ Դրանով նաև լուծվում է ևս երկու խնդիր` նախ, որակյալ սերմացու է ներմուծվում, երկրորդ` ավելանում են մշակովի հողատարածությունները։ Վերջին տվյալների համաձայն` կառավարության այս նախաձեռնությունից օգտվող տնտեսությունների թիվը հասել է 18 հազարի։
ՀՀ կառավարությունը որոշել է «Գյուղական ձեռնարկությունների և փոքրածավալ առևտրային գյուղատնտեսության զարգացման» ծրագրով կառուցված օբյեկտների կազմից 148.764.146 դրամ գույքը նվիրաբերել համայնքներին։ Դրա շնորհիվ յոթ համայնք կունենան խմելու ջրի համակարգ, մայր ջրագիծ և ներքին ցանց, խմելու մայր ջրագծի վրա կառուցված օրական կարգավորող ջրավազան, խմելու ջրագծի ներքին ցանց, ներհամայնքային կոյուղու ցանց և սեպտիկ հոր, էականորեն կբարելավվի այդ համայնքների սոցիալական վիճակը։ Կառավարությունն ուժը կորցրած է ճանաչել իր նախկին որոշումներից մեկը։ Իրավական ակտի նպատակն է վերացնել գյուղատնտեսական տեխնիկայի պարտադիր տեխնիկական զննություն անցկացնելու ինստիտուտը` գյուղացուն հնարավորություն ընձեռելով զերծ մնալ տվյալ գործընթացի համար լրացուցիչ ֆինանսական միջոցների վատնումից և ժամանակատար այլ աշխատանքների իրականացումից։ Վարչապետ Տիգրան Սարգսյանի կարծիքով` այս որոշումը ևս գոհունակությամբ կընդունվի գյուղերում։ Փաստորեն վերացվում է այն պարտավորությունը, որ գյուղացին ամեն տարի պետք է գյուղատնտեսական տեխնիկան ներկայացներ տեխզննության` ծախսելով միջոցներ, կրելով մի շարք անհարմարություններ։ Ավտոմեքենաների տեխզննության հարցը նույնպես համարելով վիճահարույց և կոռուպիոն ռիսկեր պարունակող, վարչապետը ՀՀ տրանսպորտի և կապի նախարարին հանձնարարել է ուսումնասիրել այն, հաշվի առնել այլ երկրների փորձը և իրավիճակը շտկելու առաջարկություն ներկայացնել։
Որոշում է կայացվել նաև սոցիալական ուղղվածություն ունեցող մեկ այլ հարցի վերաբերյալ։ Գործադիրը իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնցով նախատեսվում է անհուսալի ճանաչել և դուրս գրել ջրօգտագործողների ընկերությունների կողմից ոռոգման ջրի մատակարարման դիմաց առաջացած դեբիտորական պարտքերը, հաստատել է դրանց անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը։ Վարչապետի դիտարկմամբ սա էական աջակցություն է տարիների ընթացքում պարտք կուտակած ջրօգտագործողների համար և լուծում է սոցիալական լուրջ խնդիր։ Որոշումը, սակայն, չի վերաբերում ընթացիկ վճարումներին։
Գործադիրը հավանություն է տվել ՀՀ պետական ներդրումների գնահատման համակարգի ներդրման ռազմավարությանը, որի նպատակն է Հայաստանի հանրային ներդրումային գործընթացը համապատասխանեցնել միջազգային լավագույն փորձին` դրանով իսկ նպաստելով սոցիալ-տնտեսական քաղաքականության և հանրային ռեսուրսների օգտագործման արդյունավետության բարձրացմանը։


Ստեղծվել է հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն


ՀՀ կառավարությունը որոշել է ստեղծել «Հոգևոր-մշակութային հանրային հեռուստաընկերություն» փակ բաժնետիրական ընկերություն, սահմանել ընկերության կանոնադրական կապիտալը` 100000 դրամ, որը համապատասխանում է 100 հատ հասարակ բաժնետոմսի` յուրաքանչյուրը 1000 դրամ անվանական արժեքով, ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերի կառավարման լիազորությունը վերապահել Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդին, ընկերության 2011թ. բյուջեի ապահովումը մինչև 73245400 դրամի սահմանում իրականացնել 2011թ. պետբյուջեի «Հեռուստատեսային ծառայություններ» ծրագրի միջոցների հաշվին։ Վարչապետ Տիգրան Սարգսյանը նշել է, որ այս խնդիրը բազմիցս արծարծվել է մշակույթի գործիչների և մտավորականության կողմից։ Այժմ ալիքը հնարավորություն է ստանում իրականացնել առանձին ծրագրային քաղաքականություն, ինքնուրույն որոշել հաղորդումների թեմատիկ ուղղվածությունը` բավարարելով հանրության բոլոր շերտերի հոգևոր-մշակութային պահանջմունքները։
ՀՀ կառավարությունն իր նախկին որոշումներից մեկում կատարել է լրացումներ, որոնց շնորհիվ Հայաստանում հնարավոր կլինի ապահովել պալիատիվ բժշկական օգնության սպասարկում և քաղաքակիրթ ուղիով լուծել ծանր հիվանդների վիճակի բարելավման խնդիրը։ Հաջորդ որոշմամբ մինչև 01.07.2011թ. երկարաձգվել է առողջապահության համակարգում ապահովագրական սկզբունքի ներդրման ուղղությամբ իրականացվող ուսումնասիրության համար սահմանված ժամկետը։
Կառավարությունը հաստատել է խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը, որի համաձայն այդ մարմինները գլխավորում են համայնքների ղեկավարները։ Երևանում քաղաքապետի անունից խնամակալության և հոգաբարձության մարմիններին վերապահված լիազորություններն իրականացնում են մայրաքաղաքի վարչական շրջանների ղեկավարները։ Իրավական ակտն ուղղված է երեխաների իրավունքների պաշտպանության համակարգի համայնքային մակարդակի բարելավմանը։ Հաջորդ որոշմամբ գործադիրը սահմանել է դատավորի կենսաթոշակի նկատմամբ սահմանվող ամենամսյա հավելավճարը հաշվարկելու (վերահաշվարկելու), նշանակելու և վճարելու, ինչպես նաև հավելավճարը նշանակելիս միջին աշխատավարձը և ստաժը հաշվարկելու կարգը։


Կմեծանան կառավարության աշխատակազմի կարողությունները


Կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2011թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ` իր ավելի վաղ ընդունած որոշման մեջ և ՀՀ կառավարության աշխատակազմին հատկացրել 140,000.0 հազար դրամ, որն ուղղվելու է աշխատակազմի կարողությունների զարգացմանը։
Իր երկու որոշմամբ գործադիրը ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը թույլատրել է իր տնօրինության «Քաղաքաշինության գիտահետազոտական և նախագծային ինստիտուտ» ԲԲԸ բաժնետոմսերը մասնավորեցնել դասական աճուրդով, ինչպես նաև «Հրազդան 5» ԾԻԳ-ի լուծարումից հետո մնացած 4 տրանսպորտային միջոցը, 44 մեքենա-սարքավորումը և 86 արտադրական գույքը, գործիքը և այլն օտարել դասական աճուրդով։
Կառավարության որոշմամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության ենթակայության «Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ից հետ է վերցվել Երևանի Կոմիտասի 49/3 շենքի տարածքի մի մասը և հանձնվել «ՀՀ արդարադատության նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին` իրավաբանական անձանց պետռեգիստրի գործակալության կենտրոնական մարմնի և Երևան քաղաքի ութ տարածքային բաժինների գործունեությունը «մեկ պատուհանի կանգառ» սկզբունքով կազմակերպելու նպատակով։ Իր երկու որոշումներով կառավարությունը սահմանել է, որ ՀՀ արդարադատության նախարարությանը և ՀՀ դատախազությանը հատկացված միջոցների հաշվին դատական փորձաքննությունների ծառայությունները ձեռք են բերվում համապատասխանաբար «ՀՀ փորձագիտական կենտրոն» և ՀՀ ԳԱԱ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ներում ստացված ՀՀ դատարանների կամ քրեական հետապնդման մարմնի` փորձաքննություն նշանակելու որոշումների հիման վրա։ Որոշումների գործողությունը տարածվում է 2011թ. հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա։


Այլ հարցեր


ՀՀ կառավարությունն սկզբունքային առարկություն չունի Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Ազգային Ժողովի կանոնակարգ» ՀՀ օրենքում լրացում և փոփոխություն կատարելու օրինագծին, որով նախատեսվում է ամբողջացնել Ազգային Ժողովի գործունեության սկզբունքները, ինչպես նաև համացանցային հեռարձակման միջոցով ապահովել օրենսդիր մարմնի գործունեության հրապարակայնությունը։
Կառավարությունն իր նիստում քննության է առել ՀՀ Ազգային Ժողովի մի խումբ պատգամավորների` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի անհրաժեշտությունը բխում է ՀՀ սահմանադրական դատարանի ավելի վաղ ընդունած որոշմամբ արտահայտված դիրքորոշումից։
Գործադիրը համաձայնություն է տվել Հայաստանի և Արգենտինայի կառավարությունների միջև սովորական անձնագրով վիզային ռեժիմի վերացման համաձայնագրի կնքման առաջարկությանը։ Արգենտինան կլինի ԱՊՀ-ից դուրս առաջին պետությունը, ում հետ վիզային հարաբերությունները լրիվ ազատականացվում են։
ՀՀ կառավարությունը որոշել է որսորդական տնտեսությունների ստեղծման նպատակով պետական սեփականություն հանդիսացող հողամասերի (բացառությամբ անտառային հողերի) նկատմամբ վարձակալության վճարի չափը սահմանել տվյալ հողամասի համար սահմանված հողի հարկի տարեկան դրույքաչափի ոչ պակաս, քան եռապատիկի չափով։
Կառավարության որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են Արագածոտնի մարզի Մեծաձորի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները, նշանակվել է արտահերթ ընտրություն, ֆինանսավորվել են ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսերը։
Գործադիրը որոշել է 2011թ. մարտի 7-ի աշխատանքային երկուշաբթի օրը տեղափոխել մարտի 12-ը` շաբաթ օր։
 

Ապրիլ 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930 

-

Արխիվ